Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նոր՝ եռամյա ծրագիրը միտված է հնարավորություններ ստեղծել անապահով ընտանիքների համար: Այսօր Հայաստանում առնվազն 700 000 մարդ է ապրում աղքատության վերին շեմից ցածր կենսապայմաններում, ծրագրի արդյունքում ակնկալվում է բարելավել նրանցից ավելի քան 11 000-ի կյանքի որակը եւ բարեփոխումներ բերել սոցիալական աշխատանքի պրակտիկայում:
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի «Հայաստանում սոցիալական ներառման եւ ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիրը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից՝ Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի (JSDF) միջոցով և իրականացվում Համաշխարհային բանկի համակարգման ներքո։ Ծրագրի բյուջեն (դրամաշնորհը) 2,7 մլն դոլար է: Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի հինգ մարզերում՝ Արարատ, Արմավիր, Կոտայք, Շիրակ, Լոռի։
Աննախադեպ մասշտաբների ծրագիր
Ռուբեն Մարկոսյան, ծրագրի ղեկավար
Ծրագիրն ունի երկու հիմնական բաղադրիչ, առաջինը նվիրված է սոցիալական աշխատանքին, դեպքի վարման մեթոդաբանության զարգացմանը: Երկրորդ բաղադրիչը միտված է խթանել ընտանեկան նպաստի՝ այսպես կոչված «Փարոս» համակարգի շահառուների ձեռներեցությունը եւ ինքնաբավ կենսապահովումը: Այս երկու բաղադրիչները փոխկապակցված են. բիզնես գործունեության խթանումը մենք փորձում ենք տեսնել սոցիալական աշխատողների միջոցով:
Առնվազն 300 շահառու ստանալու է փոքր դրամաշնորհ (շուրջ $4000 յուրաքանչյուրը), որից ավելի քան 225 բիզնես ծրագիր ավարտին լինելու է ինքնաբավ։ 200 սոցիալական աշխատողներ, այդ թվում՝ սոցիալական աջակցության տարածքային բաժինների դեպք վարողներ և համայնքային սոցիալական աշխատողներ, հնարավորություն կստանան յուրացնելու սոցիալական դեպքի վարման (social case managment) հմտությունները։
Լուսանկարը` Մեդիամաքս
Սա Հայաստանում աննախադեպ ծրագիր է՝ թիրախային խմբի բիզնես ձեռներեցության խթանման ծավալով: Սովորաբար նման նախագծերը 20-30 բիզնեսի են խրախուսում, իսկ մենք գործ ենք ունենալու ավելի քան 600 բիզնես ծրագրի հետ, որոնցից ֆինասավորվելու են առնվազն 300-ը: Շատ կարևոր է նաեւ նշել, որ սա իրականացվում է հասարակական կազմակերպության ՝ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից եւ պետական միջոցներ չեն ներդրվում. ամբողջը դրամաշնորհ է Ճապոնիայի կառավարության կողմից:
Ծրագիրը մեկնարկել ենք 2020-ի վերջին, այժմ նախապատրաստական աշխատանքների փուլում ենք:
«Փարոս»-ից դուրս
Հրաչյա Հարությունյան, ծրագրի բիզնես բաղադրիչի խորհրդատու
Հայաստանում նման ծրագրեր իրականացվել են, որոնք փորձել են մարդկանց աղքատության մակարդակը փոխել, բայց հաջողված ծրագրերը շատ քիչ են:
Նախ և առաջ, կարևոր է ընտրության հարցը, թե ում հետ ենք աշխատում, որովհետև այդ շրջանակի մարդիկ ունեն մտածելակերպի խնդիր: 30 տարուց ավելի հումանիտար ծրագրերը մարդկանց մտածելակերպի վրա բացասական ազդեցություն են թողել. նրանք չեն ուզում ինքնուրույն դուրս գալ իրենց «հարմարավետության» գոտուց, քանի որ ամեն ամիս նպաստ են ստանում:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Փարոս» համակարգն ավելի շատ հումանիտար օգնության ձևաչափ ունեցող մեխանիզմ է, պետությունն անպայման պետք է դա ունենա, ու միշտ լինելու են սոցիալապես խոցելի մարդիկ, որոնք տարբեր պատճառներով չեն կարող իրենց գումարը վաստակել: Սակայն հիմա մենք գալիս ենք այն գաղափարին, որ պետությանը պետք է զարգացում՝ նպաստ ստացողների մեծ մասը կարող է ինքնուրույն ստեղծել իր կենսամիջոցը եւ նպաստ չստանալ: Մեր ծրագրով պետք է հասնենք այս մտածելակերպի փոփոխությանը, պետք է հասկանանք այդ մարդկանց ներուժը եւ ցանկությունը:
Ծրագրի ավարտի համար խիստ պահանջներ ենք սահմանել՝ ակնկալում ենք, որ 75%-ը ունենա կայուն, հաջողված բիզնես:
Քայլ առ քայլ
Հրաչյա Հարությունյան, Ռուբեն Մարկոսյան
Մարզերի ընտրության հարցում մի քանի չափանիշ ենք հաշվի առել, դիտարկել ենք այն մարզերը, որտեղ աղքատությունն ունի առավել բարձր ցուցանիշ եւ ծրագրի իրականացման տեսակետից կա աշխարհագրորեն ավելի բարենպաստ պայմաններ:
Հիմա պատրաստվում ենք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ ձևավորել ծրագրի թիրախային շահառու հանդիսացող ընտանիքների ցանկը. այս պահին ծրագրային հինգ մարզերում 34 000-ից ավելի նպաստառու ընտանիք կա: Սահմանված չափանիշներից ելնելով՝ տեխնիկական զտում ենք անելու եւ այդ թվից ստանանք ավելի քան 10 000 ընտանիք (դիտարկվում են երեխաների, 18-63 տարեկան աշխատունակ և այս պահին չզբաղված ընտանիքի անդամի և այլ չափանիշների համադրումները): Այնուհետև ցուցակների հետ աշխատելու են մեր սոցիալական աշխատողները, որպեսզի ստանանք 1800-2000 մարդու ընտրանք, ում հետ սկսելու ենք մեր ուղիղ աշխատանքը:
1800-2000 հոգուց պետք է ընտրենք ամենաքիչը 600 մարդու, որոնք կանցնեն բիզնես դասընթացներ ու ընդհանուր պատկերացում կստանան՝ ինչպես վաճառել, ինչպես արտադրել, ինչպես բիզնեսն առաջմղել ու կառավարել: Ամենաքիչը մեկ տարի նախատեսում ենք լինել այդ մարդկանց կողքին եւ աջակցել բիզնեսի հիմնադրման գործում:
Լուսանկարը` Մեդիամաքս
Դասընթացից հետո կազմակերպելու ենք երկրորդ փուլը՝ կոնկրետ բիզնես ծրագրերի ընտրությունը (որևէ միկրո բիզնես, օրինակ, կարի արտադրություն): Ստեղծվելու է կոմիտե տարբեր կազմակերպությունների եւ պետական կառույցների ներկայացուցիչներից, որոնք կդիտարկեն շահառուների ծրագրերը եւ կկատարեն վերջնական ընտրությունը:
2021-ի հուլիսից նախատեսում ենք ընտանիքների ընտրությունը սկսել, իսկ օգոստոս-հոկտեմբեր ամիսներին՝ դասընթացները:
Ովքեր պատրաստ են փոփոխության
Բիզնեսի դասընթացներին գալու են հիմնականում այն մարդիկ, որոնք տեսնում են իրենց բիզնեսում, ունեն բիզնես մտածելակերպ ու պատրաստ են լինել նախաձեռնող:
Դասընթացի կեսից մասնակիցները սկսելու են մշակել սեփական բիզնես ծրագիրը ու մտքերը թղթին տալ: Այն ներկայացվելու է կոմիտեի գնահատմանը, հավանություն ստանալու դեպքում տրվելու է դրամաշնորհ:
Շահառուների վերջնական ընտրանքը չպետք է հիմնվի զուտ այն բանի վրա, որ մարդը ծայրահեղ աղքատ է: Մեր նախկին փորձերն այս խմբի հետ ցույց են տալիս, որ այդ մարդկանց հետ շատ բարդ է աշխատելը. ժամանակը շատ քիչ է փոխելու նրանց մտածելակերպն այնքան, որ հասկանան՝ նպաստն իրենց պետք չէ եւ ինքնուրույն կարող են բիզնես սկսել: Այդ պատճառով ուզում ենք աշխատել այն խմբի հետ, որն ունի ներուժ ու պատրաստ է աշխատել, կարող է առանց նպաստի ապրել, բայց դեռ նպաստ համակարգում է:
Հավատում ենք, որ սա կբերի շղթայական ռեակցիայի ու շրջապատողներն էլ, տեսնելով այս մարդկանց հաջողությունը, կփորձեն հետևել օրինակին: Դա ազդելու է նաեւ այս խմբի սոցիալական ներառման վրա:
Շարունակական ու մնայուն արժեք
Կարո Գեւորգյան, ծրագրի բիզնես բաղադրիչի համակարգող
Ծրագրի երկու բաղադրիչների միավորումն է բերելու հաջողությունների. շահառուն իր մարզում կունենա իր ճանաչած մասնագետին՝ որպես սոցիալական աշխատող, որը կոգեւորի իրեն բիզնեսի կայունացման գործընթացում: Շահառուն կանցնի բիզնես կարողությունների զարգացման դասընթաց, իսկ փորձառու խորհրդատուներն իրեն կուղեկցեն բիզնեսի հիմնադրման ամբողջ ընթացքում:
Լուսանկարը` Մեդիամաքս
Մենք միաժամանակ համագործակցում ենք Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության հետ, ու նախարարի հրամանով ունենք համատեղ ստեղծված ծրագրի իրականացման աջակցության խորհուրդ: Այս ծրագրով պատրաստվում ենք ոչ միայն տեղում ընտանիքներին օգնել, այլև պետական օղակների գործունեությանը մեթոդական ու մասնագիտական աջակցություն ցուցաբերել, ինչը մնայուն արժեք է:
Երկու բաղադրիչների արդյունքում 11 000 մարդ շահելու է ծրագրի գործունեության արդյունքից, առաջին բաղադրիչով՝ 6000 մարդ ստանալու է ձեռներեցությունից զատ այլ տիպի ծառայությունների հասանելիություն, իսկ 5000 մարդ օգտվելու է ձեռներեցության աջակցության ծրագրերից:
Եռամյա ծրագրի ընթացքում նաեւ պլանավորում ենք յոթ ցուցահանդես-տոնավաճառ կազմակերպել, որտեղ կներկայացվեն մեր շահառուների եւ մարզի այլ արտադրողների բիզնեսները՝ նոր կապեր հաստատելու նպատակով:
Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: