Տոսկանացի Ֆիլիպոն ստեղծել է Թումանյանի հեքիաթների ձեռագործ գիրքը - Mediamax.am

exclusive
4955 դիտում

Տոսկանացի Ֆիլիպոն ստեղծել է Թումանյանի հեքիաթների ձեռագործ գիրքը


Լուսանկարը` Թումանյանի թանգարան

Լուսանկարը` Ֆիլիպո Բիաջիոլի

Լուսանկարը` Ֆիլիպո Բիաջիոլի

Լուսանկարը` Թումանյանի թանգարան

Լուսանկարը` Ֆիլիպո Բիաջիոլի

Լուսանկարը` Ֆիլիպո Բիաջիոլի

Լուսանկարը` Ֆիլիպո Բիաջիոլի

Լուսանկարը` Թումանյանի թանգարան

Լուսանկարը` Ֆիլիպո Բիաջիոլի

Լուսանկարը` Ֆիլիպո Բիաջիոլի

Լուսանկարը` Ֆիլիպո Բիաջիոլի


Տոսկանան իտալական Վերածննդի ծագման վայրն է համարվում։ Այնտեղ կան բազմաթիվ թանգարաններ, իսկ արվեստագետների, գրողների ու քանդակագործների պակաս Իտալիայի այդ մարզը երբեք չի ունենում:

 

Նրանցից է նաեւ նկարիչ-քանդակագործ Ֆիլիպո Բիաջիոլին, որը նաեւ ձեռագործ գրքեր է ստեղծում: Նրա գործերը տեղ են գտնում թանգարաններում, եկեղեցիներում, ծիսական վայրերում, մասնավոր հավաքածուներում: Հայաստանի ու հայկական մշակույթի մասին ոչինչ չիմացող Բիաջիոլիի համար ամեն ինչ փոխվել է, երբ ամիսներ առաջ բացահայտել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին:

Լուսանկարը` Ֆիլիպո Բիաջիոլի

Ֆիլիպոն ստեղծագործում է Tribal and Ritual Art-ի ոճում: Բազմաթիվ հին ձեռագրեր է ուսումնասիրել, տեղեկություններ բացահայտել ու սովորել, որոնք էլ սկսել է կիրառել իր աշխատանքներում:

 

«Թումանյանին բացահայտեցի թվիթերի միջոցով: Հովհաննես Թումանյանի թանգարանն այդ հարթակում մաս է կազմում փոքր, բայց կարեւոր թանգարանների խմբի, որի մեջ շատ են հատկապես իտալականները: Կապ հաստատեցի իրենց հետ: Թանգարանը թվիթերում շատ ակտիվ ու հետաքրքիր էջ ունի, որի պատասխանատուն արագ արձագանքեց իմ նամակին: Մեր մեջ շատ լավ համագործակցության հիմք դրվեց, ինչի շնորհիվ ես կարողացա գլուխ բերել մտածածս»,- նշում է Բիաջիոլին:

Լուսանկարը` Թումանյանի թանգարան

Մինչ այդ նա ոչ մի տեղեկություն չի ունեցել Հայաստանի եւ հայկական մշակույթի մասին:

 

«Թումանյանին բացահայտելուց հետո սկսեցի կարդալ նրա հեքիաթները: Գրողին համակողմանի ճանաչելու, նրա մշակույթին ու հասարակարգին ծանոթանալու համար ուսումնասիրեցի Հայաստանի պատմությունը: Բայց կարծում եմ, որ երկրի մշակույթն ավելի լավ ըմբռնելու եւ հասկանալու համար հարկավոր է ապրել տվյալ երկրում, խոսել տեղացիների հետ ու բացահայտել նրանց աշխարհը»,- պատմում է մեր զրուցակիցը:

 

Հովհաննես Թումանյանի կենսագրությանը ծանոթանալուց հետո հասկացել է, որ գրողը շատ է կապված եղել իր երկրի ավանդույթներին, բանահյուսությանն ու մշակույթին՝ հատկություններ, որոնք հոգեհարազատ են իրեն:

Լուսանկարը` Ֆիլիպո Բիաջիոլի

«Ինձ նմանեցրի Թումանյանին, քանի որ երկուսիս նպատակն էլ մեր երկրների ավանդությունների մասին հիշողությունների պահպանումն է: Ես աշխատում եմ այնպիսի գործերի վրա, որոնք մոտ են իմ մշակութային արժեքներին, այն, ինչ հեռու է իմ էությունից, երբեք ինձ դուր չի գալիս»,-նշում է նա:

 

Բիաջիոլիի համար շատ զարմանալի է եղել բացահայտել, որ գրողը հայտնի չէ Իտալիայում: Համացանցում փնտրել է Թումանյանի իտալերեն թարգմանած գործերը, բայց ապարդյուն. «Երբ արդեն հաստատ որոշել էի, որ ցանկանում եմ նկարազարդել Թումանյանի ստեղծագործություններից, գրեցի թանգարանի թվիթերյան էջին: Այդ ժամանակ աշխատում էի Ավետարան ըստ Մատթեոսի գրքի վրա՝ հաճախ եմ միաժամանակ աշխատում երկու կամ երեք գործի վրա»:

Լուսանկարը` Ֆիլիպո Բիաջիոլի

Թանգարանից Բիաջիոլիին ուղարկել են պրոֆեսոր Աննա Սիրինյանի կողմից իտալերեն թարգմանած Թումանյանի հեքիաթների գիրքը: Նա ընտրել է հինգ հեքիաթ եւ սկսել աշխատել գրաֆիկական զարդարանքների վրա՝ համապատասխանեցնելով դրանք էջի չափերին ու գույնին:

Լուսանկարը` Ֆիլիպո Բիաջիոլի

«Ինձ դուր եկան Թումանյանի բոլոր հեքիաթները, սակայն ընտրեցի «Կիկոսի մահը», «Քաջ Նազարը», «Ոսկու կարասը»,«Անհաղթ աքլորը» եւ «Խելոքն ու հիմարը»: Հաշվի առա դրանց երկարությունն ու շարվածքը, որպեսզի ներդաշնակ արվեստի գործ կարողանամ ստանալ»,- ավելացնում է նա:

Լուսանկարը` Ֆիլիպո Բիաջիոլի

Արվեստագետը համոզվել է, որ Թումանյանի հեքիաթներն արդիական են ու համամարդկային, չնայած այլաբանորեն են ներկայացնում իրականությունը: Նրան հատկապես գրավել են հերոսները. ավելի քան 100 տարի անց մերօրյա մարդիկ էլ ունեն նույն սեւեռուն գաղափարները, միեւնույն խնդիրները եւ փնտրում են իրենց կյանքի իմաստը:

Լուսանկարը` Ֆիլիպո Բիաջիոլի

«Հեքիաթների գիրքը, որն ինձ ուղարկել էին թանգարանից, զարդարված էր երեխաների կողմից արված նկարներով: Ուսումնասիրելով դրանք՝ հասկացա, որ նման են իմ ոճին, եւ գրքի ձախ կողմի էջերը զարդարեցի ոգեշնչված հայկական ավանդույթներով: Օրինակ, կլոր զարդանախշը, որ օգտագործել եմ իմ գրքում, Հին Հայաստանի մայրաքաղաքներից մեկի՝ Դվինի խոյակներից է»,- պատմում է Ֆիլիպոն:

Լուսանկարը` Ֆիլիպո Բիաջիոլի

Թումանյանի հեքիաթների նկարազարդման վրա Բիաջիոլին աշխատել է երեք ամիս: Ամբողջությամբ ձեռագործ գրքի վերջնական տեսք ստանալուն նրան օգնել է կինը.

Լուսանկարը` Ֆիլիպո Բիաջիոլի

«Ես սովորաբար ուսումնասիրում եմ առարկան, հետո որոշում չափսերն ու զարդարանքի ձեւը: Վերջապես սկսում եմ ձեռագիր գրել նյութը, կարել էջերն ու կազմել այն: Կնոջս խնդրեցի ասեղնագործել յուրաքանչյուր հեքիաթի առաջին էջը, եւ նա սիրով համաձայնեց»:

Լուսանկարը` Թումանյանի թանգարան

Ավարտուն գիրքը Ֆիլիպոն որպես նվեր ուղարկել է Թումանյանի թանգարան, որովհետեւ հավատում է մշակույթի ուժին ու կարծում է, որ այն պետք է հասանելի լինի բոլորին:

Լուսանկարը` Թումանյանի թանգարան

«Հույս ունեմ, որ Հովհաննես Թումանյանի թանգարանը կթվայնացնի իմ ստեղծած ձեռագիրը: Կարծում եմ, որ նորից կհամագործակցեմ թանգարանի հետ ու դեռ կանդրադառնամ հայկական մշակույթին»,- եզրափակում է իտալացի նկարիչը:

 

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին