«...Որ սահմանն ապրի». Երեւանից Արցախի Սարուշեն գյուղ տեղափոխված Վաչեն - Mediamax.am

exclusive
7104 դիտում

«...Որ սահմանն ապրի». Երեւանից Արցախի Սարուշեն գյուղ տեղափոխված Վաչեն


Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի

Վաչե Վարդանյանը
Վաչե Վարդանյանը

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի

Լուսանկարը` Վաչե Վարդանյանի

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի

Ռուզանը
Ռուզանը

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի

Լուսանկարը` Վաչե Վարդանյանի

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի

Լուսանկարը` Վաչե Վարդանյանի

Վաչե Վարդանյանը
Վաչե Վարդանյանը

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի


Պատերազմից հետո կյանքն, իհարկե, շարունակվում է, բայց չպիտի շարունակվի նույն կերպ: Սա 22-ամյա Վաչե Վարդանյանի համոզմունքն է, որ ամիսներ առաջ տեղափոխվել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղ՝ այնտեղ շարունակելով իրականացնել «Արցախցի կանայք՝ Արցախի համար» նախաձեռնությունն ու իրագործելով մի շարք այլ օգնության ծրագրեր:

 

Մեդիամաքսը զրուցել է Վաչեի հետ Արցախ տեղափոխվելու որոշման, դժվարությունների ու իրականացվող ծրագրերի մասին:

 

Սկիզբը՝ Օշականից

 

Պատերազմի օրերին ընկերներիս հետ հարյուրավոր ընտանիքների էինք տեղավորում Օշականում ու հարակից համայնքներում: Ինչ-որ պահից հասկացանք, որ մեր ռեսուրսներով այլեւս չենք կարողանում այդ մարդկանց կարիքները հոգալ, ու մեզ պետք էր մի բան, որը եկամուտ կբերեր: Դիմեցինք Հայ կրթական հիմնարկություն, որը ֆինանսավորեց կարի արտադրամաս հիմնելու իմ գաղափարը՝ «Արցախցի կանայք՝ Արցախի համար»: Մենք սկսեցինք արտադրել էկո պայուսակներ, որոնցից յուրաքանչյուրը մի ուղերձ ուներ՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ», «Նախշուն Բաջի», Մոնթեի նկարով եւ այլն: Ամեն պայուսակի հետ մենք դնում էինք նամակ, որը կապում էր պայուսակը կարողին պայուսակը գնողի հետ ու ասում՝ երբ ամեն ինչ ավարտվի, իրեն Արցախում են սպասելու:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի

Ունեինք 30 աշխատակից ու աննախադեպ հաջողության հասանք՝ 5 000-ից ավելի պայուսակ ենք վաճառել, արտահանել ենք 5 երկիր:

 

Նոյեմբերի 9-ից հետո մենք 3 օր չաշխատեցինք, հետո փորձեցինք նորից գործի անցել: Պատվերների տեմպը նվազել էր, ինչը տրամաբանական էր:

 

Այդ ընթացքը իմ կյանքի ամենածանր շրջաններից էր: Ես չէի ընկալում՝ ինչ է կատարվել, ինչքան բան ենք կորցրել՝ հայրենիքի մեծ մասը, բազմաթիվ ընկերներ: Իմ տարիքակիցներից շատերն էլ չկային, ու ինձ համար դա ընկալելի չէր: Այդ ամբողջից միայն մի ելք էի տեսնում՝ գնալ այնտեղ, որտեղ այդ պահին ունեն իմ կարիքը:

 

Որ սահմանն ապրի

 

Որոշեցի նախաձեռնությունը տեղափոխել Արցախ: Նախ, ինձ պատճառ էր պետք Արցախ տեղափոխվելու համար, որովհետեւ որոշել էի, որ հաստատ էլ չեմ կարողանալու այդ կորստից հետո համակերպվել ու ապրել նույն կյանքով: Ինձ հստակ փոփոխություն էր պետք:

Վաչե Վարդանյանը Վաչե Վարդանյանը

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի

Նոյեմբերին արդեն գնացի Արցախ: Ընտրեցի Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքը, ինչը պատահական չէր: Ծրագրի հայաստանյան փուլում մեզ մոտ բնակություն էին հաստատել ընտանիքներ Սարուշենից, Կարմիր Շուկայից, Սարգսաշենից, Թաղավարդից, Ակնաղբյուրից: Այդ գյուղերի մեծ մասն անցավ թշնամուն: Ես գնացի Սարուշեն, որովհետեւ դա ամենավտանգավոր կետերից է: Սահմանապահ գյուղ է դարձել, թշնամու հետ ճանապարհն է կիսում՝ Հադրութից-Շուշի: Գյուղը մայրուղու աջ ու ձախ կողմերում է, շաբաթվա մեջ հստակ օրերի եւ ժամերի խաղաղապահների ուղեկցությամբ թշնամին գալիս-գնում է Շուշի: Ես որոշեցի լինել այնտեղ, որովհետեւ ուզում էի, որ սահմանն ապրի:

Լուսանկարը` Վաչե Վարդանյանի

Իրականում, պատերազմի ավարտից առաջ էլ կար նման միտք: Նախաձեռնության մասին պատմելիս ասում էի, որ ավարտից հետո գնալու ենք Արցախ, տեղափոխվելու եմ, բայց այդ պահին ես դեռ գաղափարապես պատրաստ չէի այդ քայլին: 22 տարեկանում արդեն շատ հաջողություններ ունենալով՝ 3 աշխատանք, կրթություն, մեծ շրջապատ, ինչու՞ պետք է թողնեմ ու գնամ մի տեղ, որտեղ խայտառակ վատ վիճակ է, պիտի սկսեմ զրոյից՝ լուրջ անվտանգային հարցերին զուգահեռ:

 

Օժանդակություն՝ 3 ուղղությամբ

 

Միակ կազմակերպությունը, որը մի րոպե անգամ չի քննարկել այս ծրագրի ֆինանսավորումն Արցախում,  Հայ կրթական հիմնարկությունն է: Դրա՝ ԱՄՆ-ում բնակվող հովանավոր Հերմինե Փախանյանը եւ տնօրեն Արմինե Հարոյանը վստահել են ինձ, իմ գաղափարին ու օգնել իրականացնել: Հիմա, երբ Արմինեի հետ խոսում ենք, ասում է, թե կարծում էր՝ մի քանի օրից ասելու եմ, որ ուզում եմ վերադառնալ:

 

Ծրագրի հայաստանյան փուլում ընդգրկված մարդկանց, որոնք վերադառնում էին իրենց տուն, ես խոստացել էի՝ ես էլ եմ գալու: Նրանք սպասում էին ինձ, որովհետեւ մտածում էին, որ եթե ես գնամ, ուրեմն ամեն ինչ լավ է լինելու, որ եթե ինքը Երեւանից եկել է, ուրեմն գիտի՝ լավ է լինելու:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի

Ես ոչինչ չգիտեմ, ու ակնհայտ է, որ պատերազմը ինչ-որ մի օր վերսկսվելու է, իսկ դրա ելքը ոչ ոք չգիտի: Բայց ես արդեն 5 ամիս է, ինչ ապրում եմ Արցախում, ու իմ այդտեղ լինելով ապրեցնում շատերին:

 

Կարի արտադրամասի համար գյուղում մի դատարկ տուն ընտրեցինք, որը շատ վատ վիճակում էր: Գյուղի կանանց հետ այն այնպես վերանորոգեցինք, որ դարձավ լրիվ այլ աշխարհից: Տան մի սենյակում արտադրամասն է, մյուսում՝ կրթական կենտրոն եմ հիմնել երեխաների, պատանիների համար, մի սենյակն էլ հանգստի համար է:

Տան պատշգամբից թշնամին երեւում է, բնականաբար, իրենք էլ մեզ են տեսնում:

 

Արտադրամասում կարում ենք շապիկներ, տաբատներ, հիմա երեք կանայք են աշխատում: Յուրաքանչյուր վաճառքից ստացված գումարից հանվում է հումքի գումարը, կանանց աշխատավարձերը, իսկ մնացածը բաժանվում է երկու մասի՝ զինվորների կարիքների բավարարում, կրթական կենտրոնի զարգացում: Այսինքն՝ 100% սոցիալական ձեռնարկատիրություն է: Գնելով մեկ բան մեր արտադրամասից՝ օժանդակությունը միանգամից 3 տեղ եք ուղղորդում:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի

Ցավոք, սոցիալական ձեռնարկատիրության ոլորտը չի վերահսկվում: Մարդիկ կան, որ ուղղակի վերցնում են Արցախ բառն ու իրենց անվանում սոցիալական ձեռնարկատիրություն՝ դրանով մրցակցությունից դուրս թողնելով մեր նախագիծը:

 

Մարդիկ վստահում են

 

Կրթական կենտրոնում դասեր եմ անցկացնում երեխեքի, պատանիների հետ, սովորեցնում այն ամբողջը, ինչ գիտեմ՝ սկսած հայրենասիրության գաղափարից: Ընկերներս էլ են օգնում, օնլայն դասեր անցկացնում: Վերջերս էլ այդ երեխաները, որ նախկինում ոչինչ չգիտեին ոչ ֆորմալ կրթության մասին, հաղթեցին «Մարդամեջ 2021» ծրագրում: Այժմ պետք է մեդիագրագիտության վերապատրաստում անցնեն Երեւանում, իսկ հետո գնան սահմանապահ գյուղերի երեխեքին սովորեցնելու:

Այն մարդիկ, ովքեր ցանկանում են օգնել այստեղի ընտանիքներին, դա կարող են իմ միջոցով անել: Այո´, ես ընդամենը միջոց եմ, որ դուք օգնենք դիրքերում կանգնած զինվորին, արցախցի ընտանիքներին, երեխաներին: Օգնությունը արագ եւ հստակ կազմակերպելու համար ստեղծել եմ ֆեյսբուքյան փակ խումբ, ուր կլինեն հայրենիքին օգնել ցանկացող մարդիկ։

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի

Պատերազմի ժամանակ տասնյակ միլիոնների օգնություն եմ հավաքել՝ ընդամենը  ֆեյսբուքում հրապարակումներ անելով: Չգիտեմ՝ ոնց են ինձ այդքան վստահել, բայց շատ շնորհակալ եմ դրա համար: Նման մարդիկ հիմա էլ կան, շարունակում են վստահել ու օգնել:

 

Գյուղի վերջին տունը՝ սահմանին կպած

 

Սարուշենի ընտանիքների հետ մենք շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց դրանով հանդերձ՝ երբեք չենք քննարկում, ոչ ոքի չենք մեղադրում կատարվածի համար, այլ շարունակ աշխատում ենք, քայլեր մտածում ապագայի համար:

 

Այստեղ մի հրաշալի ընտանիքի հետ եմ ապրում: Ռուզանն է ու իր ամուսինը՝ Վալյոն:

Երկուսն էլ իրենց հայրերին կորցրել են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ: Հիմա երեք երեխա ունեն ու Սարուշեն գյուղի ամենավտանգված կետերից մեկում են ապրում՝ գյուղի ամենավերջին տունն է, սահմանին կպած: Երբեմն անգամ տանը թշնամու խոսակցությունն է լսելի:

Ռուզանը Ռուզանը

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի

Մի ընտանիք ենք դարձել: Ռուզանը շատ մեծ աշխատանք է կատարում: Զինվորների հագուստը բերում եմ, նա լվանում է, ես՝ արդուկում: Զինվորների համար ուտելիք ենք սարքում, զինվորների շորերն ենք կարում, անում այն ամենն, ինչ անհրաժեշտ է: Ռուզանն իսկական արցախցու օրինակ է, որ ապրում է սահմանին ու երախտապարտ է այն մարդկանց, որ իրեն պաշտպանում են:

 

«Սահմանին ապրողն իմ հայրենիքն է»

 

Այն ամբողջ աշխատանքը, որն անում ենք, ես տալիս եմ իմ հայրենիքին, որովհետեւ սահմանին ապրող մարդն իմ հայրենիքն է: Տալիս եմ անգամ նրան, որ մեքենայով անցնելիս ինձ տեսնում է ճանապարհին կանգնած ու իր հետ չի վերցնում:

 

Այնտեղ ապրելով՝ մեկ րոպե անգամ չեմ մոռանում կատարվածի մասին, չի լինում մոռանալ: Երբ ասում են, որ կյանքը շարունակվում է, պետք է հասկանալ, որ Արցախում, հատկապես սահմանին ապրող ցանկացած մարդ, զինվոր, ակնթարթ անգամ չի մոռանում կատարվածը: Եթե գեթ մեկ րոպե էլ զգոն չլինես, կյանքդ վտանգված է: Կարող ես ուղղակի սխալ ճանապարհով գնալ ու գերի ընկնել:

 

Արցախում գիշերները քնելը հեշտ չէ, ամեն գիշեր քուն մտնելիս մտածում եմ, որ կարող է առավոտյան չարթնանամ: Դժվարությունները շատ-շատ են, նույնիսկ Ստեփանակերտից գյուղ հասնելն է խնդիր, որովհետեւ տաքսու վարորդներ կան, որ ուղղակի չեն գնում Սարուշեն: Իհարկե, չեմ մեղադրում, որովհետեւ իսկապես վտանգավոր է:

Լուսանկարը` Վաչե Վարդանյանի

Ուզում եմ, որ մարդիկ հասկանան՝ Արցախում ապրելը հեշտ չէ: Արցախում ապրող ամեն մի մարդ հերոս է, որովհետեւ իր կյանքն ամեն պահի վտանգված է: Շատ բաներ կան, որոնց մասին չեմ ուզում պատմել, որովհետեւ հասկանում եմ, որ մարդիկ ունակ չեն այդքան բացասականը վերցնելու: Այն, ինչ ես գրեմ, շատ ցավոտ է լինելու:

 

Փախուստ անտարբեր իրականությունից

 

Արցախ գնալը կարող եմ նաեւ համարել փախուստ այն իրականությունից, որը կա Հայաստանում: Այո, ես փախել եմ, որովհետեւ չեմ ուզում ապրել այս իրականությունում, չեմ կարողանում լինել այս հասարակության մեջ:

 

Դա փախուստ էր մարդկանց անտարբերությունից: Կորստի այդ ցավից հետո այլեւս չէի կարողանում դուրս գալ փողոց ու տեսնել, որ կյանքը նույն ձեւով է շարունակվում: Եթե կյանքը շարունակվի նույն կերպ, շատ շուտով նորից նույնը կկրկնվի, վստահ եմ:

 

Հայաստանն ու Արցախն ինձ համար հիմա իրականությանը զուգահեռ տարբեր աշխարհներ են: Արցախում դու պետք է զգոն լինես յուրաքանչյուր ակնթարթ: Ես առավոտյան դուրս եմ գալիս տանից, որ գնամ աշխատանքի, իմ ձախ կողմում թշնամին է: Շատ լարվում եմ, երբ ձախ կողմից մի լույս է վառվում: Դրան զուգահեռ, երբ գալիս եմ Երեւան, լույսերն այստեղ այնքան շատ են, այնքան ուժեղ, ես մի պահ չեմ ընկալում, որ արդեն այլ տեղում եմ: Այնքան շատ է այդ լարվածությունը, վտանգի զգացողությունը, որ այս երկու աշխարհները չի լինում միմյանց հետ համադրել: Անգամ բարձր երաժշտությունը ինձ համար անսովոր է դարձել:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի

Փորձում եմ Երեւանում շատ քիչ լինել, գալիս եմ ամսվա մեջ 2-3 անգամ՝ ինչ-որ իրեր տանելու, որոշ գործեր կարգավորելու նպատակով:

 

Հայաստանցի-արցախցի բաժանման մեջտեղում

 

Մարդկանց մեծ մասը չեն հասկանում՝ ինչի եմ գնացել այդ քայլին: Անգամ ընկերներիցս շատերը հարցնում են՝ «քո օգուտը ո՞րն ա», «քեզ ո՞վ ա փող տալիս դրա համար»: Մարդիկ կան, որ ասում են՝ գումար եմ ստանում այնտեղ ապրելու համար, կամ էլ, որ հոգեկան հիվանդ եմ, եթե գնացել եմ այնտեղ: Չեմ արձագանքում այդ կարծիքներին ու հույս ունեմ, որ նրանք իրենց կյանքում կհասնեն մի փուլի, որ կհասկանան ինձ:

 

Իհարկե, մարդուն ապրելու համար փող է պետք, ու փա´ռք Աստծո, երբ գնացի Արցախ, ինձ առաջարկեցին աշխատանք, որով հոգում եմ իմ ապրուստը:

Այս ամենի մասին քիչ եմ խոսում, ինձ համար շատ ցավոտ է: Երբ դիմացինը չի ընկալում, թե ինչի համար եմ գնացել, ինչքան էլ բացատրեմ, միեւնույն է, չի հասկանալու:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի

Ես գնացել եմ, որովհետեւ Արցախն իմ հայրենիքն է, ուզում եմ, որ իմ ընկերներն ասեն՝ ինքը գնացել է Հայաստանի մի գյուղ: Հայաստան-Արցախ բաժանումը, որ պատերազմից հետո էլ ավելի է խորանում, ուզում եմ, որ չլինի: Ինձ համար դժվար է նաեւ այն, որ ես մարդ եմ, որ կանգնած է հայաստանցի-արցախցի բաժանման մեջտեղում: Մարդիկ կան, որ ասում են՝ «գնացել ղարաբաղցի ես դարձել»:

 

«Թողնելու իրավունք չունեմ»

 

Հայրենիք գաղափարն ինձ համար շատ ցավոտ է դարձել: Արցախն իմ կյանքի մի մեծ մասնիկն է, ու ես ինչքան էլ փորձեմ, չեմ կարողանա դա բացատրել: Երբ գալիս եմ Հայաստան ու Արցախում իրավիճակը լարվում է, սիրտս կարծես կանգ առնի, ուզում եմ այնտեղ լինել:

 

Երբ լարվածություն է լինում, փորձում եմ երեխեքին հանգստացնել, հասկանալ՝ դիրքերում ինչ վիճակ է, ինչ օգնելու բան կա: Այդ ամբողջի հետ չեմ հասկացել՝ երբ եմ ուժեղ դարձել, վախի զգացողությունս կորցրել:

 

Ես միշտ երազում էի կարողանալ մարդկանցից ակնկալիքներ չունենալ, ու Արցախում հասա դրան: Դու գնում ես մի վայր, որտեղ չկա ինտերնետ, չկա լույս, չկա կապ: Պարզ է, որ մարդն ակնկալիքներ է ունենում, որ իր հարազատները պետք է իրեն զանգեն, անընդհատ ակնկալում է, որ մարդիկ իրեն օգնելու են, բայց միշտ չէ այդպես: Ինձ Արցախը օգնեց, որ բացարձակ ակնկալիքներ չունենամ որեւէ մեկից: Այդ ներդաշնակությանը հասնելու մասին շատ էի երազում:  

Լուսանկարը` Վաչե Վարդանյանի

Օրեր կան, որ շատ լցված եմ լինում, երբեմն լացում եմ: Գնում եմ զինվորների մոտ, իրենք հիշում են այն, ինչի միջով անցել են, տուն գնալիս 50-50 է՝ կհասնեմ, թե չէ: Երբ նորից լարվածություն է լինում, տանը երեխեքը էլի հիշում են պատերազմի մասին:

 

Լինում է, որ մտածում եմ՝ ինչի՞ս է պետք, գնամ հետ, Հայաստանում ամեն ինչ ունեմ: Բայց այդ միտքն արագ անցնում է, որովհետեւ հասկանում եմ, որ Արցախում մարդիկ կան, որ իմ հույսով են ապրում: Զինվորներն են, որ սպասում են ինձ հետ հանդիպմանը, երեխեքն են, որոնց կրթում եմ, ու ինձ պահում է այն գաղափարը, որ այդ հողի համար զոհվել են իմ ընկերները: Ես իրավունք չունեմ թողնելու այդ ամբողջը:

 

Հիվանդ ծնողին չեն լքում

 

Շատերն ինձ ասում են՝ ծախված է ամեն ինչ: Լավ, բայց նրանք, որ զոհվեցին, դա չգիտեին: Ես այնտեղ եմ, որովհետեւ ես ուզում եմ, որ արյան գինն արդարացված լինի:

 

Այս ամենի մեջ հավատն է այն, ինչն ինձ պահում է: Հավատը, որ լավ կլինի, հավատը, որ Աստված կօգնի: Եթե հավատ չլիներ, չէի կարողանա գնալ, ինձ փրկել ու փրկում է հավատը:

 

Այս ընթացքում հասկացել եմ, որ պետք է սովորենք գնահատել, ու խնդրում եմ բոլորին, որ գնահատեն այն, ինչ ունեն՝ սկսած ամենաաննշան թվացող բանից:

 

Մարդիկ են եղել, որոնց լիարժեք չեմ տվել այն ջերմությունը, որը պիտի տայի, հիմա կորցրել եմ իրենց այս պատերազմում: Իսկ Արցախում, երբ էլեկտրականությունը թույլ է, ինտերնետային կապը շատ վատը, զանգելը բարդ է, խանութում չկա քո ուզածը, այսինքն՝ քո պատկերացրած առօրյայի ամենատարրական բաները չկան, նոր սովորում ես գնահատել:

Վաչե Վարդանյանը Վաչե Վարդանյանը

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի

Պետք չէ ոչինչ ակնկալել հայրենիքից: Շատերն ասում են՝ ինչ կա այստեղ, պետք է թողնենք գնանք: Գնացե´ք, ես գտնում եմ, որ նման մարդիկ պետք է գնան, որովհետեւ հայրենիքին պետք չեն մարդիկ, որ լքում են այն, երբ հիվանդ է: Ոնց որ հիվանդ ծնողիդ թողնես ու գնաս: Իմ հայրենիքը իմ ծնողն է, իմ եղբայրը, որ շատ վերքեր ունի ու պիտի ամոքենք:

 

Չգիտեմ, թե Արցախում ինչքան կապրեմ, բայց այս պահին հետ գալու նպատակ չունեմ, որովհետեւ անելիքները շատ են: Հիասթափություններ էլ շատ կան, էլի լինելու են, բայց ես դրանց պատրաստ եմ գնացել:

 

Հեղինակի կողմից

 

Երբ Վաչեի հետ զրուցում էինք հարմարավետ կյանքը թողնելու, երիտասարդ տարիները կարիերային աճին չնվիրելու, անձնական շահերով չտարվելու մասին, ակամայից իմ ամենասիրելի ֆիլմերից մեկի մի դրվագ հիշեցի, որ կարծում եմ, պիտի օրինակ լինի բոլորիս համար: Այն կյանքն իրականում ապրելու ուղենիշ է:

 

Խոսքս «Ջուզեպե Մոսկատի. սերը, որը բուժում է» (Giuseppe Moscati: L'amore che guarisce) ֆիլմի մասին է, որ պատմում է Հռոմի կաթոլիկ եկեղեցու սուրբ, իտալացի բժիշկ եւ մեծ հումանիստ Ջուզեպե Մոսկատիի մասին: Ֆիլմի վերջին դրվագներից մեկում, Մոսկատիին է այցելում նրա երիտասարդության ընկերը, որ այդ տարիների ընթացքում մասնավոր հիվանդանոց էր հիմնել, հաջողությունների հասել, հարստություն ձեռք բերել: Մտնելով Մոսկատիի սենյակ, նրան զարմացնում է այն, որ տան պատերից անհետացել են բոլոր կտավները, տունը դատարկվել է կահույքից: Իր բոլոր միջոցները, ժամանակն ու էներգիան Մոսկատին ամբողջ կյանքի ընթացքում նվիրել էր աղքատներին, կարիքավորներին բուժելուն, նրանց համար դեղորայք եւ ուտելիք գնելուն:

 

Ընկերոջ հարցին ի պատասխան՝ Մոսկատին ասում է «աղքատացել եմ. Ջորջո´»:

 

-Երեւի ես պետք է ամաչե՞մ: Մեծանուն Մոսկատին աղքատության մեջ է, իսկ նրա՝ ավելի պակաս ունակություններ ունեցող ընկերը հարգված է բոլորի կողմից, հարուստ, եւ հզոր,- ասում է Ջորջոն:

 

-Մեզնից յուրաքանչյուրն ընտրել է այն ուղին, որն ինքն է ցանկացել,- պատասխանում է Մոսկատին:

 

- Եվ ա՞յս էր քո ուզածը: Դու կարող էիր ունենալ այն ամենն, ինչ ես, եւ հազար անգամ ավելի շատ, սակայն ի՞նչ ստացար դու՝ ոչինչ:

 

- Այդ ոչնչում ես գտա ամեն ինչ, Ջորջո´:

 

Գայանե Ենոքյան

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի եւ Վաչե Վարդանյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին