«IT Artashat». 26-ամյա Սերինեի հիմնած կենտրոնն ընդդեմ արտագաղթի - Mediamax.am

exclusive
2768 դիտում

«IT Artashat». 26-ամյա Սերինեի հիմնած կենտրոնն ընդդեմ արտագաղթի


Լուսանկարը` Մեդիամաքս

Սերինե Մխիթարյանը
Սերինե Մխիթարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Համայնքային զարգացումը «կաղում է» հատկապես Երեւանին մոտ գտնվող մարզերում: Դեպի մայրաքաղաք ճանապարհը հաղթահարելն ու Երեւանում հնարավորություններ փնտրելը, հաճախ, ավելի գերադասելի է, քանի որ տեղում արժեք ստեղծելը բավականին մեծ ջանքեր է պահանջում: Սակայն կան բացառություններ...

 

Արդեն մեկ տարի է Արտաշատ քաղաքում գործում է «IT Artashat» ծրագրավորման կենտրոնը, որը տրամադրում է թվային մասնագիտությունների ուսուցում: Կենտրոնի հիմնադիր-տնօրենը 26-ամյա Սերինե Մխիթարյանն է, որը Երեւանում ավելի բարձր վարձատրությամբ աշխատանքի փոխարեն գերադասել է նոր հնարավորություններ ստեղծել իր սրտի քաղաք Արտաշատում:

 

Մեդիամաքսը զրուցել է նրա հետ 0-ից ծրագրավորման կենտրոն ստեղծելու եւ մարզում թվային ոլորտի կրթության զարգացման կարևորության մասին:

 

14 սանից՝ 150

 

«Արարատի մարզում IT կենտրոններ չկային, մինչդեռ համայնքի զարգացման գործում դրանք շատ կարեւոր դեր ունեն: Ցանկանում էի նպաստել մեր մարզի զարգացմանը եւ դրա համար էլ որոշեցի հիմնել «IT Artashat» ծրագրավորման կենտրոնը»,- պատմում է Սերինե Մխիթարյանը:

Սերինե Մխիթարյանը Սերինե Մխիթարյանը

 

Նա մասնագիտությամբ ինժեներ է: Այս ընտրության հիմքում խնդիր լուծելու իր հմտությունն է, որը սկսել է դրսեւորվել դեռեւս դպրոցական տարիքից: Սովորել է Երեւանի պետական համալսարանում, այնուհետեւ հմտությունները զարգացրել IT կենտրոններում սովորելով եւ ֆինանսական համակարգում աշխատելով:

 

Սերինեն երեխաների հետ աշխատել շատ է սիրում. գրեթե 6 տարի տանը դասապատրաստում է իրականացրել աշակերտների հետ:

 

«Հնարավորություն ունեցա նաեւ սահմանամերձ գյուղերում գրեթե 4 ամիս կամավոր կերպով ծրագրավորում դասավանդելու: Հետո ավելի զարգացրի գիտելիքներս ու մտածեցի, որ դրանցով պետք է կիսվեմ մեր մարզի այն երեխաների հետ, որոնք գուցե Երեւան գնալու եւ կրթություն ստանալու հնարավորություն չունեն»,- հիշում է Սերինեն:

Լուսանկարը` Մեդիամաքս

Որոշում է խաղերի ծրագրավորման դասընթացի մասին հայտարարություն տալ իր անձնական հարթակում՝ սահմանելով բավականին մատչելի գին: Մոտ 70 հայտ է ստանում, հետո դիմորդներից ընտրում ամենաընդունակներին եւ 2021 թվականի օգոստոսին մեկնարկում դասընթացը 14 հոգանոց խմբի հետ: Այսօր արդեն «IT Artashat» կենտրոնն ունի շուրջ 150 ուսանող:

 

Ամեն ինչ 0-ից՝ սեփական միջոցներով

 

Սկզբնական շրջանում դասընթացները միայն երեխաների համար էին, դրա համար էլ կենտրոնը կոչվում էր «Coding for kids»: Հետագա անվանափոխությունը կապված է նրա հետ, որ հետզհետե դասընթացների պահանջարկը սկսել է աճել ու հետաքրքրել նաեւ մեծահասակներին:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սկիզբը շատ դժվար էր: Երբ նոր էի մեկնարկում, անգամ իմ անձնական laptop-ը չունեի, որպեսզի կարողանայի ինձ հետ տեղափոխել դասավանդման տարածք: Պարապմունքների համար մատչելի տեղ գտնելը եւս խնդրահարույց էր: Սկզբում ինձ մարզային գրադարանն աջակցեց՝ ժամային վարձակալությամբ տարածք տրամադրելով ընթերցասրահում: Ուսանողների առաջին խմբի հետ այնտեղ էինք պարապում շաբաթական երկու օր, իսկ երրորդ դասն անում էինք հեռավար: Հետո կարողացա սենյակ վարձակալել Մշակույթի տանը: Այնտեղ էլ ժամային որոշակի անհարմարություններ կային, նաեւ սենյակն էր փոքր: Հիմա, վերջապես, գտել եմ համեմատաբար ավելի ընդարձակ տարածք, բայց, քանի որ օրեցօր ուսանողների թիվը շատանում է, այն եւս արդեն չի բավականացնում»,- պատմում է Սերինեն:

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա մտադիր է աջակցության համար դիմել Արտաշատի քաղաքապետարանին, քանի որ կենտրոնի գործունեությունն ուղղակիորեն նպաստում է համայնքի զարգացմանը: Մինչ այս, ամբողջն անձնական խնայողություններով է արել՝ հետզհետե ավելացնելով համակարգիչների քանակը, գնելով գույք, անգամ սեփական ձեռքերով կատարելով ներքին հարդարման աշխատանքներ:

 

Պրակտիկ հմտություններ

 

Այժմ կենտրոնում առկա է դասընթացների բազմազանություն, որոնք մեկնարկել են ելնելով պահանջարկից: Դրանք են՝ խաղերի ծրագրավորում, վեբ ծրագրավորում, խոսակցական անգլերեն (նաեւ IT ոլորտի բառապաշարի ուսուցում), Microsoft Word, Exel եւ հաշվապահական համակարգի ծրագրեր, ինչպես նաև գրաֆիկական դիզայն: Սրանցից ամենապահանջվածը, թերեւս, խաղերի ծրագրավորումը եւ վեբ ծրագրավորումն են:

Լուսանկարը` Մեդիամաքս

Դասընթացների ամսական արժեքը տատանվում են 15-30 հազար դրամի շրջանակում: Բացի այդ, կենտրոնում միակողմանի ծնողազուրկ երեխաները սովորում են 50% զեղչով, իսկ երկկողմանի ծնողազուրկները՝ բացարձակ անվճար: Ունեն նաեւ անապահով ընտանիքներից ուսանողներ, որոնց եւս անվճար ուսուցման հնարավորություն են ընձեռել՝ հաշվի առնելով բարձր ընդունակությունները:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այս կարճ ժամանակում կարողացանք մեծ համբավ ձեռք բերել՝ շնորհիվ դասավանդման բարձր որակի, որի մասին վկայում են մեր՝ կայքեր պատրաստելու մեջ արդեն հմուտ 11-12 տարեկան ուսանողները: Կենտրոնի կայքի վրա եւս մեր սաներն են աշխատել: Կրթության ընթացքում շեշտադրում ենք կատարում պրակտիկ հանձնարարությունների վրա, որոնք իրականացնելիս ուսանողներն աշխատում են իրական նախագծերի հետ: Յուրաքանչյուր ամիս ունենում ենք քննության նման մի բան, որով ստուգում ենք ուսանողի առաջադիմությունն ու ըստ դրա որոշում՝ տվյալ ուսանողը կարո՞ղ է շարունակել կուրսը, թե՞ ոչ: Այս ճանապարհով է, որ ունենում ենք լավ շրջանավարտներ, որոնց էլ օգնում ենք ստանալ պրակտիկայի եւ աշխատանքի հնարավորություն»,- մանրամասնում է Սերինեն:

 

Սաների ոգեւորությունը

 

Սերինեն իր ուսանողներին մշտապես ասում է, որ եթե ինժեներ ես, պետք է ունենաս խնդիր լուծելու հմտություն: Սաների ծնողներից շատերն են այս հմտության զարգացումը նկատում իրենց երեխաների մոտ նաեւ առօրյա կյանքում:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ծնողներից մեկը մի անգամ պատմեց, որ երեխան ասել է՝ մամա´, չլուծվող խնդիր չկա, ընկեր Սերինեն ասել է, որ պետք է խնդիրը բաժանել փոքր կտորների ու քիչ-քիչ լուծել այն: Ինձ շատ ուրախացնում է նաեւ երեխաների ոգեւորությունը, որն ապրում են, երբ իրենց գրած կոդն աշխատում է: Կենտրոնացած, լարված նստած են լինում, մեկ էլ տեղից վեր են թռչում ու գոռում՝ աշխատե˜ց: Հետո սաներիս դասընկերները եւս սկսում են հաճախել, եւ դա նշանակում է, որ կենտրոնը ճիշտ է աշխատում»,- պատմում է Սերինեն:

 

Թիմի համալրումը

 

Լավ մասնագետներով թիմն ընդլայնելը Սերինեին հեշտ չի տրվել: Սկզբնական շրջանում կենտրոնի միակ աշխատակիցն ինքն էր, սակայն այժմ «IT Artashat»-ն ունի 5 հիմնական, եւ 2 օգնական աշխատակիցներ: Վերջիններս կենտրոնի դասընթացը բարձր առաջադիմությամբ ավարտած ուսանողներից են:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հենց Արտաշատից աշխատակիցներ չունենք, հիմնականում մարզի գյուղերից են, նաեւ Վեդիից: Հատկապես ծրագրավորման մասնագետների գտնելը դժվար է: Շատերը նախընտրում են գնալ Երեւան եւ բարձր վարձատրվող աշխատանք ունենալ: Նա, ով կարողանում է լավ կոդ գրել, գերադասում է այդպես գումար աշխատել, քանի որ ծրագրավորման դասավանդումը դրանից ֆինանսապես պակաս շահավետ է: Քիչ են մարդիկ, որ գաղափարապես ցանկանում են կիսել իրենց գիտելիքը: Չնայած այդ դժվարությանը, մեզ հաջողվել է նման մարդկանցով համալրել մեր թիմը»,- պատմում է Սերինեն:

 

Հայրենի մարզում աշխատելու հնարավորություն

 

Սերինեն իր բոլոր ծրագրերը կապում է Արտաշատի հետ. այն իսկապես իր սրտի քաղաքն է: Նախքան ծրագրավորման կենտրոնի հիմնումն էլ փորձել է հասարակական գործունեություն ծավալել՝ 2020 թվականի ընթացքում հիմնելով «Իմ սրտի քաղաք Արտաշատ» ֆեյսբուքյան համայնքը:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Շատ ուրախ կլինեմ, որ Արտաշատում շարունակեն թվային կենտրոններ բացվել: Թվային մասնագիտություններ տալով՝ մենք կօգնենք, որ մարդիկ աշխատանքի փնտրտուքով Երեւան չգնան կամ երկրից չարտագաղթեն, այլ կարողանան իրենց հայրենի վայրից աշխատել, նաեւ կիսվել իրենց հմտություններով:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարզերում իսկապես շատ դժվար է աշխատանք գտնելը, մինչդեռ թվային աշխարհում բոլորը հավասար են: Մենք մեր ուսանողներին նաև ցույց ենք տալիս օնլայն աշխատելու հնարավորությունները: Հետագա ծրագրերից մեկն էլ այն է, որ մեր կենտրոնը ավելի մեծ պատվերներ վերցնի՝ ուսուցման պրակտիկ աշխատանքներն ուսանողների համար դարձնելով վարձատրվող»,- մանրամասնում է կենտրոնի հիմնադիրը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Զուգահեռաբար Սերինեն շարունակում է կատարելագործել ՏՏ ոլորտի իր գիտելիքները՝ հետագայում դրանց կենտրոն բերելու եւ իր փորձով շարունակաբար կիսվելու համար: Առաջիկայում նա կրթական ծրագրով կմեկնի Բելգիա՝ գիտելիքները զարգացնելու արհեստական բանականության ոլորտում: Նա նպատակ ունի «IT Artashat»-ում դասավանդելու նաեւ այդ ուղղությունը՝ տալով այնպիսի որակ, որի շնորհիվ ոչ թե Արտաշատից կգնան Երեւան, այլ Երեւանից կգան Արտաշատ՝ սովորելու արհեստական բանականություն:

 

Գայանե Ենոքյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին