ԵՄ դիտորդներն ու «սողացող սահմանները». Վրաստանի փորձը - Mediamax.am

exclusive
3326 դիտում

ԵՄ դիտորդներն ու «սողացող սահմանները». Վրաստանի փորձը


Լուսանկարը` EUMM

Լուսանկարը` EUMM

Լուսանկարը` EUMM

Զեվինար Ալպենիձեն
Զեվինար Ալպենիձեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Իռակլի Միդիաշվիլին
Իռակլի Միդիաշվիլին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիանա Լագվիլավան
Լիանա Լագվիլավան

Լուսանկարը` Մեդիամաքս

Խուրվալեթիում
Խուրվալեթիում

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծերովանի ավանը
Ծերովանի ավանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ուշանգի Խաչապուրիդզեն
Ուշանգի Խաչապուրիդզեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Փախստականների հանրակացարանը Օռսանտիա գյուղում
Փախստականների հանրակացարանը Օռսանտիա գյուղում

Լուսանկարը` Մեդիամաքս

Օրսանտիա գյուղը Աբխազիային կապող  կամուրջը
Օրսանտիա գյուղը Աբխազիային կապող կամուրջը

Լուսանկարը` Մեդիամաքս

Օրսանտիա գյուղը Աբխազիային կապող  կամուրջը
Օրսանտիա գյուղը Աբխազիային կապող կամուրջը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հոկտեմբերի 20-ից մեկնարկել է Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով հայկական կողմում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը։ Արագ ծավալումն ապահովելու նպատակով տեղակայվել են Վրաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության (ԵՄԴԱ) փորձագետները:

 

Մեդիամաքսի արտահաստիքային թղթակից Անահիտ Հարությունյանն այցելել է Վրաստան եւ պատմում է Եվրամիության դիտորդների աշխատանքի եւ տեղում տիրող իրավիճակի մասին:

 

Կյանք, որ բաժանվեց երկու մասի՝ պատերազմից առաջ ու հետո, եւ երկրի մեջ 2008թ-ից գծված նոր սահման, որ պաշտոնապես շատ պետություններ չեն ճանաչել ու կոչվում է «բաժանարար վարչական սահմանագիծ»։

 

2008թ-ից Վրաստանին Աբխազիայից բաժանող գիծը դարձավ Ինգուրի գետը։ Նախկինում հենց այս գետի վրա կառուցված կամուրջները կապող օղակներ էին, սակայն պատերազմից հետո դրանք դարձան վերահսկվող անցակետեր, որոնցով անցուդարձը աստիճանաբար սահմանափակվում է։

Օրսանտիա գյուղը Աբխազիային կապող  կամուրջը Օրսանտիա գյուղը Աբխազիային կապող կամուրջը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վրացական Օրսանտիա գյուղի այս կամուրջը մինչ 2017թ. դեպի Աբխազիա տանող ճանապարհներից մեկն էր, հետագայում սահմանափակումները ավելացան, այժմ ոչ ոք չի կարող անցնել։ Կամուրջի այս ու այն կողմում ապրում են իրարից բաժանված հարազատները, հիշողություններն ու անցնելու վախը։

 

- Եթե աբխազական կամ ռուսական անձնագիր չունես, չես կարող գնալ Աբխազիա։ Անցնող տարիների ընթացքում պահանջվող փաստաթղթերի թիվն ավելացավ։ Եղբայրս ապրում է այնտեղ, ես՝ այստեղ։ Տուն ունեի այնտեղ, դատարկ սպասում է ու փլվում է,-ասում է Օրսանտիայի դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Զեվինար Ալպենիձեն ու ցույց է տալիս դպրոցին կից այն շինությունը, որը դարձել է հանրակացարան Աբխազիայի փախստականների համար։

Զեվինար Ալպենիձեն Զեվինար Ալպենիձեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Փոքր սենյակում էլ հանդիպում ենք 70 տարեկան Լիանա Լագվիլավային, պատերազմի ընթացքում եկել է վրացական կողմ, ապրում է Օրսանտիա գյուղի հանրակացարանում։ Ինչպես բոլոր փախստականներն ամեն ամիս ստանում է 45 լարի (7000 դրամ) օգնություն։

Փախստականների հանրակացարանը Օռսանտիա գյուղում Փախստականների հանրակացարանը Օռսանտիա գյուղում

Լուսանկարը` Մեդիամաքս

Աղջիկն ու թոռնուհին Աբխազիայում են ապրում, վերջին անգամ իր ծննդավայր 9 տարի առաջ է գնացել թոռնուհու հարսանիքին, հետո արգելքներն ավելացել են։

Լիանա Լագվիլավան Լիանա Լագվիլավան

Լուսանկարը` Մեդիամաքս

-Մարդ կա վիզա է սարքում ու կարողանում է գնալ, կամ էլ գաղտնի, Ինգուրի գետը անցնելով գնում են։ Իսկ ես ծեր եմ ու չեմ կարող գնալ ջրերի ու անտառների միջով։ Բացի այդ, եթե ռուս զինվորները բռնեն, մեծ գումար պետք է վճարեմ, որ բաց թողնեն,-նշում է Լիանա Լագվիլավան: Պատմում է, որ երկու տարի է բնակարան է ստացել Զուգդիդիում, սակայն ուզում է նոր կահույքով բնակարանամուտ տոնել։ Աղջիկն ու թոռնուհին կարող են գալ, նրանց համար արգելքներ չկան։

Օրսանտիա գյուղը Աբխազիային կապող  կամուրջը Օրսանտիա գյուղը Աբխազիային կապող կամուրջը

Լուսանկարը` Մեդիամաքս

2017թ-ից Աբխազիա գնացող 6 կամուրջ-ճանապարհներից 4 փակվեց, մնաց Սաբերիոյի անցակետը (որով անցնում են միայն հիդրոէլեկտրոկայանի աշխատակիցները) եւ բնակիչների համար Ինգուրի անցակետը։ Նկարում գետի երկու կողմերում գտնվող Օրսանտիա գյուղից Օտոբայա գյուղ հասնելու համար 60 կմ պետք է շրջանցել։ Իսկ միակ բաց անցակետի 300 մետրանոց կամուրջը հարկավոր է անցնել քայլելով, տրանսպորտային միջոցների անցուդարձը արգելված է։ Իսկ վրացական կողմ անցնելու համար ոչ մի սահմանափակում չկա։ Ու շատերն են անցում՝ լուծելու կրթական, առողջական ու սոցիալական որոշ խնդիրներ։

 

ԵՄ դիտորդների ամենօրյա հսկողությունն ու արդյունքները

 

Եվրամիության դիտորդական առաքելությունը Վրաստանում իր գործունեությունը սկսեց 2008 թվականի հոկտեմբերից։ Վրաստանն ու Ռուսաստանը պարտավորվում էին կատարել պայմանագրային 6 կետեր՝ ուժ չկիրառել, ռազմական գործողությունները դադարեցնել, հումանիտար օգնության ազատ միջանցք թողնել, երկու կողմերի զորքերի հետքաշում, Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում կայունության ու ապահովության համար միջազգային հարթակում բանակցությունների մեկնարկ։

Լուսանկարը` EUMM

ԵՄ դիտորդները Թբիլիսյան գլխամասային գրասենյակից բացի երեք գրասենյակ ունեն Վրաստանում՝ Զուգդիդիում, որը հսկում է Աբխազիայի վարչական սահմանագիծը, Մցխեթայում ու Գորիում, որոնք հսկում են Հարավային Օսեթիայի բաժանարար գիծը։ 24/7 ռեժիմով հսկողություն իրականացնելու համար աշխատում է 336 քաղաքացիական անձ: Նրանցից 223-ը ԵՄ անդամ երկրների քաղաքացիներ են, 113-ը՝ Վրաստանի։ Սահմանի ամբողջ երկայնքով, մեքենաներով շրջում են ու զեկուցում փոփոխությունների մասին։

 

Խմբերը շրջում են միայն վրացական բաժանարար գծով, չեն անցնում ոչ աբխազական, ոչ օսական վարչական տարածք՝ միայն հատուկ միջադեպերի ու փոխհամաձայնության դեպքում։

 

Եթե վրացական կողմը պահպանում է պայմանագրային կետերը, ապա նույնը չի կարելի ասել ռուսական կողմի մասին։ Զորքերի հետքաշում. այս կետը ոչ միայն չի կատարվել, այլ սահմանապահ ռազմական միավորներ են տեղակայվել, մարդիկ զրկվել են ազատ տեղաշարժվելու իրավունքից:

Լուսանկարը` EUMM

Այս ամենի հետեւանքով սահմանային միջադեպերը սկսել են ավելանալ, որոնց մասին դիտորդներից բացի նաեւ բնակիչներն են ահազանգում։ 14 տարիների ընթացքում դիտորդական առաքելության թեժ գծին մոտ 18 000 զանգ է գրանցել, միջինում օրական 6 ահազանգ սահմանային տարբեր խախտումներով։

 

Սահմանային այս միջադեպերը լուծելու համար դիտորդական առաքելությունը կազմակերպում է հանդիպումներ, օգնում են, որ վրացական, օսական, աբխազական ու ռուսական կողմերը խոսեն միմյանց հետ, լուծումներ գտնեն։ Զեկույցներն էլ հաղորդում են ԵՄ տարբեր կառույցներին, որոնք արձագանքում են ու փորձում ելքեր գտնել։

 

Քաղաքագետ, կոնֆլիկտոլոգ Պաատա Զաքարեիշվիլին ԵՄ դիտորդների առաքելությունը Վրաստանում դրական է գնահատում, բայց եւ արձանագրում է.

 

«ԵՄ դիտորդները իրավիճակը փոխելու մանդատ չունեն։ Նրանք միայն ասում են, թե որ կողմն է խախտել պայմանագրի կետերը։ Եվ բազմիցս ասել են իրենց զեկույցներով, որ նախ ՌԴ-ն զորքերը հետ չի քաշել, ապա նոր սահման է գծում։ Կոպիտ ասած, ԵՄ դիտորդները լուսանկարիչներ են, իրենց ձեռքին լուսանկարչական ապարատ է, ոչ թե հրացան։ Նրանք կարող են միայն ֆիքսել իրավիճակը, բայց տեղում չեն կարող ազդել իրավիճակի վրա»։

 

«Սողացող զավթումն» ու Հարավային Օսեթիայի շարժվող բաժանարար գիծը

 

Աբխազիային ու Հարավային Օսեթիային բաժանող գծերը տարբեր կողմերի համար տարբեր անուններ ու նշանակություն ունեն։

 

Վրացական կողմը բաժանող գիծը անվանում է «վարչական սահմանագիծ», Աբխազիան ու Հարավային Օսեթիայն այն համարում են «պետական սահման»։ Եթե Աբխազիայում բաժանարար վարչական գիծը բնությունն ինքն է գծել Ինգուրի գետով, ապա Հարավային Օսեթիայում այլ պատկեր է։

 

Ռուս-վրացական 5-օրյա պատերազմից հետո ռուս զինվորականները փշալարեր են անկացնում, մետաղական կամ փայտե պատնեշներ տեղադրում եւ ամեն անգամ այդ սահմանային գիծը փոփոխվում է, ընդլայնվում։

 

Մի օր կարելի է արթանալ եւ տեսնել, որ գյուղի փողոցի մեջտեղում տեղադրվել է ցուցանակ «Հարավային Օսեթիա պետական սահման» գրությամբ, որին հաջորդում են փշալարերը։ Դրա հետեւանքով մի ամբողջ գյուղ կիսվում է, տունը մնում մի մասում, այգին՝ մյուս։ Նման իրավիճակում է հայտնվել Խուրվալեթի գյուղը, որի մի մասը վրացական է, մյուս մասը՝ օսական։

Խուրվալեթիում Խուրվալեթիում

Լուսանկարը` Մեդիամաքս

Թբիլիսին այս գործընթացն անվանում է «սողացող զավթում», միջազգային հարթակում օգտագործում են «սահմանների տեղադրում» (borderisation) եզրույթը:

 

Պաատա Զաքարեիշվիլին պարզաբանում է, որ փշալարերի անցկացումը ու սահմանների տեղադրումը ռուսական կողմն անցկացնում է իր հայեցողությամբ։ Իրենք ունեն խորհրդային ժամանակաշրջանի ինչ-որ քարտեզներ։ Դրանք անընդհատ փոփոխվել են, որովհետեւ հաճախ երկրի ներսում վարչական, շրջանային սահմանների գծերը շատ պայմանական են եղել։ Այդ պատճառով ամեն մի քարտեզով Հարավային Օսեթիայի սահմանները տարբեր ժամանակներում տարբեր տեղերով է անցել։

 

Ռուսական կողմը չի ընդունում «շարժական սահմանագծի» մասին մեղադրանքները, նշելով, որ Աբխազիան եւ Հարավային Օսեթիան վաղուց առաջարկել են Վրաստանին համատեղ սահման գծել, սակայն Վրաստանը կտրականապես մերժում է, այն համարելով ոչ թե պետական, այլ վարչական գիծ իր պետության մեջ։

 

Նոր սահմանների գծելու հետեւանքով սահմանափակվել է մարդկանց տեղաշարժը եւ ավելացել են կալանավորումները սահմանային գծերի մոտ։ Հարավային Օսեթիայում 2 անցակետերը (Օձիսի եւ Կարզմանի) հիմնականում փակ են, օգոստոսից պայմանավորվել են բացել միայն ամեն ամսվա 20-30 ընկած ժամանակահատվածում, ամսվա առաջին 20 օրերին անցման կետերը փակ են։ Սինագուրիի անցման կետը փակ է։

 

Նոր տունն ու հին տան քաղցր հիշողությունները

 

Թբիլիսիից 15 կմ հեռու է գտնվում Ծերովանի ավանը։ Այստեղ պատերազմից հետո կառուցել են մոտ 2000 փոքր տներ փախստականների համար։ Շատերը հարմարվել են, հարակից բակն ու այգին են մշակել, մյուսների մոտ կյանքը նոր էջից սկսելը այդպես էլ չի ստացվել։

Ծերովանի ավանը Ծերովանի ավանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իռակլի Միդիաշվիլին 15 տարի այստեղ է ապրում։ Կնոջ ու երեխաների հետ կարողացել են գալ՝ թողնելով ամեն ինչ։ Տունը պատերազմի ժամանակ են այրել, մնացել են միայն հիշողությունները։ Զրուցակիցս տեղյակ էր, թե ինչ է կատարվում Հայաստանում, որոշ զուգահեռներ է անցկացնում ու իր կարծիքով կիսվում։

Իռակլի Միդիաշվիլին Իռակլի Միդիաշվիլին

Լուսանկարը` Մեդիամաքս

-Ինձ թվում է, պետք է Ռուսաստանի հետ լեզու գտնել, այլապես մենք այդ տարածքները հետ չենք վերադարձնի։ Պատերազմներով ոչինչ չի կարելի անել՝ որ մեզ մոտ կստացվի, ոչ էլ ձեր։ Այո, մեզ մոտ չեն կրակում, բայց այնտեղ վրացի էլ չկա, ում կրակեն,- նշում է Իռակլին, ապա պատմում, որ մի քանի տարի առաջ բարեկամները Հարավային Օսեթիայից եկել են, հարազատի նման ընդունել են, բայց ինքն այն կողմ չի կարող գնալ:

 

83 տարեկան Ուշանգի պապի աչքերը սկսում են փայլել, երբ խոսում է իր թողած գյուղի՝ Կուրթայի մասին։ Երազում է, գոնե, մեկ անգամ գնալ։

 

-Այնտեղ տունը հիասքանչ էր, երկհարկանի, մեծ բակով։ Ոչինչ չի մնացել, գետնին են հավասարեցրել ամեն ինչ։ Այնտեղ ամեն ինչ ուրիշ էր, բերքառատ, մեկ ծառից 2 տոննա խնձոր էինք քաղում։ Թոռնիկներս, ովքեր այստեղ են ծնվել, մեծացել, ուզում են գնալ տեսնել մեր գյուղը,- պատմում է Ուշանգի Խաչապուրիդզե։

Ուշանգի Խաչապուրիդզեն Ուշանգի Խաչապուրիդզեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրաժեշտ եմ տալիս ու մտածում, որ սահմանային գծերը կարող ենք չափել, շարժել, նորից գծել, իսկ այդ ամենի հետեւանքով մարդկային ճակատագրերը նորից գծել չենք կարող, իսկ սպասումներն ու կարոտը՝ չափել:

 

Անահիտ Հարությունյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին