Լալայանների ներկան, որ մնացել է անցյալում - Mediamax.am

exclusive
3831 դիտում

Լալայանների ներկան, որ մնացել է անցյալում

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Վարդուկ եւ Սալիմ Լալայանները՝ Այնթապի իրենց տան բակում

Վահրամ Լալայանի աշխատությունը՝ նվիրված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկին

Լալայանների ավագ որդու՝ Խաչատուրի լուսանկարը
Լալայանների ավագ որդու՝ Խաչատուրի լուսանկարը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Սալիմ եւ Վարդուկ Լալայանները Եռաբլուրում՝ Վահրամի շիրիմի մոտ
Սալիմ եւ Վարդուկ Լալայանները Եռաբլուրում՝ Վահրամի շիրիմի մոտ

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Արծիվ Լալայանը
Արծիվ Լալայանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

«Ռայ» սրճարանը, որտեղ ժամանակավոր ապրում էր Արծիվ Լալայանի ընտանիքը
«Ռայ» սրճարանը, որտեղ ժամանակավոր ապրում էր Արծիվ Լալայանի ընտանիքը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Տաթեւը՝ Վէմի հետ
Տաթեւը՝ Վէմի հետ

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Ընտանիքի ժամանակավոր կացարանը, որի պատերին Արծիվի, նրա կնոջ՝ Տաթեւի ու երեխաների նկարած նկարներն են

Պատերազմից հետո ծնված Վէմը
Պատերազմից հետո ծնված Վէմը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Բնանկար Հադրութի շրջանից, Լալայանների ընտանիքի արխիվային լուսանկար
Բնանկար Հադրութի շրջանից, Լալայանների ընտանիքի արխիվային լուսանկար

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Խաչատուրը
Խաչատուրը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Տեսարան Մեծ Թաղեր գյուղից, Լալայանների ընտանիքի արխիվային լուսանկար
Տեսարան Մեծ Թաղեր գյուղից, Լալայանների ընտանիքի արխիվային լուսանկար

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Լալայանների ընտանիքի արխիվային լուսանկար
Լալայանների ընտանիքի արխիվային լուսանկար

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Տաթեւի նկարները, որ մնացել են Մեծ Թաղերի իրենց տանը, եւ պահպանվել են միայն դրանց լուսանկարները

Նուռը՝ իրենց ժամանակավոր կացարանի խոհանոցում
Նուռը՝ իրենց ժամանակավոր կացարանի խոհանոցում

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Լալայանների բազմանդամ ընտանիքը՝ իրենց ժամանակավոր կացարանում
Լալայանների բազմանդամ ընտանիքը՝ իրենց ժամանակավոր կացարանում

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Տեսարան Մեծ Թաղեր գյուղից, Լալայանների ընտանիքի արխիվային լուսանկար
Տեսարան Մեծ Թաղեր գյուղից, Լալայանների ընտանիքի արխիվային լուսանկար

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Արծիվի արխիվայի լուսանկարը՝ ապրիլյան քառօրյա պատերազմից
Արծիվի արխիվայի լուսանկարը՝ ապրիլյան քառօրյա պատերազմից

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Լալայանների ընտանիքի արխիվային լուսանկար
Լալայանների ընտանիքի արխիվային լուսանկար

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Արծիվը՝ Ստեփանակերտի հրապարակում՝ 44-օրյա պատերազմի զոհերի լուսանկարների պաստառի մոտ
Արծիվը՝ Ստեփանակերտի հրապարակում՝ 44-օրյա պատերազմի զոհերի լուսանկարների պաստառի մոտ

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Վարդուկ եւ Սալիմ Լալայանների կրտսեր որդին` Վահրամը, զոհվել է 2020-ի պատերազմում։ Ավագ որդուն` Խաչատուրին, նրանք կորցրել են առաջին պատերազմում:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Լալայանների ընտանիքը Լեռանային Ղարաբաղի Հադրութի շրջանից է։ Նրանց գյուղը՝ Մեծ Թաղերը, 44-օրյա պատերազմի հետեւանքով անցել է Ադրբեջանին։ Մի քանի ամիս Ստեփանակերտում ապրելուց հետո ամուսինները տեղափոխվել են Հայաստան՝ Արարատի մարզի Այնթապ գյուղ։

Այստեղ տուն են գնել զոհվածների ընտանիքներին պետության հատկացրած գումարով, բարեկամների աջակցությամբ, նաեւ ոսկյա զարդերն են վաճառել, որ մայրը գնել էր Վահրամի ապագա կնոջ համար։

Վարդուկ եւ Սալիմ Լալայանները՝ Այնթապի իրենց տան բակում Վարդուկ եւ Սալիմ Լալայանները՝ Այնթապի իրենց տան բակում

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Տարեց ամուսինները, որ միշտ Հադրութում են ապրել, հիմա դժվարանում են հարմարվել նոր կյանքին։ Հարեւանները ջերմ են, տունը լավն է, մեծ այգի ունեն, բայց սրտով Հադրութում են, որտեղ մեծացրել են իրենց զավակներին ու թոռներին։

«Էն օրը եկել էին, որ գազն անցկացնելու համար չափումներ անեին, Սալիմն ասում է՝ դուրս եկեք, գնացեք, մենք էստեղ չենք մնալու, մեր գյուղ ենք վերադառնալու»,- պատմում է տիկին Վարդուկը։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Սենյակի անկյունում Խաչատուրի ու Վահրամի նկարներն են: Նրանց կորուստը Վարդուկ ու Սալիմ Լալայանների չսպիացող վերքն է։

«Որ Խաչատուրը զոհվեց, շատ ողբացինք, շատ այրվեցինք լալուց, բայց մի քիչ էլ սփոփվում էինք՝ տղա ենք ծնել, գնացել է, հողը պահել։ Զոհվել է, բայց մեր հողը մնացել է, դեռ պապական հողերն էլ վերականգնվել են։ Բայց էս մեկը բոլորովին ուրիշ բան էր՝ հա՛մ հողերը գնացին, հա՛մ էդքան ջահել երիտասարդները գնացին, հա՛մ էլ փոքր, ամենասիրած տղաս՝ Վահրամը»,-ասում է տիկին Վարդուկը։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Առաջին պատերազմին մասնակցել են նրանց չորս տղաները՝ Խաչատուրը, Գառնիկը, Արծիվն ու Վահրամը։ Երեքը վիրավորվել են։ Վահրամին, որ այն ժամանակ դեռ 17 տարեկան էր, գլխի մի քանի վիրահատություններից հետո կարողանում են փրկել։ Խաչատուրին օգնել չի հաջողվում։

Արդեն 30 տարի է անցել, բայց մոր խիղճը հանգիստ չէ։ Հիշում է տղայի վերջին խնդրանքը, որ չկատարեց։

«Խաչոն ասում ա՝ մամա՛, մի քիչ մածուն տուր։ Գյուղից բերած մածուն ունեի, բայց չտվեցի։ Ասում եմ՝ չի կարելի, մատաղ լինեմ, սպասի վիրահատությունից գոնե երկու ժամ անցնի։ Կողքը պառկած հիվանդներին տվեցի, Խաչատուրին չտվեցի, ու դա ինձ ցավ է մնացել։ Ի՞նչ իմանայի, որ իր վերջին խոսքերն են լինելու»։

Լալայանների ավագ որդու՝ Խաչատուրի լուսանկարը Լալայանների ավագ որդու՝ Խաչատուրի լուսանկարը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Տղաներից մնացած իրերը տիկին Վարդուկի համար մասունք են դարձել։ Ցույց է տալիս Վահրամի աշխատությունը, որ լույս է տեսել նրա մահից հետո։ Վահրամն աստվածաբան էր, պատմական գիտությունների թեկնածու, Գրիգոր Նարեկացու հոգեւոր եւ գրական ժառանգությամբ էր զբաղվում։ Ղեկավարում էր Արցախի «Գր. Նարեկացի» համալսարանի պատմության ամբիոնը, որը հիմա նրա անունն է կրում։

2020-ի պատերազմին, չնայած հաշմանդամությանը, Վահրամը Հադրութի դիրքերն էր պահում։

Տեսարան Մեծ Թաղեր գյուղից, Լալայանների ընտանիքի արխիվային լուսանկար Տեսարան Մեծ Թաղեր գյուղից, Լալայանների ընտանիքի արխիվային լուսանկար

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Տիկին Վարդուկը հիշում է՝ իրենց գյուղն աստիճանաբար դատարկվում էր. մնացել էին մի քանի մեծահասակներ ու Արծիվի ընտանիքը՝ կինն ու չորս երեխաները։ Զանգել, որդուն համոզում էր, որ դիրքերից գա, ընտանիքին Երեւան ճանապարհի։

«Զանգեցի, բայց համ էլ անհանգստանում եմ. թուրքերն արդեն շրջափակել են Հադրութը, մտածում եմ՝ ոտքով է գալու, հանկարծ չընկնի դրանց ճանկը, ես դառնամ Արծիվի զոհվելու պատճառը։ Շատ էի մտածում, մեկ էլ տեսնեմ՝ դարպասը բացվեց, 3 զինվոր մտան։ Ասում եմ՝ Սալի՛մ, ովքե՞ր են։ Ասում ա՝ Վահրամը, Գառնիկը, մեկ էլ Արծիվը։ Կյանքումս մի անգամ եմ էդքան սրտանց ուրախացել»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Կանանց ու երեխաներին ուղարկում են Երեւան, երեք եղբայրները հոր հետ մնում ու շարունակում են հսկել գյուղը, բայց հոկտեմբերի 22-ին ադրբեջանցիներն արդեն Մեծ Թաղերում էին։

Տան բակում Վահրամը զոհվում է դիպուկահարի կրակոցից։ Եղբայրները նրա մարմինը դնում են մեքենան, բայց շարժվել չեն կարողանում՝ կրակոցները մոտենում են ու սաստկանում։ Ստիպված տների արանքով հեռանում են գյուղից։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Վահրամի մարմինը գտնում են 2 ամիս անց եւ հուղարկավորում Եռաբլուրում։

Տարեց ամուսինների հետ այցելում ենք զինվորական պանթեոն։

«Որ գալիս եմ էստեղ, կարծես թե իմ հարազատ տանը լինեմ։ Ժամերով նստում եմ»,- ասում է տիկին Վարդուկը։

Եռաբլուրում հարեւանությամբ թաղված զինվորների ծնողներն արդեն հարազատացել են։ Մեկը մյուսի պատմությունը գիտի, իրար խունկ ու ծաղիկներ են փոխանցում։

Սալիմ եւ Վարդուկ Լալայանները Եռաբլուրում՝ Վահրամի շիրիմի մոտ Սալիմ եւ Վարդուկ Լալայանները Եռաբլուրում՝ Վահրամի շիրիմի մոտ

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Տիկին Վարդուկը ծաղիկների փնջից մի քանի ճյուղ առանձնացնում ու Վահրամի կողքին թաղված համագյուղացու՝ շարքային Մարսել Չթչյանի տապանաքարին է դնում։

75-ամյա կինը երկար տարիներ Մեծ Թաղերի միակ մանկաբարձն է եղել։ Հիշում է՝ ծնունդն ինքն էր ընդունել, տան երրորդ տղան էր։ Մայրն ուզում էր անունը Մարսել դնել, հայրը դեմ էր։ Ինքն է բարեխոսել։ Հետո հիշում է Եռաբլուրում հուղարկավորված մյուս համագյուղացուն՝ Գոռին, որին մայրն աշխարհ էր բերել 38 տարեկանում, մեծ դժվարությամբ։

«Մեր գյուղից 27 հոգի է զոհվել, բոլորը Եռաբլուրում են։ Որի գերեզմանին գնում են՝ իմ ազատած երեխան է։ Էնպես լավ եմ հիշում՝ որն ինչպես է ծնվել, որի հայրը ծնվելուց հետո ինչ է ասել։ Բոլորի համար լաց եմ եղել, որովհետեւ բոլորն իմ ձեռքով են անցկացել»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Լալայանների կյանքում անցյալն ավելի ներկա է, քան՝ այսօրը։ Իրականության հետ չեն հաշտվում։ Չեն հաշտվում մտքի հետ, որ Խաչատուրի գերեզմանը մնացել է Հադրութում։ Եռաբլուրում մի քիչ մխիթարվում են։

Տիկին Վարդուկն ասում է՝ գիշերները պառկում ու երկար ժամանակ քնել չի կարողանում։ Բոլորը հերթով գալիս են աչքին, փորձում է անցյալում մի բան փոխել՝ եթե այսպես լիներ, Խաչատուրը չէր զոհվի, եթե այնպես վարվեին, Վահրամը ողջ կմնար...

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Հիմա տարեց ամուսինները կիսված են անցյալի ու ներկայի, Արցախի ու Հայաստանի միջեւ։ Մեկ տարի առաջ կիսվեց նաեւ նրանց մեծ ընտանիքը։ Որդիները՝ Արցախում, ծնողները Հայաստանում են։

Արծիվ Լալայանի ընտանիքը շարունակում է ապրել Ստեփանակերտում

Արծիվ Լալայանը, նրա կինը՝ Տաթեւն ու 5 երեխաները Ստեփանակերտ են վերադարձել պատերազմի ավարտից մի քանի ամիս անց։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Մեր այցելության պահին նրանք ժամանակավոր բնակվում էին քաղաքի կենտրոնում գտնվող «Ռայ» սրճարանում։ Հիմա երկսենյականոց բնակարան են ստացել։

Պատերազմից հետո ծնված Վէմը Պատերազմից հետո ծնված Վէմը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Ընտանիքում բոլորը նկարում են, ու սրճարանի պատերն էլ իրենց նկարներով էին ծածկել։ Մեծ Թաղերում մնացած նկարները հիշողությամբ վերականգնել են։ Բնապատկերներում Հադրութն է։ Որ փոքրերը գյուղը չմոռանան, հաճախ խոսում, լուսանկարներն են թերթում։

Լալայանների ընտանիքի արխիվային լուսանկար Լալայանների ընտանիքի արխիվային լուսանկար

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Տան երեւացող հատվածում Խաչատուրի, Վահրամի եւ Տաթեւի եղբոր՝ 44-օրյա պատերազմում զոհված Սասուն Ամիրջանյանի նկարներն են։

Արծիվը հիշում է Մեծ Թաղերից դուրս գալու վերջին օրը։  Իր ու կնոջ նկարներն էր տեղավորում մեքենայում, երբ լսեց Վահրամի ձայնը՝ վիրավորվեցի։

Արծիվ Լալայանը Արծիվ Լալայանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

«Ոտքի վերեւի մասից էր վիրավորվել, գլխավոր երակն էր կտրվել։ Արյունը, ջրափոսի նման, միանգամից լցվեց։ Մոտ 5 րոպե ձեռքերիս մեջ պահեցի, գիտակցությունը կորցրեց ու միանգամից մահացավ։ Թուրքերը կրակում էին, ես էլ՝ իրենց ուղղությամբ, բայց արդեն մոտեցող գլուխներ էի տեսնում։ Մինչեւ Գառնիկի գալը՝ Վահրամի մարմինը քաշելով, շորերս արյունոտելով տարա, դրեցի մեքենայի մեջ, բայց կար  միայն մեկ՝ նրանց մոտով անցնող ճանապարհ, իսկ նրանք խփում էին՝ դիմացից, կողքից։ Մեքենայով գնալը վտանգավոր էր։ Ստիպված մի երկու ժամ մնացինք, թողեցինք, տների արանքով ոտքով դուրս եկանք»։

Արծիվի արխիվայի լուսանկարը՝ ապրիլյան քառօրյա պատերազմից Արծիվի արխիվայի լուսանկարը՝ ապրիլյան քառօրյա պատերազմից

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Երեք օրից եղբայրները որոշում են վերադառնալ գյուղ՝ Վահրամի մարմինը հանելու կամ գյուղում թաղելու։ Շեխեր գյուղի մոտ հայ դիրքապահների հետ պայմանավորվում են՝ հետ գալուց զանգեն, զգուշացնեն, որ վերադառնում են։ Լավ ծանոթ անտառներով հասնում են Մեծ Թաղեր, հետո, մի քանի անգամ ադրբեջանցի զինվորներին դժվարությամբ շրջանցելով՝ տուն։ Մեքենան բակում էր, բայց Վահրամի մարմինը ներսում չէր։

«Մտանք տուն, լրիվ տակնուվրա էր արված։ Մի երկու ֆոտո վերցրեցի, մի բանկա մեղր, Արշիլ Գորկու գիրքը, ու թողեցինք, դուրս եկանք»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Մոտ երկու ամիս անց Մեծ Թաղերում սկսվում են որոնողական աշխատանքները։ Դրանց նաեւ Արծիվն է մասնակցել՝ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցների, ռուս խաղաղապահների ու ադրբեջանցի սպայի հետ։

Որպես տարածքը լավ իմացող՝ Արծիվն առջեւից գնացող մեքենայում է եղել՝ ադրբեջանցի վարորդի ու սպայի հետ։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

«Թուրք (նկատի ունի ադրբեջանցի-խմբ․) սպայի հետ ռուսերեն էինք խոսում, բայց վարորդը ռուսերեն ոչ մի բառ չգիտեր։ Սպան ասում է՝ կռվե՞լ ես։ Ասում եմ՝ հա, թեթեւ կռվել եմ, ու մտքումս ասում եմ՝ որ կարգին կռված լինեինք, դուք էստեղ չէիք լինի։ Էդպես տարբեր թեմաներով խոսելով գնացինք»։  

Գյուղում գտնում են Վահրամի, երեք ժամկետային զինծառայողների եւ երկու սպանված բնակիչների մարմինները։

Արծիվը, ադրբեջանցի սպայի ու Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարի հետ մտնում է իրենց տուն։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

«Տնից մի երկու ալբոմ վերցրի, հեքիաթների գրքեր։ Կարող էի մեր նկարներից էլ վերցնել, բայց թուրքերը հարեւանի նոր սարքած տնից նայում էին՝ ոնց որ հանդիսություն լիներ։ Մտածում էի, որ վերցնեմ, շալակեմ, կարող է ծիծաղեն վրաս։ Ասացի՝ դե լավ, եթե կորցրել եմ, մինչեւ վերջ կորցնեմ, ամեն ինչ կորցնեմ»։

Լալայանների բազմանդամ ընտանիքը՝ իրենց ժամանակավոր կացարանում Լալայանների բազմանդամ ընտանիքը՝ իրենց ժամանակավոր կացարանում

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Լուսանկարները Լալայանների համար մասունք են դարձել։ Թերթում են ալբոմները՝ Տաթեւի ու Արծիվի հարսանիքն է, երեխաները՝ Մեծ Թաղերի լեռներում, բնանկարներ։

Իրականության հետ չեն հաշտվում։ Չգիտեն՝ ինչ հրաշքով, բայց երազում են Հադրութ վերադառնալու մասին։

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյանի

Այս նախագիծն իրականացվել է Հանրային լրագրության ակումբի՝ «ԵՄ-ն հանուն խաղաղության» ծրագրի «խաղաղաշինության արդյունքների պահպանում, մեդիա տարածում եւ նյութերի վերլուծություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացնվում է Միջազգային Ալերտի կողմից եւ ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին