Երեխաներին պահել համայնքում. Ստեփանավան տեղափոխված Ռուբենի նպատակը - Mediamax.am

exclusive
5377 դիտում

Երեխաներին պահել համայնքում. Ստեփանավան տեղափոխված Ռուբենի նպատակը


Ռուբեն Խաչատրյանը
Ռուբեն Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Խաչատրյանը
Ռուբեն Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Ռուբեն Խաչատրյանի արխիվից

Ռուբեն Խաչատրյանը
Ռուբեն Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Խաչատրյանը
Ռուբեն Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Ռուբեն Խաչատրյանի արխիվից

Լուսանկարը` Ռուբեն Խաչատրյանի արխիվից

Լուսանկարը` Ռուբեն Խաչատրյանի արխիվից

Լուսանկարը` Ռուբեն Խաչատրյանի արխիվից


Եթե Ստեփանավանում հարցնեք, ով է քաղաքի «IT զույգը», վստահաբար շատերը կպատասխանեն՝ Ռուբենը եւ Արեւը: Նրանց այստեղ ճանաչում են ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծրագրեր իրականացնող երիտասարդներ, այլեւ զույգ, որն ամուսնությունից հետո որոշել է կյանքի նոր փուլը շարունակել Ստեփանավանում:

 

Ռուբենը ծրագրավորող է, անվճար ծրագրավորման դասընթացներ է անցկացնում համայնքի պատանիների համար, իսկ Արեւը՝ նկարիչ-պատկերազարդող,  դպրոցականների համար վարում է կոմիքսի Drink and Draw Ստեփանավան ակումբը եւ երեխաներին սովորեցնում է կոմիքսներ նկարել:

 

Թե ինչը պահեց երիտասարդ զույգին Ստեփանավանում, ինչպես որոշեցին տեղափոխվել եւ ծրագրեր իրականացնել քաղաքում, Ռուբեն Խաչատրյանը պատմել է Մեդիամաքսի հետ զրույցում:

 

Միջավայրն ու մարդիկ

 

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ամուսնությունից հետո որոշեցինք մեղրամիսն անցկացնել Ստեփանավանում: 2020 թվականի քովիդային լոքդաունի պիկն էր, ճանապարհորդել չկարողացանք եւ որոշեցինք գնալ Ստեփանավան:

 

Երկու շաբաթվա մեղրամիսը ձգվեց երկու ամիս, քանի որ երկուսս էլ հեռավար էինք աշխատում, երկար մնալը մեզ չխանգարեց: Կարելի է ասել, որ սկսեցինք ապրել Ստեփանավանում: Այդ ընթացքում էլ հասկացանք, որ ուզում ենք այստեղ տուն գնել, մտածում էինք, թե որպես ամառանոց կօգտագործենք, բայց այդ միտքը շատ կարճ տեւեց: Հասկացանք, որ ուզում ենք մշտական բնակության տեղափոխվել, մեր ապագա երեխաները մեծանան ու ապրեն Ստեփանավանում: Այդ միտքն հաստատվեց, երբ տեղի մարդկանց ու միջավայրն ավելի լավ ճանաչեցինք եւ Երեւան հետ գնալու ճանապարհ չտեսանք:

Ռուբեն Խաչատրյանը Ռուբեն Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեզ այստեղ պահեցին մարդիկ, միջավայրը, բնությունը, քաղաքի կառուցվածքն ու ճարտարապետությունը: Ստեփանավանն այն քիչ քաղաքներից է, որ իր ճարտարապետությունն ունի՝ ինչպես Գորիսը, Գյումրին: Ոճ կա, էսթետիկա կա, որը միայն որոշ ժամանակ ապրելուց հետո ես նկատում: Ստեփանավանցիներից շատերը պահել են այն ճարտարապետական կանոնները, որոնք վաղուց են հաստատվել քաղաքի համար: Ամեն տան դիմաց՝ մինչեւ փողոց հասնելը, ծաղկանոց ու փոքրիկ այգի կա, մեծ պարիսպների փոխարեն՝ ցանցից ցանկապատ, որոնք թույլ են տալիս չկտրվել միջավայրից, շրջապատից: Սա խոսում է տեղացիների, քաղաք այցելող հյուրերի հետ հարաբերությունների մասին, ինչն ինձ համար շատ կարեւոր է:

 

«Հաստատ հետ կգնաք»

 

Երրորդ տարին է, որ այստեղ ենք ապրում, սկզբում քիչ թե շատ ծանոթ տեղացիներն ասում էին՝ չի կարող պատահել, որ երկար մնաք, «դաչնիկ եք», շուտով կհոգնեք ու կվերադառնաք Երեւան: Ու ինչքան քիչ էին ճանաչում մեզ, այնքան շատ էին նման բաներ ասում:

Լուսանկարը` Ռուբեն Խաչատրյանի արխիվից

Ստեփանավանում որպես հիմնական բնակիչ հարմարվելու հարցում տեղացիների աջակցությունը շատ է եղել՝ խորհրդով, կապերով, գործով: Հիմա էլ նույն ձեւով մենք ենք փորձում օգնել Ստեփանավան եկած ռուսներին եւ ուկրաինացիներին:  Հենց այս օգնության շղթան էլ նպաստում քաղաքի զարգացմանը:

 

Իրականում այստեղ ինֆորմացիայի պակասն ահռելի է, չկա անհրաժեշտ «նեթվորքը»: Այստեղ աշխատում է միայն ծանոթի ծանոթ տարբերակը, եւ մինչեւ գտնում ես քեզ անհրաժեշտ ինֆորմացիան կամ մարդուն, բավականին ժամանակ է անցնում: Հիմա հայտարարությունների ինչ-որ հարթակ ստեղծելու մասին եմ մտածում քաղաքի ու շրջակա գյուղերի համար, օրինակ՝ ինչ-որ մեկին պետք է սանտեխնիկ կամ փայտագործ՝ գտնեն հատուկ օնլայն հարթակում:

Լուսանկարը` Ռուբեն Խաչատրյանի արխիվից

Խնդիրներ շատ կան, բայց լուծելի են: Փորձում ենք մեր գալով ինչ-որ օգտակար բան անել քաղաքի համար, ինչ-որ նշաձողեր դնել, այլապես կստացվի՝ սպառում ես միայն այն լավը, ինչ-որ այս միջավայրն է տալիս քեզ, բայց զուգահեռ խնդիրներին լուծում տալու համար ոչինչ չես անում:

 

Երեխաներին պահել իրենց համայնքում

 

Ստեփանավանի եւ հարակից գյուղերի պատանիների համար ծրագրավորման անվճար դասընթացների միտքն առաջացավ 2020 թվականի պատերազմից հետո: Տեղս չէի գտնում, չէի հասկանում, ինչն այն չեմ արել մինչեւ հիմա: Որոշեցի երեխաներին ծրագրավորում սովորեցնել, նաեւ՝ իմ փորձով կիսվել, որ խնդիրը համայնքը, մարզը չէ եւ կարելի է լավ աշխատանք ունենալ, գումար վաստակել ցանկացած տեղում եւ արդեն այդ տարիքից չմտածել Ստեփանավանից, կամ որ ավելի վատ է, երկրից գնալու մասին: Սա իմ հիմնական մոտիվացիան է՝ երեխաներին պահել իրենց համայնքում, երկրում:

Ռուբեն Խաչատրյանը Ռուբեն Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գնացի գրադարան եւ տնօրենի՝ տիկին Էմիլիայի հետ կիսվեցի անվճար դասընթացներ կազմակերպելու մեր գաղափարով: Տիկին Էմիլիան այն նվիրյալներից է, ով անկախ այն բանից, թե ինչքան վատ է եղել վիճակը քաղաքում, ինչքան հույս չի եղել, մեկ է՝ աշխատել է: Նա մեզ գրադարանի տարածքում սենյակ տրամադրեց, ինչպես նաեւ՝ երեխաների տվյալների բազա, որոնց հետ ես կարող էի աշխատել:

Լուսանկարը` Ռուբեն Խաչատրյանի արխիվից

Դասերը սկսեցինք տեղում եղած մի քանի համակարգչով եւ այն երեխաների նոթբուքներով, որոնք կարող էին իրենց հետ բերել: Հետո զանգեցի «Ջինիշյան» հիմնադրամ, խնդրեցի ընդառաջել եւ մեզ համակարգիչներ տրամադրել:

 

Հիմնադրամը մեզ 2 համակարգիչ տրամադրեց, 3 համակարգիչ էլ տվեց «Ինստիգեյթ» ընկերությունը, մեկ ծրագիր էլ իրականացրեցինք UNDP-ի հետ, որով եւս 4 համակարգիչ բերեցինք եւ սկսեցինք դասերն ավելի արդյունավետ անցկացնել՝ արդեն եռաչափ մոդելավորումներ անելով:

 

Դասընթացները եւ ինքնակրթության գաղափարը

 

Դասընթացներին մասնակցել բոլոր ցանկացողներին հիմնականում ընդունում ենք: Սկզբից փորձում էի դասախոսություններ կարդալ, հետո հասկացա, որ դրանք արդյունավետ չեն՝ երբ նոր երեխա էր միանում, նորից նույն բանը կրկնում էի: Ուստի անցանք ինքնակրթման մեխանիզմին: Ես տրամադրում եմ նյութեր, իրենք դրանցով պարապում են, սովորում են, եւ այս դեպքում առաջին գործողությունը երեխայից է գալիս, նա պիտի սովորի: Այն երեխաները, որոնք ուզում են սովորել՝ մնում են: Նրանք, որոնք չեն կարողանում կամ չեն ուզում՝ գնում են: Փորձում եմ ճիշտ հասցնել ինֆորմացիան եւ երեխաներին միշտ ասում եմ, որ ես դասատու չեմ, մենտոր եմ, կարող եմ ուղղություն ցույց տալ, բայց քո փոխարեն այդ ճանապարհը չեմ անցնելու, քեզ մոտ պետք է հիմնավորվի ինքնակրթության գաղափարը:

Լուսանկարը` Ռուբեն Խաչատրյանի արխիվից

Դասերը կազմակերպում ենք շաբաթական երկու օր՝ երեքշաբթի եւ հինգշաբթի, ժամը 15:30-ից 17:30-ը, մեկ օր էլ օնլայն դաս ենք ունենում: Բայց երեխաներին միշտ ասում եմ՝ միայն այդ երկու-երեք օրը բավարար չէ որեւէ բան սովորելու համար: Պետք է ժամանակ տրամադրեք ձեր կրթության համար նաեւ դասապրոցեսից դուրս՝ տանը:

 

Եթե տանը տեխնիկապես  հնարավորություն չունեն պարապելու, գրադարանում այդ հնարավորությունն իրենց տալիս ենք, ցանկացած պահին կարող են այցելել եւ տեղում համակարգիչներով պարապել:

 

Երեխաներն արդեն ապշելու արդյունքներ ունեն: Պատանիներից երկուսն արդեն աշխատում են, երկուսի համար էլ պատրաստվում եմ գործ գտնել: Երեխաների հետ նաեւ Բարքեմփի նման ֆորումներ ենք անցկացնում, հյուրեր են գալիս, այլ քաղաքներից ու երկրներից: Ինձ այս ամենը շատ է ոգեշնչում, քանի որ տեսնում եմ, թե երեխաները ոնց են փոխվում: Այս ամենն անում ենք մի գաղափարախոսության ներքո՝ քո տունը լավն է, պետք չէ գնալ ուրիշի տանն ապրել:

Լուսանկարը` Ռուբեն Խաչատրյանի արխիվից

Չնայած որ դասընթացները երեխաների համար են նախատեսված, տարիքային սահմանափակում չենք դնում: Երեխաների հետ դասընթացներին մասնակցում են նաեւ քիմիայի երիտասարդ ուսուցիչ, բուժքույր եւ մանկաբարձ: Սա նաեւ օրինակ է, որ կրթվելու համար տարիքը կապ չունի: Ժամանակակից աշխարհում «Lifelong learning» գաղափար կա, ինչը նշանակում է, որ ամբողջ կյանքում պիտի սովորել, եւ եթե մարդը մտածում է, որ ինչ-որ համալսարանում դիպլոմ է ստացել եւ դրանով ամեն ինչ ավարտվել է, սխալ է: Պետք է հասկանանք, որ անընդհատ եւ անվերջ կրթությունը կկարգավորի ինչ-որ հարցեր մեր կյանքում:

 

Հաջողության պատմությունները

 

Ուզում եմ, որ Ստեփանավանում ՏՏ համայնք ձեւավորվի, ինչպես նաեւ ուզում եմ այստեղ աշխատող մարդկանց, երեխաների հաջողության պատմությունները ներկայացնել եւ տեղ հասցնել այն միտքը, որ մարզերում եւս մարդիկ կարող են պրոակտիվ լինել, իրենց հարցերը լուծել եւ տեղում ինչ-որ բան փոխել: Պլանավորում եմ նաեւ ցուցահանդես կազմակերպել Ստեփան Շահումյանի տուն-թանգարանում, որպեսզի ցույց տանք, թե ինչեր են կարողանում անել մեր երեխաները:

Ռուբեն Խաչատրյանը Ռուբեն Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մի դեպք ինձ վրա շատ էր ազդել, մի անգամ «բաց միկրոֆոն» ձեւաչափով հանդիպում էինք կազմակերպել, ասացի, որ ծրագրավորման անվճար դասեր ենք անում, կարող եք մասնակցել, 13-14 տարեկան մի երեխա մոտեցավ ու սկսեց ինձ համոզել, որ Ստեփանավանում ապրելն անհնար է, եւ միակ լավ ապրելու ճանապարհն այստեղից դուրս գալն է: Չեմ մեղադրում երեխաներին, սա իրենց ծնողների խոսքերն ու մտածելակերպն է, քանի որ իրենք էլ տեղում շատ հնարավորություններ չեն ունեցել:

 

Երեխաներից մեկն էլ ասում էր, որի ծնողները գյուղատնտեսությամբ են զբաղվում, իսկ ինքն այդ ոլորտում իր ապագան չի տեսնում: Պատմեցի, որ կա ժամանակակից գյուղատնտեսություն, երբ կարող ես դրոն, ավտոմատացված տեխնոլոգիաներ, համակարգչային տեսլական ունենալ, որոնք կմշակեն դաշտերը եւ մեծ շահույթ կապահովեն: Մեր ամենամեծ խնդիրը գիտելիքի ու տեղեկացվածության պակասն է, երեխաները պետք է իմանան, որ կա այլընտրանք, որ իրենց համայնքում էլ կարող են ունենալ ոչ միայն օրվա ապրուստը վաստակելու հնարավորություն, այլեւ լավ աշխատանք:

 

Արփի Ջիլավյան

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին