«Ուրիշ ժենգյալը»՝ Երեւանի արցախյան համը - Mediamax.am

exclusive
3697 դիտում

«Ուրիշ ժենգյալը»՝ Երեւանի արցախյան համը


Անահիտը, Անին եւ տիկին Ստելլան
Անահիտը, Անին եւ տիկին Ստելլան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Անին
Անին

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիկին Ստելլան
Տիկին Ստելլան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիկին Ստելլան
Տիկին Ստելլան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


44-օրյա պատերազմի օրերին ի աջակցություն արցախցիների ստեղծվեցին արցախյան ամենասիրելի ուտեստներից մեկի՝ ժենգյալով հացի պատրաստման նախաձեռնություններ, որոնցից էր նաեւ «Ուրիշ ժենգյալը»: Նոյեմբերի 9-ից հետո այն իր առջեւ նոր խնդիր դրեց՝ մշտական աշխատանք ապահովելով արցախցիների համար:

 

Մեդիամաքսը պատմում է նախաձեռնության մասին եւ «բացահայտում»՝ ինչով է «ուրիշ» ժենգյալով հացը:

 

Ժենգյալով հացի միասնության խորհուրդը

 

Աբովյան 38/3 հասցում գտնվող «Ուրիշ ժենգյալ» փոքրիկ խանութը թեեւ ճանապարհից անմիջապես չի երեւում, սակայն արցախյան համեղ բույրերը ստիպում են մոտենալ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ապակու մյուս կողմում կարելի է տեսնել՝ ինչպես է շուշեցի տիկին Ստելլան ժենգյալով հաց պատրաստում: Խանութի մյուս սրահում էլ Անին եւ Անահիտն են, որոնք սիրով դիմավորում ու համեղ խորտիկներով ճանապարհում են արդեն մշտական դարձած շատ հաճախորդների:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ուրիշ ժենգյալը» սոցիալական նախաձեռնություն է, որի նպատակն է աշխատանքով ապահովել արցախցի կանանց: Այն հիմնադրել է Անի Ջուլհակյանը միջոցառումների կազմակերպման իր ընկերության՝ Zilina event lab-ի թիմի աջակցությամբ:

 

«Պատերազմի ընթացքում ընկերուհիս իր տանն արցախցիների էր հյուրընկալել: Շարունակ մտածում էինք՝ ո՞նց կարող ենք իրենց առօրյան աշխուժացնել, նաեւ օգնել գումար աշխատելու հարցում: Սկսեցինք մեր տան պայմաններում պատրաստել ժենգյալով հաց, փախլավա, թերթերուկ եւ վաճառել ծանոթների ու սոցիալական ցանցերի միջոցով»,- պատմում է Անին:

 

Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում շատերն էին աջակցում արցախցիներին հենց ժենգյալով հաց թխելու նախաձեռնությունների շրջանակում, եւ դա նման էր գեղեցիկ ակցիայի:

Անին Անին

Լուսանկարը` Մեդիամաքս

«Շատ ոգեւորություն կար այդ ամենում: Ժենգյալով հաց պատրաստելը, վաճառելը եւ գնելը միասնության խորհուրդ ուներ բոլորիս համար: Նոյեմբերի 9-ից հետո շատ այլ խնդիրներ առաջ եկան՝ անօթեւան եւ առանց աշխատանքի մնացած մարդիկ, որոնք արդեն իսկ մեր կյանքում էին: Ընկերներով մտածում էինք, որ պարտավոր ենք ինչ-որ կերպ օգնել եւ սփոփել նրանց: Այդ պատճառով էլ ժենգյալով հաց թխելու նախաձեռնությանը նոր թափ եւ փոքր-ինչ այլ բովանդակություն տվեցինք»,- նշում է Անին:

 

Աշխատանք արցախցիների համար

 

Որոշակի գումար արդեն հավաքել էին, հետո նախաձեռնեցին նաեւ հանգանակություն, որին միացան արտերկրում ապրող իրենց ընկերները: Ի վերջո, հավաքված գումարով կարողացան փոքրիկ տարածք վարձակալել եւ կահավորել:

 

Այս պահին «Ուրիշ ժենգյալում» երկու արցախցի կին է աշխատում, իսկ խանութում վաճառվող փախլավան գնում են հադրութցի մի կնոջից: Մի քանի ամիս գործունեության ընթացքում աշխատակիցները քանիցս փոխվել են, քանի որ արցախցիները շտապում են տուն վերադառնալ:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սկզբում երկու կին էին աշխատում Ստեփանակերտից, որոնք շուտով վերադարձան տուն: Մի շուշեցի կին կար, նա էլ վերադարձավ Ստեփանակերտ, ու այնտեղ կարողացանք իր համար աշխատանք կազմակերպել: Սկսեցինք փնտրել մեր հաջորդ ժենգյալով հաց թխող կնոջը եւ «Ձեռք մեկնիր» նախաձեռնության միջոցով գտանք տիկին Ստելլային՝ նա աշխատում է երկուշաբթիից ուրբաթ: Շաբաթ եւ կիրակի օրերին մեզ մոտ է լինում Լուսինեն, նա էլ Մարտունիից է»,- պատմում է Անին:

 

Վերադարձի միտքը

 

Տիկին Ստելլան երկար տարիներ եղել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոմավաճառը: Եկեղեցուց ոչ հեռու ունեցել է նաեւ փոքրիկ սրճարան, որ շատ հայտնի էր զբոսաշրջիկների շրջանում:

Տիկին Ստելլան Տիկին Ստելլան

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ծնունդով Մարտունու շրջանի Հերհեր գյուղից եմ: Ամուսնանալուց հետո բնկավել եմ Բաքու քաղաքում, 1988-ին վերադարձել ենք Արցախ, հետո բնակարան հայթայթել Շուշիում, որտեղ ապրել ենք 28 տարի: Երբ սկսվեց պատերազմը, դուրս գալու մասին բոլորովին չէինք մտածում, ամեն ինչին պատրաստ էինք, բայց ոչ Շուշին թողնելուն: Երբ եկեղեցին էին ռմբակոծում, ես ներսում էի, նույնիսկ դրանից հետո չէինք ուզում դուրս գալ: Մնացինք մինչեւ հոկտեմբերի 27-ը, հետո ռմբակոծության տակ եկանք Երեւան այն մտքով, որ շուտով վերադառնալու ենք: Մինչեւ հիմա էլ ինձ մոտ այդ տպավորությունն ու համոզմունքն է, որովհետեւ շատ բաներ կան կապված Շուշիի հետ, որ չի կարելի մի քանի ամսվա մեջ ջնջել»,- պատմում է տիկին Ստելլան:

Տիկին Ստելլան Տիկին Ստելլան

Լուսանկարը` Մեդիամաքս

Այժմ ամուսնու, աղջկա, հարսի եւ թոռնիկների հետ բնակվում են մի ամերիկացի ընտանիքի հետ նրանց վարձած տանը:

 

«Հաճախ միասին ենք ճաշում, շատ հաճելի մարդիկ են: Իրենք մեզնից են սովորում մեր խոհանոցը, մենք էլ՝ իրենցից: Խոսում ենք կես հայերեն-կես անգլերեն, թոռնիկներս արդեն կարողանում են շփվել անգլերենով: Հինգ թոռնիկ ունեմ, հինգն էլ տղաներ են: Ասում են՝ պիտի գնանք Շուշին ազատենք»:

 

Տիկին Ստելլայի համար այժմ առաջնային խնդիրներից է բնակարան ունենալը, որ ցանկանում են Ստեփանակերտում ձեռք բերել: Ասում է՝ երեք անգամ զրոյից է ստեղծել, նորից կստեղծի:

 

Պատրաստված է հոգով

 

Աշխատանք գտնելու հարցում տիկին Ստելլային օգնել է մեծ շրջապատ ունենալու հանգամանքը, որ ձեռք էր բերել Շուշիի սրճարանն աշխատեցնելու շնորհիվ:

 

«Մի հաճախորդ ունեի, որ թեկուզ մեկ անգամ էր եղել մեզ մոտ, իր պարտքն էր համարել ինձ գտնել եւ օգնել: Նրա միջոցով էլ գտա այս աշխատանքը: Անիի եւ մյուսների հետ աշխատելը շատ հեշտ է, իմ սրտով մարդիկ են, ամեն հարցով աջակցում են: Հայերիս այս որակն է, որ մեզ այսօր պահում է»,- պատմում է նա:

 

Տիկին Ստելլայի խոսքով՝ ժենգյալով հացի համի գաղտնիքը կանաչեղենը ճիշտ համադրելու, խմորի հետ մտերմանալու եւ հոգով պատրաստելու մեջ է:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ամեն ինչ պետք է հոգով անես ու մտածես որ ոչ թե վաճառքի համար է, այլ քո ընտանիքի կամ քեզ համար ես պատրաստում»,- ընդգծում է նա:

 

Խանութի հաճախորդների համար շատ սիրելի է նաեւ տիկին Ստելլայի պատրաստած մածնով գաթան, որի գաղտնիքն էլ թերեւս Արցախի համն է:

 

Ժենգյալի ի՞նչն է ուրիշ

 

Նախաձեռնության համար ընտրված անունը միանգամից հարց է առաջացնում՝ ի՞նչն է ուրիշ ժենգյալով հացի: Այս հարցում Անին եւ իր թիմը ստեղծագործ մոտեցում են ցուցաբերել եւ իրենց առաջարկը հետաքրքրացրել նաեւ գաստրոնոմիկ առումով:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մենք՝ հայերս, սիրում ենք գնալ կոնկրետ մի վայր հենց այդտեղին բնորոշ կերակուրը համտեսելու համար: Կարող ենք տասնյակ կիլոմետրերով ճանապարհ կտրել ու գնալ համտեսելու, օրինակ, Դիլիջանի սունկը, Սեւանի ձուկը, Արենու գինին, Գորիսի լոբին, Մեղրիի նուռը: Փորձեցինք տարբեր քաղաքներին, շրջաններին հատուկ համը բերել եւ դնել ժենգյալով հացի մեջ: Արենիում շատերն են ճանաչում տիկին Կիմային, որի ղավուրմայի համար կարելի է հասնել Արենի:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այդպես, մեր «Արենի» ժենգյալով հացը ղավուրմայով է, «Գյումրին»՝ բաստուրմայով, քանի որ այնտեղ շատ հայտնի մսի կոմբինատ ենք ունեցել, Մեղրին՝ նուռով, Սեւանինը՝ սխտորով, քանի որ այնտեղ հաճախ խաշ ուտելու են գնում, Լոռին՝ պանրով, «Երեւանը»՝ թթու ծիծակով, իսկ ամռանը կունենանք նաեւ թարմ ծիծակով, որովհետեւ երեւանիցները շատ «ծիծակասեր» մարդիկ են»,- մանրամասնում է Անին՝ հավելելով, որ դասական ժենգյալով հացը թթու լավաշով են պատրաստում:

 

Կնձմնձուկ կա՞

 

Անիի խոսքով՝ «Ուրիշ ժենգյալում» պահպանում են իսկական արցախյան ժենգյալով հացի համը, քանի որ հենց Արցախից կանաչիներ բերելու հնարավորություն ունեն:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Խանութ մտնողները միշտ հարցնում են՝ կնձմնձուկ կա՞: Անհամբեր սպասում ենք, որ կնձմնձուկը դուրս գա, ու շուտով դրանից եւս կունենանք: Այժմ էլ ենք կարողանում շատ հարուստ փունջ ապահովել հետեւյալ կանաչիներով. ճռճռոկ, թրթնջուկ, պռավի պոռտ, պտուտկուն, սիմսեմուկ, սպանախ, բազուկի պաշ, համեմ կամ կինձ, կանաչ սոխ, սամիթ, գառան ականջ, ծտպաշար»,- մանրամասնում է նա:

 

Անին պատմում է, որ իրենց մշտական այցելուների շարքում են Բժշկական համալսարանի հնդիկ ուսանողները: Նաեւ մի չինացի կին հաճախորդ ունեն, որն ինչպես հետո են պարզել, շուշեցու հարս է:

 

Այլ համեր

 

Խորտիկների տեսականին ժենգյալով հացի այս բազմազանությամբ չի սահմանափակվում: Պատրաստում են նաեւ թերթերուկ, որ քաղցր լոշիկ է: Այն եւս նորովի մատուցվող տարբերակներ ունի:

 

«Թերթերուկը մատուցում ենք նաեւ շոկոլադով եւ ընկույզով՝ համեմելով վանիլինով եւ դարչինով: Այս կերպ փորձում ենք մարդկանց սովորեցնել կրեպի փոխարեն թերթերուկ ուտել»,- ասում է Անին:

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա վստահեցնում է, որ փախլավան իրենց մոտ պոպոքառատ է եւ մեղրառատ: Պատրաստում են նաեւ գաղտնի բաղադրատոմսով ջեռոցի կարկանդակներ, որոնց ընտրանին Մեծ Պահքի օրերին համալրվել է բուսական տարբերակներով:

Լուսանկարը` Մեդիամաքս

Խանութից կարելի է գնել տեղում կամ նախապես պատվիրելով` ֆեյսբուքյան էջով կամ 033 033635 հեռախոսահամարով: Գործում է նաեւ առաքում, որն իրականացնում են օնլայն տաքսի ծառայությունների միջոցով:

Լուսանկարը` Մեդիամաքս

Անիի խոսքով՝ ընդլայնվելու նպատակ ունեն: Ցանկանում են հնարավորություն ստեղծել, որ հաճախորդները կարողանան տեղում վայելել խորտիկները: Առաջիկայում պատրաստվում են համագործակցել նաեւ խանութների հետ:

 

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին