Ամեն ինչ սկսվեց երազանքից - Mediamax.am

exclusive
2415 դիտում

Ամեն ինչ սկսվեց երազանքից


Լուսանկարը` Մեդիամաքս

Մարինա Պարազյանը
Մարինա Պարազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հակոբ Պետրոսյանը
Հակոբ Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հակոբ Պետրոսյանը
Հակոբ Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հաշմանդամություն ունեցող երեխաների երկու մայրեր` Մարինա Պարազյանն ու  Լիլյա Կարապետյանը 2013-ին Երեւանում ստեղծեցին «Սորս» հիմնադրամը։ Կարճ ժամանակում այն դարձավ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողական համայնք, որտեղ մեկտեղված են ջանքերը` բավարարելու երեխաների առողջապահական, վերականգնողական կարիքները։ Հիմնադրամը Երեւանում գործող ցերեկային խնամքի կենտրոն է՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար, որը նաեւ իրականացնում է երեխաների առողջության, ֆիզիկական եւ մտավոր զարգացման եւ նրանց ընտանիքների կյանքի որակի բարելավմանն ուղղված ծրագրեր։ Դրանց իրականացմանը մասնակցում եւ աջակցում է նաեւ Իզմիրլյան հիմնադրամը։ Մեդիամաքսը զրուցել է «Սորս» հիմնադրամի տնօրեն Մարինա Պարազյանի հետ։

 

Ամեն ինչ սկսվեց երազանքից

 

Մարինա Պարազյանի կյանքում ամեն ինչ փոխվեց 11 տարի առաջ, երբ անսպասելի բացահայտեց, որ երեխան ծանր հաշմանդամություն ունի։ Մինչեւ երկու տարեկան բացարձակ առողջ մեծացող երեխայի կյանքում սկսվեց նախ հետազոտությունների, հետո բուժման եւ վերականգնողական խնամքի անվերջանալի շղթա։

 

«Երբ առաջին անգամ գնում էի Եվրոպա՝ երեխայի հիվանդության սինդրոմն ուսումնասիրելու համար, միշտ այցելում էի վերականգնողական կենտրոններ։ Սրահները գունավոր էին, ամեն տեսակի ու ձեւի գույք կար, տարատեսակ հարմարություններ։ Շարունակ նայում ու մտածում էի՝ երանի այն օրը, երբ մենք էլ կունենանք նմանատիպ կենտրոններ։ Այնքան անհավատալի էր թվում այդ երազանքը։ Այնտեղ կային վերականգնողական թերապիայի եւ խնամքի համար ամենաանհրաժեշտ բաները, որոնք պարզ, հասարակ ու գունեղ էին, տրված էին պետության կողմից եւ թանկ էին: Օրինակ, մի բարձիկի արժեքը սկսվում էր 200 եվրոյից։

Մարինա Պարազյանը Մարինա Պարազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանում, իհարկե, կան պետական վերականգնողական կենտրոններ, բայց թե ինչպես են սպասարկում, ինչքան սառն ու վանող են սենյակները, միայն հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների ծնողները գիտեն։ Արդյունքում, ամեն ծնող ահռելի գումարներ ծախսելով, փորձում է տանը կազմակերպել երեխայի խնամքը՝ ապահովելով հնարավոր գունավոր միջավայրը», - պատմում է Մարինան։

 

Մասնագիտությամբ դիզայներ-ճարտարագետ Մարինան սկսեց շարունակ բարձրաձայնել երազանքի մասին։ 2013-ին՝ «Սորս» հիմնադրամ գործունեության մեկնարկին զուգահեռ հիմնադրեց «Սորս տնակ» զարգացման եւ ցերեկային խնամքի կենտրոնը, իսկ չորս տարի առաջ որոշեց, որ պետք է մեկ քայլ էլ առաջ գնա եւ ստեղծի նաեւ կենտրոնի գույքը։

 

Մարինան վարձակալած տուն-կենտրոնի սենյակներից մեկը վերածեց արտադրամասի, խնամքի կենտրոնից օգտվող երեխաների մայրիկներին առաջարկեց վերապատրաստվել՝ կար ու ձեւ սովորել հենց տեղում, որից հետո՝ նաեւ աշխատել։ Մի շարք դոնոր կազմակերպություններ օգնեցին կարի մեքենաներ ձեռք բերելու հարցում:  

Լուսանկարը` Մեդիամաքս

«Գնեցինք մեծ մեքենաները եւ սկսվեց մեր հատուկ ծրագրի ճանապարհը, որն անվանեցինք՝ «Հատուկ ծնողներ հատուկ երեխաների համար»։

 

Արտադրամասը զարգացավ որպես սոցիալական ծրագրերի գաղափար՝ փափուկ կահույքը այստեղ կարում են հատուկ խնամքի կարիք ունեցող այն ծնողները, որոնց երեխաներն այցելում են այս խնամքի կենտրոն։ Մինչ երեխաները տնակում են, մայրիկներն աշխատում են կողքի սենյակում։ Հիմա կա 7 աշխատող մայրիկ, որոնք աշխատում են կես կամ լրիվ դրույքով։  

 

4․5 տարվա ընթացքում «Սորս» հիմնադրամի վերականգնողական կենտրոնից բացի եւս 23 կենտրոնի համար են գույք ստեղծել՝ վաճառել են կամ տրամադրել գրանտային ծրագրով։

Լուսանկարը` Մեդիամաքս

«2019-ին մասնակցեցի Իզմիրլյան հիմնադրամ-Իմփաքթ-Հաբ Ֆելոուշիփ ծրագրին ու դա դարձավ Իզմիրլյան հիմնադրամի հետ ճակատագրական հանդիպման պատճառը», - հիշում է Մարինան:

 

Ճակատագրական հանդիպումը

 

Մարինան պատմում է, որ կարի արտադրամասից բացի նաեւ փայտամշակման արտադրամաս էին ստեղծել այդ ընթացքում։

 

Հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների հայրիկներն էին այնտեղ աշխատում՝ կահույք էին ստեղծում, թեեւ հաստոցները վատն էին եւ աշխատանքը դանդաղում էր այդ պատճառով;

Լուսանկարը` Մեդիամաքս

«Իզմիրլյան հիմնադրամի հետ ծանոթությունից քիչ անց, հիմնադրամը որոշեց  աջակցել մեր նախաձեռնությանը, որի նպատակն էր բարելավել հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքի որակը՝ միաժամանակ ընդլայնելով շահառու ընտանիքների տնտեսական հնարավորությունները եւ ապահովելով սոցիալական ձեռնարկության ֆինանսական կայունությունը։ COVID-ի ամենաբարդ շրջանում, երբ փակ էին սահմանները, հիմնադրամն իր միջոցներով մեզ համար Հայաստան բերեց ու մեր արտադրամասին երկու հաստոց նվիրեց։ Հրաշալի եւ գերժամանակակից հաստոցներ են»։

 

Իզմիրլյան հիմնադրամը հաստոցներ տրամադրելով  չսահմանափակվեց։ Քանի որ հիմնադրամն աշխատում է հենց Մարի Իզմիրլյանի անվան մանկատան հետ, նրանք դիմեցին «Սորս»-ին՝ գնահատելու, թե մանկատան որ սենյակում ինչ գույք է պետք։ Այսօր 35 տեսակի նոր գույքով կահավորված նոր խմբասենյակից օգտվում է մանկատան շահառու 102 երեխա։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մանկատան համար իրականացրած այդ աշխատանքի շնորհիվ «Հատուկ ծնողներ հատուկ երեխաների համար» ծրագիրը կարողացավ շարունակել գործունեությունը համաճարակի բարդ ժամանակաշրջանում։

 

Այս պահին փայտամշակման արտադրամասն ունի 4 աշխատակից՝ երեքը խնդիրներ ունեցող երեխաների հայրիկներն են, մեկը՝ եղբայրը։

 

Աշխատանքն արտադրամասում

 

Կահույքագործ Հակոբ Պետրոսյանը, որը փայտամշակման արտադրամասի աշխատակիցներից է, ունի երեք երեխա, ամենափոքրը ծնվել է մի քանի օր առաջ։ Երեխաներից մեկն ունի հաշմանդամություն, խնամքի կենտրոնի այցելուներից է։

 

Հակոբը փայտամշակման արտադրամաս գալիս է օրվա երկրորդ կեսին՝ սա իր երկրորդ աշխատանքն է եւ լրացուցիչ, կայուն եկամտի աղբյուրը։ Ասում է, ֆինանսական կողմից բացի, այս աշխատանքն ավելի կարեւոր հարց է լուծում՝ ինքն իրեն օգտակար է զգում։

Հակոբ Պետրոսյանը Հակոբ Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կահույքը, որն արտադրում ենք այստեղ, եւ սովորական երեխաների համար է, եւ հատուկ խնդիրներ ունեցող։ Միայն այն, որ հաշմանդամություն ունեցող երեխաների համար ինչ-որ լավ ու կարեւոր գործ եմ անում, արդեն իսկ ինձ ոգեւորում է», - ասում է Հակոբը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Փայտամշակման հին սարքերից է պատմում, ասում, որ նախկինում մի կահույք լիարժեք ստեղծելու համար ստիպված էր մի քանի արհեստանոց գնալ՝ մի տեղ փայտը կտրել, մյուսում անկյունները հղկել, երրորդում մեկ այլ աշխատանք անել։ Նոր սարքերը թեթեւացրել են գործը, դադարեցրել վազքը։

Հակոբ Պետրոսյանը Հակոբ Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Չեք կարող պատկերացնել, թե մեր գործն ինչպես է հեշտացել՝ պակասել է վազվզոցը, հիմա ամեն ինչ տեղում ենք անում, շատ արագ եւ որակով։ Այնպիսի սարքեր են, որ Հայաստանում չկան, գերպրոֆեսիոնալ են։ Ի զարմանս ինձ, ամենեւին էլ բարդ չէր այս սարքերի վրա աշխատելը։ Արդեն սովորել ենք, գործը շատ արագ ենք գլուխ բերում»։

 

Գումարը պտտվում է

 

Ամբողջ շահույթը արտադրամասում արտադրված եւ վաճառված կահույքից նորից ուղղվում է երեխաների գույքի ստեղծմանը՝ «Սորս» հիմնադրամն Երեւանում ունի  գործող զարգացման, վերականգնողական, ցերեկային խնամքի կենտրոն, որտեղ հաշմանդամություն ունեցող 200 երեխա ամեն օր ստանում է անհրաժեշտ սոցիալական եւ առողջապահական ծառայություններ:

 

«Այդ կենտրոններում կամ սրահներում պետք է այնպիսի խաղային միջավայր լինի, որը տրամադրի երեխաներին։ Իզմիրլյան հիմնադրամն այս առումով հրաշալի գործ է անում, քայլ առ քայլ գնահատելով գնում է առաջ։ Մենք իրենց հետ իրականացնում ենք արվեստի սենյակի ստեղծման նախագիծ՝  կավագործության սենյակի գույքն ենք հանձնելու շուտով, ավարտելուն պես անցնելու ենք խնամքի եւ վերականգնողական սենյակների կահավորմանը։ Նրանք նաեւ մեր պատվիրատուներն են», - բացատրում է Մարինան։

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարի մեքենաների եւ հաստոցների շնորհիվ ստեղծված աշխատատեղերը փոխել են հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների ծնողների կյանքը։ Լրացուցիչ եկամտից եւ զբաղվածությունից բացի իրենց փոքրիկ տնակը դարձել է այն տարածքը, որտեղ ծնողնը հասկանում է, որ միայնակ չէ։

 

«Այստեղ խնդիրները քննարկվում են համատեղ եւ լուծումներ ենք գտնում միասին։ Այստեղ ծնողները եւ կրթվում են, եւ աշխատում ազատ գրաֆիկով, նորմալ վարձատրությամբ։ Սա շատ յուրահատուկ բան է՝ ֆիզիկական մտավոր եւ վարքային խնդիրներով երեխաները յուրահատուկ միջավայր են պահանջում, որոնք միջազգային ստանդարտներին համապատասխան պետք է լինեն։

Շուտով, հնարավոր է, մեր ստեղծած փափուկ կահույքն արդեն արտահանվի Ֆրանսիա, Գերմանիա եւ Ռուսաստան՝ հետաքրքրությունը մեծ է», - նշում է Մարինան:

 

Լուսին Մկրտչյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին