Լարան, Գայանեն եւ գերության մեջ հայտնված Հադրութը - Mediamax.am

exclusive
11737 դիտում

Լարան, Գայանեն եւ գերության մեջ հայտնված Հադրութը


Գայանե Նարիմանյանը
Գայանե Նարիմանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գայանե Նարիմանյանը
Գայանե Նարիմանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լարա Սաֆարյանը
Լարա Սաֆարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լարա Սաֆարյանը դստեր հետ
Լարա Սաֆարյանը դստեր հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լարա Սաֆարյանը դստեր հետ
Լարա Սաֆարյանը դստեր հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Հադրութում
Հադրութում

Լուսանկարը` REUTERS

Ադրբեջանցի զինծառայողները՝ Հադրութի բնակարաններից մեկում
Ադրբեջանցի զինծառայողները՝ Հադրութի բնակարաններից մեկում

Լուսանկարը` REUTERS

Հադրութում
Հադրութում

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` Մեդիամաքս


Պատերազմն ավարտվում է, բայց դրա վերքերը դեռ երկար են արնահոսելու: Ինչքան էլ ասենք, որ կյանքը շարունակվում է, չպետք է մոռանանք, որ պարտավորություններ ունենք պատերազմն իրենց մաշկի վրա զգացած, տունը թողած ու հարազատ կորցրած մարդկանց հանդեպ:

 

Թեեւ չափազանց ծանր են ժամանակները, մարդիկ շարունակում են պայքարել ու արարել, քանի որ պարտավոր են՝ հանուն իրենց զավակների ու վիրավոր հայրենիքի: Մեդիամաքսը պատմում է նման ուժեղ կամքի տեր հադրութցի կանանց մասին:

 

Մեր տուն Հադրութը

 

«Ես միշտ ինձ ապահով էի զգում, քանի դեռ կար Հադրութի տունը: Այն շատ մեծ էր՝ հողատարածքով, լողավազանով: Կորոնավիրուս լիներ, թե մեկ այլ բան, ամբողջ աշխարհն էլ փակվեր, մենք գիտեինք, որ մեր Հադրութի տունը կա, հողատարածքը կա, կգնանք այնտեղ հող կվարենք ու միասին կապրենք: Իսկ հիմա այդ մի կտոր հողն էլ չմնաց, այն դեպքում երբ Հադրութը միշտ հայինն է եղել»,- պատմում է Լարա Սաֆարյանը, որ բնիկ հադրութցի է:

 

Նրա պապերը Հադրութի «Հին թաղ» կոչվող հատվածում են բնակվել: Պատերազմի ընթացքում, երբ թուրքերը մտել են Հադրութ, ամբողջ «Հին թաղ»-ն այրել են:

 

«Ես ծնվել եմ 1994 թվականի հունվարին, քույրս՝ 1992-ի հոկտեմբերին, այսինքն՝ Արցախյան առաջին պատերազմի անգամ ամենաթեժ օրերին մենք ծնվեցինք Հադրութի կենտրոնում, մայրս նկուղում է ծննդաբերել: Այդ ժամանակ թուրքը չէր համարձակվել Հադրութ մտնել: Օգոստոսի 15-ը շատ մեծ ուրախությամբ միշտ նշում էինք որպես Հադրութի օր, բայց ոչ թե ազատագրման, այլ պաշտպանության, որովհետեւ թշնամին հետ էր շպրտվել»,- պատմում է Լարան:

Լարա Սաֆարյանը Լարա Սաֆարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա ասում է, որ Հադրութ չհասած մի տեղանք կա՝ «Թութակներ» է կոչվում: Այս անունը տվել են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, քանի որ երբ այնտեղ ռացիայով խոսում էին, ձայնն արձագանքում էր: Այդ հատվածն անցնելուց հետո քաղաքն արդեն սկսում է երեւալ, ծտի բույնի է նման:

 

«Ամեն անգամ զարմանում էի, թե այդ ինչ սեր է, որ հենց այդ հատվածից տեսնում էի քաղաքը, սիրտս շատ արագ էր սկսում բաբախել»:

 

Ապաստարանն էլ չի պատսպարի

 

Պատերազմի առաջին օրերից քաղաքը հրետակոծվում էր. «Այնպես էին անում, որ քաղաքը դատարկվի»:

 

Սկզբում Լարային թվացել է, թե շինարարություն է ընթանում՝ շենք են պայթեցնում, հետո պարզվել է, որ նույն ժամին հրետակոծվում էին նաեւ Ստեփանակերտը, Ասկերանը եւ մյուս բոլոր շրջկենտրոնները:

 

Հենց առաջին օրն էլ Լարան իր 3-ամյա դստեր՝ Սոֆիի հետ դուրս եկավ Հադրութից: Կարողացան վերցնել միայն երեխայի խաղալիքները: Լարայի մայրը՝ տիկին Սուսաննան, չէր ուզում լքել տունը. «Ես չեմ ուզում դուրս գալ, իմ ամուսինն այստեղ է»:

Լարա Սաֆարյանը դստեր հետ Լարա Սաֆարյանը դստեր հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Պայթյուններից տան լուսամուտները կոտրվել էին, ապակիները փշրվել ու տուն լցվել: Տիկին Սուսաննան ստիպված էր նկուղային հարկ իջնել, որը սակայն եւս ապահով չէր: Նա նկարով ցույց է տալիս նկուղը, որտեղ ապրել է օրեր շարունակ: Պատերի վրա բեկորներից առաջացած անցքերը հաստատում էին Լարայի խոսքերն առ այն, որ ժամանակակից զենքերից ապաստարանում թաքնվել հնարավոր չէ: Եթե արկ ընկներ տան վրա, ո´չ տուն, ո´չ նկուղ, ոչինչ էլ չէր մնա: Նման դեպքեր Հադրութում եղել են:

 

«Մինչեւ հոկտեմբերի 4-ը նկուղում եմ եղել: Հետո, երբ արդեն անհնար էր մնալ, ընկերոջ մեքենայով եկա Շուշի, միայն երեխայի շորերը հասցրի վերցնել ու ձեռքի տակ ընկած ինչ-որ պատահեց: Այնքան շփոթված էի, որ հետո միայն նկատեցի՝ կարեւոր փաստաթղթերի փոխարեն այլ բաներ եմ վերցրել: Շուշիում մի գիշեր մնացել եմ, էլի չէի ուզում դուրս գալ Արցախից, մտածում էի մնամ՝ գուցե հանդարտվի: Հետո հասկացա, որ այլեւս հնարավոր չէ: Շուշիի հյուրանոցը, որտեղ այդ գիշեր մնացի, կորոնավիրուսով վարակվածների մեկուսարան էր, ես էլ նկուղային հարկում էի, որովհետեւ Շուշին եւս հրետակոծվում էր: Երբ արդեն Երեւան եկա, մի քանի օրից սկսեցի ինձ շատ վատ զգալ, կորոնավիրուսային հիվանդությունն ինձ մոտ հաստատվեց, իսկ թե հետո ինչ վիճակում էի, արդեն պատմելու չի, զոռով եմ փրկվել»,- հիշում է տիկին Սուսաննան:

 

Հադրութը՝ թիրախ

 

«Անընդհատ կարդում էի. «Հադրութը հրետակոծվում է, հռթիռակոծվում է ... ես արդեն չեմ հիշում այդ օրերը, որովհետեւ կարծես մղձավանջ լինեին, չգիտեիր՝ երբ է օրդ սկսվում, երբ վերջանում»,- պատմում է Լարան:

 

Երեւանում սկզբում իր ընկերուհու տանն էին ապրում, հետո տեղափոխվել են բարեկամի տուն: Շուտով նրանց են միանում նաեւ այլ հարազատներ, ու արդեն 10 հոգով անհնար է դառնում երկու սենյականոց բնակարանում ապրելը:

Հադրութում Հադրութում

Լուսանկարը` REUTERS

«Ես Երեւանում աշխատանք ունեի, բայց դեկրետում էի: Նորից աշխատանքի անցա եւ տուն վարձեցի: Հայրս թոշակառու է, մայրս էլ ուսուցչուհի էր Հադրութի դպրոցում, հիմա նաեւ աշխատանքն է կորցրել: Ընտանիքի հոգսը իմ աշխատավարձի վրա է»,- ասում է 26-ամյա կինը:

 

Սա զինվորի պարտությունը չէ

 

Լարայի հայրը մասնակցել է Արցախյան առաջին եւ Ապրիլյան պատերազմներին: Վերջինին մասնակցել թույլ չեն տվել, քանի որ թոշակառու է: Մարտի դաշտում են եղել Լարայի բոլոր եղբայրները:

 

«Հիմա այդ տղամարդկանց վիճակն ահավոր է, որովհետեւ այդքան տարի պահել են Հադրութը, իսկ հիմա... Հադրութի տղամարդկանց չեն զինել: Կան մարդիկ, որ ասում են, թե Հադրութի տղամարդիկ չեն պաշտպանել, դա հատուկ սխալ տեղեկատվություն է:

Հադրութում Հադրութում

Լուսանկարը` REUTERS

Հոկտեմբերի 9-10-ին տղամարդկանց ուղղակի ասվել է՝ դուրս եկեք: Մի քանի տասնյակ գուցե եւ մնացել են թեկուզ առանց նորմալ զինման, նրանց մի մասը, հավանաբար, սպանվել է, մյուս մասն էլ գերեվարվել»:

 

Սոսկալի պատերազմ էր. մարդկանց չեն գտնում, մարմինները չեն գտնում: Լարան ասում է՝ մեծահասակները չեն դիմանում, ծանոթ տարեց մարդիկ կային, որ տեղափոխվեցին, բայց սրտները չդիմացան:

Լարա Սաֆարյանը դստեր հետ Լարա Սաֆարյանը դստեր հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մեր տունը դիվիզիային շատ մոտ էր: Դպրոց գնալիս միշտ դիվիզիայի մոտով էի անցնում, տեսնում էի զինվորներին: Այդ ժամանակվանից զինվորին նայում էի որպես ինձնից մեծի, մի ուրիշ կարգի բարձր մեկի: Հիմա մեծացել եմ, արդեն երեխա ունեմ, բայց էլի տպավորություն ունեմ, որ զինվորն ինձնից մեծ է: Մենք միշտ հավատում ենք, որ զինվորը կպահի... Այս պատերազմը զինվորի պարտությունը չի, սա լրիվ այլ բան է, սխալ քաղաքականության հետեւանք: Երբ կռվում էին, ես ասում էի՝ հաստատ կհաղթենք, մեր զինվորը թույլ չի տա ... իսկ հիմա այդքան զոհեր, վիրավորներ ու կորցրած տարածքներ»:

 

Մարդասպանի կողքին չես ապրի

 

Ադրբեջանցիների հետ երկխոսությունն ու համատեղ բնակվելն անհնար է: Սա շատ պարզ է, թեեւ աշխարհում ոչ ոքի դա չի հետաքրքրում:

 

«Իրենք փաստորեն մարդասպան են: Ոնց կարող ես գնալ ու ապրել մեկի հետ, որ ամիսներ առաջ սպանել է քո ամուսնուն, եղբորը: Հնարավոր չէ իրենց հետ որեւէ համաձայնության գալ: Գուցե մի օր գնան խմելու ու որոշեն մտնել մի տուն ու բոլորին սպանել: Նման դեպքեր անգամ խորհրդային տարիներն են եղել: Բացառվում է ադրբեջանցու հետ նույն բնակավայրում ապրելը»,- ասում է Լարան:

Ադրբեջանցի զինծառայողները՝ Հադրութի բնակարաններից մեկում Ադրբեջանցի զինծառայողները՝ Հադրութի բնակարաններից մեկում

Լուսանկարը` REUTERS

Հիմա էլ շարունակում են այրել Հադրութի տները, տիկին Սուսաննան տեսանյութերում է տեսել: Դրանցում ադրբեջանցիները նաեւ մտնում են մարդկանց տներ, թափում ընտանեկան ալբոմները, ծաղրի ենթարկում:

 

«Երբ գիտես, որ տունդ այնտեղ է, էլի ինչ-որ չափով մխիթարանք է, բայց երբ տեսնում ես, որ այրել են ... հետ կգնանք էլի կկառուցենք, հայի խելք՝ հայի արած, չեղածից միշտ ստեղծում է ... բայց այդքան տարվա արվածը մի րոպեում վառվում է»,- ցավն աչքերում նշում է տիկին Սուսաննան:

 

Վերադառնում են

 

Լարայի քույրը վերադարձել է Ստեփանակերտ: Պատմում է, որ այնտեղ վարձակալությամբ տներ գտնելը դժվար է, եղածներն էլ թանկ են: Այնուամենայնիվ, չնայած դժվարություններին, Լարայի ծանոթների մոտ 80 տոկոսը վերադարձել է Արցախ:

 

«Ուզում են էլի ինչ-որ բան զրոյից սկսել, փորձում են վերադառնալ բնականոն կյանքին: Բայց վատն այն է, որ մտավախությունները շատ են, եւ այն մարդիկ, որ գոնե մի փոքր հնարավորություն ունեն, հենց «օդը բացվի», դուրս կգան երկրից: Ինքս այն մարդկանցից եմ, որ կյանքում չէի ուզենա այլ երկրում ապրել: Դեռ ուզում ենք ինչ-որ բան այստեղ փոխել, այստեղ օգտակար լինել»,- նշում է երիտասարդ կինը:

 

***

 

Մոսկովյան 28 հասցեով անցնելիս ժենգյալով հացի անուշ բույրը շոյում է հոտառությունդ: Հադրութցի Գայանե Նարիմանյանը մի քանի ամիս է ինչ այստեղ է աշխատում, քանի որ սեպտեմբերի 27-ին երեք մանկահասակ երեխաների հետ շատերի նման ստիպված էր լքել հայրենի տունը:

 

Դեպի Ստեփանակերտ ճանապարհը՝ դժոխք

 

«Վաղ առավոտյան, երբ դեռ քնած էինք, ձայներ լսեցինք: Թվաց՝ հրավառություն է: Չէինք սպասում, որ պատերազմ կսկսվի: Ամուսինս զինվորական է, միանգամից իրեն զանգեցին ու գնաց, մնացի միայնակ երեխաներիս հետ: Ասում էին՝ պետք է դուրս գանք, հենց մեր բակում՝ մի երկու տուն այն կողմ, արկ էր պայթել: Սկզբում նկուղ իջանք, հետո մի մարդ, որ իր մեքենայով բնակիչների էր տեղափոխում, տեսավ, որ ինձ ու երեխաներիս տանող չկա, մեզ եւս տեղավորեց: 10 հոգով մի մեքենա էինք նստել, ոչ մի իր վերցնելու հնարավորություն չկար»,- հիշում է Գայանեն:

Գայանե Նարիմանյանը Գայանե Նարիմանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրա խոսքով Ստեփանակերտ գալու ճանապարհը դժոխքի էր նման. մեքենայի հետեւում, դիմացը, կողքին անդադար պայթյուններ էին: «Աստված կանչելով եկանք հասանք Ստեփանակերտ: Այնտեղից արդեն համեմատաբար ավելի հանգիստ եկանք Երեւան»:

 

Կացարան ու աշխատանք

 

Երեւանում Գայանեն մոտ բարեկամներ չուներ, նրան ու երեխաներին մի անծանոթ մարդ է տեղավորել՝ իր հյուրանոցում տեղ հատկացնելով: Մինչեւ օրս էլ այնտեղ են ապրում:

 

Օրեր անց փողոցով անցնելիս Գայանեն տեսել է, որ ժենգյալով հաց են թխում ու առաջարկել է օգնել: Երբ իմացել են, որ Հադրութից է, աշխատանքի են վերցրել: Քանի դեռ ամուսինն Արցախում է, երեխաների կարիքներն ամբողջապես նա է հոգում:  

 

«Մամա´, քշու՞մ են մեր հեծանիվը»

 

«Մինչեւ պատերազմի վերջին օրը հույս է եղել, որ մենք կվերադառնանք Հադրութ: Ամեն ինչ այնտեղ ենք թողել: Երեխաները անընդհատ հարցնում են՝ մամա´, թուրքերը վերցրե՞լ են մեր հեծանիվը, մամա´, քշու՞մ են, վառե՞լ են: Ասում եմ՝ նորը կառնեմ, ոչինչ: Անընդհատ հարցնում են՝ ե՞րբ ենք վերադառնալու, ու չգիտես՝ ինչ պատասխանես բալիկներիդ»,- պատմում է կինը:

Գայանե Նարիմանյանը Գայանե Նարիմանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամուսինն Արցախում դժվարանում է տուն գտնել: Մանկապարտեզները, դպրոցները լիքն են մարդկանցով, հյուրանոցներում էլ տեղ չկա: Ընտանիքը դեռեւս մասնատված է, երեխաներն էլ հայրիկին շատ են կարոտում:

 

«Մինչեւ այս պատերազմը միշտ զարմանում էի՝ Բաքվից փախածները ոնց են ուժ գտել իրենց մեջ, ոնց են սթրեսը ապրել, իսկ հիմա մենք մեր կաշվի վրա նույնը զգացինք: Հասկանում ես, որ պիտի հաղթես դժվարություններին երեխաների համար, պետք է ուժեղ լինես հանուն իրենց ու կարողանաս պայքարել»,- ասում է Գայանեն:

 

Գայանեի համար ցավալին այնքան թողած տունն ու ունեցվածքը չեն, որքան իրենց հուշերը, երեխաների մանկության նկարները, գրքույկները, որ չեն կարողացել վերցնել:

 

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին