Եթե ակտիվ եք սոցցանցերում, ձեր աչքով ընկած կլինեն հայերեն դարձվածքների նկարազարդված տարբերակները: Հումորային այս շարքի հեղինակը Շվեյցարիայում բնակվող դիզայներ Մարիամ Ազատյանն է:
Մարիամը Հայաստանից Ժնեւ է տեղափոխվել 2004 թվականին, բայց կապը հայրենիքի հետ ամուր է պահում ու ամեն տարի Հայաստան է այցելում: Հայերեն դարձվածքները միշտ են իր առօրյայի մաս կազմել եւ իր ընտանիքում հաճախ օգտագործվել: Մեդիամաքսը զրուցել է Մարիամ Ազատյանի հետ ու պարզել հայտնի իլյուստրացիաների ստեղծման պատմությունը:
Կրթությունս ստեղծագործական ոլորտի հետ ուղիղ կապ չունի. բիզնես կառավարում եմ սովորել, սակայն այժմ զբաղվում եմ հայտնի ապրանքանիշերի դիզայնով:

Լուսանկարը` անձնական արխիվից
Մինչ իլյուստրացիան ավելի շատ հետաքրքրված էի լուսանկարչությամբ ու լուսանկարներ մշակելու ծրագրերով: Այն ժամանակ դեռ «ֆիլտրեր» չկային, ու ֆոտոշոփային ծրագրերն օգտագործում էի ինձ ու իմ ընկերներին ավելի ֆոտոգենիկ դարձնելու համար: Նկարազարդումն ինձ միշտ է հետաքրքրել, բայց ժամանակ չեմ ունեցել սովորելու. 2020-ի կարանտինի արդյունքում, վերջապես, այդ ժամանակը ստեղծվեց: Պատերազմի շրջանում եմ արել առաջին իլյուստրացիան, որը նվիրված էր մեր զինվորներին. նրանց որպես մեր պահապան հրեշտակներ էի պատկերել:

Լուսանկարը` Maryush (Մարիամ Ազատյան)
Հետպատերազմյան շրջանում, երբ ամեն ինչ իրար խառնվեց, ու շարունակում էինք տարբեր լրատվամիջոցներից շատ տարբեր տեղեկություններ ստանալ, որոշեցի անել «Գլուխս մի արդուկեք» իլյուստրացիան, որն էլ մեծ արձագանք ստացավ:

Լուսանկարը` Maryush (Մարիամ Ազատյան)
Շատերն այդ նկարով կիսվեցին սոց ցանցերում ու հասկացա, որ մարդիկ նույն զգացումներն ունեն, ինչ ես: Որոշեցի հայկական դարձվածքների իլյուստրացիաների շարք անել:
***
Ի սկզբանե, Instagram-ում եմ սկսել իլյուստրացիաները հրապարակել, Maryush էջը վաղուց ունեի, որտեղ երկար ժամանակ միայն իմ արած լուսանկարներն էի դնում, իսկ հիմա արդեն՝ նկարազարդումները: Maryush-ը որպես կեղծանուն եմ օգտագործում իմ գործերի համար:

Լուսանկարը` Maryush (Մարիամ Ազատյան)
Չէի սպասում, որ այս շարքը սոցցանցերում նման կերպ կտարածվի: Երբ տեսա, թե ինչպես են 40 000 հետեւորդ ունեցող ֆեյսբուքյան էջերը կիսվում իմ գործերով, Facebook-ում նույնպես բացեցի Maryush էջը, քանի որ ինձ նաեւ դուր չէր գալիս՝ ինչպես են առանց հեղինակային իրավունքները պահպանելու ամեն տեղ տարածում իմ գործերը: Շատ անգամ նկարի տակից կտրում էին հեղինակային ջրանիշը, այդ պատճառով հիմա արդեն ջրանիշը հենց մեջտեղում եմ ավելացնում:
***
Երբ շարքը սկսվեց տարածվել, շատերն արդեն իրենք էին ինձ գտնում, գրում ու նոր գաղափարներ առաջարկում: Մի շարք հումորային մտքեր ունեմ հավաքած, որ պետք է իլյուստրացիաների վերածեմ: Այնքան մեծ է ցուցակս, որ անսպառ է թվում: Հիմա եմ հասկանում, թե ինչքան ճկուն ու ճոխ է հայոց լեզուն:

Լուսանկարը` Maryush (Մարիամ Ազատյան)
Ինձ ուղարկված դարձվածքներից կան այնպիսիք, որ անգամ ինձ են անծանոթ ու շատ զվարճալի, օրինակ, վերջերս սարքած «Էշ, մի սատկի, գարուն կգա»-ն:
Մի քանիսն էլ կան՝ երբ պատկերացնում եմ, շատ դաժան տեսք են ստանում, ու չեմ կողմնորոշվում՝ արժե՞ դրանք իրագործել, օրինակ, «Գնա մեռի, արի սիրեմ»-ը:

Լուսանկարը` Maryush (Մարիամ Ազատյան)
Չնայած մի քանի դաժան նկարազարդումներ արդեն արել եմ՝ «Ջանիդ մատաղ» կամ «Ջիգյարդ ուտեմ»: Երբ զանգահարում ենք ամուսնուս տատիկին, ինքն է մեզ միշտ «ջիգյարդ ուտեմ» ասում:
***
Ինքս ամենահաճախ «գլուխս գնաց» դարձվածքն եմ օգտագործում:

Լուսանկարը` Maryush (Մարիամ Ազատյան)
Դարձվածքների նկատմամբ իմ հետաքրքրությունը դեռ մանկուց է սկսել: Երեւանում սովորելու տարիներին դասընկերներիս հետ հաճախ էի հայերեն դարձվածքները թարգմանում ռուսերեն կամ անգլերեն. շատ զվարճալի էր:
***
Վերջերս նաեւ այս իլյուստրացիաներով Telegram-ի համար սթիքերներ եմ պատրաստել, քանի որ շատերն էին ուզում դարձվածքներն իրար ուղարկել: Telegram-ում հնարավորություն ունեմ տեսնելու, թե որ սթիքերն է ամենաշատն օգտագործվել. մինչ օրս ամենահայտնին «Գլուխս մի արդուկեք»-ն է: Մյուս ամենաշատ օգտագործվածը «Ջիգյարդ ուտեմ»-ն է. իսկապես շատ զվարճալի դարձվածք է, երբ պատկերացնում ես՝ իրականում ինչ է ասվում:

Լուսանկարը` Maryush (Մարիամ Ազատյան)
Բացի սթիքերներից Նոր տարուց առաջ այս իլյուստրացիաներով օրացույց եմ պատրաստել: Օրացույցը նույնպես չէի պլանավորել, պարզապես շատերն էին գրում ու առաջարկում իմ գործերը հագուստի կամ հեռախոսի աքսեսուարների վրա տպել:

Լուսանկարը` Maryush (Մարիամ Ազատյան)
Ինքս եմ Հայաստանում ամբողջ գործընթացը Շվեյցարիայից առցանց կազմակերպել: Օրացույցները վաճառվում են Երեւանի որոշ գրախանութներում ու սրճարաններում:
***
Նման տիպիկ հայկական արտահայտություններով սկսել եմ նաեւ «գիֆեր» սարքել. «Այ քեզ բաաաա՜ն», «Ժաաա՜վելի սպիրտ»:

Լուսանկարը` Maryush (Մարիամ Ազատյան)
Այս դարձվածքներն ու արտահայտությունները, կարծես, ամբողջ աշխարհով համախմբում են հայերին ու լավ տրամադրություն են պարգեւում: Շատերն են սոցցանցերում դրանք տարածելիս արտահայտում իրենց բարձր տրամադրությունը, ինչն էլ ինձ ավելի է ոգեւորում, որ շարքը շարունակեմ:
Ամալի Խաչատրյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: