2017 թվականի հոկտեմբերին Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում բացվեց «Յանդեքս» ծրագրավորման դպրոցը: «Յանդեքս» ընկերությունը եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հնարավորություն տվեցին Շիրակի մարզի 9-11-րդ դասարանների աշակերտներին ծանոթանալ ծրագրավորմանը եւ ՏՏ ոլորտում աշխատելու հեռանկարներ բացեցին:
Ծրագրավորման ոլորտում հաջողության հասած ու նպատակասլաց, ծրագրավորման լեզուներն իմացող ու միշտ պրպտող «Յանդեքս» դպրոցի շրջանավարտների հետ ենք զրուցել: Մինչ կսկսեինք ծրագրավորող աշակերտների ու դպրոցի մասին զրույցը, նախ մի հարց քննարկեցինք:
Ինչո՞ւ են աղջիկ ծրագրավորողները քիչ
Հարցին միանգամից պատասխանում է հանդիպման եկած միակ աղջիկը՝ Գոհարը:
- Դպրոցում մաթեմատիկա շատ եմ սիրել, սկսել եմ խորացված ուսումնասիրել, ուրիշ մասնագիտության մասին չեմ էլ մտածել: Իմ կարծիքով՝ աղջիկները հետաքրքրվում են հումանիտար գիտություններով, բայց ինձ կոնկրետ տեխնիկական գիտություններն են գրավում:

Լուսանկարը` Գեւորգ Հրաչյան
Հետո մեկը մեկին հերթ չտալով՝ տղաներն են փորձում այս հարցի տարբեր պատասխաններն ու պատճառները գտնել: Սարգսի կարծիքով նույնպես պատճառն այն է, որ տղաները նախընտրում են ճշգրիտ գիտությունները, իսկ աղջիկները՝ հումանիտար, ավելի շատ դիզայներական ոլորտում են մասնագիտանում, ու նաեւ մի դիտարկում է անում.
- Ծրագրավորման ոլորտը երկար ընթացք է: Քանի ըդոր մեջ ես, հա պտի սորվիս ու սորվիս, իսկ աղջիկներն ավելի շատ կսիրեն, արագ-արագ սորվին ու ֆսյո. «Պատրաստ եմ գործի համար, էրթամ աշխատիմ»:
- Աղջիկները սիրում են փոփոխություններ,-ասում է Ռուբենն ու շարունակում,- իսկ ծրագրավորման մեջ միշտ պտի կոդերի հետ աշխատիս, կպատկերացնենք մեկ էլ աղջիկը ծրագրի վրա կաշխատի ու աշխատանքի կեսից որոշե լեզուն փոխել:

Լուսանկարը` Գեւորգ Հրաչյան
Բոլորս միասին ծիծաղում ենք ու անցնում հաջորդ հարցին:
- Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ այդքան տղաներից հենց աղջիկը ծրագրավորման դպրոցում իր ընդունակություններով գնահատվեց ու գնաց Ռուսաստան: Տղաները պատասխան չգտան, միայն Սարգիսը կատակի տալով ասաց,- տղե՛ք, էստեղ գլուխներս պտի կախենք:

Լուսանկարը` Գեւորգ Հրաչյան
Իմ «Յանդեքսը» ինձ տարավ Մոսկվա
Գոհար Մովսիսյանը, բացի մաթեմատիկայից, ծրագրավորման լեզուներով է հետաքրքրված, հենց այդ հետաքրքրությունն էլ նրան տարել է դեպի նոր լեզու: «Յանդեքս» դպրոցում սովորել է Python լեզուն: Գոհարի համար միայն նորագույն ծրագրավորման լեզվի իմացությունը բավարար չի եղել ու որոշել է իր գաղափարները կյանքի կոչել:
- Ստեղծել եմ համակարգչի ստեղների օգնությամբ նվագող դաշնամուր: Ամեն մի ստեղնի տակ մի նոտա է, հայտնի երգերից փոքրիկ հատվածներ էի պատրաստել, որոնք հեշտությամբ կարելի էր նվագել: Ուզում էի նաեւ ստեղծել հնարավորություն, որ օգտատերը կարողանար իր երգերը ավելացնել ծրագրում,- նշում է Գոհարը:
Ծրագրավորման դասերի ժամանակ տնային աշխատանքներից ու հանձնարարություններից ամենաբարձր ռեյտինգ հավաքելով, նաեւ այս ծրագիրն իրականացնելը գնահատելով՝ Գոհարը դարձավ լավագույնը Գյումրիի «Յանդեքս դպրոց»-ում, ու նրա համար նոր հորիզոններ բացվեցին:

Լուսանկարը` Գեւորգ Հրաչյան
- Ընտրեցին ամենաբարձր վարկանիշով աշակերտներին, ես էի ու Վանաձորի «Յանդեքս դպրոց»-ից մի տղա: Մեր «Յանդեքսը» մեզ տարավ Մոսկվա, որտեղ չորս օր մնացել ենք: Էնտեղի «Յանդեքս լիցեյ»-ի աշակերտների ավարտական միջոցառումն էր: Մասնակցել ենք տարբեր սեմինարների, էքսկուրսիաների, մի խոսքով՝ շատ հավես էր,- արդեն կարոտով հիշում է Գոհարն ու նաեւ ափսոսանք հայտնում, որ շատ շուտ անցավ ուսման մեկ տարին: Շատ կցանկանար, որ ինչպես Մոսկվայում, Գյումրիում էլ «Յանդեքս» ծրագրավորման դպրոցը հնարավորություն ընձեռեր երկու տարի ուսումնասիրել ու գործնականում կիրառել գիտելիքները:
- Ու կուզենայի, որ Մոսկվայի նման գրասենյակ մենք էլ ունենայինք, էնքան սիրուն էր, գունավոր: Ով որտեղ ուզում նստում էր, որ չհոգներ, աշխատակազմը շատ հաճելի, մարդամոտ մարդիկ էին, բոլոր պայմանները ստեղծած էր, որ ծրագրավորողները լինեն ազատ ու ստեղծագործող,- պատմում է Գոհարը եւ խոսում առաջիկա անելիքներից.

Լուսանկարը` Գեւորգ Հրաչյան
- Հիմա սովորում եմ համալսարանում, բայց դա ինձ չի հերիքում: Կան դասեր, որոնց համար ես ուզում եմ ծրագիր ստեղծել, որ այդքան երկար գրատախտակի վրա չբացատրեն դասախոսները: Բացի դրանից, նաեւ փորձում եմ աշխատանք գտնել առցանց տարբերակով:
Python-ը նոր լեզուներից է, որը առաջընթաց է ապրում
«Յանդեքս» ծրագրավորման դպրոցի շրջանավարտներից է նաեւ Հովհաննես Խաչատրյանը: Նա սովորում է Կամո գյուղի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում: Ծրագրավորման լեզուներին տիրապետում է ու նոր լեզվի իմացությունն էլ դրդել է մասնակցել ընդունելության թեժ մրցույթին:

Լուսանկարը` Գեւորգ Հրաչյան
- Տրամաբանությունից ու մաթեմատիկայից թեստեր գրեցինք, հետո հարցազրույց վերցրեցին, ու էդպես ընդունվանք: Առաջին փուլի ընթացքում բարդ մաթեմատիկական հարցեր էին, երկրորդ փուլին արդեն հիմնավորումներով հարցեր կուդային,- ասում է Հովհաննեսը ու սկսում խոսել սեփական ընտրության հիմնավորումներից:
- «Յանդեքս»-ին ծանոթացել էի ընկերոջս միջոցով, իրար հետ ուղարկեցինք հայտը, մասնակցեցինք, սովորեցինք, ավարտեցինք: Ապագայում մասնագիտությունս ՏՏ ոլորտում չեմ պատկերացնում, ուզում եմ իրավագետ դառնալ: Բայց գիտակցում եմ, որ ապրել այս տարածաշրջանում ու չիմանալ ծրագրավորում, հանցագործություն է, որովհետեւ, եթե ոչ հիմա, ապա մի քանի տարի հետո պարտադիր բոլոր մասնագիտությունների հետ ՏՏ ոլորտը լինելու է ու լավ է հիմիկվանից իմանալ ծրագրավորում:
Իսկ թե ինչո՞ւ հենց Python, Հովհաննեսը նախապես ուսումնասիրել ու հիմնավոր ընտրություն է կատարել.
- Python-ը ծրագրավորման ամենանոր լեզուներից է ու հիմա առաջընթաց է ապրում:
Հենց այս լեզուն օգնեց սկսել մի կարեւոր գործ. Գյումրիի «Արեգակ» ներառական փուռ-սրճարանի համար սկսեցին կայք ստեղծել: Հովհաննեսին միացավ նաեւ «Յանդեքս»-ի համադասարանցի Սարգիսը:
«Յանդեքս» դպրոցը ինձ ամենամոտիկ ընկերներին տվեց
Սարգիս Մխիթարյանը սովորում է հանրակրթական դպրոցի 12-րդ դասարանում, մեկ տարի առաջ համառորեն ձգտել է ընդունվել ու ավարտել ծրագրավորման այս դպրոցը, սակայն.
- Մեկ տարի առաջ փորձել էի մասնակցել, բայց քննություններից դուրս էի մնացել: Այդ պատճառով մի տարի բաց թողեցի, մյուս տարի նորից փորձեցի, ընդունվեցի: Սովորեցի ծրագրավորման առաջընթաց ապահովող լեզուն: Քանի դեռ ուրիշ լեզու չի հայտնվել, որն ավելի լավ է, Python-ը զարգացածներից մեկն է,- ասում է Սարգիսն ու խոսում իր հաջողություններից.

Լուսանկարը` Գեւորգ Հրաչյան
- Հովհաննեսի հետ սկսեցինք կամավոր սկզբունքով «Արեգակ» փուռ-սրճարանի կայքը պատրաստել: Մասնակցել եմ Digicamp ռոբոտաշինության ճամբարին, ու հաղթել է մեր թիմը: «Յանդեքս» դպրոցում պայքարում էի Մոսկվայի համար, բայց տարան Վանաձոր՝ ՏՏ էքսպոյին,- ներկայացնում է Հովհաննեսն ու ամենակարեւոր ձեռքբերման մասին նշում. - «Յանդեքս դպրոցը» ինձ ամենամոտիկ ընկերներին տվեց: Դպրոցը ոչ միայն տեղ է, որտեղ կարելի է սովորել, նաեւ նոր ընկերներ ունենալ, իրար հետ մրցել, տարբեր ծրագրավորման միջոցառումների մասնակցել ու միշտ իրար օգնել:
2018 թ. լավագույն աշակերտը 2019-ին ավարտեց «Յանդեքս դպրոցը»
Տարիքով ամենափոքրը Ռուբեն Սարգսյանն է, սակայն հետ չի մնում ընկերներից: Նա արդեն հասցրել է ՀՀ վարչապետից մրցանակ ստանալ:
Ծրագրավորման տարբեր լեզուների իմացությամբ դեռ փորձարկումներ է անում: Ստեղծում է տարբեր խաղեր, ամեն անգամ ավելի բարդ ու գործողություններով լի: Միաժամանակ ուսումնասիրում է տեղեկատվական տեխնոլոգիաների աշխարհում ինչ փոփոխություններ են լինում, մասնակցում է տարբեր համալսարանների կազմակերպած առցանց օլիմպիադաներին: Վերջին օլիմպիադան Foxford-ն էր: 44 երկրի մասնակիցների ցանկում կարողացել է ոչ ստանդարտ առաջադրանքները կատարել ու հաղթել:

Լուսանկարը` Գեւորգ Հրաչյան
Իսկ «Յանդեքս» ծրագրավորման դպրոցը Ռուբենի համար եւս մեկ քայլ է դեպի ծրագրավորման աշխարհ ու արհեստական բանականություն:
- Հենց Python հիմքի վրա պատրաստվում եմ սովորել մեքենայական ուսուցում (Machine learning), արհեստական բանականությունով ռոբոտներ ստեղծել: Ցանկությունս մեծ է հենց այս ոլորտում մասնագիտանալ ու նոր գաղափարներ իրագործել:
Անահիտ Հարությունյան
Լուսանկարները՝ Գեւորգ Հրաչյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: