«Carpet Jam». Լավ երաժշտությունն ու 64 տարեկանում սկսված նոր կյանքը - Mediamax.am

exclusive
4313 դիտում

«Carpet Jam». Լավ երաժշտությունն ու 64 տարեկանում սկսված նոր կյանքը


Լուսանկարը` Մեդիամաքս

Արթուր Աղաջանյանցը
Արթուր Աղաջանյանցը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արթուր Աղաջանյանցը
Արթուր Աղաջանյանցը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արթուր Աղաջանյանցը
Արթուր Աղաջանյանցը

Լուսանկարը` Մեդիամաքս


Եթե մեկն Արթուր Աղաջանյանցին ասեր, որ 64 տարեկանում տեղափոխվելու է այլ երկիր, նոր մասնագիտություն ու զբաղմունք է ունենալու եւ ամբողջովին փոխելու է իր կյանքը, կմտածեր՝ անհնար է։

Արթուր Աղաջանյանցը Արթուր Աղաջանյանցը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մասնագիտությամբ շինարար Արթուրը մոտ 40 տարի ապրում ու աշխատում է Ամերիկայում։ Որպես զբոսաշրջիկ եկավ Հայաստան ու հասկացավ՝ վերադառնալ չի ուզում։ Քանաքեռավանում հողատարածք գնեց, որ տարեց սփյուռքահայերի համար տների կառուցման ծրագիր սկսի, ու ինքն էլ աստիճանաբար տեղափոխվի Հայաստան։ Նախագիծը պատրաստ էր, կառավարության, շինարարների հետ քննարկումները՝ ընթացքի մեջ, երբ սկսվեց կորոնավիրուսի համավարակը։ Հայտարարվեց կարանտին, չվերթները չեղարկվեցին։ Արթուրը մնաց Երեւանում՝ մենակ, առանց ծանոթների։ Հիշեց իր պատանեկության երազանքն ու կիթառ գնեց։

Արթուր Աղաջանյանցը Արթուր Աղաջանյանցը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ես Պարսկաստանում եմ ծնվել, եւ երաժշտության նկատմամբ սերը դեռ մանկուց կար, կիթառներ ունեի, ոչ պրոֆեսիոնալ, բայց նվագում էի։ Այն ժամանակ շատ ցածր աչքով էին նայում երաժշտական խմբերին։ Պապաս կասեր՝ Պարսկաստանն այն տեղը չէ, որտեղ երաժշտությամբ պիտի զբաղվես»։

 

 

Մոտ 50 տարի անց՝ Երեւանում, Արթուրը գրեց իր առաջին երգը։ Ասում է՝ այդ ընթացքում որեւէ զբաղմունք չուներ ու միտքն այնքան պարզ էր՝ պատրաստ ստեղծագործելու։ Հետո պատահաբար ծանոթացավ մի երաժշտի հետ, որն առաջարկեց.

 

«Արի գնանք, «զապիս» անենք։ Ասում եմ՝ «զապիսն» ի՞նչ է։ Ասում է՝ «ռիքոռդ» անենք։ Մի երգ ձայնագրեցինք, տեսա՝ հետաքրքիր է։ Ասացի՝ էլի երգեր ունեմ, ասաց՝ դե բեր։ Էդպես 2, 3, 5, 10 երգ ձայնագրեցինք»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Արթուրն ինքը չի երգում, ասում է՝ ձայնային տվյալները ներում են միայն, որ երգիչներին բացատրի՝ ինչպես է պետք կատարել երգը։ Այդ պատճառով սկսեցին երգիչներ փնտրել ու ձայնագրել երգերը։ Հետո դա էլ քիչ թվաց, տեսահոլովակներ նկարեցին։ Արթուրը հիմնեց «Levels High» ընկերությունը, յութուբում էջ բացեց ու սկսեց ներկայացնել հոլովակները։

 

Գործընթացը հետաքրքիր էր, ոգեւորիչ, բայց հետագա անելիքներն ու նպատակները հստակեցնելու խնդիր կար։ Ամերիկյան հաջողված հարթակների օրինակով՝ որոշեց հայ երաժիշտներին ներկայացնելու համար համացանցային մի հարթակ ստեղծել՝ «Carpet Jam»-ը։

 

 

Սկսեց ակումբներ գնալ, երաժիշտների հանդիպել, ներկայացնել նախագիծն ու հրավիրել համագործակցության։ Սկզբում քիչ հայտնի, հիմա ավելի ճանաչված կատարողներ ու խմբեր են միանում, երաժիշտներն արդեն իրենք են դիմում «Carpet Jam»-ին։

Լուսանկարը` Մեդիամաքս

Երգերը ձայնագրում ու տեսահոլովակները հիմնականում նկարում են Կոմպոզիտորների միության շենքում՝ «Ալֆա սաունդ» ձայնագրման կենտրոնում։ Որպես նախագծի խորհրդանիշ՝ հայկական կարպետը կա գրեթե բոլոր տեսահոլովակներում։ Ֆինանսական բոլոր ծախսերն Արթուրն է հոգում՝ առայժմ շահույթ չստանալով։ Հաջորդ քայլը նախագիծը սփյուռքում ճանաչելի դարձնելն է։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մեր նպատակն է, որ «Carpet Jam»-ի անունն այնքան տարածվի, որ ինքն իր մասին խոսի, որ հաջողված արտիստներն էլ ուզենան գալ, ներկայանալ։ Նպատակ ունենք տարածվել նաեւ սփյուռքում, որ էնտեղի երիտասարդները տեսահոլովակներ սարքեն, ուղարկեն մեզ, ներկայացնենք։

 

 

Եթե նախագիծը միջազգային ճանաչում ունենա, շատ օգտակար կլինի մեր երիտասարդ երաժիշտների համար։ Էստեղ ում հետ խոսում եմ, բոլորն ուզում են սփյուռքում հաջողել, գումար աշխատել։ Ինչքան հասցրել եմ հասկանալ, երաժիշտների եկամտի հիմնական աղբյուրը համերգներն ու հարսանիքներն են։ Բայց ամեն երաժշտական խումբ չէ, որ հրավիրվում է։

Լուսանկարը` Մեդիամաքս

Եթե ես 15 տարեկանում երաժշտական դպրոց գնալու հնարավորություն ունենայի, կարող է՝ իմ կյանքի ընթացքը փոխվեր։ Բայց հիմա առիթը կա, ինչո՞ւ երիտասարդներին ներկայանալու հնարավորություն չտանք»,-ասում է «Carpet Jam»-ի հիմնադիրը։

 

 

Ի սկզբանե հարթակը նախատեսված էր հեղինակային երգերի համար։ Բայց հետո կատարողները սկսեցին Կոմիտասի հետաքրքիր մշակումներ ներկայացնել, հայտնի համաշխարհային հիթեր՝ փոխված գործիքավորմամբ ու հաճախ՝ հայերեն թարգմանված տեքստերով։ Ժամանակի ընթացքում հստակեցվեց նաեւ ժանրային ուղղվածությունը։

 

 

«Վերջին ամիսներին հասկացել ենք, որ մեր ներկայացրած երաժշտությունը՝ ջազ, ռոք, 16-17 տարեկանները շատ չեն լսում։ Հիմա բոլորին հետաքրքրում է փոփ, հիփ-հոփ, ռեփ, R&B։ Մենք որոշել ենք այդ 4 ճյուղերը զարգացնել ու գնալ երիտասարդների հետեւից։ Հավատս չի գալիս, թե ինչքան տաղանդավոր երաժիշտներ կան Հայաստանում»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մոտ 80 տեսահոլովակ արդեն ցուցադրել են։ Այսպիսի հարթակները միշտ թարմացվող բովանդակություն են պահանջում։ Իրենք փորձում են շաբաթը 2 նոր հոլովակ տեղադրել։ «Carpet Jam»-ի հիմնադիրն ասում է՝ եթե նախագիծը հաջողի, գուցե տաղանդավոր արտիստների պրոդյուսերությամբ զբաղվեն։

 

 

Չնայած իր ամբողջ ժամանակն Արթուրը նվիրել է հարթակի աշխատանքներին, բայց իր առաջին նպատակը, որի համար եկավ Հայաստան, չի մոռանում։ 44-օրյա պատերազմից հետո շինարարական ծրագիրը վերսկսել չի կարողանում՝ ներդրողները հրաժարվել են, նորերին գտնել դեռ չի հաջողվում։ Բայց չի հուսահատվում, ապագայի իր բոլոր ծրագրերը Հայաստանի հետ է կապում։

Արթուր Աղաջանյանցը Արթուր Աղաջանյանցը

Լուսանկարը` Մեդիամաքս

«3 տարի առաջ ես մտածեցի, որ շատ հրաշալի կլինի շինարարական ծրագրեր իրականացնեմ այստեղ, բայց երաժշտությունը եկավ մեջտեղ, իմ կյանքի երկու սերերը միաժամանակ հայտնվեցին նույն տեղում, ու դրան գումարվեց հայկական գործոնը։ Երեւանում ես նորից երիտասարդացել եմ։ 64 տարեկանում մի քիչ անհավանական է այսպիսի հնարավորությունը, երազների մեջ եմ դեռ։ Պատահում է՝ առավոտներն արթնանում ու չեմ հավատում աչքերիս։

 

20 տարի ապրել եմ Պարսկաստանում, 40 տարի՝ Ամերիկայում, 20 տարի էլ Հայաստանում ապրեմ, ու դա կլինի մի հրաշալի կյանք, չէ՞»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Արթուրի ընտանիքն Ամերիկայում է։ Տարվա ընթացքում մի քանի անգամ այցելում է նրանց։ Կարոտին դիմանալը դժվար է, բայց, ասում է, հարազատներս ուրախանում են իմ ուրախությամբ։

 

 

«Իմ տարիքի ընկերներս խանդում են ինձ։ Ասում եմ՝ դուք էլ արեք, էստեղ կա ձեր կարիքը, ձեր գաղափարները, գումարները բերեք, սա մեր երկիրն է։ Բայց շատերը մի քիչ արագ են ծերացել ու ծույլ են, գերադասում են հանգստությունը, մեծ փոփոխություններ չեն ուզում անել։ Բայց մի կյանք է, ավելին չունենք ապրելու։ Պիտի լավ ապրենք, բարի լինենք, ուրախ։

 

 

Ընկերներիս, երեխաներիս ասում եմ, որ ամեն 10 տարին մեկ պիտի մենք մեզ փոխենք։ Երկրագունդն է փոխվում, մենք չենք կարող նույնը մնալ, պիտի աճենք։ Բայց կարեւորը՝ ով ինչ անում է, անի սիրով։ Երբ մի բան սիրելով ես անում, հաջողելու շանսն ավելի մեծ է»։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին