Ճակատագրերը, հույզերն ու «ներկա պահը»՝ Երեւանի «Հիշողության սրճարանում» - Mediamax.am

exclusive
1899 դիտում

Ճակատագրերը, հույզերն ու «ներկա պահը»՝ Երեւանի «Հիշողության սրճարանում»


Լուսանկարը` Մեդիամաքս

Պարոն Բորիսը
Պարոն Բորիսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երեւանի «Հիշողության սրճարանը»
Երեւանի «Հիշողության սրճարանը»

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գերասիմ պապիկը
Գերասիմ պապիկը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պարոն Մամիկոնը
Պարոն Մամիկոնը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիկին Մարգարիտան
Տիկին Մարգարիտան

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ Բադալյանը
Մարիամ Բադալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վիկտորյա Եփրեմյանը
Վիկտորյա Եփրեմյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Պարոն Բորիսը, ձեռքս բռնած, սովորեցնում է պարելիս ճիշտ ու երաժշտության ռիթմին համապատասխան տեղաշարժել ոտքերս:

 

- Տե ՛ս, ոտքս չտրորես: Զարմանալի է, հիմա երիտասարդներն այլեւս չեն պարում: Բա ինչպե՞ս եք ծանոթանում, հանդիպում, չեմ հասկանում, - ծիծաղում է:

Պարոն Բորիսը Պարոն Բորիսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա 73 տարեկան է, մասնագիտությամբ՝ խոհարար, 25 տարուց ավելի աշխատել է տարբեր ռեստորաններում ու ճաշարաններում: Պատմում է, որ ժամանակին շատ սիրուն կանանց հետ է պարել՝ «դե այնքան էլ տգետ չեմ, տեսքով էլ ոչինչ», ընտանիք է կազմել, որդի ունեցել: Հետո ինչ-ինչ պատճառներով միայնակ է մնացել ու հիմա ապրում է Նորքի տուն-ինտերնատում:

 

Պարոն Բորիսին հանդիպում եմ Երեւանի «Հիշողության սրճարանում», որն Առողջ ուղեղի հայկական ծրագրով իրականացնում է «Ալցհայմերի խնամք Հայաստան» հասարակական կազմակերպությունը:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հիշողության սրճարանն» ամեն չորեքշաբթի ժամը 10:30-12:30 գործում է Երեւանի Կիրովի անվան մանկական այգու «Թեյի տնակ» սրճարանի տարածքում:

 

«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունն այստեղ է հրավիրում քառասունն անց անձանց, որոնց մոտ անցկացված հետազոտությունների արդյունքում նկատվել են Ալցհայմերի հիվանդության կամ դեմենցիայի նախանշաններ: Սրճարանը ժամանցի, շփման վայր է, որտեղ այս մարդկանց հետ աշխատում են կազմակերպության հոգեբանն ու սոցիալական աշխատողը, զրուցում են, խաղում հիշողության ու կոգնիտիվ գործառույթների վրա դրական ազդեցություն ունեցող խաղեր:

Երեւանի «Հիշողության սրճարանը» Երեւանի «Հիշողության սրճարանը»

Լուսանկարը` Մեդիամաքս

«Դեմենցիայի դեպքում մեկուսացումը պետք է բացառել», - ասում է «Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ ծրագրերի տնօրեն Օֆելյա Կամավոսյանն՝ ընդգծելով, որ դեմենցիան վաղ փուլում ախտորոշելու դեպքում անձը պետք է պարտադիր պահպանի արտաքին աշխարհի հետ շփումն, իրեն հետաքրքրող զբաղմունք ունենա.

 

«Բժիշկներն ասում են՝ դեմենցիան պարտված պատերազմ է, քանի որ հիվանդությունը, ցավոք, առաջացնում է անդառնալի հետեւանքներ: Միեւնույն ժամանակ, այդ պատերազմում հնարավոր է կռվել ու մարդու հետ պատշաճ աշխատանքի դեպքում դանդաղեցնել վարքագծային փոփոխությունների գործընթացը: Դեմենցիայի հարյուրից ավելի տեսակ կա ու այս մարտահրավերը նորություն է ինչպես մեր առողջապահական համակարգի, այնպես էլ՝ հասարակության համար: Մարդիկ հաճախ ամաչում են, երբ հարազատի մոտ նման խնդիր է առաջանում, նախընտրում են նրան տանը փակել, բայց սա ամենավատ որոշումն է: Ստեղծելով «Հիշողության սրճարանը»՝ ցանկացել ենք ժամանցի հնարավորություն տալ մարդկանց, որոնց մոտ դեմենցիան կամ Ալցհայմերի հիվանդությունն ախտորոշվել են վաղ փուլում»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Առողջ ուղեղի հայկական ծրագիրն իրականացվում է այս տարվա հունիսից ու մի քանի բաղադրիչ ունի: Դրանցից մեկով աշխարհում ընդունված MoCa (Մոնրեալյան կոնգնիտիվ գնահատում) թեստով կատարվում է քառասունն անց անձանց հիշողության գնահատում: Թեստի արդյունքներով 80 տոկոս ճշգրտությամբ երեւում է՝ մարդն ունի՞ կոգնիտիվ գործառույթների հետ կապված խնդիր, թե՝ ոչ:

 

«Այս թեստն, իհարկե, վերջնական ախտորոշում չէ, սակայն կարեւոր գործիք է հիվանդության վաղ հայտնաբերման համար: Ծրագրով արդեն իսկ թեստավորել ենք քառասունն անց ավելի քան 2 000 քաղաքացու Երեւանում, Լոռիում, Կոտայքում, Արարատի ու Արմավիրի մարզերում: Գարնանը նախատեսում ենք մեկնել նաեւ մյուս մարզեր: Հիշողությունն այս դեպքում բանալի բառ է, քանի որ ստուգում ենք քաղաքացիների կոգնիտիվ գործառույթներն առհասարակ», - ասում է Օֆելյա Կամավոսյանը:

 

Նրա խոսքով՝ մարդիկ, ցավոք, լուրջ չեն վերաբերվում հիշողության կամ առհասարակ վարքագծի հետ կապված խնդիրներին, քանի դեռ դրանք ակնհայտ չեն դառնում շրջապատի համար, իսկ սա նշանակում է՝ հիվանդությունն այլեւս վաղ փուլում չէ.

 

«Մարդկանց համար սրտի կամ երիկամի հետ կապված խնդիրները շոշափելի են, տեսանելի ու դրանց բուժմանը նրանք ինչ-որ չափով ուշադրություն են դարձնում, բայց խնդիրները, որոնք կապված են նյարդային համակարգի, ուղեղի հետ, շատ քչերին են մտահոգում: Լինում է՝ գյուղերում տղամարդկանց առաջարկում ենք ստուգել նրանց հիշողությունն, ինչին հետեւում է կատակը՝ «մեր տան ճամփեն հիշում ենք՝ հերիք է»: Սա այն դեպքում, որ թեստավորվածներից մոտ 40 տոկոսի մոտ կոգնիտիվ խնդիրներ ենք հայտնաբերում»:

 

Առողջ ուղեղի հայկական ծրագրով աշխատանք է տարվում նաեւ Ալցհայմերի հիվանդություն կամ դեմենցիա ունեցող անձանց հարազատների ու ընտանեկան բժիշկների օղակի հետ:

 

«Առողջապահության նախարարությունը նախատեսում է, որ այս բնույթի խնդիրներ ունեցող մարդկանց բուժման ընթացքին պետք է հետեւեն ընտանեկան բժիշկները: Առողջ ուղեղի ծրագրի բաղադրիչներից է բուժանձնակազմի վերապատրաստումը: Ոլորտի լավագույն մասնագետները բժիշկներին, բուժքույրերին ծանոթացնում են այս խնդիրներով պացիենտների հետ աշխատելու նրբություններին:

 

Ինչ վերաբերում է հարազատներին, նրանց բացատրում ենք, որ պետք չէ զայրանալ, երբ մարդը մի քանի անգամ նույն հարցն է տալիս, շատ ուտելիք պահանջում, մոռանում ակնհայտ թվացող փաստեր կամ գնում է տնից: Նա դա հատուկ չի անում, այդպես է արտահայտվում հիվանդությունը: Նրա համար պետք է զբաղմունք գտնել, օրինակ՝ գալ «Հիշողության սրճարան» », - ասում է Օֆելյա Կամավոսյանը:

 

Պետության հոգածության ներքո գտնվող տարեցները եւս թեստավորվում են ու հիվանդության նախանշաններ հայտնաբերելու դեպքում նրանք «Հիշողության սրճարան» են գալիս տուն-ինտերնատներից, ինչպես, օրինակ, պարոն Բորիսը:

 

***

 

-Ծանո՞թ եք «Ճակատագիր» խաղին, - սրճարանում հավաքվածներին հարցնում է «Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ սոցիալական աշխատող Մարիամ Բադալյանն ու բացասական պատասխան ստանալով՝ բացատրում.

 

-Հիմա բաժանվելու ենք զույգերի: Թիմի անդամներից մեկի ճակատին փակցնելու ենք որեւէ բառ ու դիմացինը պետք է փորձի բացատրել՝ ինչ է գրված՝ առանց օգտագործելու գրված բառի արմատը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Առաջինը խաղի մեջ են մտնում տիկին Մարգարիտան ու տիկին Նազիկը: Վերջինս բավականին արագ հասկանում է թիմակցի հուշումներն ու գուշակելով բառը՝ կանայք ողջունում են իրար «high-five»-ով: Նրանք էլ, պարոն Բորիսի նման, Նորքի տուն-ինտերնատում են ապրում:

 

«Սիրով եմ գալիս սրճարան, քանի որ այս այգին հոգեհարազատ է: Ժամանակին  տունս այստեղ էր՝ կողքի փողոցում», - ասում է 73-ամյա տիկին Մարգարիտան ու շրջանցելով տուն-ինտերնատում հայտնվելու պատճառները՝ պատմում նախասիրությունների մասին.

 

«Շատ եմ սիրում երաժշտություն ու կինո, բայց երկուսից էլ հիմա զրկված եմ: Տուն-ինտերնատում տարիքով մարդիկ են ու բարձր երաժշտություն չես կարող լսել: Հեռուստացույցով էլ հիմնականում լուրեր են միացնում, որոնցից ավելի ես ընկճվում: Ո՛չ Գրեմմի ենք կարողանում նայել, ո՛չ Օսկար»: 

Տիկին Մարգարիտան Տիկին Մարգարիտան

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիշում է, որ ժամանակին միշտ մասնակցում էր Օպերայի բակում կազմակերպվող ռոք համերգներին.

 

«Մենակ լինելուց չեմ նեղվում, միայն երաժշտությունն է պակասում: Հնարավորություն լիներ, բարձր ռոք կլսեի, մնացած ամեն ինչից գոհ եմ»:

 

«Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ սոցիալական աշխատող Մարիամ Բադալյանն ասում է՝ անկախ տարիքից՝ մարդը սոցիալական էակ է ու շփումը նրա բնականոն կյանքի մաս է:

Մարիամ Բադալյանը Մարիամ Բադալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ցավոք, գալիս է փուլ, երբ տարեցները սկսում են չաշխատել ու հատկապես, եթե նախկինում որեւէ պատասխանատու պաշտոն ունեին կամ կարեւոր աշխատանք էին կատարում, նրանց մոտ սրվում է «անպիտան» լինելու զգացումը: Սրան զուգահեռ նվազում են շփումները, ինչը կարող է հանգեցնել ծանր ապրումների ու կտրուկ արագացնել, օրինակ, դեմենցիայի զարգացումը: Սա է պատճառը, որ «Հիշողության սրճարանում» հավաքում ենք մարդկանց, որոնց մոտ նկատել ենք դեմենցիայի կամ Ալցհայմերի հիվանդության նշաններ, զրուցում ենք նրանց հետ, խաղեր խաղում: Ինքներս էլ այս շփումների ընթացքում շատ բան ենք սովորում տարեցների կյանքի փորձից, խորհուրդներից ու հետաքրքիր պատմություններից», - ասում է Մարիամ Բադալյանը:

 

Սրճարանում ժամանցի համար ընտրվում են խաղեր, որոնք դրական ազդեցություն ունեն հիշողության, մտածողության վրա կամ առաջացնում են հաճելի զգացողություններ.

Լուսանկարը` Մեդիամաքս

«Օրինակ՝ վերջերս լոտո էինք խաղում, ու բոլորը միանգամից երիտասարդացան, քանի որ այս խաղը նոստալգիկ հիշողություններ է արթնացնում: Ամեն հանդիպման վերջում նաեւ պարում ենք, ֆիզիկական ակտիվությունը եւս կարեւոր է, ու երաժշտությունը, պարը, դրական էմոցիաներ են առաջացնում: Իհարկե, նման աշխատանք տանելու համար կարող էինք ստեղծել որեւէ կենտրոն, ունենալ գրասենյակային տարածք, բայց ընտրել ենք սրճարանի ձեւաչափը, որովհետեւ այն ավելի թեթեւ ու ժամանցային է: Ամեն չորեքշաբթի տարեցները պատրաստվում են, սիրունանում ու գալիս սրճարան՝ հանդիպելու հին ընկերներին ու ծանոթանալու նորերի հետ»:  

 

89-ամյա Գերասիմ պապիկն, օրինակ, դեռ նախորդ օրվանից պատրաստում է հագուստը, սափրվում ու սպասում չորեքշաբթի օրվան: Չնայած հիշողության հետ կապված խնդիրներ ունի ու, երբեմն, մոռանում է խմել դեղերը՝ «Հիշողության սրճարանի» օրը չի շփոթում:

Գերասիմ պապիկը Գերասիմ պապիկը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Գալիս եմ մարդկանց հետ շփվեմ՝ ծերերի, երիտասարդների: Լսողությունս է մի քիչ վատ, դա է խանգարում: Մտածում եմ՝ պետք է լավ անցկացնենք մեզ մնացած ժամանակը», - ասում է Գերասիմ պապիկը:

 

***

 

Մինչ սրճարանում շարունակվում է «Ճակատագիր» խաղը, քիչ ուշացած ներս է մտնում պարոն Մամիկոնը: Կոկիկ հագուստն ու ձեռքի պայուսակը ստիպում են մտածել, թե երկար տարիներ ինչ-որ պատասխանատու աշխատանք կատարող մարդ է, որը եկել է հետեւելու սրճարանի աշխատանքին, բայց պարոն Մամիկոնը ներկայանում է ու սեղանի շուրջ նստում մյուսների հետ:

 

«Ես բանաստեղծ եմ», - ժպտում է:  

Պարոն Մամիկոնը Պարոն Մամիկոնը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատմում է, որ սկսել է ստեղծագործել 45 տարեկանում, գրել ավելի քան 2000 բանաստեղծություն, տպագրել երկու գիրք, շնորհանդեսներ ու գրական երեկոներ ունեցել Մոսկվայում: Սկզբում հավաքվածների խնդրանքով, իսկ հետո արդեն սեփական նախաձեռնությամբ պարոն Մամիկոնն ասմունքում է մի քանի ստեղծագործություն:

 

Հարցին՝ ում հետ է բնակվում, պատասխանում է.

 

«Ապրում եմ միայնակ: Ամուսնացած չեմ եղել, երեխաներ չունեմ: 1999թ.-ին կորցրել եմ բնակարանս, շատ երկար պատմություն է: Այնպես որ, կարելի է ասել, 23 տարվա «բոմժ» եմ, հիմա ունեմ ժամանակավոր կացարան»:  

 

Տարեցներն, ինչպես եւ մարդիկ առհասարակ, իրենց էմոցիաները կիսելու կարիք ունեն: «Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ ու «Հիշողության սրճարանի» հոգեբան Վիկտորյա Եփրեմյանն ասում է, որ սրճարան առաջին անգամ եկողները հիմնականում փակ են կամ պատմում են իրենց մասին՝ շրջանցելով վատ հիշողություններն ու կենտրոնանալով դրականի, իրենց հաջողությունների վրա.

 

«Սա բնական է: Որոշ ժամանակ անց իրենք իրենց ավելի ապահով են զգում ու պատմում նաեւ բացասականի մասին, կիսվում մյուսների հետ: Դրական հիշողությունները բարձրաձայնելով՝ նրանք եւս մեկ անգամ վերապրում են դրանք, հիշում սեփական նվաճումներն, ինչի շնորհիվ բարձրանում է նրանց ինքնագնահատականը: Յուրաքանչյուրի հետ փորձում ենք աշխատել անհատապես՝ հիմնվելով ունեցած խնդիրների ու առանձնահատուկ կարիքների վրա»: 

Վիկտորյա Եփրեմյանը Վիկտորյա Եփրեմյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վիկտորյա Եփրեմյանը նշում է՝ սրճարանում նաեւ բանավեճեր են լինում, ինչը վատ չէ, քանի որ առողջ շփման, կարծիքների փոխանակման ու բացասական հույզերը դուրս հանելու կարեւոր բաղադրիչ է:

 

Այս անգամ բանավեճի պատճառ է դառնում պարոն Մամիկոնի՝ փիլիսոփայության մասին ասած մի միտք:   

 

-Պարո՛ն Մամիկոն, փիլիսոփայության մասին խոսեցիք: Ես միշտ ցանկացել եմ գտնել մի մարդու, որն ինձ կասի՝ ի՞նչ է փիլիսոփայությունը, գիտությո՞ւն է, հորինվա՞ծք, - ասում է պարոն Բորիսը:

 

-Եթե ընդունում եք Աստծո գոյությունը, ապա այն Աստծո գիտությունն է: Աստվածն աշխարհն արարել է փիլիսոփայորեն, - արձագանքում է պարոն Մամիկոնը:

 

-Լավ, այդ դեպքում ինձ ասեք՝ մի՞թե պատմությունն էլ է գիտություն, ինչո՞ւ են ասում՝ «պատմության գիտությունների թեկնածու»: Պատմությունը գիտությո՞ւն է, թե՞ մեզ հետ եղած իրականություն, - շարունակում է պարոն Բորիսը:

 

-Հետաքրքիր հարց եք տալիս, - արձագանքում է պարոն Մամիկոնը:

Լուսանկարը` Մեդիամաքս

-Իհարկե, հետաքրքիր է: Ինձ համար, օրինակ, փիլիսոփայությունն էլ, պատմությունն էլ ոչ թե գիտություն են, այլ՝ հորինվածք: Ո՞վ գիտի՝ ինչն է իրական, ինչ է եղել հարյուրավոր տարիներ առաջ կամ ինչ կլինի հետո:

 

-Լավ, բա՞ ինչն է իրական ձեզ համար, - հարցնում է պարոն Մամիկոնը:

 

-Ինձ համար միակ իրականը ժամանակն է ու ներկա պահը: Անցյալն ու ապագան հորինվածք են: Միայն ներկան է իրական, քանի որ այն տեսնում ենք ու զգում, - արձագանքում է պարոն Բորիսը:

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին