413 կարիբյան մղոն կամ ինչ էր անում հայկական նավը Կարիբյան ծովում - Mediamax.am

exclusive
2224 դիտում

413 կարիբյան մղոն կամ ինչ էր անում հայկական նավը Կարիբյան ծովում


Լուսանկարը` Հովհաննես Հակոբյանի

Լուսանկարը` Հովհաննես Հակոբյանի

Լուսանկարը` Հովհաննես Հակոբյանի

Լուսանկարը` Հովհաննես Հակոբյանի

Հովհաննես Հակոբյանը
Հովհաննես Հակոբյանը

Լուսանկարը` Հովհաննես Հակոբյանի արխիվից

Արվին Հաղնազարյանը
Արվին Հաղնազարյանը

Լուսանկարը` Հովհաննես Հակոբյանի

Լուսանկարը` Հովհաննես Հակոբյանի

Լուսանկարը` Հովհաննես Հակոբյանի

Լուսանկարը` Հովհաննես Հակոբյանի

Լուսանկարը` Հովհաննես Հակոբյանի

Լուսանկարը` Հովհաննես Հակոբյանի

Լուսանկարը` Հովհաննես Հակոբյանի

Լուսանկարը` Հովհաննես Հակոբյանի


Հարավային ու Կենտրոնական Ամերիկայի ափերում առավել քան 20 տարի ապրող իրանահայ նավաստի Արվին Հաղնազարյանը եւ դերասանուհի Էվա Խաչատրյանը նավարկում են Կարիբյան ծովում՝ փորձելով գտնել 400 տարի առաջ խորտակված հայկական նավի հետքն ու դրա գանձերը: Նրանց արկածներն է ներկայացնում Հանրային հեռուստաընկերության նոր նախագիծը՝ «Ծովը՝ հայերեն»:

 

Կադրից դուրս մնացած հետաքրքիր դրվագների ու ծովային նկարահանման դժվարությունների մասին Մեդիամաքսը զրուցել է նախագծի ռեժիսոր Հովհաննես Հակոբյանի հետ:

 

Ծանոթություն Ատլանտյան օվկիանոսը կտրող «խելառի» հետ

 

Մի օր «Կիլիկիայի» նավապետ, իմ լավ ընկեր Կարեն Բալայանն է զանգում ինձ ու ասում՝ մի հետաքրքիր տղա կա եւ ուզում է մեզ ծանոթացնել: Ասում է՝ խելառ է (լավ իմաստով), մեզ պես մտածող: Խոսքը պարսկահայ նավաստի Արվին Հաղնազարյանի մասին էր, որը երկու անգամ Ատլանտյան օվկիանոսն է անցել իր փոքրիկ նավակով: Երբ իմացա այդ մասին, ասացի՝ խելառ չէ, լրիվ աննորմալ է ... Իսկ գուցե երրորդ անգա՞մ էլ կտրի օվկիանոսը: Այդ ժամանակ ես էլ, Կարենն էլ նույն բանի մասին էինք մտածում, այն է՝ վավերագրական ֆիլմով ներկայացնել Արվինի՝ միայնակ Ատլանտյան օվկիանոսն անցնելը:

Լուսանկարը` Հովհաննես Հակոբյանի

Նախագծի պատվիրատուն դարձավ Հանրային հեռուստաընկերությունը, որը նախնական գաղափարն ամբողձապես փոխակերպեց՝ ֆիլմում Արվինին միացավ դերասանուհի Էվա Խաչատրյանը, եւ ունեցանք հետեւյալ սյուժեն. հերոսուհին՝ Էվա Խաչատրյանը արձակուրդի համար էկզոտիկ տեղ է փնտրում, հետո պատահաբար տեսնում է «Սա Հայաստանն է» նախագիծը, որում պատմվում է Կարիբյան ծովի հայկական նավի ու այն իր ամբողջ հարստությամբ առեւանգած բրիտանացի ծովահեն Ուիլյամ Քիդի մասին: Էվան որոշում է գնալ նավի հետքերով ու գտնել գանձերը: Հետո նա հանդիպում է Կարեն Բալայանին, վերջինս էլ նրան խորհուրդ է տալիս գտնել Արվին անունով նավաստուն, որը կարող է օգնել գանձերը գտնելու հարցում:

 

Գնացել ենք կղզուց կղզի՝ անցնելով 413 մղոն ճանապարհ՝ Սեն Մարտենից մինչեւ Մարտինիկա:

Լուսանկարը` Հովհաննես Հակոբյանի

Այս նկարահանումների շրջանակում Արվինը երրորդ անգամ չհատեց Ատլանտյան օվկիանոսը, սակայն որոշել եմ գաղափարս, այնուամենայնիվ, իրականություն դարձնել, եւ նկարահանել Արվինի՝ իր փոքր նավակով Յամայկայից մինչեւ Պորտուգալիա օվկիանոսը կտրելը, որը կլինի զուտ վավերագրական ժանրում:

 

Սաստիկ փոթորիկ, երբ թվում էր՝ վերջն է

 

Նկարահանումների համար բավականին սխալ ժամանակ էինք ընտրել: Շատ ավելի վաղ էինք պլանավորել գնալ, սակայն կազմակերպչական աշխատանքները ձգձգվեցին: Բացի նրանից, որ անտանելի շոգ էր, նաեւ փոթորիկների ժամանակաշրջանն էր:

 

Առաջին մի քանի օրը սաստիկ փոթորիկ էր: Բարդ է նկարագրել այն: Մի քանի անգամ անգամ մտածել եմ, թե ինչքան անհեթեթ կլինի, որ մեր պատերազմներից, Արցախից ու սահմանից հետո կյանքս այդտեղ վերջանա: Իրոք թվում էր, թե վերջն է:

Լուսանկարը` Հովհաննես Հակոբյանի

Երբ մոտեցանք կղզուն, թաքնվեցինք մի փոքրիկ ծովախորշում: Տեղացիները հարցնում էին՝ որտեղից ենք եկել, ասում էինք, որ Սեն Մարտեն կղզուց ենք այդտեղ հասել: Զարմանում էին՝ ոնց ենք այդ փոթորկի միջով անցել ու ողջ մնացել, ասում էին՝ անհնար է:

 

Փոթորկի ավարտից հետո մեր կապիտանն ասաց, որ քամու արագությունը հասել էր 55 հանգույցի: Սովորական մարդուն այս թիվը գուցե ոչինչ չասի, սակայն հետո, երբ կապվեցի նավապետ Կարենի հետ ու ասացի՝ 55 հանգույց, մի պահ լռեց: Ինձ թվաց՝ կապն է ընդհատվել, սակայն հետո նորից լսեցի Կարենի ձայնը. «Չի կարող պատահել»: Խնդրեց, որ նորից ճշտեմ, էլի հարցրի նավապետին, նորից կրկնեց՝ 55: Կարենը զարմացավ, թե ոնց եք ողջ մնացել, ասաց՝ դու պատկերացնու՞մ ես, թե 55 հանգույց արագությունն ինչ է:

Հովհաննես Հակոբյանը Հովհաննես Հակոբյանը

Լուսանկարը` Հովհաննես Հակոբյանի արխիվից

Ասացի՝ ես իմ մարմնի վրա եմ զգացել, էլ պատկերացնելն ուրիշ ինչպե՞ս է լինում: Ահա այդպիսի դժոխքի միջով ենք անցել, երբ անիծում էիր ամեն ինչ ու մտածում, թե երբ վերջապես կկարողանաս ոտքդ ուղիղ դնել, քնելու եւ ուտելու մասին էլ խոսք չկա: Այդպես երեք ու կես օր:

 

Կռիվ Պոսեյդոնի հետ

 

Արվինը շատ հետաքրքիր կերպար է: Նա փոթորկի ժամանակ դուրս էր գալիս ու գոռում ալիքների վրա. «Ի՞նչ ես ուզում, հանգի´ստ թող մեզ»: Երեւի Պոսեյդոնի հետ էր կռիվ տալիս: Հարցրի Արվինին, թե իր կյանքում արդյոք եղե՞լ է ավելի ուժեղ փոթորիկ, ասաց՝ այո´, ավելի վատն էլ է եղել, մինչդեռ ինձ մեր տեսածը երկրագնդի պատմության ամենաուժեղ փոթորիկն էր թվում:

Արվին Հաղնազարյանը Արվին Հաղնազարյանը

Լուսանկարը` Հովհաննես Հակոբյանի

Փոթորկի առաջին մեկ ժամը, երբ դեռ հնարավոր էր մեկ ձեռքում տեսախցիկը պահել, նկարահանել ենք, որոշ կադրեր կտեսնեք: Երբ փոթորիկն ուժգնացավ, մի կերպ հասցրինք տեսախցիկը թաքցնել ու բռնվել որտեղից պատահի: Էլ ի՞նչ նկարահանումներ, երբ չգիտես՝ որ վայրկյանին ալիքը կտանի քեզ:

 

Երբ հետապնդում են արեւն ու շոգը

 

Մենք ապրում էինք նավի վրա, քնում նավախցերում: Քաղցրահամ ջրի ամեն կաթիլը մեծ արժեք ուներ: Մեկ ամիս անդադար ծովում լինելու պայմաններում, երբ երազում ես կանգնել հողի վրա, այլեւս չտատանվել, բոլոր զգայարանները սրվում են, դառնում ես բավականին բարդ մարդու տեսակ, նույնն էլ դիմացինդ է զգում: Բայց այս ամենում ինձ համար ամենամեծ թշնամին շոգն ու արեւն էին:

 

Ես միշտ արկածների գիժ եմ եղել, հիմա էլի շատ սիրում եմ, ոչինչ չի փոխվել, սակայն արդեն գիտեմ, որ եթե նորից որոշեմ գնալ արկածների հետեւից, ապա կընտրեմ ձմեռային ժամանակահատված: Շոգը տանել չեմ կարողանում, եւ դրա ամբողջ ծանրությունը բացահայտեցի հենց այս նկարահանումների ժամանակ: Նույնիսկ մի քանի անգամ կադրերի դիրքն այնպես եմ ընտրել, որ նկարելիս ստվերում լինեմ, որովհետեւ գիտեի՝ մի քանի րոպե արեւի տակ կանգնելու դեպքում գուցե մյուսներն առանց ինձ Երեւան վերադառնան (ծիծաղում է՝ հեղ.):

Լուսանկարը` Հովհաննես Հակոբյանի

Ծայրահեղ շոգին գումարվում էր նաեւ ծայրահեղ խոնավությունը, երբ պարզապես շնչել չէիր կարողանում: Մի անգամ երեկոյան ժամի բավականին սառը քամի սկսվեց, բոլորը մտան նավախուց, մինչդեռ ես կանգնել էի տախտակամածին ու վայելում էի այդ սառնությունը: Մի քիչ կյանք եկավ վրաս, ասում էի՝ ինչ ունենք նկարելու, եկեք հիմա անենք, քանի խելքս գլուխս է եկել:

 

Հայկական դրոշն ու «Զեփյուռը» օտար ափերում

 

Այս նախագծում, թերեւս, ամենակարեւորն այն է, որ մի հայ իր նավակով Հայաստանի դրոշով նավարկում է օվկիանոսում: Նավի անունը «Զեփյուռ» է, 8-րդ համարն է կրում: Ընդամենը 9 մետրանոց նավակ է «Զեփյուռը», որտեղ արդեն տարիներ է, ինչ Արվինն ապրում է միայնակ՝ ծովից ծով անցնում, օվկիանոսից օվկիանոս: Սրանով հպարտանալ է պետք, որովհետեւ նրա շնորհիվ հեռավոր շատ ափերում տեսնում ու ճանաչում են Հայաստանը:

Լուսանկարը` Հովհաննես Հակոբյանի

Մի անգամ Սեն Մարտեն կղզում մի տեղացի «խոտի» ազդեցության տակ ծիծաղելով ասել է, թե Արվինի դրոշը թարս է, Արվինն էլ ուղղել է նրան, որ սա ոչ թե Կոլումբիայի, այլ Հայաստանի դրոշն է:

 

Սեւամորթ Անահիտն ու ջազը

 

Մեր առաջին կապիտանն անգլիացի էր, նա մեզ հետ եկավ մինչեւ Մարտինիկա: Հետո մեզ միացավ տեղացի սեւամորթ մի նավապետ, որը շատ կարգին «մուժիկ» էր: Անգլերեն վատ չէր խոսում, կարողանում էինք շփվել: Մի անգամ ռադիոյով Մայլս Դեւիս էր միացրել, հարցրի՝ սիրու՞մ է ջազ, ու նրա դրական պատասխանից հետո միանգամից ընկերացանք, սկսեցինք ջազից խոսել: Շատ հաճելի էր նրա հետ զրուցելը:

 

Մի այլ հետաքրքիր բան էլ կար. աղջկա անունն Անահիտա էր: Սկզբում չէի հավատում, խնդրեցի նորից կրկնել անունը, նորից ասաց՝ Անահիտա: Ինքն էլ զարմացավ, որ Անահիտը հայկական անուն է: Իրենց ընտանիքը ֆրանսիական ծագում ուներ, երեւի այդ կողմից էր հայկական անունը հասել Կարիբյան ծով:

Լուսանկարը` Հովհաննես Հակոբյանի

Մի շատ տարօրինակ բան ասեմ. այնտեղ ծովամթերք գրեթե չկար: Խելքս գնում է ծովամթերքի համար, բայց պարզվեց, որ այդ կղզիներում ծովամթերք շատ քիչ է լինում, ձուկը ոտքերիդ տակ լողում է, բայց շուկայում ձուկ չի վաճառվում: Մենք ինչ-որ անհամ բուրգերներ էինք ուտում՝ անհասկանալի ծագմամբ մսից, ու միրգ: Այդպես հասկացա, որ զզվում եմ պապայայից, եւ շատ հոգնել եմ մանգոյից ու անանասից (ծիծաղում է՝ հեղ.) : Ամեն օր մեծ քանակությամբ այդ նույն մրգերն ուտելը հնարավոր չէր: Համեղ սնվել ենք միայն այն ժամանակ, երբ մեր սեւամորթ նավապետն ինքն էր ձուկ որսում ու պատրաստում:

 

«Ուղիղ կանգնելը դառնում է երազանք»

 

Նման ճանապարհորդություններից հետո մի փոքր ժամանակ է անցնում, ու բոլոր դժվարությունները, բացասական դեպքերը սկսում ես ժպիտով հիշել: Տհաճ բաները մոռացվում են ու մնում են համով դրվագները՝ այդ կղզիները, խոնավ անտառները, թռչունների ձայնը: Ֆանտաստիկ էր:

 

Կարոտն ամենաշատն էր սպանում: Խեղդվում էի կարոտից: Մտքով անդադար տանն էի, ամեն ինչ կարոտում էի՝ սկսած տան անդամներից, շնիցս մինչեւ մեր բակը: Երբ ճամպրուկս բացում էի՝ հագուստ վերցնելու համար, մեր տան լվացքի փոշու հոտից էլի կարոտն արթնանում էր (ծիծաղում է՝ հեղ.):

Լուսանկարը` Հովհաննես Հակոբյանի

Երանելի զգացողություն էր հենց օդանավակայանում, երբ նորից ուղիղ կանգնեցի հողի վրա: Երանելի էր դեպի տուն քայլելը, տանեցիներին տեսնելն ու գրկելը, շանս գրկելը, իր կարոտած ձայնը լսելը. քիչ էր մնում մարդկային ձայնով հարցներ՝ բա ու՞ր էիր այսքան ժամանակ: Հետո պառկեցի մահճակալին՝ ուղիղ է, թափ չի տալիս:

 

Բայց կարոտները մեզ պետք են կյանքում, կարոտները մեզ ուժ են տալիս: Եթե չկարոտեցիր, ուրեմն վերջ, վերջացած է ամեն բան: Կարոտը մեզ տալիս է ապրելու կամք, մոտիվացիա է եւ բխում է սիրուց:

 

Շնորհակալ լինել բնությանը

 

Օրինաչափ է, որ երբ մեր նավապետը սկսեց ձուկ պատրաստել, որորները հավաքվեցին: Ասացի, որ անպայման իրենց հետ էլ կիսվի: Սկզբում առարկեց, որովհետեւ առանց այն էլ քիչ էր, բայց ես պնդեցի, ասացի՝ իմ բաժինն իրենց եմ տալիս: Դրանից հետո միշտ ձուկ բռնելուց անպայման որորներին էլ էր տալիս: Բա ինչպե՞ս այլ կերպ, դա քո շնորհակալությունն է բնությանը, ո՞նց կարող ես միայնակ ուտել:

 

Ես հիշում եմ՝ երբ Երեւանում կորիդա անցկացրին, ցլերից մեկը վանդակից փախավ: Այդ ժամանակ ես այնտեղ նկարում էի: Կատաղած ցուլ էր, բայց ոչ ոքի չվնասեց, թեեւ կարող էր: Վարպետ ցլամարտիկը մոտեցավ ու մեկ հարվածով սպանեց ցլին: Դրանից հետո երկար ժամանակ ծնկի եկած հող էր լցնում գլխին: Իրենց ուղեկիցներից մեկին հարցրի՝ ինչ է անում, պատասխանեց՝ բնությունից ներողություն է խնդրում՝ ցլին սպանելու համար: Բնության նկատմամբ ճիշտ վերաբերմունքը ամենակարեւոր գործոններից մեկն է: Գուցե մեր 1000 տարի պետականություն չունենալը կամ այն ամենը, ինչ հիմա գլխներիս գալիս է հենց բնության նկատմամբ մեր անխնա վերաբերմունքի պատասխանն է:

 

Գայանե Ենոքյան

 

Լուսանկարները՝ Հովհաննես Հակոբյանի անձնական արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին