Այսուհետ «Գրանդ Հոթել Երեւան» հյուրանոցի համար 329 լյուքս սենյակը կկրի մեծանուն գեղանկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարի անունը: Սենյակի անվանակոչումն ու վարպետի մասին պատմող հուշագրության շնորհանդեսը մեկտեղվեցին հոկտեմբերի 25-ին հյուրանոցի Ձմեռային այգում:
Վերականգնելով պատմությունը
«Գրանդ Հոթել Երեւան» հյուրանոցի շենքը կառուցվել է 1926-1928 թվականներին՝ դառնալով Երեւանի առաջին խոշոր հասարակական շենքը:
4 տարի առաջ հյուրանոցի ղեկավարությունը որոշել է արխիվներից դուրս բերել 90-ամյա պատմությունն ու ներկայացնել մեկ գրքով: Այս մասին Մեդիամաքսին պատմել է հյուրանոցի մարքեթինգի եւ միջոցառումների բաժնի մենեջեր Անի Շահբազյանը:
«Տարբեր աղբյուրներից բավականին շատ տեղեկատվություն հավաքելով հասկացանք՝ կան բազմաթիվ պատմություններ, որ արժանի են ներկայացվել հանրությանը: Դրանց հիման վրա սկսվեց համագործակցություն թանգարանների հետ, եւ երկու տարի առաջ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հետ համատեղ մեծ գրողի անունը ստացավ այն սենյակը, որտեղ նա ապրել էր 1928-1935 թվականներին»,- պատմել է նա:
Լուսանկարը` Մեդիամաքս
Այսօր արդեն հյուրանոցի այցելուների համար կա նման երկրորդ սենյակը՝ Երվանդ Քոչարի անունով, որն այդտեղ ապրել է 1936-1940 թվականներին:
Լուսանկարը` Մեդիամաքս
Մշակույթի ներկայացման ճանապարհը
«Մեր յուրաքանչյուր քայլով փորձում ենք հյուրանոցի տարածքում վերականգնել պատմական արդարությունը: Այստեղ ժամանակին ապրել են ինչպես Երվանդ Քոչարն ու Եղիշե Չարենցը, այնպես էլ Սերգեյ Փարաջանովը, Շառլ Ազնավուրը եւ շատ այլ մեծեր: Մեր նպատակն է անել այնպես, որ հյուրերը զգան այս պատմական շունչն ու ոգին»,- ասել է հյուրանոցի տնօրեն Անտոնիո Պետրուչին՝ հավելելով, որ ամեն կերպ ցանկանում են ընդգծել հյուրանոցի տասնամյակների պատմությունը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Անտոնիո Պետրուչիի խոսքով, նախաձեռնությունը նպատակ ունի ներկայացնելու հայկական մշակույթը՝ հյուրերին անվանի բնակիչների մասին պատմելու միջոցով: Նա վստահ է, որ այցելուները կգնահատեն դա:
Լուսանկարը` Մեդիամաքս
Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը նշում է, որ սենյակի անվանակոչումը երազանք էր:
«Հյուրանոցը նախկինում «Ինտուրիստ» էր կոչվում: Սա եղել է առաջին հանգրվանը, որտեղ բնակվել է Քոչարը Հայաստան վերադառնալուց հետո: Կից բացօթյա սրճարանն էլ մաեստրոյի ամենասիրելի վայրերից մեկն է եղել»,- պատմել է նա:
Լուսանկարը` Մեդիամաքս
Կարինե Քոչարի խոսքով, սենյակը ձեւավորված է քոչարյան ստեղծագործությունների վերատպություններով, եւ համարի բոլոր ապագա բնակիչները դառնալու են թանգարանի հրավիրյալ հյուրերը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Քոչարը՝ ժամանակակիցների հուշերում
Խորհրդանշական է, որ «Մաէստրո Քոչարը հուշերի անդրադարձում» գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել սենյակի անվանակոչման հետ միասին, թեեւ այն լույս էր տեսել դեռեւս 2016 թվականին:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Հուշագիրները Քոչարի ժամանակակիցներն են: Փորձել ենք փրկել մարդկային հիշողության կորստին դատապարտված այդ հուշերը եւ դրանցով վերականգնել Քոչար ուսուցչի, վարպետի, նկարչի, արվեստագետի կերպարը»,- պատմել է Կարինե Քոչարը:
Հուշագրությունը կազմել են Լալա Քոչարը եւ Անատոլի Հովհաննիսյանը: Գիրքը հրատարակել է «Անտարեսը», որի գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով, հուշագրությունը բացառիկ է:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Այստեղ միայն պատմություններ չեն, հուշերը բացառիկ են նրանով, որ ներկայացնում են այն, ինչը ժամանակին ասել է Երվանդ Քոչարը: Նկարիչները, գեղագետները, ժամանակաշրջանի գրական-մշակութային կյանքն ուսումնասիրողները երբ կարդան այն, կհասկանան՝ Քոչարի յուրաքանչյուր արտահայտություն իսկապես դասագրքային է եւ կարող է շատ օգտակար լինել»,-ասել է նա:
Միջոցառմանը մաեստրոյի ներկայությունն ավելի կենդանի դարձնելու համար թանգարանից բերվել էր նրա քանդակներից մեկը, որը որոշ ժամանակ կմնա հյուրանոցի Ձմեռային այգու տարածքում:
Լուսանկարը` Մեդիամաքս
Երեկոյի ընթացքում ցուցադրվել են նաեւ թանգարանի կողմից տրամադրված ֆիլմեր, որ ներկայացնում էին ժամանակակիցների հուշերն ու արխիվային լուսանկարներ:
Գայանե Ենոքյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: