«Սա էլ կանցնի». աշխարհում իրարից բացի ոչ ոք չունեցողների երկիր Արցախը - Mediamax.am

exclusive
3459 դիտում

«Սա էլ կանցնի». աշխարհում իրարից բացի ոչ ոք չունեցողների երկիր Արցախը


Լիանա Ոսկանյանը՝ երեխաների հետ
Լիանա Ոսկանյանը՝ երեխաների հետ

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս


Ստեփանակերտում -10 է, իսկ քաղաքը հավերժ «շրջափակած», ճերմակի ու մառախուղի ամենաֆանտաստիկ զուգերգը երգող լեռների գեղեցկությունն այս օրերին՝ անչափելի:

 

Քաղաքում մեկը մյուսի հետեւից փակվող խանութների արդեն մութ ցուցափեղկերին գումարվել են հերթականությամբ էլեկտրականության հովհարային անջատումներին դիմագրավող շենքերի՝ իրար հետեւից մարող լույսերն ու մեկումեջ լամպի կամ մոմի լույսով «ծիկրակող» պատուհանները:

 

38-ամյա Լիանա Ոսկանյանի տանը սովորական առօրյա աղմուկի մեջ խլեցվում են շրջափակման հետ եկած ու օր օրի աճող խնդիրները: Հինգ երեխաների մայրը փոքրիկների համար ավանդական թանավն է պատրաստում, որը, թերեւս, այն քիչ ճաշատեսակներից է, որն Արցախում մեծամասնության համար մնում է հասանելի: Իհարկե՝ իր չափազանց պարզ բաղադրության շնորհիվ. մածուն եւ բրինձ:

 

Բազմանդամ ընտանիքի հայրը մնացել է բլոկադայից այն կողմ՝ Երեւանում: Արդեն մեկ ամսից ավել է, ինչ երեխաների խնամքի ու ծախսերի բեռը Լիանան միայնակ է կրում. բեռնափոխադրումներով զբաղվող ամուսինը հասկանալի պատճառներով մնացել է նաեւ գործազուրկ: Հիշում է՝ ինքն էլ կարող էր մնալ շրջափակման մյուս կողմում, երջանիկ պատահականությամբ է մնացել այստեղ, երեխաների կողքին:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

«Դեռ մինչեւ շրջափակումը ուզում էի գնալ Հրազդան, մամայիս գերեզմանին: Մայրս հենց պատերազմի ընթացքում մահացավ, չկարողացանք բերել Արցախ: Մտածեցի՝ քանի դեռ հղիությանս ժամկետը փոքր է, գնամ-գամ, սիրտս հանգիստ լինի: Ամուսինս ասաց՝ թող մնա, հունվարին միասին կգնանք, հիմա մնա երեխաների հետ: Ինքը միայնակ գնաց բեռնափոխադրման հերթական ռեյսին, մի քիչ երկար մնաց, որովհետեւ մորաքույրը մահացավ: Ինքն ու մայրը մնացին, բլոկադան սկսվեց, չկարողացան գալ: Հիմա ասում եմ՝ ինչ լավ է, որ լսեցի նրան, չգնացի, բլոկադայի մյուս կողմում հայտնվելն առանց երեխաների շատ ավելի ծանր կլիներ», - ժպիտով ու տխրությամբ պատմում է Լիանան:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

14-ամյա Արթուրը, 12 տարեկան Ալյոնան, 10 տարեկան Ներսեսը, 8 տարեկան Դավիթն ու 2 տարեկան Էլլան տան անբաժան անդամի՝ Մոնի շնիկի հետ հստակ գիտեն տանն իրենց պարտականությունները: Մեծերն ինքնուրույն ու անձայն սովորում են դասերը, լցնում սիրելի փլավը, չեն մոռանում արտադպրոցական խմբակների իրենց ժամերը: Ամենակարեւորը՝ սիրով ու անսահման համբերությամբ խնամում դեռեւս ամենափոքրին՝ ցորենագույն վարսերով չարաճճի Էլլային, ով տան կրտսերի տիտղոսը շաբաթներ անց կզիջի լույս աշխարհ գալ պատրաստվող եղբորը:

Լիանան ասում է՝ անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի երեխաները չզգան շրջափակման հետեւանքները: Դեռեւս դեկրետային արձակուրդի գումարն է ծախսում, որն էլ օր օրի քչանում ու դեպի անորոշություն է մղում բազմազավակ մայրիկի միտքը: Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհին չի բացառում, որ վեցերորդ փոքրիկին լույս աշխարհ բերելուց հետո գուցե վաղաժամ աշխատանքի դուրս գա, եթե իրավիճակը չկարգավորվի: Մինչ այդ ՝ հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով քաղաքի տարբեր ծայրերից այս կամ այն ապրանքը հայթայթում, հասցնում է փոքրիկներին:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Արցախում օրերս ինքնաբուխ ստեղծված ու արդեն լեգենդար դարձած «Մենք ուրուր օնինք» ֆեյսբուքյան խումբը նրան էլ է շատ անելանելի իրավիճակներից փրկել: Վայրկյանների ընթացքում մարդիկ արագ ինքնակազմակերպվում, տանը եղած համեստ պաշարներից ինչ-որ բանով փոխանակվում, միմյանց ձեռք են մեկնում:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

«Մին սերկեւիլ օնիմ, հուվա օզում տամ ուրան», «Աղջիկներ, Կալցեվոյի ապտեկումը 5-րդ համարի պամպերս կա, քեցեք», «Մին պաչկա կոֆե օնիմ, հուվ կփոխանակե մին կիլո կարտոշկին հետ». ու այսպես շարունակ՝ աշխարհի հետ կապը կորցրած Արցախում իրար հետ են խնդիրներով կիսվում ու լուծումներ գտնում: Ի վերջո՝ եթե աշխարհը մեզ մոռացել է, մենք «ուրուր (իրար) օնինք»:

 

«Ամեն մի մանրուքի համար մարդկանց չեմ դիմում, բայց եթե խիստ անհրաժեշտություն է լինում՝ գրում եմ խմբում: Հիմնական խնդիրը բանջարեղենն է, մրգերը: Էրեխեքի մոտ անընդհատ չեմ ասում՝ վայ չկա, վայ բա ինչ պիտի անենք: Իրենք են մեկ-մեկ հարցնում՝ «Բա չկա՞: Խնձոր էլ չեն վաճառո՞ւմ: Էս ինչն էլ չկա՞, էն ինչն էլ չկա՞»: Դե, մեծերս հասկանում են, որ ճանապարհը փակ է», - ասում  է Լիանան, հիշելով, որ հաճախ նույնիսկ անծանոթ մարդիկ ձեռքի տակ եղած վերջին ապրանքը կիսել, առանց գումար նվիրել են: Դեռ չծնված վեցերորդ փոքրիկի համար է միայն, որ դեռ ոչինչ գնել չի կարողանում, միջոցները սուղ են, չեն ներում: Մայրիկը շատ չի նեղսրտում, ասում՝ սա էլ կանցնի:

 

Դեռեւս չի պատկերացնում, թե ամսի 17-ից գործառության մեջ մտնող կտրոնային համակարգով ինքն ինչպես է մթերային խանութների անծայր թվացող հերթերում հինգ երեխաների համար սնունդ գնելու, վեցերորդի ծնվելուց հետո՝ առավել եւս: Նախկինում մայրն էր օգնում, հիմա եւ՛ մորից, եւ՛ ամուսնուց հեռու բեռը միայն իրենն է՝ շրջափակման մեջ միայնակ, բայց տոկուն մնացող մայրիկինը:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լիանան վստահեցնում է՝ դեպրեսիայի մեջ ընկնել չի շտապում, վաղվա օրվա պլաններ էլ չի կազմում: Նույնիսկ սնունդն է գնում քիչ-քիչ եւ չի շտապում պահեստավորել: Ասում է՝ իր համար ավելի լավ է հուսալ, որ վաղը ճանապարհը կբացվի եւ դրա կարիքը չի լինի: Ըստ բազմազավակ մայրիկի՝ նման փորձություններին պատրաստ լինել-չլինելու մասին հարցադրումները, 90-ականների համեմատ մեր հավաքական «իմունիտետի» մասին համեմատությունները առողջ չեն: Ասում ՝ իսկ ո՞վ է երբեւէ նման բանի պատրաստ:

 

«Ես, շատ լավ հիշում եմ, որ առաջին պատերազմի ժամանակ ավելի վատ վիճակում ենք եղել: Էնպես որ եթե պարզվի, որ պետք է մի տարի էլ էսպես մնանք՝ ես կմնամ: Կարեւորը՝ մեր հաշվին նոր զիջումներ չլինեն: Իմ մամաս ջահել ա եղել, ինքն էլ պատերազմին սովոր չի եղել, ինքն էլ մինչ այդ պատերազմ չի տեսել, բայց երեք երեխա է նկուղում պահել: Նկուղում: Պապաս պատերազմի մեջ էր, մամաս էլ առողջական խնդիրներով: Բայց ինձ ու քույրերիս խնամում էր այդ նկուղում, եւ տարիներով: Էնպես էր՝ ոչ ոք էլ պատրաստ չի լինում ոչ մի բանի, պատերազմ է, սով է, շրջափակում է… Դրանք միշտ էլ հանկարծակի են գալիս: Հիշում եմ, որ էն ժամանակ էլ ոչինչ չի եղել ուտելու, հարեւաններով ցորենը ծլեցրել, աճեցրել էին ու մեզ համար ածիկ էին եփել: Մինչեւ հիմա համը հիշում եմ: Բովում էին ալյուրը, մի քիչ շաքարավազ, դոշաբ լցնում խառնում, կոնֆետներ սարքում: Ուտում էինք: Մեր էրեխեքն էլ կուտեն: Բայց էն որ Արցախը պիտի հայկական մնա՝ անբեկանելի սկզբունք պիտի մնա: Ես Արցախը մենակ Հայաստանի կազմում եմ պատկերացնում: Միայն: Ես իմ հարազատ հողում ուրիշի տիրապետության տակ չեմ ապրելու: Թույլ չեմ տալու իմ երեխայի ծննդականի մեջ գրված լինի «Ադրբեջան»: Ավելի լավ է ես ուրիշ հողում, ուրիշ երկրի ծառայեմ, բայց իմ հողում ուրիշին չեմ ծառայի: Մանավանդ, որ էս հողի համար շատ արյուն ա թափվել, շատ-շատ»:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լիանան խոր հուզմունքով ու շատ մեծ հպարտությամբ է հիշում քեռուն, ով Արցախյան առաջին պատերազմի ժամանակ զոհվել է 17 տարեկանում: Հիշում է նաեւ թե՛ առաջին, թե՛ երկրորդ պատերազմի ժամանակ նկուղներից դուրս չեկող, բայց հետագայում հերոսական պատմություններով գրքեր գրողներին, բայց մի բանից է շատ սրտնեղում. հայկական բանակն ու դրա սխրանքները արագ մոռացած, զինվորին անտեսող մերօրյա մտածողությունից:

 

«Միայն թույլ մարդը, իր վրա ոչ վստահ մարդը կարող է բանակի մասին էդպես խոսի: Իմ քեռին… Հենց իր ձեռքում երեք անգամ նռնակ է պայթել: Որովհետեւ ինքն իր ձեռքով էր պատրաստում: Գաղտնի ավտոմատ էր հավաքում: Էն ժամանակ էլ զենք չկար, ընդհանրապես չկար: Ես վստահում եմ հայ զինվորին: Բանակի մասին շատ սխալ են խոսում: Ո՞նց կարելի ա անօդաչուների դեմ ավտոմատներով դուրս եկած տղաների անունները գցել: Իրանք էդ հուսահատ կռիվը որ տալիս էին, հաստատ էդ պահին բոլորն անխտիր գիտեին, որ իրենց հարազատներին էլ չեն տեսնելու, իրանց էրեխեքին չեն տեսնելու, էդ վերջն ա, կյանքի մահվան կռիվ են տվել: Ո՞նց են կանգնում բանակին ծուռ խոսք ասում, մոռանում իրանց սխրանքը»:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Արցախի՝ նախքան պատերազմն ու ներկայի վիճակի սուր համեմատությունների մեջ սովորաբար ծայրահեղ, խիստ տխուր ու ազդեցիկ բառեր ենք փնտրում բոլորս: Ստեփանակերտում ծնված-մեծացած Լիանան այլ, մինչ օրս մեր լսած ամենատպավորիչ համեմատությունն է անում.

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

«Մինչ պատերազմն ամեն ինչ բնական էր: Ուղղակի բնական: Արցախն էր բնական: Մարդկանց ուրախությունն էր բնական: Հիմա անգամ հարսանիքն ու ժպիտն է «ստիպված»: Ես աշխատում եմ նաեւ որպես դիմահարդար: Մարդկանց այդ աչքերը, որոնք ճոխ հարդարում ենք, չեն ժպտում: Էդ աչքերը հարսանիքի են պատրաստվում, բայց մեջը ուրախություն չկա: Մարդիկ անում են, ասելով՝ «էս մի բանից էլ իմ էրեխուն չկտրեմ», սա է… »:

 

Սոֆիա Հակոբյան

 

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին