Մարտի դաշտից՝ Գյումրի. «ВИВА» հիմնադրամը պիլոտային ծրագիր է գործարկել - Mediamax.am

exclusive
1401 դիտում

Մարտի դաշտից՝ Գյումրի. «ВИВА» հիմնադրամը պիլոտային ծրագիր է գործարկել


Կարինե Օթարյանը, Նարինե Սերոբյանը, Անժելա Իսահակյանը եւ Տատյանա Հովհաննիսյանը (ձախից աջ)
Կարինե Օթարյանը, Նարինե Սերոբյանը, Անժելա Իսահակյանը եւ Տատյանա Հովհաննիսյանը (ձախից աջ)

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարինե Օթարյանը (ձախից)
Կարինե Օթարյանը (ձախից)

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Անժելա Իսահակյանը
Անժելա Իսահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարինե Օթարյանը
Կարինե Օթարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարինե Սերոբյանը
Նարինե Սերոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ու Արցախի հիվանդանոցները բժշկական սարքավորումներով համալրել, վիրավոր զինվորների վերականգնողական բուժումն ապահովել, կարիքավորներին օգնություն հասցնել ու մասնագիտական վերապատրաստման դասընթացներ կազմակերպել՝ բարեգործական այս ծրագրերով է իր գործունեությունը ծավալում «ՎԻՎԱ» հիմնադրամը։

 

«ВИВА» Врачи и волонтеры – Армении հայկական բարեգործական կազմակերպություն է, որը ծնունդ է առել 2016 թվականի ապրիլի 7-ին, Քառօրյա պատերազմի օրերին։ Առաջին օգնությունը (բժշկական պարագաներ, շտապ օգնության ավտոմեքենա եւ այլն) «ՎԻՎԱ» հիմնադրամը նվիրեց Արցախին՝ պատերազմի 4-րդ օրը։

 

Ռուսաստանաբնակ բժիշկներն ու կամավորները ոչ միայն Հայաստանից են, այլ նաեւ Հայաստանի համար են աշխատում, նրանց միավորում է մեկ նպատակ՝ անել ամեն ինչ, որ հայրենիքում բժշկական օգնության որակն եւ հասանելիությունը բարելավվի։

 

Առողջ երեխան ռազմավարական նշանակության հարց է

 

Հայաստանի մարզերում մատչելի եւ բարձր որակի առողջապահություն կազմակերպելու համար, ինչպես նաեւ երեխայի առողջ նախածննդյան շրջանը ախտորոշելու ու բուժման ուղիներ որոնելու համար «ՎԻՎԱ» հիմնադրամ սկսել է պիլոտային ծրագիր, որի մեկնարկը տրվեց Հայաստանի երկրորդ քաղաքից։ «ՎԻՎԱ-Պրենատալ ախտորոշման ծառայությունը» բացվեց «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցում»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Նախածննդյան սքրինինգային ծրագրով հիմնադրամի հովանավորությամբ բժիշկները վերապատրաստվել են Մոսկվայում՝ առաջատար մասնագետ, Ռուսաստանի Դաշնությունում բժշկական գիտությունների թեկնածու Կարինե Օթարյանի մոտ։ Լաբորատոր ախտորոշումներ կատարելու համար «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց»-ի համար ձեռք են բերվել ռեակտիվներ եւ փորձագիտական ուլտրաձայնային սարքավորում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 70 հազար դոլար։

 

Սքրինինգը հնարավորություն կտա դեռեւս նախածննդյան փուլում հոգ տանել մոր եւ մանկան առողջությոն մասին, ախտորոշել բոլոր շեղումներն ու ճիշտ լուծումներ գտնել։ Յուրաքանչյուր այցելու, հղիության առաջին եւ երկրորդ եռամսյակների սքրինինգի ժամանակահատվածում (11-14,18-21 շաբաթ), կարող է անցնել անվճար հետազոտություն:

Կարինե Օթարյանը (ձախից) Կարինե Օթարյանը (ձախից)

Լուսանկարը` Մեդիամաքս

-2018 թվականից քննարկում ենք ինչով կարող ենք օգնել մեր հայրենիքին։ Քանի որ առողջ երեխա ունենալը ռազմավարական նշանակության հարց է բոլոր երկրների համար, որոշեցինք հենց այս ծրագիրը ներդնել մարզերում,-ասում է հիմնադրամի բժիշկ Կարինե Օթարյանը, որը օգնել է տեղի բժիշկներին հմտանալ կիրառվող ժամանակակից մոտեցումներում։

 

Հիվանդանոցի երկու մասնագետներ վերապատրաստվել են Ռուսաստանի Դաշնությունում, որ կարողանան աշխարհում կիրառվող նոր մեթոդներով հետազոտությունը իրականացնեն։ Գործընթացը հիմնված է Պտղի բժշկության միջազգային հիմնադրամի (FMF – Fetal Medicine Foundation) ծրագրի վրա, որը ներդրվել եւ հաջողությամբ կիրառվել է աշխարհի շատ երկրներում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Անժելա Իսահակյանը վերապատրաստված բժիշկներից մեկն է։ Նա նշում է, որ «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցը» ունեցել է սքրինինգ հետազոտության համար սարք, սակայն նոր համալրումը հնարավորություն կտա ավելի մանրազնին հետազոտություն իրականացնել, պտղի զարգացման արատները ավելի վաղ հայտնաբերել։

Անժելա Իսահակյանը Անժելա Իսահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

- Պակաս կարեւոր չեն այն բիոքիմիական անալիզները, որոնք մենք կատարում ենք գենետիկ շեղումները հայտնաբերելու համար։ Կատարվելու են արյան միջոցով հատուկ հետազոտություններ, որով կկարողանանք հայտնաբերել քրոմասոմային անոմալիաները,- ասում է Անժելա Իսահակյանը։

Նարինե Սերոբյանը Նարինե Սերոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռադիոլոգ Նարինե Սերոբյանը հավելում է.

 

- Նախկինում եթե ուլտրաձայնային հետազոտության ժամանակ նկատում էինք որոշակի շեղումներ ու միայն դրանից հետո էինք ուղղորդում արյան անալիզի, հիմա այս ծրագրով, անկախ նրանից ուլտրաձայնով շեղում գտնում ենք, թե՝ ոչ, բոլորն հանձնում են արյան բիոքիմիական անալիզ։ Այն հնարավորություն է տալիս վաղ ժամկետում ախտորոշել պտղի գենետիկական շեղումները։ Այս ծրագրով շեշտը դրվում է ժառանգական հիվանդությունների, մասնավորապես, Դաունի սինդրոմի վաղաժամ ախտորոշման վրա։    

 

Նրանք ծնվում են, որ փորձեն, թե մենք ինչքան կարող ենք սիրել

 

- Երբ ասում ենք արատների վաղաժամ ախտորոշում, շատերին թվում է, թե մենք խրախուսում ենք հղիության ընդհատումը, բայց՝ ոչ։

 

Շատ արատներ 21-րդ դարում հնարավոր է շտկել։ Ես դեմ եմ, որ հղիությունն ընդհատվում է, օրինակ՝ գայլի երախի կամ սրտի արատի դեպքերում, կարելի է վիրահատել ու երեխային հնարավորություն տալ ապրելու։ Իսկ ինչ վերաբերում է Դաունի սինդրոմին, ապա երբ ախտորոշում ենք այն, մեծամասամբ ընդհատում են հղիությունը, բայց կան ծնողներ, որոնք ցանկանում եմ պահել պտուղը, կյանք պարգեւել ու դաստիարակել։ Ամեն տարի ավելանում է նման ծնողների թիվը։ Կարծում եմ, ճիշտ կողմնորոշում է, որ պետք է սիրել իրար ու պետք է հնարավորություն տալ այդ բալիկներին։ Սա վերաբերում է ոչ միայն Դաունի համաշխտանիշին, այլեւ մյուս արատներին,- տարիների ընթացքում նկատվող փոփոխություններն է ներկայացնում Կարինե Օթարյանը։

Կարինե Օթարյանը Կարինե Օթարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

-Նման մարդիկ ծնվում են, որ փորձեն մեզ, թե ինչքանով ենք մենք բարի, սիրող եւ ինչքանով ենք լավ փոխհարաբերություններ կառուցում։

 

Իսկ մենք հնարավորություն ենք տալիս վաղօրոք ախտորոշել, որ նախ ծնողը պատրաստ լինի։ Մենք պատրաստ լինենք, որոշակի խնդիրներով բալիկի ծնվելու պարագայում, իմանանք մեր քայլերը, ինչ ենք անում, ինչպես ենք լուծում գտնում։

 

Առողջապահության փոխնախարար Գեւորգ Սիմոնյանն եւս կարեւորեց այս գործոնը, ապա նաեւ ընդգծեց ծրագրային այն բաղադրիչը, որով լրացվում է համակարգում եղած բացը՝ բժիշկների վերապատրաստումը։

Լուսանկարը` Մեդիամաքս

- Պետական ծրագրով սքրինինգային ծրագիրը գործում է, բայց կան որոշակի բացեր, որը «ՎԻՎԱ»- ի հետ մենք փորձում ենք համալրել։ Մասնագետների վերապատրաստման ու ստացված տվյալների վերլուծական տվյալները հնարավորություն կտան բարձր ճշտության եզրակացություն ստանալ։ Այս փորձը կտարածենք ամբողջ երկրով ու կկարողանանք հղկել ծառայության որակը։

 

«ՎԻՎԱ» հիմնադրամը 2 միլիոն դոլարից ավելի օգնություն է տրամադրել

 

«ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի նախագահ Տատյանա Հովհաննիսյանը ներկայացնում է տարիների ընթացքում կատարած աշխատանքներն ու սպասվող նոր ծրագրերը։ Առաջնային է համարում վիրավոր զինվորների վիրահատական միջամտությունների ու վերականգնողական բուժման համար հիմնադրամի աջակցությունը, ինչպես նաեւ պրոթեզավորմանն ու բժիշկների մասնագիտական կարողությունների վերապատրաստման դասընթացները։

 

- Պատերազմի օրերին մեր հիմնադրամի բժիշկները աշխատել են Հադրութում, Մարտակերտում, Մարտունիում, Ստեփանակերտում, Գորիսում, Վարդենիսում, Սիսիանում, Կապանում։

 

«ՎԻՎԱ» հիմնադրամը նաեւ օգնեց ու աջակից դարձավ «Զինվորի տանը»։ Այժմ էլ նախատեսում է կրթական ծրագրով պրոթեզավորման մասնագետին հնարավորություն տալ վերապատրաստվել Գերմանիայի բժշկական հաստատություններից մեկում, ձեռք բերել գիտելիքներ, որոնք կնպաստեն, որ պատերազմի դաշտում հաշմանդամություն ստացած զինվորների պրոթեզավորմանը ու վերականգնողական բուժմանը հետեւի ժամանակակից մեթոդներով առաջնորդվող բժիշկը։ Ուսման ծախսերը (44․500 եվրո) հոգալու համար «ՎԻՎԱ» հիմնադրամը ակնկալում է բարերարների աջակցությունը։ Իր կատարած ծախսերը ապահովագրելու համար պայմանագիր են կնքում բժիշկների հետ, որ սովորելուց հետո անպայման 10 տարի աշխատեն Հայաստանում։

Կարինե Օթարյանը, Նարինե Սերոբյանը, Անժելա Իսահակյանը եւ Տատյանա Հովհաննիսյանը (ձախից աջ) Կարինե Օթարյանը, Նարինե Սերոբյանը, Անժելա Իսահակյանը եւ Տատյանա Հովհաննիսյանը (ձախից աջ)

Լուսանկարը` Մեդիամաքս

Տատյանա Հովհաննիսյանը նաեւ կենսական համարեց յուրաքանչյուրի ներդրումն ու նվիրատվությունը հիմնադրամին․

 

- Պատերազմի ժամանակ ստանում էինք տարբեր տեսակի ու չափի օգնություն։ Մի կին էլ 4 ռուբլի էր փոխանցել «ՎԻՎԱ» հիմնադրամին ու հաղորդագրություն էր գրել. «Կներեք, ես միայն այսքանն ունեի»։ Նա իր վերջին գումարն էր փոխանցել ու շնորհակալ ենք, որ այն նվիրել էր Հայաստանին օգնելու համար։ Հայ ու այլազգի գործարարները ոչ միայն գումար, նաեւ սարքավորումներով են օգնել մեր առողջապահական համակարգին։ Պատերազմի ժամանակ մեր դեսպանատունն է շատ օգնել։ Այս ամենը իրականություն է դարձել ոչ միայն մեր բժիշկների, նաեւ կամավորների շնորհիվ, ովքեր դարձել են մեր թիկունքը, մեր ամուր հենասյունը բոլոր ծրագրերում առաջընթաց ապահովելու հարցում։

 

Անահիտ Հարությունյան

 

Լուսանկարները՝ Գեւորգ Ղազարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին