Հաշմանդամություն ունեցող ուսանողները՝ ապագա հատուկ մանկավարժներ - Mediamax.am

exclusive
2607 դիտում

Հաշմանդամություն ունեցող ուսանողները՝ ապագա հատուկ մանկավարժներ


Աստղիկ Ալավերդյանը
Աստղիկ Ալավերդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալլա Սահակյանը
Ալլա Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալլա Սահակյանը
Ալլա Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալլա Սահակյանը
Ալլա Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալլա Սահակյանը
Ալլա Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալլա Սահակյանը
Ալլա Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Աստղիկ Ալավերդյանը
Աստղիկ Ալավերդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աստղիկ Ալավերդյանը
Աստղիկ Ալավերդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աստղիկ Ալավերդյանը
Աստղիկ Ալավերդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Գեւորգյանը
Տիգրան Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Գեւորգյանը
Տիգրան Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Գեւորգյանը
Տիգրան Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայկական Պետական մանկավարժական համալսարանի Կրթության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի հոգեբանության բաժնի 1-ին կուրսում սովորում է 202 ուսանող, Սկզբնական կրթություն ֆակուլտետի 1-ին կուրսում ուսանողների թիվը 135 է, պարային մանկավարժություն էլ, որը Կուլտուրայի ֆակուլտետի բաժիններից է, սովորում է 85 ուսանող. ընդհանուր՝ ավելի քան 400 ուսանող՝ միայն առաջին կուրսերում։

 

Մինչդեռ Հատուկ եւ ներառական կրթության ֆակուլտետի բոլոր կուրսերում՝ բակալավրից մագիստրատուրա, հեռակա եւ առկա, սովորում է ընդամեն 468 ուսանող, եւ այդ թիվը տարեցտարի կրճատվում է։ Այս ֆակուլտետը պատրաստում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց հետ աշխատող մասնագետներ։ Օրինակ՝ տիֆլոմանկավարժության բաժնում (տիֆլոմանկավարժը տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ աշխատող մասնագետն է) սովորում է 16 ուսանող։ 4 տարի առաջ 58-ն էին։ Լսողության խնդիրներ ունեցող անձանց կրթությամբ զբաղվող սուրդոմանկավարժության բաժինը 4 տարի առաջ՝ 75, հիմա 39 ուսանող ունի։ Օլիգոֆրենոմանկավարժության (մտավոր զարգացման խնդիրներ ունեցող երեխաների կրթությամբ զբաղվող մանկավարժ) բաժնում սովորողները 41–ն են։

 

Հատուկ մանկավարժ դառնալ ցանկացողների թիվը նվազում է, մասնագետների պակասը՝ մեծանում, հատկապես, մարզերում։

 

«Հենց հիմա Գեղարքունիքում, Կոտայքում, Շիրակում ու էլի մի շարք մարզերում մասնագետների կարիք ունենք։ Հայտարարություններ ենք տվել մի քանի անգամ, նաեւ փորձել ենք մանկավարժական համալսարանից տվյալ մարզի նախորդ տարիների շրջանավարտների բազան դուրս բերել, հրավեր ուղարկել, բայց մասնագետների խնդիր դեռ կա»,- ասում է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսյա Սվաջյանը։

 

Թե որքան կարեւոր է հատուկ մանկավարժի աշխատանքը, գիտեն հատկապես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մարդիկ։ Մեդիամաքսը հանդիպել է հաշմանդամություն ունեցող ուսանողների, որոնք պատրաստվում են դառնալ հատուկ մանկավարժ։ Նրանք ցանկանում են օգնել երեխաներին հաղթահարել այն խնդիրները, որոնց բախվել ու մինչ օրս բախվում են իրենք։

 

Աստղիկ Ալավերդյան. «Ժեստերի լեզուն շատ բարդ, բայց շատ հետաքրքիր է»

 

 Հյուսիսային պողոտայով Աստղիկի հետ քայլում ենք Հայաստանի խուլերի միավորման պալատ։

 

- Կուզե՞ս մի բան սովորեցնեմ,- հարցնում է ու աջ ձեռքով, ներքեւից վերեւ, թեթեւ հպվում ուսին։ Ժեստերի լեզվով դա «բարեւ»-ն է։

 

Աստղիկն ասում է, որ լսողության խնդիրներ ունեցող մարդկանց հաճելի է, երբ դիմացինը փորձում է շփվել իրենց «լեզվով»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ժեստերի լեզու Աստղիկ Ալավերդյանը գիտի ցածր դասարաններից։ Արցախի Ճարտար քաղաքում ծնված աղջիկը մինչեւ 7 տարեկան չէր խոսում, չէր լսում։ Ծնողները նրան Երեւան՝ թույլ լսողների դպրոց էին բերել։ Մի տարի սովորել ու վերադարձել էր Արցախ: Լսողական սարքերի օգնությամբ արդեն լսում, խոսում էր։ Քանի որ Արցախում հատուկ դպրոց չկա, Աստղիկը կրթությունը շարունակել է Ճարտարի հանրակրթական դպրոցներից մեկում։ Ասում է՝ դժվար էր, բայց ուսուցիչներն ու դասընկերներն օգնում էին, բացթողումները լրացնում էր դասերից հետո՝ պարապմունքների միջոցով։

 

«Երեւանից Արցախ տեղափոխվելուց դժվարություններ ունեցա, բայց ուսուցիչների, երեխաների շնորհիվ կարողացա առաջ նայել, օգնեցին, որ չմեկուսանամ, մենակ չզգամ։ Ինձ ընդունում էին՝ ինչպիսին կամ։

 

Թելադրության ժամանակ դիմացն էի նստում, ուսուցիչը մոտ էր կանգնում, բարձր էր թելադրում, մի քանի անգամ կրկնում էր։ Եթե դժվար բառեր էին լինում, դասընկերներիս էի նայում, օգնում էինք միմյանց։ Բայց կան բաներ, որ չպետք է օգնեն, որ կարողանաս ինքնուրույն անել»։

 

Ընտանիքի, դպրոցի շնորհիվ Աստղիկը երբեք չի զգացել խտրական վերաբերմունք, բայց, ասում է, լսողության խնդիրներ ունեցող մարդիկ սոցիալացման, կրթություն ստանալու, հասարակություն դուրս գալու խնդիր ունեն։ Ու այդ պատճառով դպրոցն ավարտելուց հետո որոշեց սուրդոմանկավարժ՝ լսողության խանգարումներով երեխաների կրթությամբ ու դաստիարակությամբ զբաղվող մասնագետ դառնալ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիմա Աստղիկը Երեւանի մանկավարժական համալսարանի հատուկ եւ ներառական կրթության ֆակուլտետի երկրորդ կուրսում է սովորում։ Քանի որ Արցախի համալսարանում համապատասխան բաժին չկա, իսկ սուրդոմանկավարժների կարիքը մեծ է, պետությունը վճարում է Աստղիկի ուսման վարձը՝ պայմանով, որ ավարտելուց հետո վերադառնա Արցախ՝ աշխատելու։

 

«Շատ կարեւոր է, որ հաշմանդամություն ունեցող անձինք ներառվեն հասարակություն։ Արցախում շատերը չեն շփվում ժեստերի լեզվով, շատերը դուրս չեն գալիս տնից։ Ովքեր ուզում են սովորել, պիտի Երեւանի հատուկ դպրոց գան, բայց ֆինանսական խնդիրների պատճառով շատերը չեն կարողանում գալ ու զրկվում են կրթությունից»։

Աստղիկ Ալավերդյանը Աստղիկ Ալավերդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Համալսարանին զուգահեռ Աստղիկը խուլերի միավորման պալատում ժեստերի լեզվի դասերի է գնում։ Ասում է՝ ժեստերի լեզվի թարգմանիչն առանձին մասնագիտություն է, բայց լավ կլինի, որ այս լեզուն նաեւ սուրդոմանկավարժներն իմանան։

 

«Ժեստերի լեզուն օտար լեզու է։ Շատ բարդ է, բայց շատ հետաքրքիր։ Ժեստերից բացի կարեւոր է դիմախաղը, շրթունքների հստակ շարժումը, որ քեզ հասկանան։

Աստղիկ Ալավերդյանը Աստղիկ Ալավերդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շատ ծնողներ թույլ չեն տալիս երեխաներին ժեստերի լեզու սովորել, որովհետեւ ուզում են, որ  երեխան անպայման խոսի։ Թող աշխատեն, ամեն հնարավոր բան անեն, որ խոսի, բայց եթե վերջում չստացվի, էդպե՞ս են թողնելու երեխաներին։ Ինչպես բոլոր մարդիկ ազատ շփվում են իրար հետ, գիտելիք են ձեռք բերում, ես ուզում եմ, որ լսողության խնդիրներ ունեցող մարդիկ էլ նույնն անեն ժեստերի միջոցով»։

 

Հիմա Աստղիկը դպրոցում պրակտիկա է անցնում։ Ասում է՝ երեխաների հետ աշխատանքը շատ է սիրում։ Փորձում է համալսարանում ու դրանից դուրս, որքան հնարավոր է, շատ գիտելիք ձեռք բերել, որ հետո աշխատանքն արդյունավետ լինի։ Աստղիկը երջանկանում է, երբ շրջապատը հետաքրքրվում է լսողության խնդիրներ ունեցող մարդկանց հարցերով։

Աստղիկ Ալավերդյանը Աստղիկ Ալավերդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հաճախ կուրսեցիներս էլ են ինձ հետ ժեստերի լեզվով շփվում։ Պրակտիկայի ժամանակ աղմուկ էր շուրջս, չէի հասկանում, եւ աղջիկներից մեկը ժեստերի լեզվով հստակ բացատրեց ինձ։ Չեմ կարող նկարագրել, թե ինչքան ուրախ եմ, որ իրենք սովորում են ու նաեւ փորձում են ինձ հետ շփվել։ Փողոցում նույնպես ժեստերի լեզվով ենք խոսում, բոլորը նայում են, բայց մեզ համար միեւնույն է»։

 

Աստղիկը հստակ չգիտի, թե Արցախում լսողության խնդիրներ ունեցող քանի մարդ կա, բայց վստահ է, որ պատերազմից հետո այդ թիվն աճել է։ Ուսումն ավարտելուց հետո անելիք շատ ունի։

 

Տիգրան Գեւորգյան. «Ես երբեւէ տանը չեմ ուսանել, եւ դա ինձ օգնել է ազատ լինել»

 

Մերսող, դիմահարդար, վարսավիր, խոհարար, լողորդ... Տիգրան Գեւորգյանի մասնագիտությունների շարքը երկար է, բայց 27-ամյա տղան, որ Դաունի համախտանիշ ունի, 3 տարի առաջ հասկացավ՝ իրեն մանկավարժի կրթությունն է պակասում։

 

Որոշ փորձ արդեն ուներ. «Սովորեցրու ինձ ավելին» կենտրոնում հատուկ մանկավարժի օգնական էր։ Աուտիզմ, զարգացման հապաղումներ ու մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին օգնում էր գույներն ու երկրաչափական պատկերները սովորել։

 

«Մի օր եկավ, ասաց՝ ես չեմ ուզում լինել մանկավարժի օգնական, ուզում եմ ինքս լինել մանկավարժ։ Չեմ ուզում հետեւել հրահանգներին, ուզում եմ ինքս հրահանգներ տալ»,- հիշում է մորաքույրը՝ Իռենը, որը Տիգրանի մոր մահից հետո տղայի համար մայր ու մորաքույր է։

 

Հիմա Տիգրանը Մանկավարժական համալսարանում օլիգոֆրենոմանկավարժություն է սովորում, որ զբաղվի մտավոր զարգացման խնդիրներ ունեցող երեխաների կրթության եւ դաստիարակության հարցերով։

 

Տիգրանը ցույց է տալիս դիդակտիկ նյութերը, որոնցով ուսումնական պրակտիկայի ընթացքում աշխատում է երեխաների հետ։

 

«Փորձում ենք աուտիկ երեխաների խաղային ուսուցումն եւ մանր մոտորիկան  զարգացնել։ Աուտիկ երեխաների խոսքն աղքատիկ չէ, ուղղակի մի քիչ չխոսկան են, բայց զարգացնող խաղերով կարող են ակտիվ եւ լիարժեք առողջ լինել»։

Տիգրան Գեւորգյանը Տիգրան Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրանն իր փորձով գիտի՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար շատ կարեւոր է ընտանիքի աջակցությունը։ Ասում է՝ նպատակ ունի նաեւ ծնողներին օգնել, որ չամաչեն, չթաքցնեն իրենց երեխաներին, այլ օգնեն հասարակություն մտնել, իրենց հնարավորություններն իրացնել։

 

«Ուզում եմ, որ ծնողները չքաշվեն, երեխաների ձեռքից բռնած հանգիստ տանեն դուրս, չառանձնացնեն շրջապատից։ Ուզում եմ ցերեկային կենտրոններ լինեն, որ երեխաները տանը չմեկուսանան։ Շրջապատի մեջ երեխան կարող է ավելի շատ զարգանալ։ Չեմ ուզում, որ ծնողները երեխաների համար տնային ուսուցում կազմակերպեն։ Ես երբեւէ տանը չեմ ուսանել, եւ դա ինձ օգնել է ազատ լինել»։

 

Տիգրանը երրորդ կուրսում է սովորում։ Համալսարան գնում է հաճույքով։ Հիմնական դժվարությունը դասախոսությունները գրի առնելն է. չի հասցնում։ Եթե անհասկանալի հարցեր են լինում, կուրսընկերներն օգնում են։

Տիգրան Գեւորգյանը Տիգրան Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դասերին զուգահեռ նաեւ պարի ու թատերական խմբակ է գնում, «Արեւային զանգակներ» երաժշտախմբի անդամ է։ Հատուկ օլիմպիական խաղերի լողի մրցումների 2 ոսկե ու 1 արծաթե մեդալակիր Տիգրանն աուտիզմ ունեցող երեխաներին օգնում է լողալ սովորել։ Զբաղվածությունը շատ է, բայց, ասում է, այդ ամենն իրեն ուժ է տալիս։

Լուսանկարը` Մեդիամաքս

Նպատակ ունի ուսումը շարունակել, ուզում է սոցիալական մանկավարժություն սովորել։ Տարբեր մասնագիտություններ փորձելուց հետո հասկացել է, որ իր երազածը երեխաների հետ աշխատանքն է։

 

«Առանձնահատուկ կարիքներով երեխաների հետ աշխատելու համար պետք է իրենց սիրել, համբերատար լինել։ Երեխաներն ինձ շատ լավ են վերաբերվում։ Հաճախ գալիս դիպչում են ինձ, թշիկներիս։ Նշանակում է՝ մեր կոնտակտը ստացվել է։ Իրենք լիարժեք ընդունում են ինձ»։

 

Ալլա Սահակյան. «Մարդու հաշմանդամությունը տեսանելի է դարձնում պետությունը»

 

Ալլա Սահակյանն իր առաքելությունն է համարում օգնել տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց՝ դառնալ ինքնուրույն, կրթված, ակտիվ։ Ալլան ինքը մնացորդային տեսողություն ունի եւ սովորել է տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում։ Ասում է՝ դպրոցն ու հատկապես ընտանիքը շատ են նպաստել իր ինքնուրույն դառնալուն։

 

«Մամաս երբեք չի ասել՝ չես տեսնում, չես կարող, նստի, ես քո փոխարեն կանեմ»։

 

Ավելի ինքնուրույն Ալլային համալսարանն է դարձրել։

 

«Մի անգամ եղբայրս տարավ դասի, երկրորդ անգամ տարավ, հետո հասկացա՝ ինչպե՞ս կարող եմ իրեն անընդհատ նեղություն տալ։ Որոշեցի, որ պետք է գործի դնեմ հիշողությունս, ոտքերիս տակտի զգացողությունը»։

 

Հիմա Ալլան տիֆլոմանկավարժության (տեսողական խնդիրներ ունեցող երեխաների կրթությամբ եւ դաստիարակությամբ զբաղվող մանկավարժություն) բաժնի 5-րդ կուրսում է սովորում։ Ազատ տեղաշարժվում է սպիտակ ձեռնափայտի օգնությամբ, որը տեսողության խանգարումներ ունեցող մարդկանց ճանապարհի ամենալավ ընկերն է։

Ալլա Սահակյանը Ալլա Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դասերից բացի, Ալլան խաղում է կույր ֆուտբոլ ու համակարգում թիմի աշխատանքները, պաշտպանում է տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց շահերը, «Լիարժեք կյանք» հկ-ում տիֆլոմանկավարժ է։ Այստեղ տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց սովորեցնում է սպիտակ ձեռնափայտով քայլելու, տեղեկատվական տեխնոլոգիաներով տարածքում կողմնորոշվելու հմտությունները։

 

«Մինչեւ աշխատանքը սկսելը, բոլորի ախտորոշումներին ծանոթանում եմ, ընթացքում դիտարկում եմ շահառուին, որ հասկանամ՝ ինչպես խաղերը հարմարեցնեմ իրեն։ Եթե ունի պահպանված տեսողություն, օգնում եմ, որ ճիշտ օգտագործի տեսողությունը, ուշադրությունը կենտրոնացնի, որովհետեւ փողոց դուրս գալը մեծ պատասխանատվություն է, հատկապես՝ Հայաստանում։ Դու պիտի զգոն լինես, որ կարողանաս լիարժեք ապահովել անվտանգությունդ»։

Ալլա Սահակյանը Ալլա Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տարիներ առաջ Ալլան ինքն է մասնակցել այս ծրագրին, որն իրականացվում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ֆինանսավորմամբ։ Թեեւ դասերն անվճար են, բայց հետաքրքրվողները շատ չեն։ Ալլան ասում է՝ բոլոր միջոցառումներին, դասընթացներին նույն մարդիկ են մասնակցում, շատերը պարզապես խուսափում են։

 

«Հիմա ավելի շատ են հնարավորությունները, նույնիսկ՝ սպորտով զբաղվելու, բայց չեն գալիս, հասարակության մեջ ներառվելու հարց կա։ Համաձայն եմ, որ շատ չլուծված խնդիրներ կան, բայց պետք է տնից դուրս գաս, որ այդ խնդիրները լուծվեն։

Ալլա Սահակյանը Ալլա Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մենք նաեւ գլոբալ խնդիր ունենք. կան ծնողներ, որ թաքցնում են իրենց երեխաներին։ Եղել են դեպքեր, որ դպրոցն է գտել երեխային, փորձել ընդգրկել։ Երբեմն ստացվել է, երբեմն՝ ոչ։ Շատ բան կախված է ընտանիքից։ Տանը փակելով՝ խոչընդոտում են երեխաների զարգացմանը»։

Ալլա Սահակյանը Ալլա Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալլան ընտրել է տիֆլոմանկավարժությունը, որ օգնի երեխաներին շրջանցել խնդիրները, որոնց ինքն է բախվել։ Ասում է՝ ներառական կրթություն իրականացնող հանրակրթական դպրոցները մատչելի չեն տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Նույնը՝ համալսարանները։ Մինչդեռ կան խնդիրներ, որոնց լուծումը մեծ բարդություն չէ. օրինակ՝ դեղին գծանշումներ, որոնք կօգնեն տեսողության խնդիր ունեցող մարդուն փողոց անցնել կամ աստիճաններով բարձրանալ-իջնել։

 

«Մարդու ֆիզիկական խնդիրը, հաշմանդամությունը տեսանելի է դարձնում պետությունը։ Եթե մարդու համար ամեն բան արված է, որ բոլորի հետ հավասար պայմաններում սովորի, աշխատի, խնդիր չի լինի։ Իմ ու ձեր տարբերությունն այն է, որ դուք ինչ-որ բան աչքերով եք անում, ես՝ շոշափելով։ Դուք աչքերով եք գիրք կարդում, ես՝ շոշափելով, բայց գործողությունը նույնն է՝ գիրք կարդալը։

Ալլա Սահակյանը Ալլա Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ստեղծվել է այնպիսի կարծրատիպ, որ հաշմանդամություն ունեցող անձը ոչինչ չի կարող անել։ Մենք փորձելու ենք կոտրել այդ կարծրատիպը։ Եթե ես ծնվել եմ, շատ լավ է։ Ունեմ այս խնդիրը, դա էլ է լավ։ Ես միշտ ասել եմ՝ եթե կյանքը մարդուն խնդիրներ է տալիս, դա ավելի ուժեղ է դարձնում նրան։ Հասկանում է՝ եթե այս խնդիրը լուծի, իր կյանքն ավելի լավը կդարձնի»։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին