Նկարչական նախաճաշեր. մոսկովյան ավանդույթի «ռելոկացիան» - Mediamax.am

exclusive
2392 դիտում

Նկարչական նախաճաշեր. մոսկովյան ավանդույթի «ռելոկացիան»


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Աշխենի աշխատանքը նկարչական նախաճաշից
Աշխենի աշխատանքը նկարչական նախաճաշից

Լուսանկարը` Մեդիամաքս

Աշխեն Մուրադյանը
Աշխեն Մուրադյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պոլինա Կալաշնիկովան
Պոլինա Կալաշնիկովան

Լուսանկարը` Մեդիամաքս

Սառայի աշխատանքները նկարչական նախաճաշերից
Սառայի աշխատանքները նկարչական նախաճաշերից
Սառայի ճեպանկարները
Սառայի ճեպանկարները
Սառա Շաբոյանը
Սառա Շաբոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Վերջին ամիսներին ակտիվորեն շրջանառվող «ռելոկացիա» տերմինը կարելի է վերագրել ոչ միայն Մոսկվայից Հայաստան անհատների եւ ամբողջական բիզնեսների տեղափոխմանը, այլ նաև համայնքային ավանդույթների: Ռուսաստանից ժամանած շատ անհատներ փորձում են նախկին առօրյայի անբաժան մաս կազմող սովորույթները եւս փոխադրել Երեւան: Դրանցից է «Նկարչական նախաճաշեր» միջոցառումը, որը նկարիչների եւ իլյուստրատորների համայնքի յուրատիպ շարժում է:

 

Մեդիամաքսը զրուցել է Հայաստանում «Նկարչական նախաճաշեր»-ի կազմակերպչի եւ դրա մասնակիցների հետ մոսկովյան ավանդույթը նաեւ երեւանյան դարձնելու մասին:

 

Նկարչական նախաճաշերի ավանդույթը Մոսկվայում

 

Պոլինա Կալաշնիկովա (Երեւանյան «Նկարչական նախաճաշեր»-ի կազմակերպիչ, նկարիչ, իլյուստրատոր)

 

Մոսկվայում նկարչական նախաճաշերի ավանդույթը շատ տարիների վաղեմություն ունի: Դրանք կազմակերպում էին երկու նկարչուհի ընկերուհիներ՝ Պոլինա Նովիկովան եւ Նաստյա Սմերնովան: Մի անգամ իրենք որոշում են առավոտյան հանդիպել, միասին նախաճաշել եւ նկարել: Հետո նրանց միանում է եւս մի աղջիկ, որ նկարչուհի չէր: Նրանք հասկացան, որ դա կարող է դառնալ ինչ-որ շարժում, որում մարդիկ հանդիպում են առավոտյան մեկ գավաթ սուրճի շուրջ եւ աշխատանքի գնալուց առաջ շփվում են ու նկարում: Այդպես ծնվում է նկարչական նախաճաշերի ձեւաչափը:

Պոլինա Կալաշնիկովան Պոլինա Կալաշնիկովան

Լուսանկարը` Մեդիամաքս

Չգիտեմ, թե մինչ նրանց մեկնարկած շարժումը նկարչական նախաճաշերի ձեւաչափն արդեն կար, թե ոչ, բայց այժմ դրանք մեծ տարածում ունեն աշխարհի տարբեր քաղաքներում, եւ հաճախ նախաձեռնողները հենց ռուսներ են:

 

Կարծում եմ, որ սա հիանալի ձեւաչափ է հատկապես սկսնակ կամ հանրային վայրերում նկարելու փորձ չունեցող նկարիչների համար: Ինքս փոքր տարիքից նկարում եմ, սակայն պրոֆեսիոնալ զբաղվում եմ 2017 թվականից: Երբ առաջին անգամ տեղեկացա նկարչական նախաճաշերի մասին եւ մասնակցեցի, ինձ համար դա միանգամայն նոր փորձառություն դարձավ: Երբ միայնակ ես նստում սրճարանում եւ սկսում նկարել, կարծես թե բոլորը քեզ են նայում: Գուցե իրականում դա այդպես չէ, սակայն քեզ մոտ այդպիսի տպավորություն է, եւ դա վախեցնող է: Երբ սրճարանում հիմնականում մարդիկ են, որոնք նկարում են, քեզ ավելի խիզախ ես զգում եւ այդքան էլ վախենալու չէ սկսելը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Սա վարպետության դասի ձեւաչափ չէ, այստեղ մարդիկ իրենք իրենց համար են նկարում: Միեւնույն ժամանակ ցանկացողները կիսվում են իրենց նկարներով եւ շատ հետաքրքիր է նայել մյուսների աշխատանքներին, օգնում է մտածել, որ այդ կամ այն կերպ եւս կարելի էր պատկերել նույն ինտերիերը:

 

Հաղթահարելով միայնության զգացումը

 

Այժմ աշխատանքի բերումով կամ այլ պատճառներով Ռուսաստանից շատերն են տեղափոխվել Հայաստան: Կարծում եմ, որ երբ նման կտրուկ փոփոխություն է լինում կյանքումդ, նոր քաղաքում կարող ես քեզ միայնակ զգալ: Ես այստեղ ծանոթներ շատ ունեմ, բայց կան մարդիկ, որոնք բախվեցին այդ խնդրին, եւ հրաշալի է, որ կա նման համայնք, որի հետ կարող ես լավ ժամանակ անցկացնել: Հաճախ եմ տեսնում, որ նկարչական նախաճաշերից  հետո մարդիկ շարունակում են հավաքվել, միասին գնալ զբոսանքի, շարունակում են շփումը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես Երեւանում եղել եմ 2018 թվականին ընդամենը մի քանի օրով: Այդ ժամանակ այն ինձ մոտ չտպավորվեց որպես սրճարանային քաղաք: Հիշեցի Կասկադը, թանգարանները: Այս անգամ հասկացա, որ նկարչական նախաճաշերի հարմար համապատասխան վայրեր գտնելու խնդիր չկա: Թերեւս միակ տարբերությունն այն է, որ ստիպված ենք նախաճաշը 11-ից սկսել, քանի որ սրճարանների մեծ մասն ավելի վաղ չեն բացվում: Երեւանը վաղ առավոտների քաղաք չէ: Մոսկվայում սկսում էինք առավոտ 8-ին այն դեպքում, երբ մոտ 2 ժամ էլ ճանապարհի վրա էինք ծախսում:

 

Միջմշակութային երկխոսություն

 

Աշխեն Մուրադյան (գեղանկարիչ, նկարազարդող)

 

Նկարիչների համայնքը Հայաստանում ավելի փակ է, հիմնականում յուրաքանչյուրն իր արվեստանոցում կամ գրասենյակում է աշխատում: Համատեղ նկարելու ու տպավորություններս կիսելու փորձ ունեցել եմ Սանկտ Պետերբուրգում, որտեղ սովորել եմ երկու տարի: Երբ վերադարձա Հայաստան, սկսեցի այստեղ եւս փնտրել նման նախաձեռնություն: Թեեւ համայնքային հավաքներ լինում են, սակայն կոլեկտիվ աշխատանքը մեզանում այդքան էլ ընդունված չէ:

Աշխեն Մուրադյանը Աշխեն Մուրադյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շատ ուրախ եմ, որ այժմ կա այդ հնարավորությունը: Նկարչական նախաճաշերի մասին ընդհանուր ծանոթներիցս եմ իմացել եւ մշտապես մասնակցում եմ: Ամեն անգամ տարբեր մարդիկ են գալիս, նկարում ենք այն, ինչ ուզում ենք՝ մարդկանց, ինտերիեր, գուցե հենց նախաճաշ: Շատ հետաքրքիր է այն, որ նկարում ես ոչ թե քո սենյակում փակված, այլ կենդանի կապ ես հաստատում քեզ հետ նկարող մարդկանց հետ, տեսնում, թե իրենք նույն միջավայրն ինչպես պատկերեցին: Դա մոտիվացնում է եւ օգնում լայնացնել միտքը: Ինքս նկարում եմ այն, ինչ տեսնում եմ, բայց ոչ թե նայում եմ ու նկարում, այլ պատկերում եմ իմ տպավորությունն այդ տեսարանից:

Աշխենի աշխատանքը նկարչական նախաճաշից Աշխենի աշխատանքը նկարչական նախաճաշից

Լուսանկարը` Մեդիամաքս

Արվեստի մարդիկ շատ ժամանակ չունեն հստակ ռեժիմ, իսկ նմանատիպ միջոցառումներն օգնում են զարգացնել կարգապահությունը, ավելի կազմակերպված դառնալ: Բացի այդ, այս հանդիպումները նաեւ միջմշակութային երկխոսություն են ապահովում: Ավանդույթը Հայաստանում անպայման շարունակելու ենք:

 

Հանդիպումների ընթացքում նաեւ հետաքրքիր գործեր են ստեղծվում, որոնք կարելի է գտնել մեր ինստագրամյան էջերում կամ #yerevandrawingbreakfast հեշթոգով:

 

Ճեպանկարն անծանոթների հետ

 

Սառա Շաբոյան (նկարիչ, իլյուստրատոր)

 

2016 թվականից Մոսկվայում եմ ապրում: Նույն տարում այնտեղ ընդունվել եմ Բրիտանական բարձր արվեստի դպրոցի իլյուստրացիայի բաժին, եւ 2016 թվականից սկսած ամեն երեքշաբթի գնում էի ճեպանկար անելու՝ սքեչինգի: Դա մեր կուրսի ղեկավարն էր կազմակերպում, բոլորով գնում էինք ու սկսում նկարել: Երեքշաբթի օրերի ճեպանկարները դարձել էին առօրյայիս անբաժան մասը:

Սառա Շաբոյանը Սառա Շաբոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ մարտի 5-ին ընտանիքով տեղափոխվեցինք Երեւան, հասկացա, որ առօրյաս միանգամայն փոխվելու է: Ինձ ինչ-որ հենարան էր պետք, որպեսզի կարողանայի ամուր կանգնել հող վրա: Որոշեցի, որ պետք է տեղափոխեմ երեքշաբթի օրերի ճեպանկարների ավանդույթը՝ առանց մտածելու, թե ով կգա, կամ էլ ում հետաքրքիր կլինի: Սրան զուգահեռ էլ Պոլինան սկսեց նկարչական նախաճաշերը:

 

Զանգեցի «Միրզոյան» գրադարան եւ ասացի, որ ուզում ենք գանք նկարելու: Բացատրեցի, որ կոկիկ ենք լինելու, մատիտով ենք նկարելու: Հիմնականում, երբ ասում ենք ուզում ենք գալ նկարելու, շատերին թվում է, թե մոլբերտը հանելու ենք ու սկսենք յուղաներկն աջ ու ձախ ցփնել (ծիծաղում է՝ հեղ.):

Սառայի աշխատանքները նկարչական նախաճաշերից Սառայի աշխատանքները նկարչական նախաճաշերից

 

Առաջին օրը 15 հոգի միացավ մեզ: Մեծ մասին չէի ճանաչում: Հետո համայնքը սկսեց մեծանալ, հիմա ավելի շատ ենք, քան Մոսկվայում էր: Հասկացա, որ շատերին է հետաքրքիր: Պարզապես հավաքվում ենք, բնորդի հրավիրում ու սկսում արագ նկարել: Թվում է՝ սովորական գործընթաց է, սակայն բոլորիս շատ ոգեւորում է: Շատերն էլ գրում են ինձ, ասում, որ ուզում են բնորդ լինել: Շատ հետաքրքիր դիմագծերով մարդիկ են գալիս:

 

Մի անգամ այստեղի ընկերներիցս մեկը հարցրեց, թե ոնց եք կարողանում այդքան կարճ ժամանակում նկարել, իրեն մոտ 2 ժամ պետք է, որ մեկ դիմանկար անի: Հասկացա, որ այդ արագությունը փորձի հետ է գալիս, եւ նաեւ դրանով են մեր միջոցառումները շատ օգտակար: Անձամբ ինձ մոտ կարգապահությունն է զարգացնում: Կարծում եմ, որ այս ավանդույթը տեղի համայնքը կշարունակի:

Սառայի ճեպանկարները Սառայի ճեպանկարները

 

Հնարավոր է, որ առաջիկայում ցուցահանդես անենք, որովհետեւ այս 1,5-2 ամսվա ընթացքում բավականին հետաքրքիր գործեր են հավաքվել մեր ճեպանկարներից: Եթե որեւէ մեկը կուզենա իր տարածքում մեր ցուցահանդեսը հյուրընկալել, կարող է կապվել ինձ հետ:

 

Երեւանյան հոգատարությունը

 

Պոլինա Կալաշնիկովա

 

Հայաստանում շատ եմ հավանում մարդկանց ուշադրությունը, այն, թե ինչպես են մարդիկ քեզ ընդունում այստեղ, ընդառաջում են, օգնում: Դա դրսեւորվում է թե´ մանրուքներում, թե´ ավելի բարդ հարցերում: Օրինակ՝ իմ վարձակալած տան պատասխանատու անձը զանգում է ինձ եւ զգուշացնում, որ այդ օրը այսինչ ժամին լույս չի լինելու: Քանի որ հայտարարությունը հայերենով է եղել, իսկ ես հայերեն չգիտեմ, նա անձամբ զանգում է ինձ ու զգուշացնում, որ խնդիր չունենամ: Սա վառ օրինակ է նրա, թե ինչպես են մարդիկ ինձ վերաբերվում Հայաստանում, հնարավորինս բարյացակամ ու հասկանալով:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինքս ծնունդով փոքր քաղաքից եմ, մինչեւ Մոսկվա տեղափոխվելը Տարուսայում եմ ապրել: Մոսկվան եւս շատ եմ սիրում, բայց այդտեղից հետո Երեւանում նման համախմբվածությունը, որը բնորոշ է նաեւ իմ ծննդավայրին, շատ ուրախացնող է: Այստեղ ինձ առավելագույնս հանգիստ ու անվտանգ եմ զգում, ոչ մի անգամ ագրեսիայի չեմ բախվել: Շատ շնորհակալ եմ Հայաստանին, որ հիմա ինչ-որ տեղ հնարավոր է քեզ այսպես լավ զգալ:

 

Գայանե Ենոքյան

 

Լուսանկարներն արված են Աբովյան 12 սրճարան-ռեստորանում

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին