Արցախյան պատմություններ՝ կոմիքսների լեզվով - Mediamax.am

exclusive
1288 դիտում

Արցախյան պատմություններ՝ կոմիքսների լեզվով


Լուսանկարը` Անահիտ Բաղդասարյանի արխիվից

Տիգրան Մանգասարյանը
Տիգրան Մանգասարյանը

Լուսանկարը` Անահիտ Բաղդասարյանի արխիվից

Լուսանկարը` Անահիտ Բաղդասարյանի արխիվից

Լուսանկարը` Անահիտ Բաղդասարյանի արխիվից

Լուսանկարը` Անահիտ Բաղդասարյանի արխիվից

Լուսանկարը` Անահիտ Բաղդասարյանի արխիվից

Լուսանկարը` Անահիտ Բաղդասարյանի արխիվից

Լուսանկարը` Անահիտ Բաղդասարյանի արխիվից

Լուսանկարը` Անահիտ Բաղդասարյանի արխիվից

Լուսանկարը` Անահիտ Բաղդասարյանի արխիվից

Լուսանկարը` Անահիտ Բաղդասարյանի արխիվից

Լուսանկարը` Անահիտ Բաղդասարյանի արխիվից

Լուսանկարը` Անահիտ Բաղդասարյանի արխիվից

Լուսանկարը` Անահիտ Բաղդասարյանի արխիվից

Լուսանկարը` Անահիտ Բաղդասարյանի արխիվից


Օգոստոսին Ստեփանակերտում կազմակերպվեց «Ինքնահռչակ նկարիչ» պատկերապատումների առաջին ամառային դպրոցը։ Ռուսաստանաբնակ Անահիտ Բաղդասարյանի նախաձեռնությունը 16 տարեկանից բարձր բոլոր արցախցիների համար էր՝ անկախ նկարչական կարողություններից ու պատկերապատման ոլորտում ունեցած փորձից։

 

«Իմ գլխավոր նպատակներից մեկը ստեղծագործող մարդկանց աջակցելն էր։ Բացի այդ, այսպիսի մեծ ցնցում ապրած մարդիկ արտահայտվելու, իրենց փորձառությամբ կիսվելու կարիք ունեն։ Պատկերապատումներ ստեղծելը տալիս է այդ հնարավորությունը, նաեւ օգնում է զարգացնել ստեղծագործական մտածողությունը, կարողությունները։ Ինձ համար շատ կարեւոր է, որ այդ պատմությունները հավաքենք եւ գիրք պատրաստենք, որպեսզի արվեստի միջոցով ներկայացնենք, թե ինչ է կատարվում այդ տարածաշրջանի մարդկանց հետո, ինչն է նրանց անհանգստացնում, ինչով եւ ինչպես են ապրում։ Պարտադիր չէ, որ այդ պատմությունները լինեն պատերազմի մասին։ Ես ցանկանում եմ, որ աշխարհն Արցախը չընկալի որպես թեժ կետ, այլ մի վայր, որտեղ մարդիկ ուզում են ապրել ազատ եւ անկախ»,-ասում է Անահիտ Բաղդասարյանը։

 

Ամառային դպրոցի 8 մասնակիցների հետ աշխատել են Հայաստանում պատկերապատման հիմնադիրներից Տիգրան Մանգասարյանը, նկարիչ, կոմիքսների հեղինակ Ռաֆայել Տեր-Ստեփանովը, դիզայներ, նկարազարդող Գեղամ Հարությունյանը։ Նրանք ներկայացրել են կոմիքսների ստեղծման բոլոր փուլերը՝ գաղափարից մինչեւ գրքի հրատարակություն։

Լուսանկարը` Անահիտ Բաղդասարյանի արխիվից

Տիգրան Մանգասարյանն ասում է՝ արցախցիները կոմիքսներ ստեղծելու մեծ տաղանդ ունեն։ Թեմաների պակաս էլ երբեք չի լինում. խնդիր, որին միշտ բախվում է Երեւանում եւ Հայաստանի մարզերում։

 

«Դա գուցե բացատրվում է նրանով, որ արցախցիները փակ տարածքում են ապրում եւ ձգտում են փոքր օդանցքներ, խողովակներ գտնել, ամեն ինչ փորձում են։ Հայաստանում էդպես չէ. կոմֆորտի մեջ են ապրում, գալիս, բերանները բաց դասը լսում են, բայց երբ հասնում է գործ անելու պահը, տեսնում են՝ դժվար է, հետ են կանգնում։ Նորից ընկղմվում են իրենց կոմֆորտի մեջ, ու վերջացավ։

Լուսանկարը` Անահիտ Բաղդասարյանի արխիվից

Այս անգամ թեմաները շատ տարբեր էին։ Եթե հինգ հեղինակների ամբողջական պատմություն ունենանք, կարող ենք գիրք տպագրել։ Շատ հետաքրքիր կստացվի. պատկերացրեք՝ այլմոլորակայինների մասին պատմություն՝ Ղարաբաղի բարբառով»։

Լուսանկարը` Անահիտ Բաղդասարյանի արխիվից

Մարիա Սաղյանի պատմությունը 12-ամյա տղայի մասին է, որը սիրում է կոմիքսներ կարդալ եւ երազում է սուպերհերոս դառնալու մասին, թեեւ բոլորը խորհուրդ են տալիս լուրջ գործով զբաղվել։ Բայց մի օր բախտը ժպտում է տղային, եւ հնարավորություն է ստեղծվում իսկական սուպերհերոսի նման «փրկել» լվացքի պարանից պոկված շորը։

 

«Այս պատմությամբ ես ուզում եմ ցույց տալ, որ Արցախում էլ շատ երեխաներ փորձում են արարել, նոր բաներ ստեղծել, իրենք նույնպես երազանքներ ունեն։ Ճիշտ է, նրանց համար ավելի դժվար է հասնել երազանքներին, քան՝ մյուս երկրներում ապրող երեխաներին, բայց, միեւնույն է, նրանք ունեն այդ հնարավորությունը։

Լուսանկարը` Անահիտ Բաղդասարյանի արխիվից

Արցախյան կոնտեքստից բացի նաեւ ուզում եմ ասել, որ ինչքան էլ մեծ լինեն մեր երազանքները, մենք դրանք իրականացնելու միջոցներ կարող ենք գտնել։ Եվ ինչքան էլ փոքր լինեն մեր արած գործերը, օրինակ՝ իմ կոմիքսում երեխան շորն է փրկում, բայց եթե դրանով ինչ-որ մեկին օգնում է, դա արդեն հերոսություն է»,-ասում է 19-ամյա Մարիան։

Լուսանկարը` Անահիտ Բաղդասարյանի արխիվից

Ամառային դպրոցի նախաձեռնող խումբը որոշել է մասնակիցների ստեղծած պատկերապատումների ցուցահանդես անել եւ ժողովածու պատրաստել՝ Արցախի բարբառով։ Կհրատարակեն փոքր՝ 100 օրինակով, նաեւ ամառային դպրոցի կայքում կտեղադրեն։

 

Անահիտ Բաղդասարյանն ասում է, որ առաջին փորձից գոհ է։ Խնդիրներ կային, հաջորդ տարի կփորձեն շտկել։ Որոշել է պատկերապատումների ամառային դպրոցն ամենամյա դարձնել։ Մտածում է միջոցներ գտել եւ ընդգրկել Արցախի գյուղերից ու Հայաստանից մասնակցել ցանկացողներին։

Լուսանկարը` Անահիտ Բաղդասարյանի արխիվից

Անահիտը պատմաբան է, ազգագրագետ, արմատներով Արցախից է։ Հայ-ռուսական համատեղ գիտական ծրագրում է ընդգրկված։ Հիմա ուսումնասիրության թեման Ամարաս ու Դադիվանք ուխտագնացություններն են։ Այս ապրիլին Դադիվանք գնացող ուխտավորների խմբին էր միացել։ Վերջին անցակետում ադրբեջանցիներն արգելել էին շարունակել, որովհետեւ ՀՀ անձնագիր չուներ։ Հետո պարզվել էր, որ դա ուխտավորների վերջին խումբն էր, որին թույլատրել էին Դադիվանք գնալ: Անահիտն ասում է՝ այն ինչ ֆանտաստիկ էր թվում, հիմա մեր իրականությունն է։

Լուսանկարը` Անահիտ Բաղդասարյանի արխիվից

«Բայց լացելու ժամանակ չունենք։ Ինչ կարող ենք, պետք է անենք, անգամ իմ նախագծի նման փոքր մի բան։ Ես գիտեմ, որ դա շատ նեղ շրջանակի համար է, բայց կարեւոր չէ»։

 

Հնարավոր է՝ հաջորդ տարի դպրոցի մասնակիցներին առաջարկեն պատերազմի թեմայով պատկերապատումներ ստեղծել։

 

«Կմտածենք այդ մասին, բայց թող էմոցիաները հանգստանան։ Մի բան է, որ ես պատերազմի թեմայով պատկերապատում անեմ, այլ բան է, որ արցախցիներն անեն։ Քաղաքը նույնն է, սիրունիկ, մաքուր, արտաքնապես որեւէ բան չես զգում, չես նկատում, բայց որ մի քիչ շփվում ես, հասկանում ես, որ մարդիկ ճնշված են։ Դա պիտի անցնի»,- հավելում է Տիգրան Մանգասարյանը։

Տիգրան Մանգասարյանը Տիգրան Մանգասարյանը

Լուսանկարը` Անահիտ Բաղդասարյանի արխիվից

Ինքը պատրաստ է շարունակաբար գնալ ու աշխատել արցախցիների հետ։ Ասում է՝ ցանկացած նախաձեռնություն, որ ուղղված է երիտասարդներին, կարեւոր է։ Նրանք են Արցախի ապագան։

 

«Ես արմատներով Նախիջեւանից եմ։ Հայրիկս կարողացել էր երկու անգամ գնալ իր հայրենի Բիստ գյուղը։ Վերջին անգամ էնտեղի տատիկ-պապիկներն ասել էին՝ ի՞նչ գյուղ, որ մի տարվա ընթացքում ոչ մի կնունք չլինի: Բոլոր ջահելները փախել, եկել էին Երեւան։ Ու էդպես էլ գյուղը մեռավ, բոլոր հայերը լքեցին Նախիջեւանը։

Լուսանկարը` Անահիտ Բաղդասարյանի արխիվից

Հիմա նույնը Արցախում է։ Պետք է գնալ, ապրել այնտեղ, դասավանդել, երիտասարդների համար ծրագրեր անել, որ իրենց մենակ չզգան։ Եթե երիտասարդները թողեցին Արցախը, կլինի այն, ինչ եղավ Նախիջեւանում», - ամփոփում է Տիգրանը:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին