Yandex Go-ն համագործակցում է լսողության խանգարում ունեցող վարորդների հետ - Mediamax.am

exclusive
8501 դիտում

Yandex Go-ն համագործակցում է լսողության խանգարում ունեցող վարորդների հետ


Լուսանկարը` Մեդիամաքս

Արման Ղազարյանը
Արման Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արման Ղազարյանը եւ Ռոզա Բալեյանը
Արման Ղազարյանը եւ Ռոզա Բալեյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտակ Հակոբյանը
Արտակ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտակ Հակոբյանը
Արտակ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռոզա Բալեյանը
Ռոզա Բալեյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հարություն Աղանյանը
Հարություն Աղանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Բոլոր նրանց համար, ովքեր ունեն լսողության հետ կապված խնդիրներ, Yandex Go-ն իր համակարգին միանալու, ուղեւորափոխադրումներ իրականացնելու ու եկամուտ վաստակելու հնարավորություն է ստեղծել:

 

Լսողության դժվարություն ունեցող վարորդի եւ ուղեւորի շփումն իրականացվում է տեխնոլոգիական պլատֆորմի միջոցով։ Վարորդների համար Yandex Go հավելվածում ծրագրային որոշ հավելումներ են արվել՝ առավել հեշտացնելու նրանց աշխատանքը։ Մեդիամաքսը հանդիպել եւ զրուցել է վարորդներից երկուսի հետ։

 

Վարորդ Արմանը

 

31 տարեկան Արման Ղազարյանը լսողությունը կորցրել է 4 ամսականում՝ ականջի բորբոքումը սխալ բուժելու հետեւանքով։ Սակայն լսողության բացակայությունը Արմանին չի խանգարել կրթություն ստանալ, աշխատել նույնիսկ արտագնա աշխատանքով։

 

Yandex Go-ի հետ նոր է սկսել համագործակցել։ Աշխատանքային եռուզեռում մի քանի րոպե է հասցնում մեզ տրամադրել:  Նրա հետ շփումը սուրդո թարգմանությամբ մեզ համար ապահովում է Ռոզա Բալեյանը։

Արման Ղազարյանը եւ Ռոզա Բալեյանը Արման Ղազարյանը եւ Ռոզա Բալեյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Շատ վաղուց էի ցանկանում Հայաստանում աշխատել որպես գրանցված վարորդ, սակայն որեւէ հնարավորություն չէի գտնում։ Հետո լսեցի, որ Yandex Go-ում աշխատանքի է ընդունվել առաջին խուլ վարորդը եւ որոշեցի ես էլ դիմել։ Ռուսաստանում, որտեղ մի որոշ շրջան ապրել եմ, սա նորմալ պրակտիկա է եւ վաղուց էր կիրառվում, ես էլ աշխատանքային փորձ ունեի», - պատմում է Արմանը։

 

Նախկինում ուղեւորափոխադրումների միայն անհատական պատվերներ է կատարել, գրանցված վարորդ երբեք չի եղել։ Մասնագիտությամբ շինարար է, ավելի քան 12 տարի սանտեխնիկայի հետ կապված աշխատանքներով է զբաղվել, բայց ասում է, որ դրանք սեզոնային բնույթ ունեն, իսկ ինքը մշտական աշխատանքի կարիք ուներ։

 

«Ընտանիքում չորսս ենք՝ ես, կինս եւ երկու դուստրերս։ Բոլորս էլ լսողության խնդիրներ ունենք, եւ ինձ համար կարեւոր է ապահովել նրանց։ Նրանք շատ էին ուրախացել, երբ ես գտա այս աշխատանքը։ Կինս էլ է աշխատում, հիմա արդեն ավելի հեշտ կլինի։

 

Ես ամեն ինչ կարողանում եմ անել, ինձ համար անհնարին աշխատանք չկա, միայն լսողության եւ խոսելու ունակության բացակայությունն էր ինձ խանգարում աշխատանք գտնել։ Չեմ կարծում, որ ուղեւոր-հաճախորդների հետ երբեւէ խնդիրներ լինեն, որովհետեւ ես շրթունքների շարժումներից էլ հասկանում եմ նրանց», - ասում է Արմանը:

 

Վարորդ Արտակը

 

44 տարեկան է Արտակ Հակոբյանի լսողությունը թույլ է՝ ընդամենը 10 տոկոս, բայց նա խոսում է։ Արտակի հետ շփումը միայն ժամանակ առ ժամանակ է ընդհատվում սուրդո թարգմանությամբ։

 

«Հայաստանում խուլերի միությունում պարզեցի, որ կան խուլ վարորդներ, որոնք փորձելու են աշխատանքի անցնել Yandex Go-ում», - պատմում է Արտակը։

Արտակ Հակոբյանը Արտակ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շուտով կլրանա նրա աշխատանքային երրորդ ամիսը։

 

«Դժվարություններ կան, բայց տանելի են, ինձ համար նորմալ է, չեմ բողոքում։ Լավ է, որ աշխատում եմ։ Նախկինում կերամիկայի գործարանում էի աշխատում։ Հետո այն փակվեց ու սկսեցի որպես առաքիչ աշխատել»։

 

Արտակը պատմում է, որ Հայաստանում խուլ մարդիկ չեն կարողանում աշխատանքի ընդունվել, նույնիսկ իր պարագայում, որ թույլ, բայց լսողություն ունի։ Կարծում է, որ այդ  խնդիրն արհեստական է, որովհետեւ լսողության խանգարում ունեցող մարդիկ ե՛ւ գրագետ են, եւ ֆիզիկապես ընդունակ՝ կատարելու ցանկացած աշխատանք։

Արտակ Հակոբյանը Արտակ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կինս նույնպես լսողության խնդիր ունի եւ չի աշխատում, դուստրս դպրոց է հաճախում, շուտով կծնվի մեր երկրորդ երեխան։ Շատ ուրախ եմ, որ գտել եմ այս աշխատանքը։ Սա իսկապես շատ կարեւոր էր մեր ընտանիքի համար», - եզրափակում է Արտակը։

 

Ի՞նչ է ցույց տալիս պրակտիկան

 

Ժեստերի լեզվի թարգմանչուհի Ռոզա Բալեյանը խուլ ու համրերի հետ  աշխատում է երկար տարիներ եւ պնդում է՝ եթե նման խնդիրներ ունեցող մարդիկ համաձայնում են աշխատել, ուրեմն պատրաստ են կատարել այն։

 

«Շատ կարեւոր է, որպեսզի աշխատատեղերի հնարավորություններ լինեն լսողության խանգարում ունեցող մարդկանց համար։ Նույնիսկ մաքրուհու աշխատանքի համար չեն ցանկանում ընդունել այս մարդկանց, պնդելով, որ անհնար է շփվել նրանց հետ։ Բայց 21-րդ դարում, երբ մարդիկ ամբողջ օրը զրուցում են հեռախոսով միմյանց գրելու միջոցով, ի՞նչ ֆիզիկական շփման բարդության մասին է խոսքը», - նեղսրտում է տիկին Ռոզան։

Ռոզա Բալեյանը Ռոզա Բալեյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատմում է, որ այս պահին երեք վարորդ է համագործակցում Yandex Go-ի հետ, բայց շատերն են ցանկանում, պարզապես անձնական մեքենա չունեն։

«Yandex Go-ն խոստացել է բանակցել իր գործընկերների հետ ու մեքենաներ հատկացնել այդ մարդկանց, եւ եթե իսկապես օգնեն մեր լսողության խանգարում ունեցող տղաներին, մի քանի ընտանիքի օրահացի եւ ապրուստի հարցը կլուծվի։ Սա իսկապես հրաշալի օգնություն կլինի այս մարդկանց համար։ Հասկանու՞մ եք, այս մարդիկ ընդամենն ուզում են արժանապատվորեն իրենց օրվա հացը վաստակել, եւ պետք է ստեղծել այդ հնարավորությունը նրանց համար»։

 

Դժգոհություններ ու դժվարություններ չկան

 

Լսողության սահմանափակումներ ունեցող վարորդներին աշխատանքի ընդունելու գաղափարի հեղինակը «Խուլ ու համրերի միությունն» է։

 

Հարություն Աղանյանը, որը վարորդների սպասարկման մասնագետն է Yandex Go-ում, պատմում է, որ շատ մեծ ոգեւորությամբ են ընդունել նախագիծը, թեեւ այն նորություն չէ։

 

«Խուլ ու համր վարորդների հետ գործակցության նախագիծը վաղուց իրականացվում էր Ռուսաստանում, Բելառուսում, իսկ Ղազախստանում հսկայական մեծ ցանց է գործում, որտեղ աշխատում են հաշմանդամություն ունեցող վարորդներ։ Հայաստանում մենք առաջինն ենք, որ որոշեցինք աշխատել լսողության խնդիրներ ունեցող վարորդների հետ», - պատմում է Հարությունը։

 

Հստակեցնում է՝ քանի որ Yandex Go-ի պատվերներն առցանց են կատարվում, վարորդ-պատվիրատու շփումը գրեթե բացակայում է, եւ լսողական խնդիրն այս պարագայում որեւէ լուրջ դեր չի խաղում։ Նրանց համար Yandex Go-ի հավելվածում ծրագրային որոշ փոփոխություններ-հավելումներ են արվել, օրինակ՝ պատվերը նրանք ստանում եւ ընդունում են հեռախոսային հատուկ թրթռումով, իսկ պատվիրատուն ստանում է ծանուցում, որ վարորդը լսողության խնդիր ունի, ուստի պարտադիր է նշել ճանապարհորդության վերջնակետը։

Հարություն Աղանյանը Հարություն Աղանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Խուլ ու համր վարորդների հետ ճանապարհ գնալուց հետո, պատվիրատուները հետադարձ կապի ընթացքում շատ հետաքրքիր արձագանքներ են թողնում, նշում, որ այս վարորդները շատ ուշադիր են եւ շատ զգույշ։ Ուղեւորափոխադրումների ոլորտը Հայաստանում շատ բարդ է, եւ բողոքներն անպակաս են, սակայն այս վարորդների պարագայում խնդիրներ չունենք։

 

Նախատեսվում են հավելյալ տեխնիկական լուծումներ, որոնց վրա այս պահին աշխատում են։ Օրինակ, ներդրվելու է քարտային համակարգ եւ ուղեւորները

երթեւեկության ընթացքում տարբեր բովանդակություններով քարտեր կփոխանցեն վարորդին եւ նա հնարավորություն կունենա հասկանալ, թե իրենից ինչ է պահանջում ուղեւորը։ Այս պահին այդ հարցը կարգավորվում է չաթի միջոցով»։

 

Լուսին Մկրտչյան

Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին