«Մտածեցինք, որ ուզում են գերի վերցնել մեզ». երեխաների վերադարձը Արցախ - Mediamax.am

exclusive
9504 դիտում

«Մտածեցինք, որ ուզում են գերի վերցնել մեզ». երեխաների վերադարձը Արցախ


Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Անի Հայրապետյանը
Անի Հայրապետյանը

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Վլադիմիր Մարգարյանը
Վլադիմիր Մարգարյանը

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս


Արցախի շրջափակման ընթացքում լավ լուրերը քիչ են եղել: Ձու կամ մի քանի օճառ գնելու անծայրածիր հերթերում արցախցիներն ինքնաբերաբար կատակում ու իրենք իրենց սփոփում են 21-րդ դարում «մութ ու ցուրտ» տարիները հիշեցնող «ռոմանտիկ» երեկոների, վերջին մնացած կարտոֆիլը հնարավորինս բարակ կճպելու արցախցի կանանց գերբնական ունակության եւ անգամ՝ իրենց շրջափակման մեջ պահող «էկո ակտիվիստների» մասին: Ու չնայած ամբողջ «մթին»՝ լավ լուրերի վերջին հույսն այստեղ երբեք չի մարում:

 

Այդպիսի սպասված հրաշքներից մեկն էր շրջափակման հետեւանքով Հայաստանում մնացած արցախցի երեխաներից 19-ի հանկարծակի վերադարձը Ստեփանակերտ: Ճիշտ է՝ այստեղ էլ հարեւանները չզլացան եւս մեկ անգամ ցույց տալ ու հիշեցնել, թե ում հետ գործ ունենք:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

«Մոտ ժամը 4-ի կողմերն էր, երբ Գորիսի փոխքաղաքապետը զանգեց ինձ ու ասաց, որ մի ժամից ձեզ մեքենա է մոտենալու եւ դուք գնում եք Ստեփանակերտ: Ասաց՝ մնացած հարցերը տեղում: Երեխաներին միանգամից ասացի, որ պատրաստվեն: Երբ տեսանք զինվորական մեքենաները՝ հարցրինք փոխքաղաքապետին, թե ով է այս ամենը կազմակերպում: Տեղում Սյունիքի մարզպետարանից էլ ներկայացուցիչ կար: Ասացին, որ ռուս խաղաղապահներն են կազմակերպում ու անվտանգ տեղափոխելու են մեզ Ստեփանակերտ: Ես էլ արդեն հանգստացա: Մտածեցի՝ եթե խաղաղապահները հանձն են առել տեղափոխումը, ուրեմն ամեն ինչ լավ է լինելու», - հիշում է Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աիդա Գյանջումյանը, ով երեխաների կողքին էր անվերջ թվացող սպասման 37 օրերին:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Հպարտությամբ է կիսվում, որ երեխաները, չնայած բոլոր ծանր ապրումներին, շատ գիտակից ու պինդ են պահել իրենց:

 

«Ընկեր Գյանջումյան, որ հասնենք Ստեփանակերտ՝ իջնելու եմ, հողը համբուրեմ»

 

37 օր Գորիսում անցկացրած երեխաները արդեն սկսել էին հաճախել տեղի դպրոց: Ջերմ ընդունելությունը շոյում, բայց իրադարձությունների նման ընթացքը մի փոքր էլ հուսահատեցնում էր դեռահաս արցախցիներին. տան ճանապարհն այլեւս այդքան հեռու ու անիրակա՞ն է փաստորեն: Մեկ ամսից ավելի ծնողներից հեռու մնացած երեխաներից ամենափոքրը 10, իսկ ամենամեծը 20 տարեկան են: Բլոկադայից այն կողմ հասցրել են 3 ծնունդ նշել:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Ըստ Գյանջումյանի՝ ճանապարհին կանգառների ժամանակ ռուս խաղաղապահները սովորաբար թակում էին դուռը, իրենք ներսից բացում էին: Այդ անգամ ինչպե՞ս ստացվեց, որ այդ ծանր դուռը այդքան հեշտ բացեցին ու ներս մտան ադրբեջանցի այսպես կոչված «էկո ակտիվիստները», որոնք ավելի շատ հիշեցնում էին լավ մարզված հատուկ ջոկատայինների՝ չի պատկերացնում:

 

«Մութ էր, բայց կամերաների լույսերը լավ տեսա, որ մի 10-15 կամերա փորձում էին մեզ նկարել: Ռուս խաղաղապահները նկատեցին, հետ հրեցին դրանց, դուռը պինդ փակեցին: Աղջիկները, դե պարզ է, շատ վախեցան, երեխաներից մեկը ուշաթափվեց: Բայց տղաները, ապրեն իրենք, շատ պինդ են մնացել: Այսքան խոսում ենք, բայց մի բան մոռանում ենք՝ այս երեխաներն են մերօրյա իսկական հայրենասերները, որոնք անկախ ամեն ինչից հետ են եկել Արցախ: Ես շնորհակալ եմ իրենց ծնողներին, որ էսպիսի երեխաներ են դաստիարակել: Որ չնայած ամեն ինչին, չնայած դժվարություններին՝ իրենք ցանկացել են գալ հայրենիք: Իրենք ուղիղ նպատակ էին դրել, որ պիտի գան:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Հասկանալի է, որ ճանապարհները բացվեն՝ բոլորն էլ կգան, բայց էս փորձությունը, որ էս երեխաները անցել են՝ կեցցեն իրենք: Ստեփանակերտի առաջին լույսերը որ երեւաց, էսպես մի քանի լույս էր, քաղաքը կիսամութ... Էրեխեքը էդ ոնց են «Ուռա՜» գոռում, ոնց են ցնծում, ծափահարում...: Տղաներից մեկն ասում էր՝ «Ընկեր Գյանջումյան, որ հասնենք Ստեփանակերտ՝ իջնելու եմ, հողը համբուրեմ»:

 

«Ասում էինք՝ մի մարդ գոնե լինի, թեկուզ մի հատիկ մանդարին ուղարկենք»

 

Աշխարհի ամենատարօրինակ «էկո ակտիվիստների» ամբոխի մեջով տուն հասած 14-ամյա Անի Հայրապետյանը խոստովանում է՝ դեռ չեն հարմարվել Արցախյան նոր, մասամբ անլույս ու անգազ, դատարկ ցուցափեղկերով իրականությանը, բայց՝ «Մեկ է, մարդ ուզում է գալ հայրենիք, ուրիշ կերպ չի ստացվում»:  

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Անին հիշում է՝ Երեւան էին մեկնել ընդամենը երկու օրով՝ մանկական Եվրատեսիլի հենց հաջորդ օրը ճանապարհ են ընկել Արցախ վերադառնալու, որը տեւեց ոչ ավել ոչ պակաս 37  օր:

Անի Հայրապետյանը Անի Հայրապետյանը

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

«Մենք արդեն շարժվել էինք դեպի Արցախ: Երբ հասանք Եղեգնաձոր՝ համացանցով կարդացինք, որ ճանապարհը փակվել է: Մտածեցինք՝ երեւի մի քանի ժամ կտեւի:  Եկանք Գորիս, սպասեցինք մեքենայում մոտ 6-7 ժամ, հետո մեզ արդեն տեղավորեցին հյուրանոցում: Էլի ասեցինք՝ երեւի մի քանի օրից կբացվի: Ու էդպես ամեն օր հույս պահելով ապրում էինք սկզբից, հետո արդեն… Արդեն մտածում էինք, որ մի քանի ամիս հաստատ Արցախում չենք լինի: Մի բան էինք մտածում, Արցախի հետ կապված մեր պլանները կազմում էինք մի քանի ամիս առաջ: Ասում էինք՝ մարտին հազիվ տանը լինենք: Շատ մեծ անակնկալ էր… Որ մտանք քաղաք, իջանք «Կալցեվոյ»… Մեր հարազատներին տեսանք… Շատ էինք հուզվել, շատ էինք կարոտած…»:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Ադրբեջանցիների առաջին անգամ չէր հանդիպում. Արցախում այլեւս բոլոր բնակավայրերն են սահմանամերձ, Անին էլ հասցրել է տեսնել ադրբեջանական դիրքերը շատ մոտիկից: Այդ «հանդիպումները» կնախընտրեր ջնջել իր հիշողությունից ու կյանքից, այս մեկը՝ առավել եւս:  

 

«Մեզ ոչ ոք չէր պատրաստել դրան, բայց մենք բոլորս էլ հասկանում էինք այդ ամենը… Սկզբից չտեսանք, թե իրենց ձեռքերում ինչ կար: Ուզում էին ներխուժել մեր մեքենան, մեր մեքենայի կադրերը չկա համացանցում, մյուս մեքենայինը կա: Վախեցանք… Չգիտեինք՝ ինչ կարող են անել… Կարելի է ասել, որ մեր վերջին րոպեներն էինք պատկերացնում: Վախենալու էր… » :

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Պարզվում է, որ այն մեքենայում, որտեղ ադրբեջանցիները հասցրել են նկարահանումներ կատարել, իրավիճակը քիչ թե շատ հանդարտ է եղել, մինչդեռ մյուս մեքենայում, որտեղ կատարվածի կադրերը չկան, ադրբեջանցի «էկո ակտիվիստների» պահվածքն ավելի սանձարձակ, երեխաների ապրումները՝ ավելի ծանր են եղել:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

«Չէինք պատկերացնում, որ կարող են էդպես անել: Օրինակ՝ առաջին մեքենան, որ իրենք նկարեցին, սիրուն մտան, նկարեցին ու դուրս եկան: Բայց մերը էդպես չէր: Մեկը եկավ, դուռը բացեց, արդեն ռուս խաղաղապահը, որ իրեն բռնեց, որ չգա՝ ինքը մեկ է, էլի գալիս էր: Ձեռքով բռնել էր մեքենայի ձողից, ձգվում էր դեպի մեզ, որ գա: Արդեն բոլորս գնացինք մեքենայի ետնամաս, աղջիկները լացում էին: Հետո տիկին Աիդան, ձեռքերը բացած մեր առաջ եկավ, ասեց՝ «Չվախենա՛ք»: Իսկականից վախեցանք: Էդ պահին դժվար է եղել… Դրան նպաստում էր նաեւ մութը: Իրենք մեծ տղամարդիկ էին, ես ձեռքն եմ իր տեսել, դիմակով…Արդեն մտածել ենք, որ գերի են մեզ ուզում վերցնել: Մի քանի վայրկյանում ամեն ինչ մտածել ենք: Բայց մեկ է՝ մենք հասանք տեղ ու դրանց ցույց տվեցինք, որ մենք այստեղ ենք: Մեր Մաքսիմը ուզել է խփի թուրքին, դուռն էլ ինքն է փակել», - պատմում է 17-ամյա Վլադիմիր Մարգարյանը:

Վլադիմիր Մարգարյանը Վլադիմիր Մարգարյանը

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Հիմա ծիծաղով է հիշում, որ սկզբում, երբ զանգել ու ասել են, որ կես ժամից պետք է մեկնեն Ստեփանակերտ, չի հավատացել: Ընկերները ստիպված են եղել նորից զանգել ու ասել, որ արագ իրերը հավաքի:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

«Մտավախությունը, որ կարող է բաց չթողնեն, ասեն՝ հետ գնացեք, կար: Բայց մեկ է՝ հույս ենք պահել, որ ի վերջո պետք է մտնենք Ստեփանակերտ: Ես ասել էի՝ եթե չթողնեն՝ փախչելու եմ, ոտքով գնամ: Սկզբում երբ լսում էինք շրջափակման մասին, միանգամից հիշեցինք օրերը, երբ պատերազմից հետո հետ էինք եկել Արցախ եւ լույս չկար, գազ չկար:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Մտածում էինք՝ մարդիկ չգիտեն ինչ անեն… Շատ ենք փորձել մի բան ուղարկենք էստեղ: Ասում էինք՝ մի մարդ գոնե լինի թեկուզ մի հատիկ մանդարին ուղարկենք, բերեն, էստեղ մեկը ուտի: Շատ-շատ էինք մտածում հեռվից: Հիմա որ էստեղ եմ… Մտածում եմ՝ չէ, մենք կարող ենք, մենք հաստատ կարող ենք: Ես էնտեղ էլ եմ ասել, էստեղ էլ եմ ասում՝ Արցախիս ջուրը մենակ ինձ հերիք է: Գորիսում ասում էի՝ ինձ տարեք Ղարաբաղ, թող անգամ հաց չուտեմ, մենակ մեր էս քաղցր օդը հերիք է, մենակ թե Արցախում լինեմ:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Բլոկադան ինձ տվեց նաեւ երկրորդ ընտանիք: Գորիսում մնացած երեխաներով շատ ենք մտերմացել: Ու ավելի շատ ցանկություն առաջացավ միշտ Արցախում լինելու ու չմտածել անգամ, թե մի օր գուցե դուրս գամ էստեղից:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Որ գալիս էինք՝ Ստեփանակերտի առաջին լույսերը որ տեսանք, ասել եմ՝ քոռանամ ես… Գոռացինք բոլորս: Հետո եկանք, իջանք, անծանոթ մարդ կար, գնացի, գրկեցի իրան: Ու սկսել եմ ծանոթ-անծանոթ հերթով բոլորին գրկել: Հիմա տուն չեմ գնում, դրսում եմ լինում, վայելում Արցախս, կարոտս…»

 

Սոֆիա Հակոբյան

 

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին