Tonica Project. Երաժշտություն սովորեցնող, զգացմունքներ բացող նախագիծը - Mediamax.am

exclusive
2681 դիտում

Tonica Project. Երաժշտություն սովորեցնող, զգացմունքներ բացող նախագիծը


Լուսանկարը` Մեդիամաքս

Գարեգին Քեւնաքսզյանը
Գարեգին Քեւնաքսզյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գարեգին Քեւնաքսզյանը
Գարեգին Քեւնաքսզյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թամարա Աթանեսյանը
Թամարա Աթանեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թամարա Աթանեսյանը
Թամարա Աթանեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Գորգին նստած երեխաները սկզբում ուսումնասիրում են իրենց բաժանված երաժշտական փոքրիկ գործիքները, հետո սկսում են անկանոն «նվագել», լսել դրանց ձայնը։ Ոմանք շրխկան գործիքներն ու զանգակները մոտեցնում են կողքի նստածին՝ ցույց տալու, թե ինչ ձայն է հանում «ձվիկը», ինչպես է զրնգում զանգակը։

 

Երեխաները մասնակցում եմ Tonica Project երաժշտական ծրագրին, որը մուլտֆիլմերի միջոցով սովորեցնում է տարբերակել մեղմ եւ ուժեղ հնչողությունները, ծափերի միջոցով կրկնել ռիթմերը, վերջում, երբ բոլորն արդեն հասկանում են «խմբավարի» ձեռքերի շարժումները, ձեւավորվում է փոքրիկ երաժշտական խումբ եւ երեխաները կարողանում են երաժիշտների հետ միասին տեղում հնչունավորել իրենց սիրած մուլտֆիլմերը, պատկերացնել, թե ինչպես է պատկերը ձայն ստանում։

 

Tonica երաժշտական նախագիծը ձեւավորել են համանուն մշակութային-հասարակական կազմակերպության անդամները՝ մանկատներ, երեխաների աջակցման կենտրոններ այցելելու եւ բարեգործական ծրագրեր ներկայացնելու համար, բայց ընթացքում նաեւ սկսել են կորպորատիվ հանդիպումներ ունենալ։ Մեդիամաքսը ներկա է եղել մասնավոր մանկապարտեզներից մեկում կազմակերպած կորպորատիվ հանդիպման։

 

«Տոնիկա» մշակութային ՀԿ ղեկավար Գարեգին Քեւնաքսզյանը եւ երաժիշտ Թամարա Աթանեսյան ասում են, որ փորձում են մուլտֆիլմերի միջոցով երեխաներին տալ երաժշտական կրթություն, խաղերի միջոցով ծանոթացնել երաժշտական գործիքներին, սովորեցնել ռիթմիկա եւ բացահայտել նրանց երաժշտական ունակությունները։

 

Այցեր մանկատներ

 

Գարեգին Քեւնաքսզյան. Մուլտֆիլմերը կենդանի հնչյունավորելու նախագիծը նորույթ է։ Երբ գաղափար առաջացավ մուլտֆիլմերն առանց խոսքի, միայն երաժշտական գործիքներով հնչյունավորելու եւ երեխաներին կարճ ժամանակահատվածում երաժշտական կրթություն տալու՝ որոշեցինք ճիշտ օգտագործել, իրագործել այն մարդկանց համար, ովքեր դրա կարիքն առավել շատ ունեն։ Առաջնային շեշտը դրեցինք մանկատներ եւ կարիքավոր երեխաներին այցելելու վրա։

Գարեգին Քեւնաքսզյանը Գարեգին Քեւնաքսզյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս նախագծում ներգրավված են նաեւ ջութակահար եւ կոմպոզիտոր Գոռ Կարապետյանը՝ որպես դաշնակահար, եւ թմբկահար Դմիտրի Հովհաննիսյանը։ Խմբի անդամներով 2015-ից սկսած երաժշտական տարբեր նախագծերով այցելում ենք մանկատներ։ Այս նախագծի առաջին այցը եղավ Զեյթուն համայնքի մանկատուն, այնուհետեւ այցելեցինք մյուս մանկատներ, հատուկ կարիքներ ունեցող երեխաների հաստատություններ, երեխաների աջակցության կենտրոններ, հանդիպումներ կազմակերպեցինք զոհված զինծառայողների ընտանիքների համար։

 

Հանդիպումները տեւում են 45-60 րոպե, բայց, մեծ հաշվով, տեւողությունը կախված է խմբից։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծրագրերը նախատեսված է 3-12 տարեկանների համար, մինչեւ 8 տարեկաններին առավել հետաքրքրում են մուլտֆիլմային հատվածները, երբ նրանք բացահայտում են, թե ինչպես են հնչունավորվում, ձայներ ստանում իրենց սիրած մուլտֆիլմերը, իսկ 8-14 տարեկանների համար կազմակերպում ենք «team building»-ներ՝ կրկին երաժշտական մոտեցմամբ, բայց առանց մուլտֆիլմերի, հանդիպումների ժամանակ փորձում ենք տարբեր գործիքներ նվագել, երգել սովորեցնել։

 

Tonica Project-ի ծրագրերն անընդհատ թարմացվում են, փոփոխվում, եւ փորձում ենք այնպես անել, որ ամեն նոր ծրագրի դեպքում կրկին այցելենք բոլոր հաստատություններ։ Երաժշտական մեկ ծրագիր պատրաստելու համար մոտ երկու ամիս է պահանջվում, այդ ընթացքում ընտրում ենք մուլտֆիլմեր, փորձում, թե կենդանի հնչյունավորելու համար ինչ գործիքներ կարող ենք օգտագործել։ Ես, օրինակ, մուլտֆիլմերի ընթացքում ե՛ւ իսկական կլարնետ եմ նվագում, ե՛ւ խաղալիք, այդ գործիքների միջոցով ամենատարբեր հնչյուններ ու ձայներ եմ արտահայտում։

 

Tonica-ն բացահայտում է երեխաների կարողությունները

 

Թամարա Աթանեսյան․ Մուլտֆիլմերն իրենց ակտիվությամբ, դինամիկայով, գույներով միանգամից գրավում են փոքրիկների ուշադրությունը։ Այս ձեւաչափը թույլ է տալիս երեխաների մեծ խմբի, անգամ նրանց, ովքեր ավելի բարդ են միանում խմբային պրոցեսներին, արագ մասնակից դարձնել երաժշտական ծրագրին։ Մի քիչ սերմը գցում ես, երեխաներին հետաքրքրում եւ հետագայում արդեն ինքնուրույն կարող են շարունակել։ Հանդիպումներից շաբաթներ անց էլ երեխաները կարող են հիշել այն, ինչ արել ենք միասին, փորձել կրկնել, ծրագիրը նաեւ թույլ է տալիս բացահայտել նրանց կարողությունները։

Թամարա Աթանեսյանը Թամարա Աթանեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այն, թե հանդիպման ընթացքում որքան կարող ես խորանալ երաժշտության մեջ՝ կախված է երեխաների խմբից, նրանց թվից, տարիքից, այսինքն՝ հնարավոր է այնպես լինի, որ պարզապես մի փոքր ուշադրություն լինի ռիթմին եւ երաժշտական մնացած կարողություններին, բայց ավելի հաճախ հանդիպումն այնպես է զարգանում, որ զգում ենք, թե ինչպես ենք բոլորով մեծ բենդ դառնում։ Նպատակը հանդիպման ընթացքում երեխաների կարողություններն այնպես զարգացնելն է, որ վերջում բոլորով միասին կենդանի կատարմամբ հնչունավորենք մուլտֆիլմ։

 

Ամեն ինչ հերթականությամբ

 

Թամարա Աթանեսյան. Հանդիպման սկզբում երեխաները դիտում են հայտնի մուլտֆիլմ, հետո նրանց հուշում ենք, որ իրենց դիտածը տարբեր էր հեռուստացույցով նայածից, այստեղ է, որ նրանք նկատում են, որ ֆիլմը ոչ թե սկզբնական հնչունավորմամբ է, այլ տեղում մենք ենք նվագում, տարբեր ձայներ հանում։ Այնուհետեւ գալիս է գործիքներին ծանոթանալու փուլը, որից հետո դիտում ենք երկրորդ մուլտֆիլմը, այդ ժամանակ երեխաները պետք է ավելի ուշադիր լինեն՝ հասկանալու՝ թե որ գործիքն է նվագում կատվի քայլելու ժամանակ, ինչ ձայն է գալիս, երբ մուկը վազում է, այսինքն՝ պետք է փորձել ձայները լսել «որպես երաժիշտ»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ երեխաներն արդեն կենտրոնացած են եւ փորձում են հասկանալ մանրամասները՝ սկսում է ինտերակտիվ մասը, ուշադրության, լսողության հետ կապված թեթեւ խաղեր ենք խաղում, որ խումբը կարողանա միաժամանակ գործողություն անել։ Խմբավարական մի քանի վարժություններ եմ անում, որ երեխաները հասկանան, օրինակ՝ երբ ձեռքերս վերեւում բացված են, պետք է բարձր նվագել, երբ խաչված, ապա պետք է լռություն լինի։

Լուսանկարը` Մեդիամաքս

Այսպես, մենք պատրաստվում ենք միասին նվագելու։ Սկզբում փորձում ենք առանց գործիքների, մարմնի ռիթմիկան որպես գործիք օգտագործելով, ռիթմիկ իմպրովիզներ ենք անում։ Հետո բաժանում ենք փոքր գործիքները՝ զանգակներ, շեյքերներ, եռանկյունիներ, եւ սկսում ենք թեթեւ նվագել։ Այս պահը պետք է նուրբ անել, որ աղմուկ չլինի։ Սկզբում կարող է նվագել շեյքերների խումբը, ապա՝ զանգակները, հետո՝ եռանկյունիները, եւ վերջում բոլորին միացնել իրար։ Գործիքների ավելի մեծ տեսականի չենք կարող բաժանել, որ կարողանանք պրոցեսը իրականացնել ու կառավարել։

Լուսանկարը` Մեդիամաքս

Այնուհետեւ սահուն անցնում ենք երրորդ մուլտֆիլմին եւ երեխաները բենդի հետ միասին սկսում են մուլտֆիլմը նվագել։ Վերջում եւս մեկ մուլտ ենք դիտում, որի ժամանակ նաեւ երգել ենք սովորում։ Վերջին մուլտն էլ նվագում ենք, երգում եւ ավարտում ծրագիրը։

 

Մեր հանդիպումների ծրագրերը նման չեն դասական ստեղծագործության, որ նոտաներով կարողանաս նվագել, նախապես աշխատում ենք, փորձեր անում, բայց ամեն ինչ տեղում է մշակվում։ Բացի այն, որ էկրանին ցուցադրվող մուլտֆիլմը պետք է լցնել ճիշտ ձայներով, կարեւոր է նաեւ այնպես անել, որ բոլոր ձայները միասին աղմուկ չդառնան։ Թայմինգի խնդիր եւս լինում է, որովհետեւ պետք է նվագել՝ հասցնելով հետեւել կադրերին, սինխրոն թարգմանության նման է, ուշացար՝ վերջ, կադրն արդեն փոխվել է։

 

Երաժշտությունը բացում է զգացմունքները

 

Թամարա Աթանեսյան․ Տարբերությունը միշտ ակնհայտ է՝ հանդիպումը կորպորատիվ է, թե բարեգործական։ Կորպորատիվ հանդիպումների ժամանակ երեխաներն ավելի սովոր են տարբեր միջոցառումների, իսկ հատուկ հաստատություններում արձագանքներն ավելի տարբեր են լինում, երեխաներն ավելի կենտրոնացած են լինում, պատրաստ քեզ հետ աշխատելու, քեզնից ամեն ինչ վերցնելու։ Նրանք գիտեն, որ կարող ենք կրկին այցելել, բայց նաեւ հասկանում են, որ հնարավոր է երկրորդ անգամ չլինի։ Տարբեր են նաեւ հատուկ կարիքներով երեխաները։ Նրանք շատ ավելի զգայուն են երաժշտության հանդեպ։ Ծրագրերը միշտ հարմարեցվում են խմբերին, ավելի հաճախ՝ հենց տեղում։

Թամարա Աթանեսյանը Թամարա Աթանեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լավ է, երբ խմբում առավելագույնը 25 երեխան է լինում։ Հանդիպման ժամանակ մի երեխան կարող է շատ ոգեւորվել, «իրենով անել» միջոցառումն ու մյուսներն էլ ճնշվեն դրանից։ Մեծ խմբերի դեպքում կարող ես չնկատել, իսկ մինչեւ 25-ի դեպքում կարողանում ես բոլորին ներգրավվել ծրագրում։

 

Երեխաներից շատ բան եմ սովորել, երաժշտությունն էլ բացել է իմ զգացմունքները, ինքնաճանաչողությունն ուժեղացրել, որի շնորհիվ ավելի բաց եմ երեխաների հետ, երաժշտությունը նույն կերպ էլ երեխաներին է օգնել։ Մենք բոլորս միասին հայտնվում ենք միջավայրում, ուր ունենք փոխհամաձայնություն ինչ-որ հետաքրքիր գործ անելու, երաժշտությունը սիրելու։ Այս կերպ ավելի հեշտ է մարդկանց հասկանալ։ Սկզբում նկատում էի հոգեբանի մասնագիտության ազդեցությունը հանդիպումների վրա, իսկ հիմա այնքան եմ երաժշտության մեջ երեխաների հետ աշխատել, որ չգիտեմ՝ հոգեբանությո՞ւնն է ազդել, երաժշտությո՞ւնը, թե՞ երեխաները։

Լուսանկարը` Մեդիամաքս

Երեխաները հեշտությամբ են շփման մեջ մտնում, երբ անկեղծ ես, կարգադրություններ չեն հասկանում։ Այն պահին, երբ հանդիպումն ավարտվում է եւ պետք է հավաքել գործիքները, նրանք հիմնականում հեշտությամբ վերադարձնում են, որովհետեւ հասկանում են, որ դրանք բերվել էին հատուկ միջավայր ստեղծելու համար։

 

Կորպորատիվ միջոցառումներ՝ բարեգործականի համար

 

Գարեգին Քեւնաքսզյան․ Նախագիծը սկսել է բարեգործական ծրագրի համար, բայց մեր ծրագրերն ավելի առաջ են, քան ֆինանսական հնարավորությունները։ Այս պահին Տավուշի մարզի 500 երեխայի համար նախագիծ ունենք, որը, սակայն, չունի հովանավոր։ Մտադիր ենք նաեւ մյուս մարզեր այցելել, եւ վերջապես այս նորույթը ներկայացնել Հայաստանի սահմաններից դուրս։

Գարեգին Քեւնաքսզյանը Գարեգին Քեւնաքսզյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երեւանում այցերը կարողանում ենք իրականացնել նվազագույն միջոցներով, հովանավորների շնորհիվ, ում աջակցությամբ նաեւ երաժշտական գործիքներն ենք ձեռք բերել, բայց մարզային այցերի ճանապարհածախսը, կեցության ծախսերը հոգալու, նաեւ նոր գործիքների գնելու համար ավելի մեծ միջոցներ են պետք։

 

Tonica Project-ը մեկնարկել է 2021 թվականի նոյեմբերին եւ մինչեւ տարվա ավարտը անվճար բարեգործական հանդիպումներին մասնակցել է 400 երեխա։ Այս տարվա համար կազմել ենք բարեգործական մի քանի ծրագիր եւ վստահ ենք, որ մասնակիցների թիվը կանցնի 1000-ը։

 

Անի Խչոյան

 

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին