Երեք գագաթ՝ ամպերից վեր. Հայ պատանիների 4500մ-ից բարձր վերելքն Իրանում - Mediamax.am

exclusive
3294 դիտում

Երեք գագաթ՝ ամպերից վեր. Հայ պատանիների 4500մ-ից բարձր վերելքն Իրանում


Լուսանկարը` Նարինե Ճաղարյանի

Եվա Հայրապետյանը
Եվա Հայրապետյանը

Լուսանկարը` Նարինե Ճաղարյանի

Լուսանկարը` Նարինե Ճաղարյանի

Լուսանկարը` Նարինե Ճաղարյանի

Լուսանկարը` Նարինե Ճաղարյանի

Լուսանկարը` Նարինե Ճաղարյանի

Լուսանկարը` «4 գագաթ» ակումբի

Նարինեն եւ Ավշինը
Նարինեն եւ Ավշինը

Լուսանկարը` «4 գագաթ» ակումբի

Նարինե Ճաղարյանը
Նարինե Ճաղարյանը

Լուսանկարը` Ն. Ճաղարյանի արխիվից

Լուսանկարը` «4 գագաթ» ակումբի


2022թ. օգոստոսին 11-16 տարեկան հայ պատանիների խումբը «4 գագաթ» լեռնային ակումբի կազմում վերելք կատարեց Իրանի Սիահ Գոգ լեռան հարավային (4510մ), հյուսիսային (4505մ) գագաթներ ու Ռոստամ Նիշտ լեռ (4426մ):

 

Երկու օրում խումբը հաղթահարեց մոտ 2400մ հարաբերական բարձրություն:

 

Սա հայ պատանիների առաջին խումբն է, որ վերելք կատարեց Հայաստանի սահմաններից դուրս՝ հատելով ՀՀ ամենաբարձր կետի՝ Արագածի հյուսիսային գագաթի (4090մ) սահմանը:

 

Հայ լեռնագնացության պատմության մեջ առանձնահատուկ այս վերելքի մասին Մեդիամաքսը զրուցել է Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ, «4 գագաթ» ակումբի ղեկավար Նարինե Ճաղարյանի ու խմբի կրտսեր անդամ՝ 11-ամյա Եվա Հայրապետյանի հետ:  

 

Նարինե Ճաղարյան, «4 գագաթ» ակումբի ղեկավար

 

Արշավները նախապես իրականացված աշխատանքի արդյունք են

 

«4 գագաթ» լեռնային ակումբը հիմնադրվել է 2016 թվականին: Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահն ինձ առաջարկեց լեռնագնացության մանկապատանեկան ակումբ ձեւավորել, սիրով համաձայնեցի: Ցանկանում էինք երեխաներին ոչ թե պարզապես արշավների տանել, այլ սովորեցնել այն ամենն, ինչը կարող էր պետք գալ բնության մեջ: Արշավները նախապես իրականացված աշխատանքի արդյունք են:

Նարինե Ճաղարյանը Նարինե Ճաղարյանը

Լուսանկարը` Ն. Ճաղարյանի արխիվից

Ակումբի անդամ երեխաների հետ նախ սովորում ենք առաջին օգնություն ցույց տալ, դիմակայել լեռնային հիվանդությանը, օգտվել կողմնացույցից, վրան տեղադրել, մագլցել ու մի շարք այլ տեխնիկական հմտություններ: Նախապատրաստական փուլը մոտ 5 ամիս է տեւում, ու այս ընթացքում երեխաները քիչ-քիչ սկսում են մասնակցել արշավների: Սկզբում թեթեւ, հետո՝ աստիճանաբար ավելի բարդ:

 

Արագածում հասկացա՝ ունենք ավելի բարձր վերելքների պատրաստ խումբ

 

Մինչեւ Իրան մեկնելը երեխաների հետ բազմաթիվ վերելքներ էինք կատարել Հայաստանում, որոնք եւս կարող ենք բացառիկ կամ առանձնահատուկ որակել: Ամենաբարդ ճանապարհներից մեկով բարձրացել ենք Արագած լեռան 4 գագաթները: Վերելքը սկսել ենք Քարի լճից ու ավարտել Գեղարոտի ջրվեժների կողմում՝ լեռան վրա ունենալով գիշերակաց:

 

Ընդհանրապես մեր ծրագիրն այնպես է կազմված, որ աստիճանաբար տարբեր արշավներով հասնում ենք տարվա ամենաառանցքային, ամենաբարդ վերելքին, որն իրականացնում ենք օգոստոսին: Դրան մասնակցում են խմբի այն անդամները, որոնք պարբերաբար գալիս են մյուս արշավներին ու ֆիզիկապես պատրաստ են:

 

2020թ.-ի փետրվարին մեր ակումբի ամփոփիչ միջոցառման ժամանակ մեր առաջ նպատակ սահմանեցի, որ հաջորդ միջոցառումը կկազմակերպենք միայն երկրից դուրս վերելք կատարելուց հետո, բայց սկսվեց կորոնավիրուսի համավարակն ու սահման հատելը բարդ էր: Շարունակեցինք արշավները Հայաստանի տարածքում: 2021թ.-ին, երբ բարձրացանք Արագածի 4 գագաթները, հասկացա՝ ձեւավորվել է պատանիների խումբ, որը պատրաստ է նաեւ ավելի բարձր վերելքի: Նրանք երեխաներ էին, որոնք արդեն 4 տարի ամիսն առնվազն երկու անգամ մասնակցում էին արշավների, հետեւաբար տարվա մեջ ավելի քան 20 անգամ քայլում էին լեռներում: Սկսեցի նորից մտածել արտերկրում վերելքի մասին: Նախապես որոշված երկու ուղղություն ունեի՝ Վրաստան կամ Իրան: Երկու երկրներում էլ վերելքներ ունեցել էի, ծանոթ էի ռելիեֆին ու տեղացիներին: Արդյունքում ընտրեցի Իրանը:

Լուսանկարը` Նարինե Ճաղարյանի

Իրանահայ ընկերներիցս մեկը՝ Սուրեն Ստեփանյանը, տեղում որպես փրկարար է աշխատել, կանգնած է լեռնագնացության ակունքներում ու միշտ ապահովում է Հայաստանի ու Իրանի ալպինիզմի ֆեդերացիաների միջեւ կապը: Առաջին հերթին նրա հետ խորհրդակցեցի՝ ասելով, որ ցանկանում եմ Իրանում երեխաների հետ վերելք կատարել մինչեւ 4500մ բարձրություն ունեցող լեռ: Միանգամից առաջարկեց Սիահ Գոգը: Տեղանքին ծանոթ էի, գիտեի, որ տեղում բազմաթիվ գեղեցիկ, ժայռակերտ գագաթներ կան, ու երեխաները վերելքի ընթացքում նաեւ էսթետիկ հաճույք կստանան ազդեցիկ բնապատկերներից:

 

Նախապատրաստական վերելքների համար ընտրում էի ամենաբարդ ճանապարհը

 

Այս տարվա մարտին խմբին հայտնեցի օգոստոսին նախատեսվող վերելքի մասին՝ նշելով, որ առաջիկա ամիսներին լինելու են պարտադիր վերելքներ, որոնց պետք է մասնակցեն Իրան մեկնելու ցանկություն ունեցող երեխաները: Արդյունքում անցանք պարտադիր ակլիմատիզացիայի ծրագիր՝ սկսելով 2900մ-ից: Ընդ որում, եթե վերելք էինք կատարում բարձրությամբ համեմատաբար ցածր լեռ, դա անում էինք ամենաբարդ ճանապարհով:

 

Նույնը նաեւ բարձր լեռների դեպքում: Օրինակ՝ Արագածի հյուսիսային գագաթ (4090մ) բարձրացել ենք Գեղարոտի կողմից, քանի որ այնտեղ քայլքի ձեւը՝ զիգզագաձեւ կտրուկ վերելքը, նման է Սիահ Գոգի ճանապարհի մի մասին: Արագածի հարավային ու արեւմտյան գագաթները բարձրացել ենք մեկ օրում, վերելք ենք կատարել Խուստուփ, գիշերակացով արշավ ունեցել Գեղամա լեռներում: Այս նախապատրաստական ծրագրի արդյունքում ընտրվեց մոտ 15 երեխա: Նրանք միանշանակ պատրաստ էին Սիահ Գոգի հարավային գագաթի (4510մ) վերելքին: Հետագայում երեխաներից մի քանիսը տարբեր պատճառներով հրաժարվեցին վերելքից ու Իրան մեկնեցինք 8 հոգանոց խմբով: Երեխաների տարիքը 11-16-ի միջակայքում էր: Ամենափոքր մասնակիցը Եվան էր՝ 11 տարեկան: Նրա հարցում, անկախ տարիքից, լիովին վստահ էի:

 

Եվա Հայրապետյան, 11 տարեկան, «4 գագաթ» ակումբի անդամ

 

Քայլելիս պատկերացնում եմ, որ ինչ-որ պահի հասնելու եմ գագաթին

 

Դեռ փոքր տարիքից ընտանիքիս հետ միշտ գնացել եմ արշավների, իսկ այս ակումբում եմ արդեն մոտ 4 տարի:

 

Արշավներն ինձ դուր են գալիս, որովհետեւ օգնում են ճանաչել մեր երկրի բնությունն ու փորձել սեփական ուժերը:

Եվա Հայրապետյանը Եվա Հայրապետյանը

Լուսանկարը` Նարինե Ճաղարյանի

Իհարկե, դժվարություններ լինում են: Լեռներում, որքան բարձրանում ես, պակասում է թթվածինը, քայլելն ավելի բարդ է դառնում, բայց պետք է կամքի ուժ ունենալ ու շարունակել վերելքը:

 

Ես, օրինակ, քայլելիս պատկերացնում եմ, որ ինչ-որ պահի, ինչ-որ ժամանակ հետո հասնելու եմ գագաթին ու կանգնելու եմ վերեւում: Դա օգնում է առաջ գնալ:

 

Հայաստանում սիրելի լեռ ունեմ, Արագածն է, քանի որ այնտեղ շատ եմ եղել ու լավ եմ ճանաչում տարածքը: Ունեմ նաեւ լեռնային երազանք՝ Արարատը, հուսով եմ՝ մի օր կբարձրանամ:

 

Նարինե Ճաղարյան

 

Լեռները երեխաների մոտ բնավորություն են ձեւավորում

 

Պարբերաբար արշավների մասնակցող երեխաների համար լեռներն առօրյա կյանքի մաս են դարձել: Շատերի դեպքում ընտանիքները փորձում են նույնիսկ իրենց արձակուրդն այնպես կազմակերպել, որ երեխան հանկարծ արշավ բաց չթողնի: Սկզբում ինքս էի զարմանում, երբ բավականին բարդ վերելքից վերադառնալու ճանապարհին երեխաները միանգամից հարցնում էին՝ «բա հաջորդը ո՞ւր ենք գնալու, ե՞րբ»: Դժվարությունները, որոնց միջով նրանք անցնում են բնության մեջ, կոփում են, կամք, դիմացկունություն ու համբերություն են ձեւավորում: Երկու դեպք ենք ունեցել, երբ եղանակային պատճառով չենք հասել գագաթ: Այդ ժամանակ նույնիսկ այն երեխան, որ ակնհայտ հոգնած էր, ուրախանալու փոխարեն միանգամից ափսոսանքով ասել է՝ «ո՞նց, չէ՜, բա գագաթը»: Դրա հետ մեկտեղ շատ կարեւոր է երեխաների մոտ ձեւավորել գիտակցություն, որ լեռներում պետք է հավասարակշռված որոշումներ կայացնել, չառաջնորդվել զգացմունքներով: Գագաթը միշտ լինելու է, մեկ այլ օր վերելք կունենաս, բայց վատ եղանակային պայմաններում վերելքը շարունակելը ճիշտ չէ ու այդ պահին վերադառնալ է պետք: Նման զրույցներից հետո, երեխաների ծնողները պատմում են, որ իրենք տանն ափսոսանքով ասել են՝ «գագաթին չհասանք, բայց դա ամենաճիշտ որոշումն էր, հակառակ դեպքում՝ հետո մթով սարում էինք մնալու, ուրիշ անգամ կգնանք»:

 

Ակումբի դասերն օգնում են երեխաներին ճիշտ փոխհարաբերություններ ձեւավորել նույնիսկ մինչեւ սար գնալը՝ վստահել իրար, հետեւել խմբի ղեկավարի որոշումներին, իրար հանդեպ հոգատար լինել:

Լուսանկարը` Նարինե Ճաղարյանի

Եղել է դեպք, երբ ճանապարհի կեսին նկատել եմ՝ երեխաներից երկուսի ոտքերը թրջվել են: Միանգամից փոխել ենք գուլպաները, բայց պարզ էր, որ վերելքը շարունակելու դեպքում դրանք նորից են թրջվելու: Խմբից հարցրել եմ՝ ի՞նչ են նախընտրում՝ իրենց ընկերները մրսելով բարձրանա՞ն, թե՞ բոլորով վերադառնանք, պայմանով, որ այդ գագաթ, անպայման, գալու ենք մեկ այլ օր: Խումբը միաձայն ընտրել է ընկերների չմրսելն ու մենք վերադարձել ենք: Այսպես է ձեւավորվում թիմային մտածողությունը:

 

Երեք գագաթն՝ ամպերից վեր

 

Իրանի վերելքի հետ կապված գլխավոր մտահոգությունս սահմանը հատելն էր: Բարեբախտաբար, խնդիրներ չունեցանք: Օգոստոսի 20-ին Երեւանից դուրս գալով՝ օգոստոսի 21-ի երեկոյան արդեն իրանական Վանդարբոնում էինք:

Լուսանկարը` «4 գագաթ» ակումբի

Ճանապարհին նաեւ շատ հետաքրքիր կանգառ ունեցանք եւ Ռուդբարաք համայնքում այցելեցինք իրանցի լեռնագնացի տուն, որն ի թիվս բազմաթիվ այլ վերելքների, բարձրացել է նաեւ Էվերեստ լեռ: Նրա հետ հանդիպումն ու զրույցը շատ մոտիվացրեց երեխաներին: Ամբողջ տունը, կարծես, թանգարան լիներ՝ մեդալներ, լուսանկարներ վերելքներից: Նա մեզ հաջող վերելք մաղթեց: Ռուդբարաքում մեզ միացավ իրանցի լեռնագնաց Ավշինը, որը լինելու էր մեր խմբի երկրորդ ուղեկցորդը:

Նարինեն եւ Ավշինը Նարինեն եւ Ավշինը

Լուսանկարը` «4 գագաթ» ակումբի

Վանդարբոնը ոչ այնքան համայնք է, որքան ալպինիստական կացարան, որտեղ տարբեր երկրներից լեռնագնացներ են գալիս տարածաշրջանում վերելքներ կատարելու համար: Մենք եւս վերելքը սկսեցինք այստեղից՝ առաջին օրը 2200մ-ից քայլելով 3995մ: Այստեղ Սարչալ կոչվող ճամբարն էր, որը թարգմանաբար խառնարան է նշանակում: Տեղում կար քարե շինություն, որում քնապարկերով գիշերում են լեռնագնացները: Ճանապարհի այս առաջին հատվածը ֆենոմենալ արագությամբ անցանք: Փոխելով մոտ 1800մ հարաբերական բարձրություն՝ Սարչալ հասանք 4 ժամ 18 րոպեում: Ամբողջ ընթացքում շատ սիրուն եղանակ էր: Վերելքը սկսելուց հետո Վանդարբոնը մնաց ամպերից տակ ու ստացվում էր՝ ամպերից վեր ենք քայլում: Շատ տպավորիչ տեսարան էր:

Լուսանկարը` Նարինե Ճաղարյանի

Սարչալից կապվեցի Սուրենի հետ ու պատմեցի՝ որքան արագ ենք հասել առաջին ճամբար: Ասաց՝ այդ դեպքում, գուցե, բարձրանանք ոչ միայն Սիահ Գոգի ամենաբարձր՝ հարավային (4510մ) գագաթ, այլ նաեւ՝ հյուսիսային (4505մ): Արդյունքում մենք բարձրացանք երեք գագաթ (ծիծաղում է – հեղ.)՝ վերելք կատարելով նաեւ Ռոստամ Նիշտ լեռ (4426մ):

 

Սարչալից սկսեցինք քայլել հաջորդ օրը՝ լուսաբացից առաջ: Երկինքը դեռ սեւ էր, իսկ մեզնից ներքեւ ամպերի ծովն էր ու հորիզոնի՝ լուսաբացից վառվող գիծը: Երեխաների համար սա լուրջ փորձություն էր, որովհետեւ մի բան է ֆիզիկապես ակտիվ վիճակում հասնել մինչեւ 3995մ, այլ բան այդ բարձրության վրա գիշերակացից հետո շարունակել վերելքը: Որեւէ մեկի մոտ ինքնազգացողության փոփոխություն չկար, քանի որ նախապես կանխարգելիչ միջոցառումներ էինք ձեռնարկել: Լեռնային հիվանդության զարգացում թույլ չտալու համար երեկոյան Սարչալում մոտ 1,5 ժամ անընդհատ թեյ ենք խմել: Երեխաներին շատ հեղուկ էր պետք, որպեսզի խուսափենք ջրազրկումից, ինչը թթվածնի պակասի դեպքում էլ ավելի կնպաստեր լեռնային հիվանդության զարգացմանը: Արդյունքում, առանց որեւէ միջադեպի հասանք Սիահ Գոգի ամենաբարձր՝ հարավային գագաթ, իսկ հետո նաեւ հյուսիսային ու հարեւանությամբ գտնվող Ռոստամ Նիշտի գագաթ:

Լուսանկարը` Նարինե Ճաղարյանի

Երեխաներն, ընդհանուր առմամբ, զուսպ են: Բայց գագաթին նրանցից մեկը՝ Արամ Մարտիրոսյանը, բոլորի փոխարեն արտահայտեց եղած էմոցիաները: Գրկում էր քարերը, մյուս երեխաներին: Հետո բոլորով շատ ինքնաբուխ երգեցինք Հայաստանի Հանրապետության օրհներգը, շատ հուզիչ էր: Սա այն է, ինչ լեռնագնացները կոչում են «գագաթի երջանկություն», երբ դու վերեւում ես, կա միայն այդ պահն ու չկա ոչ մի հոգնածություն:

Լուսանկարը` «4 գագաթ» ակումբի

Եվա Հայրապետյան

 

Իրան մեկնելու մտքից շատ ոգեւորված էր: Առաջին անգամն էր, երբ միայնակ՝ առանց ընտանիքի, այլ երկիր էի գնալու: Բուն վերելքը բավականին բարդ էր, չէի պատկերացնում, որ այդքան շատ հարաբերական բարձրություն ենք հաղթահարելու, բայց կարողացանք: Իրականում նախատեսվածից թեթեւ ու արագ բարձրացանք:

 

Գագաթին ինքս ինձ չէի հավատում, որ կարողացել եմ անել: Սկսեցինք Հայաստանի հիմնը երգել, չգիտեմ, երեւի կարոտել էինք, որ առաջինը դա բոլորիս մտքին եկավ (ժպտում է – հեղ.): Ամենահավես զգացողություններից մեկն այն էր, որ կարողացել եմ գերազանցել իմ բարձրության ռեկորդը եւ Իրանում 4510մ բարձրություն ունեցող լեռան գագաթին լինել:

 

Մարդկանց, որոնք չեն եղել լեռներում, կուզեմ ասել՝ որքան էլ դժվար է, արժի քայլել ու սեփական աչքերով տեսնել աշխարհը վերեւից:

 

Իրանում վերելք կատարած հայ պատանիների ամբողջական կազմը՝

 

1. Եվա Հայրապետյան – 11 տարեկան

2. Արամ Աբազյան – 13 տարեկան

3. Արինա Ղեւոնդյան - 13 տարեկան

4. Հարություն Գալստյան – 13 տարեկան

5. Լիանա Թոսունյան – 15 տարեկան

6. Տիգրան Մոսիկյան – 15 տարեկան

7. Հրաչուհի Մարգարյան – 16 տարեկան

8. Արամ Մարտիրոսյան – 16 տարեկան

 

Յանա Շախրամանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին