Անավարտ ինքնապաշտպանություն. Քարին Տակի երբեմնի փառքն ու լուռ անկումը - Mediamax.am

exclusive
2613 դիտում

Անավարտ ինքնապաշտպանություն. Քարին Տակի երբեմնի փառքն ու լուռ անկումը


Լուսանկարը` Տիգրան Վարագ

Լուսանկարը` Տիգրան Վարագ

Լուսանկարը` Տիգրան Վարագ

Լուսանկարը` Տիգրան Վարագ


2020 թվականի հոկտեմբերի վերջին ու նոյեմբերի սկզբին Քարին Տակի ինքնապաշտպանական մարտերի ընթացքն ու գյուղի առեղծվածային անկումը, թերեւս, կհամալրեն հայկական պատմագրության հակասական ու ողբերգական այն էջերը, որոնք իրենց հետեւից շարունակում են թողնել բազմաթիվ անպատասխան հարցեր։

 

63-մյա Էդուարդ Աբաղյանը մասնակցել է հայրենի Քարին Տակի՝ վերջին երեք տասնամյակի երկու ինքնապաշտպանություններին։ Առաջինում կորցրել է երկու եղբայրներին, երկրորդում՝ հայրենի տունը։ Այժմ այլեւս ամբողջովին հայաթափված Քարին Տակի մասին պարոն Էդուարդի հետ զրուցեցինք Ստեփանակերտում, որտեղ Աբաղյանները տեղավորվել են մի քանի ամիս Հայաստանում ապաստանելուց հետո։

 

«Երկու եղբայրս մահացել են առաջին պատերազմում։ Փոքր եղբորս վիրավոր վիճակում կնոջ հետ միասին տեղափոխում էինք։ Այդ ժամանակ Շուշիից կրակեցին հրանոթով, երկուսն էլ զոհվեցին։ Մի «Ժիգուլի» մեքենայով էինք տեղափոխում, ուրիշ տեխնիկա չունեինք էդ ժամանակ։ «Ուռալ» ունեինք, բայց դա էլ մի քանի րոպե առաջ ուրիշ վիրավորների էր տեղափոխել, ճար չկար։ Ստեփանակերտից զրահատեխնիկա էր եկել օգնության։ Եկավ, կանգնեց դեմ-դիմաց, ճանապարհը նեղ էր, չէին կարողանում անցնել։ Ձմեռ էր, ձյուն։ Իր կանգնած պահին Շուշիից կրակեցին երեւի զրահամեքենայի վրա, բայց կպավ մեզ։ Ճանապարհին կանգնել էինք, որ ուրիշ վիրավոր էլ վերցնենք։ Եղբայրս հետեւն էր՝ գլուխը հենած կնոջը։ Ես դիմացից իջա, որ տեղավորեմ մյուս վիրավորին ու...  1992 թվականի հունվարի 26-ին։ Մեքենայում էր նաեւ մեր գյուղի հերոս տղաներից մեկը՝ Ալյոշա Վարդանյանը՝ մեր պուլեմյոտչիկը։ Փա՛ռք իրան, մեր պարծանքը... Ինքն էլ էդ նույն բանին զոհ գնաց։   

 

Մեր գյուղով միշտ, համարյա ամեն օր կռվի մեջ էինք։ Բայց այդ հունվարի 26-ինը մեծ, խոշոր հարձակում էր։ Գյուղը շրջապատել էին։ Դե, Շուշին էնտեղ էր... Գյուղի ճակատամարտից հետո արմատական բեկում կարծես մտավ Ղարաբաղյան շարժման մեջ։ Դրանից հետո ազատագրեցին Խոջալուն, Մելիբալուն։ Բայց հունվարի 26-ին 22 զոհ տվեցինք, որոնցից կարծեմ 11-ը անմիջապես գյուղից, մնացածն էլ հարեւան գյուղերից օգնության եկած տղաները։

 

Ստորագրահավաքից մինչեւ զինված պայքար

 

Սկզբում ստորագրահավաք էինք անում, որ պետք է միանանք Հայաստանին, հետո տեսանք, որ չստացվեց։ Հույսներս դրել էինք Սովետական իշխանության վրա, որ կօգնեին, բայց ոչինչ էլ չեղավ։ Հետո սկսվեց պայքարը։ Զենքի ձեռքբերում եւ այլն... Վաղարշակ Առուշանյանն էր մեր ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարը։ 1988-ին արդեն տեսանք, որ հնարավոր չի խաղաղ ճանապարհով Մայր Հայաստանին միացումը։ Արդեն գյուղում կազմավորվեց ջոկատը։ Դաշնակցությունը օգնում էր, զենք էր մատակարարում, Վաղարշակն էլ՝ շատ նվիրված... Էն ժամանակ շատ էր դժվար։ Մի փամփուշտի համար մի ռուբլի էինք վճարում։ Ռուսներն էին ծախում։

 

1991 թվականի մայիսին մեր Շուշիի գյուղերը՝ Հին Շենը, Մեծ Շենը, էդ կողմի բոլոր գյուղերը ՕՄՕՆ-ը մտել, հայերին արտաքսել են։ Ավտոբուսները լցրել, տարել են մինչեւ Խնձորեսկ բոլորին։ Արդեն հասկացանք, որ մի երկու օրից էդ նույնը կատարվելու է մեր գյուղում։ Էդպես էլ եղավ։ Մայիսի 15-ին եկան մեր գյուղ։ 15-20 հոգի տղամարդկանց՝ արդեն հավաքած ավտոբուսների մեջ... Դպրոցի ուսուցիչներ, մեծահասակ մարդիկ... Սեյրան Օհանյանը էն ժամանակ ծառայում էր սովետական բանակում։ Պոլկ կար էստեղ։ Եկան օգնության, թուրքերին գյուղից դուրս հանեցին, էդ 15-20 հոգուն արձակեցին։ Էդ վերջին բանն էր, որ թուրքն ու ռուսը միասին եկել էին մեր գյուղ։

Լուսանկարը` Տիգրան Վարագ

Մինչեւ 1991-ի նոյեմբերը ռուսը գյուղում էր։ Ով ինչով կարողանում էր՝ մի շիշ օղի էր տալիս, մի երկու պատրոն վերցնում, էդպես, էստեղից-էնտեղից։ Հետո ռուսները որ գնացին, Ստեփանակերտից էլի Դաշնակցության մի 14-15 ավտոմատ ձեռք բերեցինք։ Վերջին զենքի ձեռքբերումն էր դա։ Գյուղում դարձավ 40 ավտոմատ, 1 հատ գնդացիր, մի հատ գռանատամյոտ, մի հատ նշանառու հրացան։ Էդպես մինչեւ ատամները զինված ավելի քան 600 հոգու դեմ պայքարեցինք։ Հարեւան գյուղերից էլ էին օգնության գալիս։ Շոշ գյուղից եկան մեզ օգնության, ճանապարհին զասադայի մեջ ընկան, իրենց մեջ էլ՝ իրենց գյուղապետը, զոհվեցին։ Հարեւան Սղնախից էլ եկան օգնության։ Էնտեղից էլ զոհ եղավ...

 

Խաղաղ բնակչության մեջ էլ զոհեր եղան։ Մանկապարտեզի դաստիարակ ունեինք՝ Հակոբյան Անյա։ Հունվարի 26-ի հարձակման ժամանակ ինքն էլ վիրավորվեց, հիվանդանոցում մի քանի օրից մահացավ։ 14 տարեկան Նարինե անունով աղջիկ կար։ Ախպերը պահակակետում էր, ինքն էլ հացն էր տանում, հասցնում։ Էդ կռվի օրը էդ աղջիկն էլ զոհվեց։ Կամիլա կար, երեխան գրկած փախչելիս կրակեցին, երեխան շպրտվեց ձեռքից, ինքը մահացավ, երեխան ողջ ա։ Անասնաբույժ ունեինք, 91 թվականի դեկտեմբերին ինքն էլ գյուղում սպանվեց դիտավորյալ կրակից։ Մամիկոն կար, նա էլ սպանվեց իրենց տան բակում։

 

Մինչեւ Շուշիի ազատագրումը գյուղն անընդհատ նշանառության տակ է եղել։ Գյուղից էլ մինչեւ էդ պահը ոչ մեկ դուրս չի եկել, անգամ մինչեւ ծծկեր երեխա. բոլորը մնացել են։ Մինչեւ հունվարի 26-ը խոշոր տրամաչափի զենքերից քիչ էին կրակում։ Մարդիկ հարեւաններով հավաքվում էին, տներում, նկուղներում։ Դուրս չեն եկել։ Ժողով էինք հրավիրել, որ ոչ մեկը գյուղից կին, երեխա չհանի։ Մտածում էինք, որ եթե հանեն, զինվորներն էլ կասեն, թե․ «Ինչի՞ համար ենք կռվում»։ Կլքեն դիրքերը։ Բոլորը մնացին։

 

«Մեր կողքը ոչ ոք չկար»

 

Էս ամենը պայմանավորված բան էր։ Մեզ դեռ 10-12 օր առաջ ասել են՝ նոյեմբերի 9-ին Ադրբեջանում դրոշի օր է, էդ օրը պիտի Ադրբեջանի դրոշը Շուշի լինի։ Եթե պայմանավորված չլիներ, Ավետարանոց գյուղում պետք է մերոնք առաջները կտրեին, չթողնեին էդքան մոտիկանային. բանակ ունեինք, զենք ունեինք...

 

Արդեն հոկտեմբերի 28-ին, որ հարեւան գյուղում էին թուրքերը եւ մոտենում էին մեզ, մենք արդեն հասկանում էինք, որ ճակատամարտ պիտի տանք։ Մեր եւ Սղնախի արանքում մի բարձունք կա։ Մեր համայնքի ղեկավարը գնաց էնտեղ, որ պայմանավորվեն։ Դե, բանակը էնտեղ է, տեսնեն, թե ինչ պետք է անեն, եթե պետք լինի, գյուղի ջոկատն էլ բարձրանա էդ բարձունքը։ Երեկոյան գյուղի ներքեւի մեր պոստում էինք, տեսանք, որ գնում են դեպի բարձունքը։ Նոր տեղ հասած՝ տեսանք, որ ռմբակոծեցին, ուժեղ կրակ թափեցին։ Մթին էր։ 20 րոպեից տեսանք, որ շտապօգնության մեքենաները իջնում են։ Մոտիկացանք, ասեցին. «Չորս զոհ կա, մի վիրավոր»... Հարցրինք․ «Գյուղապե՞տն էլ»... Ինքն էլ, իր հորաքրոջ տղան էլ, թոռն էլ միասին բարձրացել էին... Տեսանք՝ երեքն էլ զոհված։ Ասեցինք՝ վե՛րջ, գյուղը մեր ձեռից գնաց... Ինքը շատ նվիրված էր...

 

11 հոգի մեր պոստում էինք։ Հայաստանից ահագին բանակ կար, բայց մեր կողքը ոչ ոք չկար։ Նոյեմբերի 4-ին՝ գիշերը ժամը 3-ին, Շուշիից կրակահերթ սկսվեց։ Էդ օրը պոստում իմ հերթափոխն էր դիտարկելու։ Տղաներին արթնացրի, ասեցի. «Թուրքերն արդեն հարձակվել են»։ Մինչեւ ժամը 4-ը տեսանք՝ արդեն մոտիկանում են գյուղին։ Դե, մեր գիշերային տեսանելիության սարքն էլ մի րոպե նայում էինք, տասը րոպե պահում, որ մարտկոցը չնստի։ Թուրքերը շատ էին։ Մի 500-600 մետր երեւում էր ավտոյի ճանապարհը։ Սաղ, էդ ճանապարհով լցված, գալիս էին։ Էդ ճանապարհն էլ մի 10 օր առաջ ականապատած էր: Կապ տվեցինք, որ պայթեցնեն, ասեցին․ «Չէ՛ դեռ, պետք է հարցնենք», հետո էլ թե. «Հրաման չկա»։ Էդպես էլ չպայթեցրին։ Տեսանք, որ չեն պայթեցնում, մենք ինքներս մի հատ էլ նայեցինք էդ ճանապարհին, ուղղությունը որոշեցինք, մի 150 մետր արդեն մոտիկացած՝ սկսեցինք կրակել։ Արդեն լռեցին, բայց առաջ չեկան։ Երեւի զոհ տվեցին։ Լույսը որ բացվեց, տեսանք էդ ճանապարհին սաղ իրեր, կասկեք, կուրտկաներ թափված։

Լուսանկարը` Տիգրան Վարագ

Հետո նորից սկսեցին իրենք մոտենալ։ Մեր զենքը արդեն վերջանում էր, պատրոն չունեինք, դիմել էինք վերեւի պոստերին, որ պատրոն հասցնեն, ուշ բերեցին՝ ժամը 2-ի կողմերը։ Մեր զինվոր տղաներից մեկը եկավ, ասում եմ. «Ո՞ւր ա ավտոմատդ»։ Ասում ա. «Ի՞նչ անեմ ավտոմատը, որ պատրոն չունեմ»։ Հանեցի մի մագազին տվեցի իրան, նենց ուրախացավ, կարծես մի մեծ բան եմ տվել։

 

«Ինչի՞ եք դուրս գալիս»...

 

«Խաչին սեռ» բարձունք ունենք։ Մեր դրոշը էնտեղ դրած էր։ Արդեն տեսանք, որ թուրքերն էդ կողմերով էլ եկել են, մեր դրոշը իջեցրին, իրենց դրոշը դրին։ Արդեն նույն ճանապարհով չեկան, ցրվեցին անտառներով։  

 

Արդեն տեսանք, որ անտառներով թուրքերը ցրվել են, արդեն մենք շրջափակման մեջ ենք ընկնելու, թողեցինք, բարձրացանք վերեւ մի կերպ։ Էլ ոչ մեկը չկարողացավ գոնե մեքենա նստի, էնքան մոտիկացել էին ու կրակում էին... Էդ ականանետերը վարկյանները բաց չէին թողնում։ Ձորերով դուրս եկանք գյուղի վերեւ, էդպես մինչեւ տեսանք բանակն էլ է դուրս գալիս վերեւից։ Զենքերը, բաները թափած՝ սաղ դուրս էին գալիս... Մնացել էր գյուղի հրամանատարը մի քանի հոգով... Բաղդասար Բաղդասարյանն էր հրամանատարը։ Ասաց. «Ինչի՞ եք դուրս գալիս»։ Ասեցինք. «Արդեն շրջափակման մեջ ենք»։ Դե, իրենց կողմի վրա կրակոց չի եղել, մեր պոստի վրա են հարձակվել։ Մենք էլ, պատրոնը վերջացած, ի՞նչ անենք։ Ոչ մեկ օգնության չի հասել։ Թողել ենք, դուրս եկել ստիպված։

 

Նոյեմբերի 4-ին՝ երեկոյան 5-ի կողմերը, արդեն դուրս ենք եկել գյուղից։ Եկել ենք Շուշի։ Արդեն ամսի 6-7-ին Շուշի չկար։ Թուրքերը Հադրութից մինչեւ Շուշի ոտքով են եկել առանց տանկ, առանց որեւէ տեխնիկայի։ Դրա համար ես կասկածում եմ, որ սա պայմանավորված գործ ա։ Մեր բանակը ինչի՞ չէր կարող Շոշի բարձունքները պահեին, էդ անտառներով թուրքերը գային ոտքո՞վ։ Ոտքո՛վ... Եթե տանկերով գային, եսիմ ինչ տեխնիկայով գային, ասեինք՝ հա՛, չենք կարողացել դիմադրել։ Բայց ոտքով են եկել։

 

Շուշվա տակը մի 4-5 օր առաջ սաղ Հայաստանից բերած բանակ էր։ Ասում էին. «Քանի օր ա ստեղ ենք, չգիտենք, թե ինչ պիտի անենք, հրամանատար չունենք»։ Բոլորը ճանապարհներին նստած։ Մարդ շատ ա եղել, չեմ ասում չի եղել, բայց մարդիկ, ճանապարհներին քնած, չգիտեին՝ ինչ անեին։ Բայց մինչեւ վերջին պահը մենք հույս ունեինք, որ պիտի հաղթեինք, չէինք հավատում, որ էսպես...   

 

Պայքարը, որ միշտ կար

 

Մեր նախնիները Հադրութից են տեղափոխված՝ Խծաբերդ գյուղից։ Մինչեւ հիմա էլ մեր լեզուն հադրութցիների նման է, բարբառը նույնը պահպանվում ա։ Չենք ուզում, որ մոռացվի։ Էդ է մնացել մեզ։ Մեր գյուղում 1920 թվականին Շուշիի կոտորածի ժամանակ գյուղացիները դուրս են եկել, գնացել նորից Հադրութի կողմերը մի քանի օրով։ Հայ-թաթարական կռիվների, հայկական կոտորածի ժամանակ մեր գյուղի ահագին տներ վառել են։ Մեր պապական տունն էլ, մինչեւ էս 70-ական թվերն էլ էդ այրված մասերը երեւում էր, հետո արդեն սարքեցինք, ծածկեցինք։

Լուսանկարը` Տիգրան Վարագ

Մեր գյուղում թուրք չկար, բայց մի 4-5 ֆերմայում անասնապահները թուրք էին։   Մինչեւ 1985 թիվը մեր սովխոզի դիրեկտորը թուրք էր, հետո փոխվել է։ Բայց խնդիր չի եղել իր հետ, ոչ մի պրոբլեմ։ Արդեն 1989-ին սովխոզը բաժանեցինք, տեխնիկան, բանը, ամեն ինչը բաժանեցինք, առանձնացանք իրարից, բայց հանգիստ, առանց կռվի՝ չնայած Շարժումն արդեն սկսել էր։ Շարժումը, որ ընկել էր արդեն, մեր ծանոթ թուրքերը, ում հետ որ աշխատել էինք, մեզ համար Շուշիից առեւտուր էին անում, բերում, որովհետեւ մեր գյուղում շուկա չկար։ Ասում էին. «Երեւի երկար չի տեւի էս ամենը, էս «Միացում»-ը կվերջանա, նորից միասին կապրենք»։

 

Ընդհանուր առմամբ, չէի ասի, թե հարաբերությունները լավ էին։ Ընդհարումներ միշտ էլ եղել են։ Շուշիից, Աղդամից գալիս էին մեր գյուղի հանգստյան գոտիները, թուրքերի ճամբարներ կային։ Մեր գյուղի երեխաները միշտ կռվի մեջ էին իրենց հետ։ Շուշիից գալիս էին մեր գյուղի գետում լողանում, միշտ էդ կռիվը կար։ Միշտ պայքարը եղել է։ Բայց իրենք թաքուն էին դա պահում։ Հանգիստ, կամաց-կամաց հայերին արանքից հանում էին։ Էնպես նեղում էին, որ մարդիկ զզվեն, դուրս գան։ Հայերին իրենց տեղերից հանում, իրենք բազմանում... Եթե Շարժումը չլիներ, աստիճանական Նախիջեւանի պես Արցախն էլ կդատարկվեր։  

 

Շուշիի գործողության օրը մենք կորիդոր ենք տվել իրանց։ Ասեցին՝ պետք է տաք, որ չդիմադրեն, թողնեն գնան։ Էդպես էր պլանավորված։ Հիմա, որ մենք գալիս ենք Լաչինով, Շուշիի կողքի էդ նույն ճանապարհով ենք տվել միջանցքը։ Իսաբուլաղ ենք ասում։ Անտառով իրենք ճանապարհ էին բացել։ Անտառի ճանապարհով մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը թողին, դուրս եկան։ Մայիսի 9-ի առավոտ մենք արդեն մտել ենք Շուշի, մարդ չկար։ Մի քանի ծերեր, որ չեն իմացել, մնացել են քնած եւ այլն։ Իրենց բաց են թողել մերոնք։ Էն ժամանակ վնաս չենք տվել իրենց։

 

***

 

Քարին Տակը Արցախի Շուշիի շրջանի նշանավոր բնակավայրերից է, որի պատմությունը մշտապես սերտ կապված է եղել Արցախի շուրջ ծավալվող պատմաքաղաքական կարեւոր իրադարձությունների հետ։  

 

Ռուսական կայսրությունում 1898 թվականին լույս տեսած «Կովկասի վայրերը եւ ցեղերը նկարագրող նյութերի հավաքածու»-ում ուշագրավ անդրադարձի ենք հանդիպում 19-րդ դարի սկզբին «Զանգեզուրին սահմանակից Խծաբերդ գյուղից բարբարոս խաների» կողմից հետապնդումների հետեւանքով այստեղ տեղափոխված հայ բնակչության մասին։ Ըստ հեղինակի՝ խծաբերդցիներն առանձնանում էին իրենց քաջությամբ եւ կոպիտ վարքուբարքով եւ մերժում էին խանին հարկ վճարելու պահանջը, ինչի պատճառով քրդական Ալիյանլու ցեղից խանը արյունալի բախումների մեջ էր վերջիններիս հետ։

 

«Հասկանալով, որ բացեիբաց չի կարող նրանց հաղթել եւ իմանալով խծաբերդցիների ոչ վրեժխնդիր բնույթը՝ նա նրանց մոտ ժամանեց իբրեւ հյուր եւ հետ մեկնելուց առաջ, որպես ընկերության նշան, հրավիրեց նրանց համայնքի ղեկավարներին պատվելու իրեն պատասխան այցով, ինչին խծաբերդցիները համաձայնեցին։ Եվ երբ նրանք գնացին խանին հյուր, նա ճաշի ժամանակ թունավորեց նրանց, իսկ հետո հարձակվեց գյուղի վրա», - շարունակում է հեղինակը՝ նշելով, որ սկզբում խծաբերդցիները անհաջողության մատնվեցին մարտերում, սակայն ի վերջո խանը կրկին պարտվեց նրանց։

 

Նույն աղբյուրը նաեւ հիշատակում է խծաբերդցիների սարսափելի կոտորածը, ինչից հետո, ըստ հեղինակի, մոտակայքում հոսող գետը, որտեղ էլ տեղի էր ունեցել սպանդը, սկսել է կոչվել Հարամ գետ, քանի որ դրա ջուրը պղտորվել էր տեղացիների արյամբ։

 

Ահա այս իրադարձություններն, ըստ ավանդության, պատճառ դարձան մեծաթիվ խծաբերդցիների՝ դեպի Շուշի գաղթի եւ Քարին Տակում հաստատվելու։

 

Հանդեսը նաեւ ուշագրավ բնութագիր է տալիս թե՛ քարինտակցիների նիստուկացի եւ խառնվածքի, թե՛ նրանց ու հարեւան թաթարների հարաբերությունների վերաբերյալ։

 

Ըստ աղբյուրի՝ քարինտակցիները խաղաղասեր, հյուրընկալ, բայց միեւնույն ժամանակ կոպիտ ու սնահավատ ժողովուրդ են։ Հեղինակն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ գյուղի բնակիչները մշտապես ստիպված են եղել զենք կրել՝ հաշվի առնելով, որ շրջապատված էին թաթարական բնակավայրերով։ Շատ հաճախ Քարին Տակի տարածքով անցնող մուսուլման հարեւանները անասնագողություն էին անում նրանց տարածքից․ «Պատահում է այնպես, որ հարեւան թաթարը գողանում է քարինտակցուց անասուն, այնուհետեւ գալիս է նրա մոտ եւ մաղարիչ պահանջում՝ խոստանալով, որ ցույց կտա վայրն, ուր պահվում է գողացված անասունը։ Եթե գյուղացին համաձայնում է, հետ է ստանում իր ունեցվածքը, իսկ եթե ոչ, անասունը կորում է։ Եթե գյուղացին բողոքում է գողի դեմ, վերջինս անպայման վրեժ կլուծի նրանից, դրա համար գյուղացիները նախընտրում են փակել հաշիվը խաղաղ գործարքով»։

 

Քարին Տակն էապես տուժել է 1919-1920 թթ․-ին Շուշիի եւ շրջակա գյուղերի հայ բնակչության կոտորածի ժամանակ։  

Լուսանկարը` Տիգրան Վարագ

Քարին Տակի նորագույն պատմության ամենակարեւոր դրվագը վերաբերում է 1992 թվականի հունվարի 26-ի ինքնապաշտպանությանը։ Անհավասար, բայց հաղթական դիմադրությունը վճռորոշ նշանակություն է ունեցել ոչ միայն քարինտակցիների, այլեւ Արցախյան առաջին պատերազմի ամբողջ ընթացքի համար եւ համարվել Արցախյան շարժման պատմության առանցքային էջերից։ Գյուղի վրա հարձակումն այդ օրը ղեկավարել է անձամբ Ադրբեջանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Տաջադին Մահթիեւը, որը Քարին Տակում պարտությունից հետո ազատվել էր պաշտոնից։

 

Արցախյան երկրորդ պատերազմի հետեւանքով ամբողջությամբ հայաթափված գյուղը ուներ 140 տնտեսություն։ Քարին Տակը փաստացի Շուշիի շրջանի միակ գյուղն է, որը 2020 թվականի պատերազմի ընթացքում անցավ ադրբեջանական վերահսկողության տակ։  

 

2021 թվականի հունվարին՝ ռազմական գործողությունների դադարից ավելի քան երեք ամիս անց, Քարին Տակում հայտնաբերվել էր գյուղի բնակիչներից 58-ամյա Ալվարդ Պետրոսյանի դին՝ բռնության բազմաթիվ հետքերով։ Վերջինս երկրորդ կարգի հաշմանդամ էր եւ հրաժարվել է լքել գյուղը հոկտեմբերի 28-ի տարհանման ժամանակ։ Նրա հետ վերջին կապը հարազատները կարողացել էին հաստատել նոյեմբերի 5-ին։

 

Սոֆիա Հակոբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին