Երբ առաջին անգամ մտնում ես Անդրանիկ Ավետիսյանի պատմական Գյումրիում տեղակայված փոքրիկ ցուցասրահը, անմիջապես ուզում ես շատ մոտիկից նայել՝ հասկանալու համար, թե իրո՞ք սարդոստայն է: Ոստայնի մեջ հայացքդ կորում է, թելերի ոլորապտույտներում գույներն ու հանգույցները միախառնվում են՝ ուզում ես դուրս գալ նկարից, որ չխճճվես ցանցի գլուխկոտրուկի մեջ։

Լուսանկարը` Մեդիամաքս
Սկսում ես ուսումնասիրել նկարներն ու հարցեր ուղղել ստեղծագործողին, ով որոշել է յուղաներկերը փոխարինել սարդոստայնով։
- Յուղաներկով նկարելու ընթացքում այն, ինչ ուզում էի ստանալ, չէի կարողանում։ Որոնում էի տարբերակներ, թե ինչպես կարող եմ մարդու եւ տիեզերքի էներգիան ցույց տալ, մարդկային հարաբերությունների ու կենդանական աշխարհի զուգակցված էներգետիկ աուրան արտահայտել նկարներով։ Պատահական տեսա սարդոստայնը։ Համացանցով փնտրեցի ու ոչ մի երկրում նման բան չկար, հասկացա, որ սրանից լավ էներգիան արտահայտելու ձեւ չկա:

Լուսանկարը` Մեդիամաքս
Անդրանիկի հայրը՝ նկարիչ Հովհաննես Ավետիսյանը մասնակցել է Խորհրդային Միության տարբեր ցուցահանդեսների, դասավանդել է ու նաեւ փայտի փորագրությամբ զբաղվել։ Հիմա էլ կարելի է հիանալ հորից ժառանգություն մնացած կահույքով։ Քանդակազարդ սեղաններ, աթոռներ ու բազմոցներ, ջութակաձեւ պահարաններ: Տան յուրաքանչյուր անկյունում կտավներն են։

Լուսանկարը` Մեդիամաքս
Բայց նկարչության աշխարհը այնքան էլ հարազատ չէր Անդրանիկի համար:
- Չսիրելով եմ գնացել նկարչական դպրոց։ Հետո էլ մի աղջիկ կար մեր թաղում, ես ուզում էի հետը խաղալ, հավանում էի շատ, բայց ինքը ամեն անգամ ինձ կստիպեր նկարել։ Ու էդպես էլ չսիրեցի նկարելը։ Երեխա ժամանակ հայրս ասում էր, որ նկարեմ, բայց երբ տեսավ, որ բիզնեսի ուղղությամբ եմ շարունակելու, ոչինչ չասաց։ Հորս մահից հետո պատահական ցանկություն առաջացավ նկարելու ու սկսեցի նկարել։

Լուսանկարը` Մեդիամաքս
Սարդոստայնի միջոցով ինքնարտահայտվելու գաղափարն ու նոր լուծումը իրականություն դարձնելու համար Անդրանիկ Ավետիսյանին օգնեցին բիզնեսի
իր փորձը, գիտելիքներն ու սկզբունքները։
- Ես մի սկզբունք եմ ունեցել՝ անհնարին ոչինչ չկա։ Եթե չի ստացվում, ուրեմն քո գիտելիքը, կամքի ուժը չի հերիքում։ Եթե ուզենաս, հոգի դնես, կյանք դնես, ժամանակ, էներգիա, աշխատանք, անպայման կստացվի... Ահա սարդոստայնը, ահա դու, բայց ի՞նչ էնես, չէր ստացվում։ Ի վերջո գտա մի նյութ, որը մի փոքր ամրացրեց սարդոստայնը, որ կարողանամ աշխատել։
Ավստրիացի վանականները
Դեռեւս 16-րդ դարում ավստրիացի վանականները պատրաստում էին սարդոստայնային հիմքով նկարներ։ Հավաքում էին սարդերի ոստայնները, մաքրում էին ու բացում ստվարաթղթի վրա, փխրուն մակերեսը մշակում էին կաթնային հիմքով հեղուկով: Այն որոշակիորեն ամրացնում էր սարդոստայնը, բայց ոչ շատ ամուր: Դրանք շատ փխրուն էին մնում ու մեկ կտրուկ շարժումը բավական էր ամբողջովին վնասելու համար։

Լուսանկարը` Մեդիամաքս
Այդ նկարները թափանցիկ ու երկկողմանի էին եւ չափերով շատ փոքր։ Իսկ թե ինչն է ստիպել վանականներին նման յուրօրինակ, շատ նուրբ ու փխրուն աշխատանքով զբաղվել, անհայտ է։ Ենթադրվում է, որ այդպես դաստիարակել են հաստատակամություն ու ճշգրտություն։
Փոքրիկ այս կտավներից պահպանվել է մոտ հարյուր օրինակ, որոնք գտնվում են տարբեր թանգարաններում կամ մասնավոր հավաքածուների մաս են կազմում։
«Սարդերը չեն թելադրում, իրանք իմ աշխատողներն են»
Անդրանիկ Ավետիսյանը պատմական այս փաստերը իմանալով՝ փորձեց 16-րդ դարի փորձը արդիականացնել 21-րդ դարում։ Սարդերի համար տեղ հատկացրեց տան մի անկյունում եւ սկսեց բազմացնել ու «աշխատեցնել» նրանց։ Երբ նրանց բնավորությանն ու վարքին ծանոթացավ, սկսեց նաեւ ուղղորդել, որ իրեն ցանկալի ցանցը հյուսեն։ Կատակելով ներկայացնում է այդ ընթացքը.

Լուսանկարը` Մեդիամաքս
- Սարդերն ինձ չեն թելադրում, իրանք իմ աշխատողներն են։ Ես կարող էի ուղղություն տալ, ինչպես գործեն, թելը քո ուզած ուղղությամբ ընդարձակի։ Բարդ ու ժամանակատար էր։ Հետո իրենց աշխատանքից հեռացրեցի ու աշխատում եմ միայն բնությունից վերցրած սարդերով։
- Սարդոստայնի հետ գործ ունենալուց պետք է շախմատի պես մի քանի քայլ կանխատեսես, հստակ իմանաս, վերլուծես, հետո անցնես մյուս գործողություններին։ Եթե սխալվեցիր, չես կարողանա ուղղել։ Յուղաներկով նկար չէ, որ ջնջես, քերես, նորից նկարես։ Մի անգամ ներկեցիր ու սխալվեցիր, էդ սարդոստայնը կփչանա ու պետք է թափես։

Լուսանկարը` Մեդիամաքս
- Այս գործերը պատճենել հնարավոր չէ։ Նույնատիպ սարդոստայն չես կարող գտնել։ Երբեմն տեսնում եմ սարդոստայնը ու միանգամից միտքը ճառագում է, կամ միտքը արդեն ծնվել է ու պատահական գտնում ես սարդոստայնը, որը կարծես հենց այդ գործի համար գործած լինեն։ Տարվա ընթացքում ընդամենը 3-5 գործ կարող եմ անել։
Տիեզերքն է՝ իր էներգիայով
«Նյու Յորքի էներգիան», «Ժամանակի էներգիան», «Տիեզերական էներգիան», «Մոնա Լիզայի էներգիան», «Մարդկային մտքեր»: Անդրանիկ Ավետիսյանը 2008 թվականից ի վեր մոտ 80 աշխատանք է արել։

Լուսանկարը` Մեդիամաքս
- Սարդոստայնը անսահմանության մեջ առարկաների միջեւ եղած տիեզերական էներգիայի պատկերն է։ Սարդերի ոստայնը եւ ընդհանարապես սարդերն ինձ համար թռիչքի խորհրդանիշ են։ Սարդերը շատ փոքր են, հարյուրավոր ձագեր են ունենում, քամին կարող է նրանց հարյուրավոր կիլոմետրերով քշել-տանել։ Սարդոստայնն էլ նույն է, թեթեւ, քամու թռիչքին ենթակա, թռնում է տարբեր աշխարհներ ու երկրներ։ Հենց այդ թռիչքով ու իր ցանցով միավորում է, կապում, հանգուցում։

Լուսանկարը` Մեդիամաքս
Անդրանիկի այս փիլիսոփայական մոտեցումն ու կտավների վրա դրանք արտացոլելու եղանակը ներկայացված է սոցիալական ցանցերում, ինչը պատահական նկատել էր Կաննում ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկն ու հրավիրել էր մասնակցելու։ Ժամանակակից արվեստի միջազգային ցուցադրությունում տարբեր երկրների շուրջ 100 արվեստագետների շարքում 2017-ին գյումրեցի ստեղծագործողը Կաննում արժանացավ «Նոր տաղանդ եւ ամենակրեատիվ միտք» մրցանակին։

Լուսանկարը` Մեդիամաքս
Անդրանիկ Ավետիսյանը որպես գործարար՝ կանխատեսում է հետագա ընթացքը, որպես ստեղծագործող՝ շարունակում մտքի ու գաղափարի պրպտումները։
- Սարդի համար սարդոստայնը իր զենքն է, գոյատեւման իր տարբերակը: Մարդու զենքն իր ուղեղն է: Եթե մարդու ուղեղի աշխատանքին նայենք, էլեկտրական իմպուլսներ, իրար կապող հանգույցներ կտեսնենք, այդ էներգետիկ ցանցն էլ շատ նման է սարդոստայնին։ Սարդի ոստայնը ֆիզիկական զենք է, մարդու մտքինը՝ էներգետիկ զենք։
Անահիտ Հարությունյան
Լուսանկարները՝ Գեւորգ Հրաչյան՝ Մեդիամաքսի համար
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: