Նոր կյանք թշնամու կողքին՝ Հարավ, Մյուրիշեն, Թաղավարդ, Ավդուռ, Կարմիր շուկա - Mediamax.am

exclusive
6087 դիտում

Նոր կյանք թշնամու կողքին՝ Հարավ, Մյուրիշեն, Թաղավարդ, Ավդուռ, Կարմիր շուկա


Ավդուռեցի մեղվապահ դպրոցի նախկին տնօրեն Ռուբեն Պողոսյանը
Ավդուռեցի մեղվապահ դպրոցի նախկին տնօրեն Ռուբեն Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ավդուռ, վերևում երևում են ադրբեջանական դիրքերը
Ավդուռ, վերևում երևում են ադրբեջանական դիրքերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսինեի գեղեցկության սրահը
Լուսինեի գեղեցկության սրահը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարմիր շուկայի վարսավիրանոցը
Կարմիր շուկայի վարսավիրանոցը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հարավ գյուղում
Հարավ գյուղում

Լուսանկարը` Մեդիամաքս

Հարավ գյուղի դահլիճում
Հարավ գյուղի դահլիճում

Լուսանկարը` Մեդիամաքս

Հարավեցի 84-ամյա պապիկը
Հարավեցի 84-ամյա պապիկը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հացեցի Գրիգորիի ապագա ջերմոցը
Հացեցի Գրիգորիի ապագա ջերմոցը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հացեցի Գրիգորին
Հացեցի Գրիգորին

Լուսանկարը` Մեդիամաքս

Մյուրիշեն, Գրիգորին
Մյուրիշեն, Գրիգորին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մյուրիշենի եկեղեցին
Մյուրիշենի եկեղեցին

Լուսանկարը` Մեդիամաքս

Մյուրիշենի դպրոցը
Մյուրիշենի դպրոցը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շուշին
Շուշին
Սասունը՝ Մյուրիշենի զինղեկը
Սասունը՝ Մյուրիշենի զինղեկը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մի բան հարցնեմ էլի, դուք կիմանաք՝ սրա վերջն ի՞նչ է լինելու»,- մեզ Ստեփանակերտ տանող վարորդի հարցի վրա ժպտում եմ, թեեւ տրամադրությունս հեչ ժպտալու չէ, ներսումս էլ հազար ու մի միտք ու էմոցիա է եփվում։ Եղեգնաձորից ենք նստել Արոյի մեքենան, բայց միայն Արցախ մտնելիս է խոսակցություն սկսում։

 

Ճանապարհը երեւում է միայն այնքանով, ինչքանով մեքենան է կարողանում լուսավորել։ Երկրիս սահմաններում երբեք այսքան անհանգիստ սրտով չեմ երթեւեկել... Լաչինի միջանցքում անլույս գիշերը չարագուշակ է, ու հայացքս պարբերաբար հեռախոսի էկրանին է՝ ինչքա՞ն մնաց մինչեւ Ստեփանակերտ։

 

«Վերջը կլինի այն, ինչին արժանի ենք»,- հայացքս հեռախոսից ու ներսիցս կտրելով` պատասխանում եմ Արոյին` փորձելով մի փոքր առույգություն հաղորդել ձայնիս։

 

Արոն Ստեփանակերտից է, Զանգերի մոտ եւ ճանապարհին մեկ այլ տեղ մեքենան, որի խցիկը բեռնված է ապրանքներով ու «տուլիկներով», երկու անգամ հանգել էր ու մի քանի փորձից միայն «խոդի ընկել»։

 

«Բա որ մեքենան էլի հանգի՞»,- հիմնավոր պատասխան չստանալու հույսով հարցնում եմ Արոյին։

 

«Քույրիկ ջան, հո՞ հարիֆ չի էս մեքենան, հենց մտնում է Լաչին, ինքն էլ է վախում, արագ անցնում է»,- հումորի է տալիս Արոն ու նրա «քույրիկ» դիմելաձեւից ներսս ջերմանում է։ Լավն են էլի, մերոնք։ Արոյի հետ մի ժամից ավելի անդադար զրուցում ենք՝ պատերազմից, Արցախից, դե հայ ենք, մի քիչ էլ ճիշտն ու սխալն ենք վերլուծում, իրար մի քիչ հասկանում ենք, մի քիչ էլ՝ չէ, բայց խելոք մարդիկ ենք՝ հարգում ու չենք նեղացնում իրար։

 

Արոն 2008-ին հոկտեմբերին Արցախում կայացած «Մեծ հարսանիքի» 674 զույգերից մեկն է, Շուշիում են ամուսնացել։ 5 զավակ ունի, 2 քաղաքացիություն, բայց Արցախից ոչ պատերազմի ժամանակ է հեռացել, ոչ էլ հիմա է պատրաստվում Ռուսաստան տեղափոխվել։

 

Շուշի հասնելուն պես սիրտս ավելի ուժգին է սեղմվում, «չէ´, դու չես կարող մերը չլինել», մտածում եմ ու մտքումս գիրկս եմ առնում Շուշին, որ պաշտպանեմ էդ դրոշներից, ինչ-որ անհասկանալի մարդկանցից, էս ամենից…

 

«Ոչինչ, թող սարքեն, որ հետ վերցնենք»,- էլի Արոն է, չի թողնում մտածեմ, ու էլի ժպիտ է քաղում ինձանից...

Լուսանկարը` Մեդիամաքս

Հյուրանոցում «Սահման» ՀԿ-ի ընկերներս են սպասում, որ կեսօրին են հասել Ստեփանակերտ, իսկ հաջորդ օրը միասին գյուղեր ենք այցելելու, որ պատերազմից հետո սահմանամերձ են դարձել՝ «ստիպելով» «Սահման»-ին նաեւ Արցախում գործունեություն սկսեն։ Պատմում են, որ կեսօրին Շուշիի Հինշեն գյուղն են այցելել, որտեղ իրենց համար դեպի գյուղ տանող ճանապարհը տեղում ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող ադրբեջանցիներն են բացել։ «Էդքան բան ենք չէ՞ իրար հետ տեսել պատերազմից հետո Արցախում, Սյունիքում, Շուռնուխում, բայց սա… չես էլ պատկերացնի»...

Հարավ գյուղի դահլիճում Հարավ գյուղի դահլիճում

Լուսանկարը` Մեդիամաքս

Առավոտյան արդեն Ասկերանի շրջանի Հարավ գյուղում ենք։ «Սահման»-ի ընկերներս ընտանեկան բիզնեսներին աջակցության իրենց ծրագիրն են ներկայացնում գյուղի դահլիճում. զարմանալիորեն ներկաների մեծ մասը կանայք են, ակտիվ ու նախաձեռնող։

Հարավեցի 84-ամյա պապիկը Հարավեցի 84-ամյա պապիկը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դուրս ենք գալիս դահլիճից, 84-ամյա հարավեցի պապիկն ասում է՝ բիզնեսն ինչ, սրանց (ադրբեջանցիների) հարցը լուծեք։ Ժպտում եմ պապիկին․

«Դե հա, դուք չեք էդ հարցը լուծողը»,- հոգոց հանելով ասում է պապին։ Գյուղապետարանի վրա ծածանվող Արցախի դրոշն եմ նկարում. մենքի՝ հայի ներկայության խորհրդանիշն է։

Հարավ գյուղում Հարավ գյուղում

Լուսանկարը` Մեդիամաքս

Հաջորդ կանգառը Մարտունու Մյուրիշեն գյուղում է։ Արդեն ծրագրին դիմած մարդկանց տնայցերի համար ենք այստեղ։ Առաջին բանը, որ գրավում է ուշադրությունս, լվացքն է՝ մանկական եւ մեծերի շորերով․ մենք այստեղ ենք ու ապրում ենք։

Սասունը՝ Մյուրիշենի զինղեկը Սասունը՝ Մյուրիշենի զինղեկը

 

«Պատերազմից հետո ոչ մեկ գյուղից դուրս չի եկել»,- առանց ավելորդ պաթոսի ասում է Սասունը՝ դպրոցի զինղեկը։ 1928 թվականին կառուցված մոտ 100-ամյա դպրոցի պատն արդեն ճաք է տվել, նորը պիտի կառուցեին, այն էլ պատերազմը խանգարեց. դեռ անելու են…

Մյուրիշենի դպրոցը Մյուրիշենի դպրոցը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հողը կանչում է, ծնկի եմ գալիս, ձեռքս սահեցնում եմ գարնանային նորաբուս մանրիկ ծաղիկների վրայով, անհագ կուլ եմ տալիս օդը, մի պահ ինձ անդարդ հեքիաթում եմ զգում եւ միակ ցանկությունս է՝ դուրս չգալ էդ հեքիաթից…

 

«Մենք մեր գյուղը, ընտանիքները պաշտպանելու ենք»,- Սասունն է ասում, երբ կիսաժպիտ հայացքս խաղալիքների վրա դրված ոչ մանկական զենքն է ֆիքսում։ «Գիտեմ»,- պատասխանում եմ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Գյուղի 1869 թվին կառուցված եկեղեցու բարձունքից շատ ավելի պարզ տեսանելի են հակառակորդի դիքերը, որ գյուղը շրջապատող բարձունքներին են, իսկ ներքեւում նոր կյանքի զրույցն է եռում թշնամու կողմից շրջապատված գյուղում բիզնես հիմնելու պատրաստ Գրիգորիի հետ, ով կարծես ամուսնանալ էլ է ուզում, բայց դե, գիտեք, տղաների արդարանալու տարբերակը՝ «աղջիկ չկա»։

Մյուրիշենի եկեղեցին Մյուրիշենի եկեղեցին

Լուսանկարը` Մեդիամաքս

«Համ էլ ո՞վ կգա մեր գյուղ»,- ասում է Գրիգորին։

 

«Քեզ ու գյուղը լավ չես գովազդում։ Պիտի համոզես բերես»,- կատակում ենք մենք։

Մյուրիշեն, Գրիգորին Մյուրիշեն, Գրիգորին

Լուսանկարը` Մեդիամաքս

Ադրբեջանական դիրքերը պարզ տեսանելի են նաեւ հարեւան՝ Ավդուռ գյուղում։ Գյուղի ճանապարհով քայլում ես, ուղիղ դիմացդ են, վերեւդ, կողքդ, իսկ տեղացիները մեղու ու անասուն են պահում, այգի են մշակում, ապրում են մարդիկ...

Ավդուռ, վերևում երևում են ադրբեջանական դիրքերը Ավդուռ, վերևում երևում են ադրբեջանական դիրքերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անտառային արահետ հիշեցնող դարավոր թթենիների արանքով հասնում ենք մի հեքիաթային տարածք, ուր թշնամու դիրքերի դիմաց իր ջերմոցի հիմքերն է գցել հացեցի Գրիգորին։

Հացեցի Գրիգորին Հացեցի Գրիգորին

Լուսանկարը` Մեդիամաքս

Տարածքը «պարսպապատելու» համար հրանոթի պարկուճներ է օգտագործել, որ դեռ 90-ակններից էր հավաքել։ Ծրագրի հովանավորմամբ է այս մի ջերմոցը սարքել, բայց կողքն էլ մի ջերմոցաչափ տեղ է թողել․ այս մեկով հաջողելու է ու եւս մեկը սարքի։ Ֆանտաստիկ կերպար է Գրիգորին՝ հզոր, աշխատող, էլ չասեմ՝ ի՜նչ էներգիա ունի։ «Հաջորդ անգամ հատուկ գալու եմ Գրիգորիի հետ երկար շփվելու ու նրա մասին պատմություն գրելու»,- մտածում եմ։

Հացեցի Գրիգորիի ապագա ջերմոցը Հացեցի Գրիգորիի ապագա ջերմոցը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տրամադրությունս բարձր է, ամուր ու արարող արցախցիներն ինձ ոգեւորել են, շուրջս արցախյան հրաշք բնությունն է, եղանակն էլ իմ կողմից է լրիվ՝ մի քիչ թաց ու մաքո՜ւր։ «Հայրենիքը ճանաչելով են սիրում»,- կրկնում եմ մտքումս ու հաշվում, թե արձակուրդիս քանի օրն եմ Արցախում անցկացնելու։

 

Թաղավարդում զենքով շրջող տղամարդիկ նորից ինձ հեքիաթից դուրս են քաշում։ Գյուղը պատերազմից հետո կիսվել է, հենց գյուղի ճանապարհի վրա դիրքեր են, ադրբեջանցիք էլ, կարելի է ասել, գյուղի մեջն են։ 90-ականները հենց էսպես էլ պատկերանում էին աչքիս. ժամանակը վազելով առաջ է գնում, իսկ այս «զարգացած ու լուսավոր» աշխարհում մարդիկ ստիպված են զենքը ձեռքին իրենց կանանց ու երեխաների մոտ շրջել, ապրել, որովհետեւ էդ աշխարհի հեչ պետքն էլ չի լինի, երբ ամեն վայրագության սովոր թշնամին իրենց տուն մտնի։ Հրացանը ուսին մի տղամարդու հետ եմ զրուցում, արդեն տարիուկես է՝ լուրի է սպասում անհետ կորած որդուց…

Լուսինեի գեղեցկության սրահը Լուսինեի գեղեցկության սրահը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ու այդ իրականությունում լուսե ժպիտով աղջիկը՝ Լուսինեն, իր գեղեցկության սրահն է բացել («Սահման» ՀԿ-ի ծրագրի շրջանակում), գյուղի աղջիկների մազերն է հարդարում։ Լուսինեի ամուսնու անունն Արցախ է։ Խորհրդանշական է չէ՞։ Արցախն ամուսնացել է, իր կյանքն է կառուցել, պատրաստվում է նոր սերունդ տալ, մնալ, ապրել Արցախ աշխարհի իր այս անկյունում, որտեղ թշնամին ամեն օր ահաբեկող ձայնագրություններ է միացնում եւ «հորդորում» լքել գյուղը…

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Մենք էլ իրենց հետ, իրենց ամուր հովանու տակ արցախյան ամենահամեղ սուրճն ենք վայելում. նման յուրահատուկ սուրճ երկրորդ անգամն եմ խմում ու էլի այստեղ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Թաղավարդը դուրս չեկած, Կարմիր շուկան է, երեխաները, ձայները գլուխները գցած, գնդակ են խաղում, հավեսս տալիս է, միանում եմ. մի քիչ կասկածանքով, բայց թողնում են, որ իրենց հետ գործնագործ խաղամ։

Կարմիր շուկայի վարսավիրանոցը Կարմիր շուկայի վարսավիրանոցը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մի կողմում կանգնած մյուսներից ավելի հպարտ տղան սկզբից աչքի տակով նայում է, հետո, տեսնելով, որ հեշտությամբ խուսանավում եմ ընկերների գնդակի հարվածներից, մարտական տրամադրված գնդակն իր ձեռքն է վերցնում… Ընկերներս կանչում են, դեռեւս գնդակի հարված չստացած, հաղթական տրամադրությամբ հաջողություն եմ ասում պայծառներին։

Շուշին Շուշին

 

Կարմիր շուկան Ստեփանակերտին կապող ճանապարհի բարձունքներին ադրբեջանական դրոշներն են ծածանվում, Շուշին էլ տեսանելի է իր ողջ վեհության մեջ ու… անհասանելի...  Ուզում եմ՝ էս պատկերի ականատեսիս դառնագույն զգացողությունը փոխանցել յուրաքանչյուր հայի, որտեղ էլ ապրելիս լինի։ Միտքս նույն ուղղությամբ է. «Հայրենիքին սիրելով են տեր կանգնում»…

Լուսանկարը` Մեդիամաքս

Երեկոյան Ստեփանակերտն առաջվա նման հանգիստ է ու խաղաղ… Չէ, առաջվա նմանը չէ, բայց հանգիստ է ու լուռ՝ իր սրտում պահած զոհված տղերքի անուններն ու արժանապատիվ ապագայի հանդեպ հուսալի սպասումը։

 

Տեքստը եւ լուսանկարները՝ Անի Ռափյան

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին