Ռեստորանում, որտեղ նշում էին Պերճ Զեյթունցյանի տարեդարձը, գրողին է մոտենում մի երիտասարդ նկարիչ ու մեկնում նրա դիմանկարը, որ արել էր ռեստորանի մի աննկատ անկյունում նստած։
Տարիներ անց, երբ ընտանիքը Պերճ Զեյթունցյանի հուշատախտակի համար նկար էր ընտրում, դուստրը պնդում է, որ հենց այդ դիմանկարն օգտագործեն՝ գրողին ամենասազականն ու բնորոշը։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Երբ երեխաներով, թոռնիկներով հավաքվում էին, ինքը միշտ աչքերը փակ նստում էր։ Երեխաներն ասում էին՝ պապա՛, խանգարո՞ւմ ենք քեզ, ասում էր՝ ոչ, դուք խոսեք։ Շատ լավ հումորի զգացում ուներ եւ խոսակցության ընթացքում անպայման մի բան ասում էր։ Աղջիկները զարմանում էին՝ պապա՛, աչքերդ փակ, կարծես թե չես լսում։ Ասում էր՝ ես ամեն ինչ լսում եմ։ Այդ փակ աչքերով նկարը ճիշտ իրեն բնորոշ է»,- պատմում է գրողի կինը՝ Լիլիանա Զեյթունցյանը։
Պրեմիերայից առաջ անհանգստություն, հետո՝ ճաշկերույթ
Կասյան 3 հասցեում 1971-2017 թվականներին ապրել է գրող, հրապարակախոս, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանը։ Հյուրեր Զեյթունցյանների ընտանիքում միշտ էին լինում՝ ե՛ւ վերջին տարիներին, երբ հիվանդության պատճառով դուրս գալը դժվար էր, ե՛ւ երիտասարդ տարիներին, ե´ւ հատկապես պիեսների առաջնախաղից հետո։ Այդ առիթով տանը 20-25 հոգու համար ճաշկերույթ էր տրվում։ Դրամատիկական թատրոնի դերասաններն էին հաճախ հյուր գալիս՝ վիսկի խմելու։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Սա վերջին ներկայացման՝ «Փարիզյան դատավճռի» պաստառն է՝ բոլոր դերասանների ստորագրությամբ, որ նրա 75-ամյակին են նվիրել։ Պերճ Զեյթունցյանը վերջին տարիներին անցավ պիեսների։ Ասում էր՝ հիմա գիրք չեն կարդում, իսկ պիեսները գոնե գալիս թատրոն, նայում են։
Դրամատիկականը նրա հարազատ թատրոնն էր, 6-7 պիես է ներկայացրել այնտեղ։ Բոլոր փորձերին ներկա էր լինում, բայց ոչ մի ռեժիսոր չէր բողոքում, որովհետեւ սուս-փուս նստում էր, եթե դիտողություն էլ ուներ, վերջում էր ասում։ Շատ ուժեղ ապրումներ էր ունենում իր պիեսների առաջնախաղին։ Որեւէ մեկս որեւէ բան չպիտի ասեր, մինչ ինքը հագնվում էր, գնում թատրոն, նստում էր իր տեղում, տեսնում էր, որ դահլիճը լիքն է, եւ միայն ներկայացումը սկսվելուց հետո մի քիչ հանգստանում էր։ Ամեն անգամ նրան թվում էր, թե որեւէ բան պիտի լինի, որ խանգարի իր հանգստությունը»։

Լուսանկարը` Մեդիամաքս
Ժամացույցը, ռադիոն ու սիրված երգերի «կասետները»
Աշխատասենյակն ու գրասեղանը Պերճ Զեյթունցյանի մահից հետո գրեթե անփոփոխ են մնացել։ Սեղանին ժամացույցն է, որը նաեւ դրսի ջերմաստիճանն է ցույց տալիս. մի բան, որ սովորույթի ուժով Զեյթունցյանը շատ էր կարեւորում։ Իրենց տեղում են նաեւ օրացույցն ու ռադիոն։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Լուրեր էր լսում շատ։ «Նոստալժի» ալիք կար, որից 3 կասետ հրաշալի երաժշտություն էր ձայնագրել՝ իր սիրած երգերը՝ Չելենտանո, Ուիթնի Հյուսթոն, Լուի Արմսթրոնգ, մեր երեխաների պատանեկության երգերը, նաեւ՝ դասական երաժշտություն։ Հիմա չեմ կարողանում այդ ձայնագրությունները լսել, հուզվում եմ»։
Նույնիսկ այն ժամանակ, երբ տնից դուրս չէր գալիս, Պերճ Զեյթունցյանն ակտիվ հետեւում էր երիտասարդ գրողներին, հասարակական, քաղաքական կյանքին։ Գնում էր գրեթե բոլոր թերթերն ու կարդում ծայրից ծայր։ Համակարգիչն ու համացանցը նրա համար չէին։ Տիկին Լիլիանան ցույց է տալիս գրողի երկու նոթատետրը՝ մեկը պարզ, մյուսը դժվարընթեռնելի ձեռագրով։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Վերջին երեք տարին ի վիճակի չէր աշխատել, տեսողությունը թուլացել էր։ Աղջիկս հատուկ խոշորացնող ակնոցներ էր բերել, բայց հրաժարվում էր, ասում էր՝ ես իմ սովորական ակնոցները պիտի կրեմ։
Շատ հիվանդություններ էր տարել, ձեռքը լավ չէր աշխատում։ Վերջին տարիներին բոլոր վեպերը, պիեսները միայն իմ ձեռագրով են։ Միշտ ասում էր՝ շուտ արա, գործերդ թող, արի, որ թելադրեմ, որովհետեւ հետո ես իմ գրածը չեմ կարողանա վերարտադրել»։

Լուսանկարը` Մեդիամաքս
Պարգեւներ, նվերներ, կոչումներ
Շքանշաններն ու պատվոգրերը Զեյթունցյանների ընտանիքում շատ են։ Գրողը պարգեւների չէր սպասում, բայց ստանալիս շոյվում էր։

Լուսանկարը` Մեդիամաքս
Բազմաթիվ պարգեւներից տիկին Լիլիանան առանձնացնում է «Երեւանի պատվավոր քաղաքացու» կոչումը, որը Պերճ Զեյթունցյանը շատ էր կարեւորում, նաեւ Մշակույթի գործիչների համահայկական լիգայից ստացած «Հայ արվեստի ասպետ» կոչումն ու Կալիֆոռնիայի UCLA համալսարանի հայագիտական ամբիոնի «Գրիգոր Նարեկացի» շքանշանը։

Լուսանկարը` Մեդիամաքս
1990-ականներին նրա հրապարակախոսական հոդվածները հասնում էին նաեւ կալանավայրեր։ Ի նշան երախտագիտության՝ բանտարկյալները նամակներ ու իրենց ձեռքով պատրաստած իրեր էին ուղարկում գրողին, ինչպես աստվածաշնչյան թեմաներով հացից համրիչը, որը Զեյթունցյանը չէր օգտագործում, որ հանկարծ չվնասվի։

Լուսանկարը` Մեդիամաքս
Հեմինգուեյի պատկերը՝ Ազնավուրի ձայնի փոխարեն
Պատին Հեմինգուեյի նկարն է, որ Զեյթունցյանը ձեռք էր բերել քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հետ «գործարքի» արդյունքում։
«Արտոն Ազնավուր շատ էր սիրում։ Ասաց՝ կուզե՞ս ես քեզ Հեմինգուեյի նկարը տամ, դու ինձ՝ Ազնավուրի կասետը։ Էդպես փոխանակեցին»։

Լուսանկարը` Մեդիամաքս
Պերճ Զեյթունցյանը շատ էր սիրում լատինամերիկյան գրականություն, Չեխովին, Տոլստոյին եւ Դոստոեւսկուն։ Արգելում էր ձեռք տալ իր սեղանին, գրապահարանին։
«Ահավոր չէր սիրում, երբ ուզում էի գրքերը մաքրել, տեղավորել։ Ասում էր՝ հետո ոչինչ չեմ գտնում, ու ճիշտ էր ասում։ Նրա մահից հետո տեղավորեցի գրքերը եւ հիմա ես չեմ գտնում՝ ինչ պետք է»։

Լուսանկարը` Մեդիամաքս
Գրեհեմ Գրինի «Խաղաղ ամերիկացին» եւ Էռնեստ Հեմինգուեյի «Հրաժեշտ զենքին» վեպերը թարգմանելիս Պերճ Զեյթունցյանը նաեւ անգլերենի մասնագետ կնոջն էր ներգրավել։ «Դա ինձ մեծ հաճույք պատճառեց»,-ասում է տիկին Լիլիանան, որն ամուսնացել է շատ երիտասարդ ու ամբողջ ժամանակը նվիրել ընտանիքին, իսկ աշխատելուն հերթ չի հասել։

Լուսանկարը` Մեդիամաքս
Լավ հագուստ եւ օծանելիք սիրող գրողը
Զեյթունցյանն իր աղջիկներին ոչինչ չէր արգելում, այդ հարցը կնոջն էր թողել։ «Կասեր՝ դու ասա, ու վատամարդը ես էի լինում»,- ժպտում է տիկին Լիլիանան։ Ասում է՝ խրատներ չէր տալիս, բայց իր կեցվածքից, ապրելակերպից երեխաները վերցրին այն, ինչ անհրաժեշտ էր։ Շաբաթ-կիրակի թատրոն, համերգ, մանկական երկաթուղի էին գնում։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Ես ապահովել եմ նրա հանգիստը, բոլոր կենցաղային հարցերը վերցրել եմ ինձ վրա, որովհետեւ աշխատում էր պետական համակարգում եւ տանն էր ստեղծագործում։ Երիտասարդ տարիներին, երբ աշխատում էր, ես երեխաներին տանում էի հյուրասենյակ, դուռը փակում։ Երկու աղջիկներին էլ շատ էր սիրում, բայց փոքրին շատ բան թույլ էր տալիս։ Եթե շատ կարեւոր մի բան էր լինում, ասում էինք՝ Լիլի՛թ, դու մտի սենյակ։
Զեյթունցյանը գրելիս բարձրաձայն կարդալու սովորություն ուներ։ Մի օր Լիլիթը բացում է դուռը այն պահին, երբ Զեյթունցյանը կարդում է՝ դո՛ւրս կորիր, դուռը փակի՛ր։ Երեխան լացելով դուրս է գալիս՝ տեսնո՞ւմ եք, ինձ վրա էլ գոռաց։ Հետո ինքը հասկացավ, կանչեց, ասաց՝ ես իմ գործն էի կարդում, քեզ հետ կապ չուներ»։

Լուսանկարը` Մեդիամաքս
Տիկին Զեյթունցյանը բացում է զգեստապահարանը. «Պահել եմ նրա սիրած հագուստները, ավելի ճիշտ՝ իմ սիրածները»։ Ասում է՝ Պերճ Զեյթունցյանը սիրում էր խնամված լինել, հատկապես օծանելիք էր սիրում, լավ հագնվել։
«Բաց բեժ մի կոստյում ուներ, երեխաները չէին սիրում, ասում էին՝ հանկարծ չհագնես։ Տեղ էինք գնում, ասում էր՝ այ դա եմ ուզում հագնել։ Ասում էի՝ աղջիկները չեն հավանում, ասում էր՝ իմ ինչ գործ։ Հենց դրանով էլ հուղարկավորեցինք նրան»։
Չաքմաքչյանի՝ խիստ հայացքով Զեյթունցյանը
Հյուրասենյակի պատերին նկարներ են՝ նվերներ ընկերներից։
«Արտոյի (Չաքմաքչյան – հեղ.) դիմանկարը հրաշալի է։ Ինքը ճիշտ այդպիսին էր, երբ հանդիպեցինք՝ խիստ հայացքով, վախենում էի նույնիսկ։ Տարիներ հետո, որ անցավ էդ ամենը, ասում էր՝ ափսոս չէր, էն ժամանակվա նման վախենայիր»։

Լուսանկարը` Մեդիամաքս
Տիկին Լիլիանան ցույց է տալիս իր՝ տարբեր երկրներից բերած հուշանվերները։ Ամուսիններով սիրում էին ճամփորդել, հատկապես՝ Եվրոպա։ «6 երկիր, 12 քաղաք, մեր ամենալավ ճամփորդությունն էր»։ 8 անգամ Միացյալ Նահանգներում են եղել։ Պերճ Զեյթունցյանն Ամերիկան շատ էր սիրում, հայ համայնքն առանձնահատուկ ջերմ էր ընդունում նրան։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Առաջին անգամ Ամերիկա գնացինք 1991 թվին։ Գլենդելի եկեղեցում հանդիպում էին կազմակերպել, բայց մենք երգահան Ալան Հովհաննեսի 80-ամյակին էինք հրավիրված եւ մեկ ժամ ուշ հասանք հանդիպմանը։ Ամբողջ փողոցը լեփ-լեցուն սպասում էր, ոչ ոք չէր գնացել։ Այդ օրը սարսափելի հուզիչ էր։ Մարդիկ շատ հուսահատված էին, որ թողել են հայրենիքը, բայց Զեյթունցյանը ճիշտ բառեր գտավ նրանց ասելու. «Խղճի խայթ մի զգացեք, երբ ուզենաք, կվերադառնաք»։ Իրենք այդպիսի բառերի էին սպասում»։
Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: