Լուսինե Հայեսի տարբեր կյանքերը. Ուգանդան եւ Հայիթին, Տողն ու Թոզոտը - Mediamax.am

exclusive
2566 դիտում

Լուսինե Հայեսի տարբեր կյանքերը. Ուգանդան եւ Հայիթին, Տողն ու Թոզոտը


Լուսինե Հայեսը՝ ամուսնու հետ
Լուսինե Հայեսը՝ ամուսնու հետ

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսինե Հայեսը
Լուսինե Հայեսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսինե Հայեսը
Լուսինե Հայեսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսինե Հայեսը
Լուսինե Հայեսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսինե Հայեսը՝ ամուսնու հետ
Լուսինե Հայեսը՝ ամուսնու հետ

Լուսանկարը` անձնական արխիվ


Մարդասիրությունը Լուսինե Հայեսին օգնել է աշխարհագրական բարդ ուղիներով անցել: 30 տարվա ընթացքում նա աշխատանքային կանգառներ է ունեցել Սաուդյան Արաբիայում, Վանուատուում, Ուգանդայում, Հայիթիում, Կոլումբիայում, Իրաքյան Քրդստանում: Ծնունդով Թալինից Լուսինեն բոլոր երկրների արանքում մեկ հիմնական կանգառ է ունեցել՝ Հայաստանը:

 

Այս անգամ էլ Լուսինեին հայրենիք է բերել սեփական գինու արտադրությունը, ինչն էլ առիթ է դարձել նրան հանդիպելու եւ զրուցելու ոչ միայն Ubuntu գինու, այլեւ անցած ուղու մասին:

 

«Տունը պատերը չեն, տունը մարդիկ են»

 

Թալինի միջնակարգ դպրոցն ավարտեցի այն ժամանակ, երբ փլուզվեց Խորհրդային միությունը: Ընդունվեցի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան: Առաջին մասնագիտությունս լեզվագիտությունն է, ֆրանսերեն-անգլերեն լեզուների մասնագետ եմ, բայց ուզում էի լրագրող դառնալ:

 

Ուսանողության տարիներին սկսեցի աշխատել, միջազգային մամուլից թարգմանություններ էի անում՝ ինչ են գրում մեր մասին, Արցախյան առաջին պատերազմի մասին։ Համալսարանն ավարտելու ժամանակ հանդիպեցի ամուսնուս, ով ամերիկացի է, մասնագիտությամբ լրագրող եւ 1992թ.-ին որպես «Խաղաղության կորպուսի» կամավոր եկել էր Հայաստան:

Լուսինե Հայեսը՝ ամուսնու հետ Լուսինե Հայեսը՝ ամուսնու հետ

Լուսանկարը` անձնական արխիվ

Այդ ժամանակ մեր հայրենակիցները ակտիվ լքում էին երկիրը, ես չէի ուզում թողնել Հայաստանը, բայց երբ մեկին սիրում ես, արդեն երկընտրանքի առաջ ես կանգնում:

 

Ասացի, որ կամուսնանամ պայմանով՝ երբեք անունս չեմ փոխի, կես կյանքն ԱՄՆ-ում կապրենք, կեսը՝ Հայաստանում։ Ապագա ամուսինս համաձայնեց իմ պայմաններին, բայց այնպես ստացվեց, որ Ամերիկայի եւ Հայաստանի արանքում շատ այլ երկրներում հայտնվեցինք, որոնց մասին մտքովս անգամ չէր անցնում։

 

1995թ.-ից սկսեցինք ապրել Ամերիկայում, որտեղ լեզվագետի մագիստրոսի կոչում ստացա, զուգահեռ նաեւ բիզնես մենեջմենթ սովորեցի։ ԱՄՆ-ում 3 տարի ապրելուց հետո աշխատանքային ծրագրով տեղափոխվեցինք Սաուդյան Արաբիա։ Ես կանանց քոլեջ էի հիմել, ամուսինս էլ տղամարդկանց քոլեջում էր դասավանդում։ Այնտեղ երկու տարի աշխատելուց հետո վերադարձանք Հայաստան: Ամուսինս սկսեց աշխատել Ամերիկյան համալսարանում, ես՝ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունում:

 

Սրան հաջորդեց իմ մյուս կյանքը՝ «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի» հիմնադրամում աշխատանքը, որտեղից ինձ ուղարկեցին աշխատելու Ավստրալիային մոտ գտնվող Վանուատու երկրում։ Երկրաշարժների ակտիվ գոտում գտնվող այս երկրում մարդիկ մշտապես տան խնդիր ունեն եւ աշխատանքային իմ առաջին ամենամեծ հաջողությունն այն եղավ, որ Վանուատուում կարողացա կյանքի կոչել 250 տուն կառուցելու նախագիծ։

Լուսինե Հայեսը Լուսինե Հայեսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վանուատու եւս ընտանիքով էինք գնացել, երեխաներս փոքր էին, շատերն էին հարցնում՝ «ոնց ենք գնում հասնում աշխարհի ծայրը», բայց թե կա համերաշխություն, ամեն ինչ էլ հնարավոր է: Երեւի իմ ընտանիքի հաջողության գրավականն էլ այն է, որ մեր տունը պատերը չեն, մարդիկ են, մենք ենք եւ կապ չունի՝ որտեղ են այդ պատերը:

 

Աշխատանքն Ուգանդայում, Հայիթիում, Քրդստանում

 

«Հաբիթաթում» 7 տարի աշխատելուց հետո «Խաղաղության կորպուսից» ինձ առաջարկեցին Ուգանդայում կամավորների խմբի ղեկավար դառնալ։ Երբեք չէի մտածի, որ մի օր այն նույն կազմակերպության ղեկավար կարող եմ դառնալ, որով ամուսինս եկել էր Հայաստան եւ հանդիպել ինձ: Ճակատագիրն այնպես դասավորվեց, որ 2011 թվականին ինձ նշանակեցին Ուգանդայում խաղաղության կորպուսի ղեկավար։ 200 կամավոր ունեի եւ 85 աշխատակից, պատասխանատվությունը շատ մեծ էր եւ նրանց, եւ այն գործի համար, ինչ նպատակով գնացել էինք:

 

Ուգանդան շատ խիտ է բնակեցված, մոտ 42 մլն բնակչություն ունի եւ անընդհատ ինչ-որ ճգնաժամի առաջ է կանգնած՝ քաղաքական, բժշկական, սոցիալական: Մենք այնտեղ աշխատանքի երկու ուղղություն ունեինք՝ առողջապահական եւ կրթական: Կրթականի հիմքը դրված էր միջնակարգ կրթության վրա՝ երեխաներին գրաճանաչ, թվաճանաչ դարձնել, հետո նոր ավելի խորացած ուսումնական ծրագիր սկսել։ Աշխատեցինք տեղի կրթության նախարարության հետ՝ փոխեցինք ուսումնական ծրագիրը, տարրական դպրոցների ուսուցիչների համար հիմնեցինք կրթության կենտրոն, որտեղ հատուկ դասընթացներ անցկացրեցինք: Մինչեւ հիմա այդ կենտրոնը գործում է:

 

Ներդրեցինք նաեւ բժիշկների եւ բուժքույրերի փոխանակման ծրագիրը, որով ամերիկացի մասնագետները գալիս եւ աշխատում էին բժշկական համալսարանների եւ նրանց կից հիվանդանոցների հետ: Այդ փորձն ինձ օգնեց, որ Հայաստանի Ամերիկյան համալսարանում բացեմ բուժքույրական մագիստրոսական ծրագրի` լեզվի նախապատրաստական դասընթացները։

Ուգանդայում աշխատեցի 5 տարի։ Երբ ծրագիրն ավարտվեց, ինձ խնդրեցին գնալ Բոթսվանա եւ մի որոշ ժամանակ էլ այնտեղ աշխատել։

Լուսինե Հայեսը Լուսինե Հայեսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հետո աշխատանքս շարունակեցի Հայիթիում՝ մեկ այլ բարեգործական նախաձեռնությունում, որն աշխատում էր այդ երկրում վերացնել որբանոց կոչվող ինստիտուտը։ Հայիթիում որբանոցները բիզնես էին: Հայաստանի չափ երկիր է՝ մոտ 4 մլն մարդ բնակչություն ունեցող, բայց շուրջ 750 որբանոց ուներ, որտեղ հայտնվող երեխաների մեծ մասը որբ չէին։ Հիմնականում սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքների երեխաներ էին, որոնց ծնողները թողնում էին այնտեղ՝ հույս ունենալով, որ տաք կացարան, հագուստ ու սնունդ կունենան երեխաները, բայց իրականությունն այլ էր: Պարզվում էր նաեւ, որ երեխանները որեւէ ցուցակում հաշվառված չէին, ծննդյան վկայական չունեին, այսինքն՝ ինչ ուզեին կարող էին անել երեխաների հետ, անգամ՝ վաճառել։ Մենք այլընտրանք էին առաջարկում անապահով ընտանիքներին, իսկ որբանոցների ղեկավարները մեզ վերաբերվում էին որպես իրենց ապրուստը կտրողների:

 

«Պետք է գրագետ մոտենալ գործին»

 

Հայիթիում ծրագրի ավարտից հետո որոշեցի վերադառնալ Հայաստան եւ արդեն վերջնական մնալ այստեղ։ Սկսեցի աշխատել Ամերիկյան համալսարանում, բայց մինչ այդ արդեն որոշել էի, որ գինեգործությամբ եմ զբաղվելու: Մտքումս գինի ստեղծելու պրպտումները ծնվել էին տարբեր երկրների գինեգործական ավանդույթներին ծանոթանալու ընթացքում:

Լուսինե Հայեսը՝ ամուսնու հետ Լուսինե Հայեսը՝ ամուսնու հետ

Լուսանկարը` անձնական արխիվ

Երկու տարի էր, որ համալսարանում էի աշխատում, երբ Իրաքյան Քրդստանի Ամերիկյան համալսարանի ղեկավարն ինձ հրավիրեց այնտեղ աշխատելու եւ շարունակական կրթության բաժին հիմնելու: Չնայած որոշել է, որ այլեւս ուրիշ երկրում չեմ աշխատելու, այս անգամ էլ գինու արտադրության գաղափարն ինձ ստիպեց ընդունել հրավերը։ Գինին շատ կապիտալ է ուզում, իսկ ես այդքան չունեի՝ ներդրում անելու համար։ Դժվարությամբ թողեցի աշխատանքս, ուսանողներիս եւ տեղափոխվեցի Իրաքյան Քրդստան, բայց այնտեղ աշխատանքն ինձ չխանգարեց զուգահեռ սովորել Երեւանի Գինու ակադեմիայում։

 

Ես հավատում եմ, որ մարդ պետք է գրագետ մոտենա ցանկացած գործին, հենց դրա համար էլ ընտրեցի ակադեմիայում սովորելը, որտեղ ձեռք բերեցի ոչ միայն գիտելիքներ, այլ հրաշալի ընկերներ, գործընկերներ, եւ մտա մի ոլորտ, որն այսօր մեր երկրում շատ ակտիվ է, հետաքրքիր եւ բարեխիղճ մարդկանցով լցված, ինչն ինձ ոգեւորում է:

 

Պատերազմի նախորդող օրը՝ Տողում

 

Ակադեմիայում սովորելու պրակտիկ մասն անցկացրեցի Արցախի Տող գյուղում՝ «Կատարո»-ի գործարանում: Գործարանի հիմնադիրների հետ լուսաբացից մինչեւ ուշ գիշեր աշխատում էինք, 2-3 ժամ էինք քնում, սեզոնն այնպիսին էր, որ խաղողը գալիս էր, պետք էր արագ անցկացնել բոլոր պրոցեսներով եւ լցնել պահամանները: Այնտեղ կուրսընկերուհուս հետ փորձաշրջանի 3 շաբաթ անցանք։ Պրակտիկայի վերջին օրը վարդագույն գինու աշխատանքներին էինք մասնակցել, շատ հոգնած էինք, սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 4-ին էր, ասացին՝ մի հատ էլ թեյ խմենք, գնանք քնենք: Որոշեցի, որ պիտի այն սպիտակ գինին փորձեմ, որը գրեթե պատրաստ էր եւ շուտով պետք է գնար շշալցման։ Ասում էին՝ չէ, այս ժամին ինչ գինի, բայց չմտափոխվեցի։ Հետաքրքիր է, բայց եթե այդ պահին չփորձեի, կյանքում էլ չէի փորձի այդ գինուց, չգիտեմ՝ ինչ էր մտել մեջս: Հետո երբ դուրս եկանք գործարանից ու գնում էինք տուն, այնքան աստղազարդ ու խաղաղ երկինք էր, ասացի՝ եկեք մի քիչ էլ աստղերին նայենք, հետո գնանք քնելու, ասեցին՝ չէ, վաղը կնայենք: Մենք միշտ մտածում ենք, որ այդ վաղը գալու է, բայց վաղն ինչ եղավ... Առավոտյան 7-ին զգացի որ մահճակալս ցնցվում է, լուսամուտը բացեցի եւ հասկացա՝ պատերազմ է, ուրիշ բան չէր կարող լինել:

 

Տողում եղած վերջին օրերին անընդհատ լսում էինք, որ ադրբեջանցիները սահմանին կուտակվել են: Հետո մտածում էի՝ լսում էինք այդ ամենը, բայց ինչու չէինք անհանգստանում, չգիտեմ: Տանտիրուհին ասաց՝ պետք է գնաք, կռիվ է սկսվել, նստեցինք մեքենա եւ որոշեցինք հետ գալ: Տողի ճամփաբաժանին Գեորգիի հայրն էր կանգնած՝ խրոխտ կեցվածքով, եթե այս պահին թուղթ ու մատիտ լիներ ձեռքիս տակ, երեւի նկարեի նրան, այնքան է դաջվել հիշողությանս մեջ այդ պատկերը։ Նա Արցախյան առաջին պատերազմի ժամանակ իր փոքր խմբով պաշտպանել է Տողը, ասաց՝ ուր եք գնում, մենք այստեղ եղել ենք ու այստեղ էլ կլինենք, ավելի շատ վտանգի մեջ եք գնում, քանի որ Ստեփանակերտն ավելի շատ է ռմբակոծվում հիմա: Եվ իսկապես, շատ մեքենաներ հակառակ ուղղությամբ էին գալիս, Ստեփանակերտից էին դուրս գալիս: Մի քիչ էլ մնացինք Տողում, բայց ի վերջո հեռացանք։

Լուսինե Հայեսը Լուսինե Հայեսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատերազմից հետո էլի գնացել եմ Արցախ եւ մի բան հստակ է դարձել ինձ համար, անհրաժեշտ է, որ շարժը դեպի Արցախ շատ լինի, ներքին տուրիզմը չպետք է մեռնի, մարդիկ պետք է գնան-գան, ճիշտ է դժվար է, բայց՝ հնարավոր։

 

Իմ առաջին գինու համար ընտրեցի հայկական էնդեմիկ, բայց ներկայում այդքան էլ չտարածված Թոզոտ խաղողի տեսակը։ Այն ոչ միայն հետաքրքիր բնավորություն, այլ հինգերորդ համ ունի՝ ումամի, որն անվանում են նաեւ բարձրասպիտակուցային միացությունների համ: Թոզոտին գինեսերներն արդեն ծանոթ են Zulal-ից, որն այս խաղողից հնեցված գինի է պատրաստել։ Մեր տարբերակը Թոզոտից չհնեցված գինին է։ Գինին ծնվելու եւ մահանալու պահ ունի, ինձ շատ հետաքրքիր է, թե չհնեցված Թոզոտը քանի տարի կարող է ապրել շշում:

 

Լուսինե Հայեսի Ubuntu գինու մասին առաջիկայում ավելի մանրամասն կպատմենք Մեդիամաքսի GastroWino կայքում:

 

Արփի Ջիլավյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին