Նրանք կանգնել են Հայաստանի՝ 3000 մետրից բարձր հասանելի բոլոր գագաթներին - Mediamax.am

exclusive
3408 դիտում

Նրանք կանգնել են Հայաստանի՝ 3000 մետրից բարձր հասանելի բոլոր գագաթներին


Հրաչ Իվանյանը եւ Աղասի Մարտիրոսյանը
Հրաչ Իվանյանը եւ Աղասի Մարտիրոսյանը

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի

Հրաչ Իվանյանը
Հրաչ Իվանյանը

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի

Հրաչ Իվանյանը եւ Աղասի Մարտիրոսյանը
Հրաչ Իվանյանը եւ Աղասի Մարտիրոսյանը

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի

Աղասի Մարտիրոսյանը
Աղասի Մարտիրոսյանը

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի


56 վերելք, ավելի քան 150 լեռնագագաթ, 1 104 կմ եւ 68 974 մ հարաբերական բարձրություն։ Սրանք ընդամենը թվեր են, իսկ դրանց հետեւում մի մեծ նախագիծ՝ «Հայաստան3000մ+»-ը, որ 2017-ին սկսեցին լեռնագնաց ընկերները՝ Հրաչ Իվանյանն ու Աղասի Մարտիրոսյանը։

 

Որոշել էին բարձրանալ Հայաստանի՝ 3000 մետրից բարձր բոլոր լեռնագագաթները. որոշում, որը սկզբում անհավանական էր թվում նույնիսկ իրենց։ Սկսեցին Սյունիքի բարձրավանդակից, վերջին «3000+»-ը Զանգեզուրի լեռնաշղթայի Արծաթի գագաթն էր։

 

«Բարձրացանք տարվա բոլոր եղանակներին։ Բարձրացանք հաճույքով, բարձրացանք վայելելով յուրաքանչյուր գագաթը, յուրաքանչյուր քարը...»,-ասում է Աղասին։

 

Բոլոր վերելքների ժամանակ ամենաանհրաժեշտ իրերի հետ Աղասին նաեւ ֆոտոխցիկն էր վերցնում։ Կուտակած մեծ նյութը՝ լուսանկարներով ու գագաթների մասին տեղեկություններով, ամփոփել է mounttrack.am կայքում։

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի

2020-ի պատերազմի հետեւանքով նրանց ցուցակից դուրս մնաց Արցախը, որի 3000մ+ լեռների մի մասը հանձնված տարածքներում է, մի մասին էլ՝ սահմանային։ Հիմա սահմանային ու լեռնագնացների համար անհասանելի են դարձել նաեւ Հայաստանի որոշ լեռներ։ Այդ պատճառով Հրաչն ու Աղասին իրենց նախագիծը պայմանական են ավարտված համարում. հուսով են՝ մի օր նորից հնարավորություն կունենան այդ գագաթները բարձրանալ։

 

«Միասին ենք եղել բոլոր գագաթներին»

 

Հրաչ- Աղասի հետ ծանոթացել ենք 2016 թվականին, արշավում էինք նույն արշավախմբով։ Չնայած՝ նախագծի սկիզբը պայմանական ֆիքսել ենք 2017 թվականը, բայց երկուսիս համատեղ առաջին 3000մ+ վերելքը դեռ 2016-ին է եղել. Սյունիքի բարձրավանդակում Ծղուկ եւ Թրասար գագաթներն ենք բարձրացել։ Ցավալիորեն, երկուսն էլ այս պահին անհասանելի են լեռնագնացության համար, որովհետեւ հենց այդ գագաթներով է անցնում Հայաստան-Ադրբեջան սահմանագիծը։

 

Նախագիծը մի օրում չի ծնվել։ Սկզբում գնում էինք լեռներ, որովհետեւ մեզ դուր էր գալիս։ Բայց պետք էր որոշակի առանձնացում անել, իսկ չափանիշն էստեղ բարձրությունն է։ Քանի որ ըստ բնակավայրերի բաժանման՝ 2000 մ-ից բարձրը համարվում է բարձր լեռնային գոտի, մենք էլ պայմանական ընտրեցինք 3000 մ+ լեռները։

 

Սկսեցինք Արագածի 4 գագաթներից, որոնցից 1-ը 4 հազար մետրից բարձր է, մյուս երեքը՝գրեթե 4 հազար են։ Բայց այս 4-ից բացի Արագածը նաեւ շատ այլ գագաթներ ունի։ Աղասը, բազմաթիվ աղբյուրներից օգտվելով, ցուցակագրեց ամբողջը, ու սկսեցինք բարձրանալ Արագածը:

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի

Քանի որ Գեղամա լեռնաշղթան Հայաստանում 3000 մետրից բարձր ամենաշատ գագաթներն ունի եւ Երեւանին էլ ամենամոտն է, որոշեցինք Արագածին զուգահեռ նաեւ Գեղամա լեռների բոլոր գագաթները բարձրանալ։

 

Տասնյակ կիլոմետրեր քայլելու ընթացքում, տարբեր լեռնաշղթաների, գագաթների մասին էինք խոսում, քննարկում, ու միտք առաջացավ, որ սրանք ավարտելուց հետո մյուսները բարձրանանք: Էսպես դարձավ նախագիծ՝ «Հայաստան3000մ+» վերնագրով:

Հրաչ Իվանյանը եւ Աղասի Մարտիրոսյանը Հրաչ Իվանյանը եւ Աղասի Մարտիրոսյանը

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի

Կան գագաթներ, որ երկուսս էլ առանձին-առանձին գնացել էինք, բայց հետո միասին էլ գնացինք։ Միասին ենք եղել բոլոր գագաթներին։

 

Ի սկզբանե, նաեւ Արցախն էինք ներառել, բայց 2020-ի պատերազմից հետո Արցախը, ցավալիորեն, դուրս մնաց։ Այնտեղ 3 000 մետրից բարձր գագաթներ կան երկու լեռնային զանգվածում։ Մռավի լեռները նախկինում ու հիմա էլ ամբողջությամբ սահմանային են, իսկ Ծռասարի լեռները՝ ամբողջությամբ հանձնված տարածքում։

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի

Դրա համար հիմա, որ ասում ենք նախագիծը վերջացրեցինք, խոսքը Հայաստանի լեռների՝ 3000-ից բարձր հասանելի գագաթների մասին է։ Ընդհանուր թվով 194-ն են, որից հասանելի էր մոտ 160-ը։

 

«Զանգեզուրի լեռներն ամենահամով «կտորն» էր»

 

Աղասի- Մենք բարձրանում ենք բոլոր այն գագաթները, որոնք ունեն անվանում։ Այդ գագաթը կարող է լինել ոչ այնքան տեսարժան կամ ոչ այնքան արտահայտիչ, բայց եթե մարդիկ անվանում են դրել ու քարտեզներում էլ նշված է, ուրեմն՝ մենք գնում ենք։

 

Սկզբում շատ դժվար էր, ոչինչ չունեինք, նույնիսկ նորմալ քարտեզներ չկային։ Նվազագույնով սկսեցինք, բայց կամաց-կամաց փոխվեց, զարգացավ։ Այդ իմաստով ավելի հեշտացավ, դժվարն այն էր, որ մոտակայքում սարերը վերջանում էին: Արագածից, Գեղամայից հետո գնացինք Փամբակ: Դա ամենադժվար վերելքներից մեկն էր՝ մի օրում 6 հատ 3000+ գագաթ բարձրացանք ու քայլեցինք մոտ 45 կմ:

Աղասի Մարտիրոսյանը Աղասի Մարտիրոսյանը

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի

Հրաչ- Հրազդանից սկսեցինք, Վանաձորում ավարտեցինք. լեռնաշղթան ամբողջությամբ կտրեցինք, անցանք մարզից մարզ։ Առաջին անգամ Արագածը բարձրանալիս, երբ 42 կմ-ի սահմանը հատեցինք, հիշեցինք, որ մարաթոնյան վազքը 42 կմ է։ Դրանից հետո արդեն կիլոմետրերին ուշադրություն էինք դարձնում։ Եթե չեմ սխալվում, 4-5 վերելք եղավ, որ մեկ օրում 42 կմ-ի սահմանն անցանք, մի դեպքում՝ նույնիսկ 50 կմ-ի։ Լեռների համար դրանք բավականին «պինդ» թվեր են՝ հաշվի առնելով, որ երբեմն մինչեւ 2500 մետր էլ հարաբերական բարձրություն էինք հաղթահարում։

Հրաչ Իվանյանը Հրաչ Իվանյանը

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի

Աղասի- Լեռների հաջորդականությունը, հիմնականում, որոշում էինք՝ հաշվի առնելով եղանակային պայմանները։ Վարդենիսի ու Ջավաքխի լեռներ գնում էինք միաժամանակ. նայում էինք՝ եղանակն էստե՞ղ է լավ, թե՞ էնտեղ։ Պատահել է, որ եղանակի պատճառով չեղարկել ենք, բայց եթե գնացել ենք, ուրեմն՝ միշտ հասել ենք տեղ։

 

Զանգեզուրի լեռներն ամենահամով «կտորն» էր, որը թողել էինք վերջում, ու, կարծում եմ, չենք սխալվել, որովհետեւ եթե դրանք սկզբից բարձրանայինք՝ գուցե հետաքրքրությունը լրիվ կորեր։

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի

Հրաչ- Զանգեզուրը վերջում թողնելը մի հիմնական պատճառ էլ ուներ։ 10 մարզերի քարտեզներն առանձին-առանձին տպված են, իսկ Զանգեզուրինը՝ դեռեւս չկա։ Մտավախություն ունեինք, որ չգնանք որեւէ գագաթ, որին շատ մոտ նաեւ այլ՝ մեզ անհայտ գագաթներ լինեն։ Դրա համար սպասում էինք ամբողջական քարտեզին։

 

««Հայաստան3000մ+լճեր»-ն այս ծրագրի արդյունքն է»

 

Հրաչ- Սարեր բարձրանալիս՝ չես ուզում որեւէ ավելորդ իր տանես հետդ, իսկ Աղասը մի քանի կիլոգրամանոց առանձին ուսապարկ ունի՝ ֆոտոխցիկով, տարբեր օբյեկտիվներով: Այս ծրագիրն Աղասի համար կապված է ոչ միայն լեռների, այլեւ՝ լճերի հետ։ Հայաստանում բազմաթիվ լեռնային լճեր կան, դրանցից 3000 մետրից բարձրում գտնվողները, լեռների հետ միասին, վերջին տարիներին Աղասի տեսադաշտում են: «Հայաստան3000մ+լճեր»-ն այս ծրագրի արդյունքն է։

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի

Աղասի- «Հայաստան3000մ+լճեր» նախագիծը սկսվեց 2021-ին։ Նպատակն էր գնալ, տեսնել, լուսանկարել Հայաստանի ամենաբարձր գոտում գտնվող բոլոր հայտնի, անհայտ, անվանի եւ անանուն լճերը։ Նաեւ տարիների ընթացքում համեմատել եւ տեսնել գլոբալ տաքացման ազդեցությունը ջրային ռեսուրսի վրա։

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի

Հրաչ- Նախագիծը շատ դինամիկ էր։ Վերելքների ժամանակ կուտակած նյութն Աղասը գեներացրեց ու ստեղծեց մի ծրագիր, որը հիմա հասանելի է Հայաստանի բոլոր լեռնագնացներին եւ լեռներով հետաքրքրվողներին։ Այն կարելի է ներբեռնել ցանկացած թվային քարտեզի վրա եւ տեսնել Հայաստանի լեռնագագաթները՝ անվանումը, բարձրությունը, գտնվելու ճիշտ վայրը։

 

«Ամեն վերելք շատ հիշվող տեսարաններ, լուսաբացներ ու մայրամուտներ ունի»

 

Հրաչ- Շատերին թվում է՝ մենք գնում, հասնում ենք գագագթին + ենք դնում ու վերադառնում ենք։ Բայց դա շատ թյուր կարծիք է։ Եղել է՝ նպատակ էինք դրել մի օրում 5 գագաթ բարձրանալ, բայց մի գագաթին էնպիսի ֆանտաստիկ եղանակ էր, էնպիսի տեսարան, որ ավելի քան մեկ ժամ մնացինք այդտեղ, ուղղակի վայելեցինք։ Փոխարենը մի գագաթից մյուսը գնալիս՝ ավելի արագ քայլեցինք։

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի

Յուրաքանչյուր վերելքը հիշարժան էր, ամեն մեկը հետաքրքիր պատմություն ունի։ Քանի որ վերելքներն իրականացրել ենք տարվա բոլոր եղանակներին, այդ առումով էլ իրարից շատ տարբերվող են։ Ամեն վերելք, ամեն արշավ շատ հիշվող տեսարաններ, լուսաբացներ ու մայրամուտներ ունի։ Հատկապես հիշվող են կենդանիների հետ հանդիպումները. որքան էլ անցանկալի է, բայց, միեւնույն ժամանակ, ոնց որ բնության նվեր լինի։

 

Առաջին անգամ արջի հանդիպեցինք Մեղրու լեռներում։ Անկեղծ ասեմ՝ եթե առաջին մոտեցումը լիներ գիտակցական, այդ վախը չգիտեմ ինչեր կառաջացներ։ Բայց առաջին վայրկյանների ընկալումն այլ էր՝ Աղա՛ս, ապարատը ձեռքի՞դ է։ Երկրորդ անգամ արջին ու իր ձագերին դեմ-դիմաց հանդիպեցինք Վարդենիսի լեռներում։ Չնայած ասում են, որ ձագուկների հետ ավելի վտանգավոր է, բայց ինքն իր ճանապարհով գնաց, ու բավականին երկար դեռ մեր տեսադաշտում էր, այնքան, որ հասցրեցինք վիդեո ու ֆոտոներ անել։

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի

Աղասի- Վերջերս գայլերի ոհմակ տեսանք, բայց մենք ավելի շատ էինք, եւ դրանով հարցը լուծվեց։ Բայց հիմա սարում ես էնքան ապահով, հարմարավետ եմ զգում, ոնց որ՝ տանը։ Բացարձակ չկա էդ միտքը, որ մեզ կուտեն, կհոշոտեն։ Ժամանակի, փորձի ընթացքում լուծվում է այդ հարցը։ Հիմա ավելի լարված փողոցն եմ անցնում։

 

Հրաչ- Դա ավելորդ ինքնավստահություն չէ, ուղղակի քեզ բնության մաս ես զգում։

 

«Լեռնագնացությունը կենսակերպ է դարձել»

 

Հրաչ- Բազմաթիվ լեռնագնաց ընկերների հետ խոսել ենք, բայց երբեք ոչ ոք չի կարողացել հատուկ սահմանել, թե ինչի համար է գնում լեռներ։ Պատճառները շատ տարբեր են։ Բայց լեռնագնացությունը բոլորի համար դարձել է կենսակերպ։ Շատերը նույնիսկ չեն կարեւորում բարձրությունը, ուղղակի գալիս են սարերում քայլելու, մարդկանց ու բնության հետ շփվելու, Հայաստանի անկյունները ճանաչելու համար։ Լեռնագնացության առումով Հայաստանը լայն հնարավորություններ է տալիս։

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի

Աղասի- Ես հասկացել եմ, որ մարդ անհատն էնքան կարեւոր չէ, ինչքան՝ թիմը, որի հետ գնում ես։ Թիմն ինձ համար առաջին հերթին Հրաչն է, ում հետ միշտ ապահով եմ զգում, ուրիշ վստահություն եմ ունենում։ Բացի Հրաչից նաեւ առանց մեր մյուս ընկերների շատ տխուր կլիներ, էն համն ու հոտը, հետաքրքրությունը չէր լինի։

 

Սարերը քաշում են, բայց ինձ համար դա երբեք մոլուցք չի եղել։ Ես ինձ համար որոշակի սկզբունքներ եմ սահմանել։ Եթե իմանամ՝ մի տեղ վտանգավոր է, կարող է՝ մի բան պատահել, չեմ գնա, ինձ չեմ վտանգի։ Ես նույնիսկ աշխարհի ամենաբարձր սարերը չէի գնա։ Կբարձրանայի այնքան, ինչքան իմ թոքերն են ինձ թույլ տալիս։

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի

Հրաչ- Հայտնի խոսքը, որ միեւնույն գետը երկու անգամ չես մտնի, այլ է լեռների դեպքում։ Եթե գետը հոսում է, ապա լեռները միշտ իրենց տեղում են եւ կարելի է կրկին բարձրանալ, բայց վստահաբար կարող եմ ասել, որ այդ վերելքները երբեք կրկնվող չեն լինի, որովհետեւ ամեն ինչ փոխվում է՝ սկսած տեսարանից, զգացողություններից։ Լեռները լեռնագնացների համար միայն ֆիզիկաաշխարհագրական զանգվածներ չեն, նաեւ մարդիկ են, որոնց հետո այդ ճանապարհն անցնում ու հասնում ես գագաթ։ Նույն լեռը մեկ ուրիշի հետ բարձրանալն արդեն անկրկնելի է դարձնում այդ վերելքը։ Շատերն ասում են՝ բա որ լեռները վերջանան, ի՞նչ եք անելու։ Չեն վերջանա, լեռներ կան, որ ավելի քան 10 անգամ բարձրանում ենք եւ 10 ու ավելապատիկ անգամ էլ ուզում ենք բարձրանալ։

 

«Լեռներում վերագտնում, բացահայտում ու ինքդ քեզ զգում ես»

 

Աղասի- «3000մ+»-ի մեր բոլոր վերելքները հաջողվել են, որովհետեւ դրանք լավ հաշվարկի արդյունք էինք՝ սկսած եղանակից մինչեւ տարբեր այլ պայմաններ։ Ես երթուղին մշակում, ուղարկում էի Հրաչին, Հրաչն իր կարծիքն էր ասում, վերամշակում էր, իրար հետ նախապես մտածում, կազմակերպում էինք ամեն ինչ։

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի

Հրաչ- Վստահաբար կարող եմ ասել, որ նախապատրաստական մանրակրկիտ աշխատանքը, ոչ մի բանին մատների արանքով չնայելու հանգամանքը բերեց հաջողության։ Բայց նախագիծն անհնար կլիներ իրագործել, եթե չլիներ Աղասի հետեւողականությունը, բծախնդրությունը՝ քարտեզների ուսումնասիրություն, գագաթների ցուցակագրում, մինչեւ անգամ գիտեր ինձ մոտիվացնելու ձեւերը։

Լուսանկարը` Աղասի Մարտիրոսյանի

Հարմար առիթ է շնորհակալություն հայտնելու Աղասին՝ որպես լեռնագնաց ընկերոջ, որովհետեւ նախագիծ իրագործելը միայն լեռների գագաթներին լինել չէր, դա հազարավոր կիլոմետրերով քայլել էր, միասին օրեր, գիշերներ անցկացնել էր, տարբեր մարդկանց, լեռնագնաց ընկերների հետ անցած ճանապարհ էր։ Ինչպես լեռները բոլոր լեռնագնացներին, իսկ այս ծրագիրը հատկապես հնարավորություն տվեց նաեւ մեզ բացահայտելու։ Ես շատ հաճախ զգում եմ, որ այս քաղաքային կյանքում երբեմն կորցնում ենք մեզ։ Իսկ լեռներում վերագտնում, բացահայտում ու ինքդ քեզ զգում ես։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Աղասի Մարտիրոսյանի

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին