Կարինի եւ Գարեգինի «փախուստը» Քարաշամբ եւ «Զով»-ի ծնունդը - Mediamax.am

exclusive
6766 դիտում

Կարինի եւ Գարեգինի «փախուստը» Քարաշամբ եւ «Զով»-ի ծնունդը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Berta Photography

Լուսանկարը` Berta Photography

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` «Զով»

Լուսանկարը` «Զով»

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


2016 թվականին Կարինը եւ Գարեգինը որոշեցին Երեւանից գյուղ տեղափոխվել՝ գնալով վաղեմի երազանքի հետեւից: 2022 թվականին նրանք բացեցին «Զով» հյուրատունը, որով հնարավորություն ընձեռեցին շատ քաղաքաբնակների եւս վայելելու գյուղի հանգստությունն ու լռությունը, եւ ոչ միայն:

 

Մեդիամաքսը զույգի հետ զրուցել է գյուղ տեղափոխվելու որոշման, ապակենտրոնացման գաղափարի եւ հյուրընկալ «Զով»-ի մասին:

 

Երազանքի հետեւից

 

Կարին Գրիգորյան. Պատանեկության տարիներից, երբ կարդում էի հայ գեղարվեստական գրականություն, մտովի ճանապարհորդում էի Հայաստանի սարերով ու ձորերով: Հետո առաջին մասնագիտությունս՝ լրագրությունն ինձ հնարավորություն տվեց ճանապարհորդել նաեւ իրականում, եւ ես անսահման սիրեցի այն երկիրը, որտեղ ապրում ենք: Այդ ժամանակներից ինձ համար երազանք էր մնում գյուղում տուն ունենալը:

 

Գարեգին Ալեքսանյան. Կարինի հետ ծանոթացել ենք Մաշտոցի պուրակում բողոքի ակցիաների ժամանակ, երբ պայքարում էինք Երեւանի ծառերը փրկելու համար: Այդ ժամանակ ես դեռեւս շատ քաղաքային մարդ էի, թեեւ գյուղը սիրում էի, բայց չէի պատկերացնում, որ կարող եմ տեղափոխվել գյուղ՝ ապրելու:

Լուսանկարը` Մեդիամաքս

2016 թվականն էր: Երեւանում վարձով էինք բնակվում, մեր առաջնեկն էլ 6 ամսական էր: Երբ երեխային սայլակով զբոսանքի էի տանում, զգում էի, որ օդն այն չէ, եւ Երեւանը դարձել է մի վայր, որտեղ ապրելը, ցավոք, առողջարար չէ: Այդ նույն ժամանակահատվածում բնակարանը, որը վարձակալել էինք, վաճառվեց, ուստի ընտրության առաջ էինք կանգնել՝ փնտրել նոր վարձով բնակարան, հիփոթեքային վարկով բնակարան վերցնել, թե գնալ Կարինի երազանքի հետեւից:

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարին. Հենց Գարեգինն առաջարկեց, որ գյուղ տեղափոխվենք: Սկսեցինք տուն փնտրել: 3 ամիս տեւած այդ փնտրտուքները փոքր երեխայի խնամքի ու աշխատանքի հետ համատեղելը սարսափելի բարդ էր: Այդ ընթացքում պարզեցինք նաեւ, որ Երեւանի շրջակայքում տներն ավելի թանկ արժեն, քան հենց Երեւանում. անտրամաբանական գներ էին «կրակում»:

 

Գարեգին. Ի վերջո, գտանք Քարաշամբը, տեղափոխվեցինք այստեղ ու սկսեցինք այն մեզ համար բացահայտել:

 

Գուցե լավ տեղը հենց գյու՞ղն է

 

Կարին. Գյուղ տեղափոխվելուց տարիներ առաջ, երբ այդ խոսակցությունն արդեն կար, Գարեգինը մի կատակ ուներ: Ասում էր, որ եթե գյուղ գնանք, ինտերնետ կվաճառենք գյուղացիներին. մեկ ժամը՝ 3 ձու: Այդպես մտածում էր, թե ինչը ինչի հետ պետք է փոխանակենք, որ կարողանանք ապրել: Այ այդքան նա չէր պատկերացնում՝ ինչ է գյուղը:

 

Գարեգին. Երբ նոր էինք եկել, տեղացիները մի քիչ տարօրինակ էին մեզ նայում, չէին հասկանում՝ ինչու պետք է մարդը թողնի Երեւանը ու գյուղ գա: Մտածում էին, թե մենք ինչ-որ կրոնական հակումներ ունենք, բայց այդ թեման շատ նուրբ ձեւով էին շոշափում: Օրինակ՝ ասում էին, որ այսինչ օրը գյուղում ուխտագնացության օր է, արդյոք կգնա՞նք իրենց հետ եկեղեցի (ծիծաղում է`հեղ.): Մյուս վարկածն այն էր, որ մեր երեխան հիվանդ է, ու այստեղ ենք բժշկի ցուցումով: Այս մտայնության պատճառն այն էր, որ մենք ինքներս ասել էինք՝ ուզում ենք երեխան բնության մեջ մեծանա, իրենք էլ մտածել էին՝ դե, երեւի, հիվանդ երեխա է:

Լուսանկարը` Berta Photography

Կարին. Այդուհանդերձ, այս 7 տարիների ընթացքում վերաբերմունքը շատ է փոխվել, մարդիկ էլ չեն զարմանում, որ քաղաքից գյուղ են գալիս, որովհետեւ եկողները շատացել են: Թե´ մեր գյուղ, թե´ կողքի գյուղեր քաղաքից տեղափոխվածներ կան, եւ կարծես փոքրիկ, աննկատ շարժում է ձեւավորվել:

Լուսանկարը` Berta Photography

Գարեգին. Դա տեղացիների մոտեցումը սեփական գյուղի նկատմամբ եւս փոխում է, իրենք, որ ուզում են Երեւան գնալ, տեսնում են՝ երեւանցին է գալիս գյուղ, ու սկսում են մտածել՝ գուցե լավ տեղը հենց գյու՞ղն է:

 

Քաղաքի աշխատանքի համատեղումը

 

Կարին. Ես հեռավար եմ աշխատում, Գարեգինը, թեեւ ամեն օր աշխատանքի է գնում, անհրաժեշտության դեպքում կարող է, երբեմն, տանից աշխատել: Մեր գործատուները մեր կողքին են մեր որոշումներում, շատ լավ մարդկանց հետ ենք աշխատում:

 

Գարեգին. Ինձ համար ամեն օր Երեւան գնալը մարտահրավերային էր: Մենք մեքենա չունենք, դա եւս սկզբունքային հարց է, չենք ուզում բնությունն ավելի աղտոտել, դրա համար տրանսպորտից ենք օգտվում: Այստեղից մեկ ժամում հասնում եմ աշխատավայր: Իրականում, այս ընթացքում ավտոբուսի մեջ բազում գրքեր եմ հասցրել կարդալ, աուդիոգրքեր եմ լսել, ինձ հետաքրքրող հարցազրույցները ճանապարհին եմ լսում: Ժամանակդ այսպես, իհարկե, չես կարող օգտագործել, երբ ինքդ ես ղեկին:

Լուսանկարը` Մեդիամաքս

Տրանսպորտը կողքի գյուղից՝ Արգելից (Լուսակերտ) է լավ աշխատում, իսկ այնտեղից մինչեւ Քարաշամբ եկող տաքսիներ կան: Քարաշամբում առաջ տրանսպորտն ավելի լավ էր աշխատում, օրվա մեջ մի քանի անգամ գնում էր, սակայն երբ միկրոավտոբուսը դարձրին ավտոբուս, այն սկսեց անարդյունավետ աշխատել:

 

Տեղացիներն ավելի շատ գերադասում են անձնական մեքենաներով հարեւանների հետ քաղաք հասնել, քան վճարել տրանսպորտի համար, որովհետեւ այն բավականին թանկ է՝ 500 դրամ արժե: Դրա համար էլ ավտոբուսը հիմա հազվադեպ է գիծ դուրս գալիս, երեւի մեկ անգամ առավոտյան ու վերջ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Չնայած այդ դժվարություններին, եթե անգամ ավտոբուսը բաց ես թողել, այստեղից շատ հեշտ է «ավտոստոպով» քաղաք հասնելը, որովհետեւ մարդիկ հիմնականում ճանապարհից վերցնում են քեզ, փոխօգնությանը մեծ տեղ է տրվում:

 

Ապրել արեւի հետ

 

Գարեգին. Տունը, որ Քարաշամբում գնել ենք, շատ լավ կառուցված էր, պարզապես կոմունալ հարմարություններ չկային՝ ջուր, գազ, էլեկտրականություն, կոյուղի, ամեն ինչ մենք ենք ստեղծել:

 

Կարին. Բուն տան կառույցին աշխատել ենք ձեռք չտալ, որովհետեւ այն շատ հետաքրքիր աուրա ունի, որը չէինք ուզում փոխել: Մեր ճարտարապետ ընկերներն էլ, երբ տեսան տունը, եւս հորդորեցին ձեռք չտալ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ննջասենյակն արեւելքում է, առավոտյան արթնանում ես արեւի հետ ու ողջունում արեւին, հետո անցնում ես հարավ, որտեղ խոհանոցն է, օրվա հիմնական մասն այնտեղ ես անցկացնում, իսկ երեկոյան գնում ես արեւմուտք՝ հյուրասենյակ, որտեղ մայրամուտն է, ու այդպես ճանապարհում ես արեւին: Հյուսիսում էլ պատուհան չկա, որովհետեւ այդտեղ արեւ չի լինում: Այսպես` օրդ սկսվում ու ավարտվում է արեւի հետ, որում թեպետ զարմանալի ոչինչ չկա, սակայն դրա հետեւանքներն են իրականում զարմանալի: Դու զգում ես, որ ապրում ես ու քո օրվանից բավարարված ես լինում:

 

Ամռան տապին քաղաքում երազում են «Զով»

 

Կարին. Մենք շատ սիրեցինք այս տունն ու Քարաշամբը եւ մեծ ցանկություն ունեինք սրանով կիսվելու նաեւ մյուսների հետ: Շատ հյուրեր էինք ունենում, մեր ընկերներն էին գալիս, իրենք էլ էին ոգեւորվում: Նրանցից ոմանք գյուղ տեղափոխվեցին, շատերն էլ ծրագրում են: Այդուհանդերձ, մեր տանը գիշերակացով հյուրեր ընդունելու պայմաններ չունենք, եւ ինչպես արդեն նշեցինք, կառույցը փոփոխել չէինք ուզում: Այս բացը լրացնելու եկավ «Զով» հյուրատունը:

 

Գարեգին. Տան կողքին գտնվող թոնրատունը շատ վատ վիճակում էր, այն եւ ամառային խոհանոցը քանդեցինք: Դրանից հետո ունեցանք բազալտե անմշակ քարեր, որոնք չէինք ցանկանում տարածքից հեռացնել: Իրենք ժամանակին կառույց են եղել, գուցե հիշողություն ունեն իրենցում, ուստի որոշեցինք հյուրատան համար նույն քարերն օգտագործել:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս բազալտե քարերի հետ աշխատանքը շատ բարդ է, շատ վարպետներ չէին համաձայնում գործը սկսել: Ի վերջո, մի ընկերություն գտանք, որը կատարեց աշխատանքը: 2021 թվականի մայիսից սկսեցինք, իսկ 2022թ. օգոստոսից արդեն բացվել ենք:

 

Կարին. Հյուրատան անունը որոշեցինք «Զով» դնել, որովհետեւ այն միակ բանը, որ երեւանցին երազում է ամռան տապին, զովն է:

 

Արեւի հետ օրն անցկացնելու կառույցի նույն սկզբունքը պահպանել ենք նաեւ «Զով»-ում, որ մեր հյուրերն այդ ներդաշնակությունը եւս զգան: Մեկ բացառություն ենք արել՝ հյուսիսում պատուհան ենք բացել, որովհետեւ լեռների տեսարանն ուղղակի անդիմադրելի էր:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես շատ սիրում եմ արեւելյան հարթ տանիքների գաղափարը, որտեղ ցորեն էին փռում, ամառները քնում էին, ուստի «Զով»-ի տանիքը հենց այդպիսին է: Հաջորդ տարի հյուրերին քնապարկեր կտրամադրենք, որ ցանկության դեպքում կարողանան նաեւ տանիքին քնել:

 

Թանկարժեք լռությունը

 

Գարեգին. «Զով»-ը կատարյալ տեղ է մտածելու համար: Մենք պատկերացնում ենք, որ այստեղ ավելի շատ արվեստագետներ կգան, որոնք ցանկանում են առանձնանալ: Օրինակ՝ գրողը գա իր գիրքն ավարտելու, կամ երաժիշտը՝ որեւէ ստեղծագործության շուրջ աշխատելու:

 

Կարին. «Զով»-ը նաեւ այն մարդկանց համար է, որոնք մտածում են գյուղ տեղափոխվելու մասին, բայց դեռեւս չեն կարողանում վերջնական կողմնորոշվել: Այստեղ գալով նրանք կարող են հասկանալ՝ ինչ է գյուղում արթնանալը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Գյուղն ունի իր առօրյան, որը տարբերվում է քաղաքայինից: Այստեղ մարդիկ արթնանում են շատ վաղ, քնում են վաղ, կյանքի շրջափուլը խիստ կապված է բնության ու տարվա եղանակների հետ, դրանում ներդաշնակություն կա:

 

Մեր գյուղն աղմկոտ չէ, բարձր երաժշտություն գրեթե չի լինում, եւ մենք զգում ենք, որ մարդիկ իրենք էլ սիրում են այն լռությունը, որի մեջ ապրում են: Մենք այնքան ենք փնտրել այդ լռությունը: Հիմա այն մեզ համար դարձել է նույնքան բնական, որքան նրանց համար, ովքեր ծնվել են այստեղ:  

 

Սարը՝ կա, ձորը՝ կա, գետը՝ կա

 

Գարեգին. Մինչեւ 2020 թվականի համավարակը մենք մեր գյուղին այդքան էլ ծանոթ չէինք: Այդ ընթացը օգտագործեցինք Քարաշամբը բացահայտելու համար: Այստեղ հրաշալի վայրեր կան, հետաքրքիր քարանձավներ, որոնց մի մասը ինքներս էլ դեռ չենք բացահայտել: Գյուղի գրավչություններից են նաեւ 7-րդ դարի Սուրբ Գեւորգ եկեղեցին, Քարաշամբի հնավայրը, որտեղ 3000 տարի առաջ ճոխ թաղումներ են արել:

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարին. Սարը կա, ձորը կա, գետը կա, էլ ի՞նչ է պետք: Գեղեցիկ բնապատկերների պակաս չունենք:

 

Գարեգին. Մեր այգին եւս ծառերով հարուստ է, մենք էլ այս ընթացքում էլի ծառեր ենք տնկել ու տարիներ անց կունենանք սաղարթախիտ այգի: Խնձորենիներ ունենք, ընկուզենիներ, սերկեւիլի, պնդուկի, տանձի, սալորի ծառեր, նաեւ մի քանի դեկորատիվ:

 

Կարին. Գյուղում ռեստորաններ չկան, բայց մենք համագործակցում ենք հարեւան Թեղենիք գյուղի «Bari Farm» օրգանական տնտեսության հետ, որի հիմնադիր տիկին Գոհարը մեր հյուրերի համար համեղ ու մատչելի սնունդ է պատրաստում, շատ լավ ճաշացանկ ունենք: Իսկ մենք մեր կողմից առաջարկում ենք նախաճաշ:

Լուսանկարը` «Զով»

Այս ընթացքում բազում հյուրեր ենք ունեցել՝ տեղացի հայեր, սփյուռքահայեր, ռուսներ, գերմանացիներ եւ այլն: Մեկ անձի գիշերակացի արժեքը 10 000 դրամ է, երկու անձը՝ 15 000, իսկ 3 եւ ավելի գիշեր մնալու դեպքում զեղչեր են լինում: Նաեւ 30% զեղչ ունենք մեքենա չունեցող պապաների, եւ կրծքով կերակրող մայրերի համար:

Լուսանկարը` «Զով»

Ի սկզբանե չէինք մտածում, որ ձմռանը կաշխատենք, սակայն հիմա տեսնում ենք, որ պահանջարկը կա, ուստի տանիքը ջերմամեկուսացրել ենք: Պատերը չենք կարող ջերմամեկուսացնել, որովհետեւ այդ բազալտե քարերը, որոնք ամռանն ապահովում են զովը, մեր այցեքարտն են: Այդուհանդերձ, հյուրերը տաքացուցիչը ինչքան ցանկանում են, կարող են միացնել, եւ մինչ այսօր ոչ ոք ցրտից չի բողոքել:

 

«Հեքիաթերեն»-ը Քարաշամբում

 

Կարին. Եթե մեր այստեղ լինելը համայնքի վրա դրական է անդրադառնում, մենք դրա համար շատ ուրախ ենք: Ցանկանում ենք, որ «Զովը» դառնա համայնքի մի մասը, այստեղ հյուրընկալենք նաեւ հարեւանների երեխաներին, փորձենք արձագանքել համայնքի կարիքներին: Դրա համար վերջերս հյուրընկալել էինք «Հեքիաթերեն» շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոնը: Մեր դուստրը իր ձեռքով հրավիրատոմսեր էր պատրաստել ու բաժանել իր դասընկերներին՝ հրավիրելով ներկայացում դիտելու:

 

Թատրոնի հիմնադիրներ Անին եւ Հակոբը ներկայացրին Հովհաննես Թումանյանի հեքիաթները՝ գյուղի երեխաներին ակտիվորեն ներգրավվելով խաղում: Նման փոքր հետաքրքրությունները երեխաների կյանքում շատ կարեւոր են, որովհետեւ այստեղ նրանց առօրյան ծայրից ծայր կենցաղ է, մշակութային սպառողականությունը տարածված չէ: Գյուղի երեխաները Երեւան գրեթե չեն գնում: Եթե էլի կլինեն արվեստագետներ, որոնց կցանկանան նմանատիպ նախաձեռնությամբ գալ այստեղ, մենք սիրով տարածք կտրամադրենք:

 

Գայանե Ենոքյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին