Իրար կրկնող ճակատագրերը պատերազմի վավերագրող Դավիթ Ղահրամանյանի լուսանկարներում - Mediamax.am

exclusive
2224 դիտում

Իրար կրկնող ճակատագրերը պատերազմի վավերագրող Դավիթ Ղահրամանյանի լուսանկարներում


Լուսանկարը` Գիլադ Սադե

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան


Երիտասարդ լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանին շատերը ճանաչեցին 2020 թվականի պատերազմի ընթացքում, երբ շուրջ երկու ամիս ռազմաճակատից լուրերը ստանում էինք նրա լուսանկարներով: Դավիթը չի սիրում խոսել այդ օրերին իր կատարած աշխատանքի մասին, լուսանկարների մասին պատմելն էլ ծանր է, քանի որ դրանցից շատերում պարփակված են մարդկային ծանր ճակատագրեր:

 

Ցավալի իրադարձություններից 2 տարի անց Մեդիամաքսը զրուցել է պատերազմի վավերագրողի հետ՝ փորձելով բացահայտել նրա լուսանկարներում թաքնված մարդկային պատմությունները:

 

Բարդ երկընտրանք

 

Լուսաբացին, երբ պատերազմը սկսվեց, պայթյունների ձայնից հասկացա, որ պատերազմ է, պատերազմի պայթյուններ էին, այլ տպավորություն չկար: Ինչպես Ապրիլյանի ժամանակ, այնպես էլ այդ պահին իմ քայլը նույնն էր. գնացի մեր տանից ոչ հեռու գտնվող զորամասի մոտ՝ տեսնելու, թե որքանով է պատերազմը լուրջ: Տանկերը, զինվորներն անձնակազմով գնում էին դեպի մարտական դիրքեր: Զինվորների հայացքը տեսա, նրանց աչքերը, ձեռքով էին անում ու բռունցք ցույց տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու: Հենց այդ հայացքներից պատասխանատվություն զգացի, որ ինքս էլ շտապ պետք է մեկնեմ առաջնագիծ: Զգում էի, որ եթե մենք չգնանք, ստացվելու է, որ իրենց մենակ ենք թողնում: Մենք այն հզորությունը չունենք, որ հույսներս դնենք միայն շարքային զինվորի ու բանակի վրա:

Լուսանկարը` Գիլադ Սադե

Գնացի տուն՝ իրերս հավաքելու: Տնեցիներն արդեն գիտեին, որ եթե բարձրացել եմ զորամասի մոտ, ուրեմն գալու եմ, իրերս վերցնեմ ու գնամ: Գնացի զինկոմիսարիատ, արդեն գիտեի, թե որ մարտական դիրքում պետք է լինեմ, նախորդ տարի պարապմունքներ էինք արել, գիտեի նաեւ, թե ում հետ եմ լինելու: Տղերքի հետ արդեն ընկերացել էինք:

 

Բոլորս հավաքվեցինք, նստեցինք ավտոբուսն ու պետք է արդեն շարժվեինք: Այդ պահին Արցախի կառավարությունից զանգ ստացա: Հարցրին, թե որտեղ եմ, պատասխանեցի, որ դիրքեր եմ մեկնում: Ասացին, որ այս պահին չգնամ, երկրի նախագահն է կանչում: Թեկուզ արդեն պատկերացնում էի, թե ինչի համար են կանչում, այդ պահին բավականին բարդ իրավիճակում հայտնվեցի, ընկերներիս թողնել չէի ուզում: Ասացի իրենց, որ, եթե երկրի նախագահն է կանչում, ուրեմն շտապ պետք եմ ինչ-որ կարեւոր գործի համար, ներեցեք ինձ: Տղերքը հասկացան, գիտեին, որ լուսանկարիչ եմ:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Ներկայացա, հետո արդեն կարգադրություններ տվեցին: Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչը պետք է լինեի ու լուսանկարեի կատարվողը: Այդ ժամանակ արդեն Ստեփանակերտը մի քանի անգամ հրթիռակոծվել ու ռմբակոծվել էր, պետք է ավերածությունները լուսանկարեի՝ հիմնականում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փաստահավաք աշխատանքների համար: Հետո ստացվեց, որ նաեւ Հայաստանի տեղեկատվական շտաբի համար էի նկարում, տարբեր լրատվականների էին փոխանցում նկարները:

 

Առաջին մի քանի օրը շատ դժվար էր համարկերպվել այն փաստի հետ, որ դիրքերում չէի: Անընդհատ խնդրում էի, որ դիրքեր գնամ: Ասում էին չէ, քո կարիքը հիմա այստեղ շատ կա: Հետո արդեն երբ տեսա, թե իմ ֆոտոները ոնց են տարածվում լրատվական դաշտում, հասկացա դրանց կարեւորությունն ու ինքս ինձ համոզեցի, որ պետք է փորձեմ իմ պայքարն էլ որպես լուսանկարիչ տանել: Նաեւ մարտական դիրքեր էի գնում լուսանկարներ անելու: Դա իմ պարտականությունների մեջ չէր մտնում, ինքս իմ խղճի համար էի անում, որովհետեւ ուզում էի լուսաբանել հենց առաջնագծի պատերազմը:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Պատերազմի աչքերը

 

Երբ նկարներս տարածվում էին, թե´ ընկերներս, թե´ անծանոթներ հաճախ էին գրում, որ պատերազմի հաղթական ավարտից հետո ցուցահանդես կազմակերպեմ: Ինքս էլ ունեի այդ ցանկությունը: Պատերազմի առաջին օրերին մի տեսակ հավատ կար, որ հաղթելու ենք... Հիմա այդ բառը արդեն դժվար է արտաբերել ... Բայց վստահ եմ, որ մի օր այդ բառի արժեքը մենք նորից կվերականգնենք:

 

Տխուր ավարտ ունեցանք, բայց ցուցահանդես անելու ցանկությունը մեջս մնաց, միայն նպատակս փոխվեց: Այդ լուսանկարներով փորձում էի ցույց տալ այն անմարդկայնությունը, այն ոճրագործությունը, որ կատարվեց մի բուռ ժողովրդի հանդեպ այդ 44 օրերի ընթացքում մի քանի երկրների կողմից, եւ նաեւ լուռ երկրների կողմից, որոնք հավասարապես մեղավոր են ու պատասխանատու տեղի ունեցածի համար: Կապ չունի, թե որ երկրում է պատերազմը, ցավը բոլորի համար նույնն է, աշխարհի յուրաքանչյուր մոր համար իր որդու կորուստը նույնն է: Դրա համար լուռումունջ նայել, թե ոնց են կոտորվում մարդիկ, աշխարհի ամենամեծ հանցագործություններից է: Լուսանկարներով ցույց էի տալիս, թե ինչի հանդեպ են իրենք լուռ մնացել:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Ցուցահանդեսի մեկ այլ կողմում էլ հայ զինվորն էր, ցույց էի տալիս, թե այդ ամբողջ սարսափի մեջ ինչպես էր պայքարում հայ զինվորը: Իրենց աչքերում տեսնում էիր մինչեւ վերջ պայքարելու պատրաստակամությունը:

 

Առաջին ցուցահանդեսը տեղի ունեցավ Երեւանում, հետո՝ նաեւ Ստեփանակերտում: Կազմակերպեցինք Հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի ղեկավար Հերմինե Ավագյանի հետ: Ցուցահանդեսն անվանեցինք «Պատերազմի աչքերը»: Դրանով ուզում էինք ընդգծել, որ պատերազմն էլ աչքեր ունի, եւ այդ աչքերին պետք է կանգնել ու նայել: Եվ մի գուցե այդ ֆոտոներին նայելով՝ ամեն մեկն իր մեջ փորձի ինչ-որ բան փոխել, մի քիչ ավելի բարի դառնալ, այդ կորուստն ու ցավը տեսնելով՝ ինքն իր համար ավելի լավը դառնա, որպեսզի վաղը, եթե նորից պատերազմ սկսվի, ավելի պատրաստ լինենք:

 

«Երանի ծաղիկ նկարած լինեի...»

 

Այդ օրերին ինձ մարդիկ էին հանդիպում ու ասում՝ ինչ լավ ֆոտոներ ես արել: Չգիտեի, թե ինչպես արձագանքել դրան, որովհետեւ ես այդ լուսանկարներում լավ բան չէի տեսնում՝ ավերված շենքեր, լացող մարդիկ: Թե ինչն է դրա լավը, ես չէի հասկանում: Ասում էի, որ երանի թե դրանց փոխարեն ծաղիկ կամ արեւ նկարած լինեի:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Հիմա նոր ցուցահանդեսի գաղափար կա, որտեղ ավելի ջերմ լուսանկարներ կլինեն: Իհարկե, էլի պատերազմի թեմայի շուրջ, բայց հիմնականում հետպատերազմյան շրջանի նկարներ: Գաղափարն անկոտրում ու մարդկանց ներկայացնելն է, որոնք շարունակում են ապրել Արցախում, Հայաստանում ու իրենց ապրելակերպով պայքարում են:

 

Ռմբակոծության տակ ծնված Մոնթեն

 

Սեպտեմբերի 29-ին էր, գնացել էինք Ստեփանակերտի Մոր եւ մանկան ծննդատուն: Այնտեղ մի կին կար, ձեռքը գիպսի մեջ էր, երկաթներ էին ձեռքի մեջ, վերքեր կային երեսին եւ ձեռքերին։ Մահճակալին նստած տխուր դեպի դուրս էր նայում: Բժիշկներից մեկից հարցրեցինք, թե ով է այդ կինը, հետն ինչ է եղել, պատասխանեց, որ Մատաղիս գյուղից է ու պատերազմը սկսելուց ժամեր անց ծննդաբերել է։ Երեխայի անունը Մոնթե են դրել, քանի որ ծնվել է ռմբակոծության տակ՝ բառիս բուն իմաստով:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Երեխային նկարեցի, ծանր վիճակում էր։ Հետո գնացինք մոր մոտ ու սկսեցինք զրուցել։ Աննան պատմեց, որ հենց լուսաբացից, երբ սկսվել է պատերազմը, առաջին արկերն իրենց գյուղի մեջ են ընկել, մեկն էլ հենց իրենց տան կողքին։ Հարեւաններով հավաքվել են, կանանց ու երեխաներին մի մեքենա նստեցրել, որ գնան Ստեփանակերտ։ Աննան էլ 7 ամսական հղի էր, դեռ շուտ էր ծննդաբերության համար։ Ճանապարհին արկն ընկնում է հենց մեքենայի կողքն ու ալիքն այն շպրտում է ձորը։ Վթարի ժամանակ Աննայի ձեռքը վնասվում է, հետո սկսվում են ծննդաբերական ցավերը։ Մի կերպ ձորից դուրս են գալիս ու նրան Ստեփանակերտի ծննդատուն հասցնում, շտապ վիրահատություն էր անհրաժեշտ՝ երեխայի կյանքը փրկելու համար։

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Այդ օրը Աննային հարցրի, թե ինչու է տխուր, չէ՞ որ երեխայի հետ ամեն ինչ կարգին է։ Պատասխանեց, որ ամուսինը դիրքերում է, լուր չունի։ Փառք Աստծո, պատերազմի ավարտից հետո ամուսինն ընտանիք է վերադառնում՝ կնոջ ու երեք երեխաների մոտ։ Աննան մինչեւ այժմ ձեռքի բարդ վիրահատություններ է տանում, որպեսզի կարողանա փրկել ձեռքը, այլապես պետք է անդամահատվի։

 

Ընդհատված մանկությունն ու գտնված արջուկը

 

Պատերազմի օրերից մի նկար ունեմ՝ փափուկ խաղալիք արջուկ է գետնին ընկած հրթիռակոծված շենքի մոտ: Այն խոսում է ընդհատված մանկության մասին։ Խաղալիքն այդպես անօգնական վիճակում չպետք է գետնին ընկած լինի, այլ երեխա պետք է այն գրկի։ Այս նոր ցուցահանդեսի համար փորձում եմ գտնել իմ նկարների հերոսներին, այս նկարի մասին եւս հիշեցի վերջերս ու փորձեցի գնալ դրա հետքերով։

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Գնացի այդ նույն շենքի մոտ, որի բակում ընկած էր արջուկը։ Շենքն արդեն վերականգնել էին, մարդիկ նորից իրենց տներում էին ապրում։ Որոշեցի պատահական մի դուռ ծեծել, նկարը ցույց տալ ու հարցնել։ Պարզվեց, որ հենց արջուկի տիրոջ տան դուռն եմ ծեծել։

 

11-ամյա Արմանի խաղալիքն էր։ Ծանոթացա նրա հետ ու նորից նկարեցի՝ արդեն արջուկին պինդ գրկած․․․ Արջուկի գլխի հատվածում բեկորի տեղ կար, անգամ արջուկն էր տուժել պատերազմից։

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Արմանի մայրը պատմեց, որ պատերազմի ավարտից 2-3 ամիս անց, երբ վերադարձել են տուն, երեխան փնտրում էր խաղալիքն ու չէր գտնում։ Պատուհանագոգին է դրված եղել, երբ ռումբն ընկել է շենքի վրա, ալիքն արջուկին դուրս է շպրտել։

 

Պատերազմից հետո բակերը ավերածություններից մաքրելիս աղբը մի տեղ էին դիզում, որ հետո ամբողջը միասին տանեն։ Մի օր երեխան պատուհանից դուրս նայելիս նկատում է, որ աղբակույտում իր խաղալիքն է։ Սկզբից մայրը չի հավատում, ասում է՝ ոնց կարող է այսքան ժամանակ անց գտնվել խաղալիքը, երեխան պնդում է, որ աղբակույտի միջից երեւում է իր արջուկի ձեռքը։ Գնում տեսնում են, որ հա՝ արջուկն է։

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Սերունդներով կրկնվող ճակատագրեր

 

Քարինտակ գյուղում էինք, Սղնախին մոտ հատվածում։ Այդ ժամանակ Սղնախն այլեւս մեր վերահսկողության տակ չէր։ Թշնամին իջնում էր դեպի Քարինտակ, մեր զորքն էլ էր այնտեղ գնում, ես էլ երկու ռուս լրագրողների հետ այնտեղ էի ուղեւորվում՝ լուսանկարելու մարտական գործողությունները։ Ճանապարհին մեքենա հանդիպեց, մի տղա էր վարում։ Պարզվեց, որ հետախույզ է՝ անունն էլ Անդրեյ։ Սկսեցի խնդրել, որ մեզ իր հետ տանի։ Սկզբում չէր համաձայնում, ասում էր՝ շատ վտանգավոր է, պետք չէ գնալ, հետո ինքը չի կարող մեզ համար պատասխանատվություն ստանձնել, պետք է անընդհատ մեզ հետեւի, մինչդեռ դրա ժամանակը չունի։ Շարունակում էի համոզել՝ ասելով, որ փորձված ենք ու թող պարզապես մեզ տեղ հասցնի իր հետ, միեւնույն է, գնալու ենք, գոնե իր հետ ապահով կլինենք։

 

Նստեցինք Անդրեյի մեքենան։ Իր զենքը տվեց ձեռքիս, ասաց, որ ճանապարհին կարող է պաշտպանվելու անհրաժեշտություն առաջանալ։ Բարեհաջող հասանք տեղ, 7-8 ժամ այնտեղ էինք։ Ես լուսանկարում էի, ռուս լրագրողներն էլ տեսանյութեր էին հավաքում։

 

Այդ ընթացքում Անդրեյը մեր նկատմամբ շատ ուշադիր էր, հոգ էր տանում մեր մասին՝ հանկարծ մեզ մի բան չպատահի։ Մարտական գործողությունների ժամանակ մտերմանալը բոլորովին այլ է, շատ կարճ ժամանակում ուժեղ ընկերություն է ստեղծվում։

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Երբ արդեն մութն ընկավ, որոշեցինք վերադառնալ, քանի որ գիշերային նկարահանման համար համապատասխան տեխնիկա չունեինք։ Մենք ճանապարհ ընկանք, իսկ Անդրեյը մնաց այնտեղ։ Հեռախոսահամարը վերցրել էինք, պարբերաբար զանգում էինք, տեսնենք՝ ոնց է։

 

Մի օր էլ, երբ արդեն Շուշիի համար էին մարտեր ընթանում, զանգում էինք, բայց չէր պատասխանում, հետո արդեն հեռախոսն անջատվեց։ Ենթադրեցինք, որ Անդրեյը զոհվել է, բայց միեւնույն է՝ դեռ հույս էինք պահում, որ գուցե սխալվում ենք ու կհանդիպենք նորից։

 

Պատերազմից հետո պատահական մի գրառում տեսա Անդրեյի նկարով, տեքստից հասկացա, որ զոհվել է։ Արդեն պատրաստ էի դրան, սառնասիրտ էինք դարձել այդ օրերին, զանգում ասում էին ամենահարազատի զոհվելու մասին, էլի ընդունում էիր, ամեն պահի էլ սպասում էիր նման լուրերի։

 

Կապ հաստատեցի Անդրեյի ընտանիքի հետ, կնոջն ասացի, որ ճանաչել եմ ամուսնուն, նրա լուսանկարներից ունեմ։ Կինն այնպես էր նայում ինձ, կարծես երանի էր տալիս իմ աչքերին, որ այդ օրերին Անդրեյին տեսել են։

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Արմինեն հղի էր։ Պատմեց, որ Անդրեյին պատերազմի օրերին է զանգել ու ասել, որ երկրորդ երեխային են սպասում, տղա է։ Սկզբում Անդրեյը ոչինչ չի պատասխանել, անջատել է, հետո երեւի իրեն հավաքել ու նոր հետ է զանգել, ասել է՝ անունն Անդրեյ կդնես ․․․

 

Անդրեյի երեխան էլ հոր նույն ճակատագրին է արժանացել։ Անդրեյի հայրն էլ 90-ականներին անհետ կորել էր, այդպես իրեն էլ հոր անունով են կոչել, բարեբախտաբար, հետո հայրը գտնվել է։ Արմինեն էլ Արցախյան առաջին պատերազմում հորն է կորցրել, նա արդեն չկար, երբ ինքը ծնվեց։ Հիմա էլ Արմինեի երեխան ծնվեց, բայց հայրն արդեն չկա։ Այսպես պատերազմն ամեն ինչ իրար է խառնել։

 

Հիմա Արմինեենց ընտանիքի հետ մտերիմ եմ, վերջերս երեխային մկրտեցին, ես էլ գնացի լուսանկարելու։ Ասել եմ, որ ինչ առիթ լինի, ինձ ասեն, ես պարտք եմ իրենց։

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

«Պետք է զգույշ լինենք մարդկանց հետ շփումներում, մենք չգիտենք նրանց պատմությունը»

 

Մարդկանց հետ շփվում ես ու հասկանում, որ շատերը նույն ծանր ճակատագրին են արժանացել։ Կողքովդ գուցե մարդ է քայլում, որի հայրը կամ եղբայրն էլ չկա, կամ էլ ոտք չունի։ Պետք է զգույշ լինենք մարդկանց հետ շփումներում, մեր վերաբերմունքը պետք է միանգամայն փոխենք, մենք չգիտենք նրանց պատմությունը: Ստեփանակերտում դեպք է եղել, որ մարդու հետ կոպիտ են վերաբերվել, ինքը շալվարը հագը նորմալ քայլում էր, դրա համար չեն իմացել, որ կռվել է ու ոտքը կորցրել...

 

Ինչո՞ւ են մարդիկ մտածում, որ պետք է պատերազմ լինի, նոր իրար մասին հոգ տանեն, մեկին մի բանով օգնեն, իսկ այս հարաբերական ասված խաղաղ կյանքում շատ անմարդկային բաներ են կատարվում։ Հենց դրա հետեւանքն է պատերազմում թույլ լինելը։

 

Գայանե Ենոքյան

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին