Ամալյան. առաքելությունը՝ փոխել մարդկանց - Mediamax.am

exclusive
7629 դիտում

Ամալյան. առաքելությունը՝ փոխել մարդկանց


Ամալյա Հարությունյանը
Ամալյա Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամալյա Հարությունյանը
Ամալյա Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամալյա Հարությունյանը
Ամալյա Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամալյա Հարությունյանը
Ամալյա Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամալյա Հարությունյանը
Ամալյա Հարությունյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Ամալյա Հարությունյանը
Ամալյա Հարությունյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Ամալյա Հարությունյանը
Ամալյա Հարությունյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


Ամալյայի հետ հեռախոսով պայմանավորվում ենք հանդիպման ու հարցազրույցի շուրջ։ Հանդիպման մի քանի վայր է առաջարկում՝ Վայոց Ձորում, որտեղ խտրականության դեմ պայքարի եւ ակտիվ քաղաքացիության դասընթացներ է անցկացնում, Երեւանում՝ հատուկ կարիքներով երեխաների համար ճամբարների ժամանակ, կամ աշխատավայրում՝ «Հույսի կամուրջ» ՀԿ-ում, որտեղ հաշմանդամություն ունեցող  անձանց շահերի պաշտպանությամբ է զբաղվում։ 

 

Թույլ տեսողությունն Ամալյային չի խանգարել հանրակրթական դպրոց գնալ, իսկ դժվարությունները նրան օգնել են կողմնորոշվել, թե որն է լինելու իր առաքելությունը՝ փոխելը։ Փոխել մարդկանց վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, պայքարել հավասար հնարավորությունների, իրավունքների համար։ 

 

Ամալյա Հարությունյանը սովորում է ԵՊՀ-ում, ապագա հոգեբան է։

 

Ես չեմ ուզում հիշել դպրոցը

 

Ամեն սեպտեմբերի 1-ին Ամալյան որոշում էր ուժեղ լինել ու փոխել ինչ-որ բան։ Բայց մի քանի օր անց հասկանում էր՝ այս տարի էլ չի ստացվի։ Թույլ տեսողությամբ  աղջկա համար նոր ուսումնական տարին ոչ թե ընկերներին հանդիպելու ուրախ առիթ էր, այլ` նոր մարտահրավեր։

Ամալյա Հարությունյանը Ամալյա Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մանկապարտեզում ասում էին, որ ես «նորմալ» էրեխեքին կխանգարեմ, որ ես նորմալ չեմ, ու իրենք չեն կարող ինձ հետ աշխատել։ 2-3 մանկապարտեզ դիմելուց ու դիմադրության հանդիպելուց հետո էլ չդիմեցինք։ Ես մանկապարտեզ չգնացի։

 

Ի սկզբանե որոշել էինք, որ հանրակրթական դպրոցում պիտի սովորեմ, բժիշկներն էլ խորհուրդ չէին տալիս գնալ տեսողության խնդիրներ ունեցողների դպրոց․ տեսողությունս թույլ էր, բայց ոչ այնքան, որ չկարողանայի հանրակրթական դպրոցում սովորել։ 

 

Ապրում եմ Նորքի 9-րդ զանգվածում, բայց սովորել եմ 8-րդ զանգվածի թիվ 186 դպրոցում, որովհետեւ 9-րդ զանգվածի երկու դպրոցներն էլ ինձ չընդունեցին։ Ծանոթների միջնորդությամբ ընդունվեցի 186 դպրոց, որտեղ այդ տարի փորձնական ներդրվել էր ներառական կրթությունը։ 

 

Ես չեմ ուզում հիշել դպրոցը։ Մանկության, բակի, դպրոցական ընկերուհիներ ես չունեմ։ Դպրոցն ինձ շատ բարդույթներ է տվել։ 

 

Իմ նստարանը բոլորից առաջ էին դնում, եւ իմ ու մյուս երեխաների միջեւ մեծ արանք էր առաջանում, թեեւ կարող էին ամբողջ շարքն առաջ բերել։ Ես հիմնականում մենակ էի նստում, որովհետեւ կողքիս նստողները կարող էին բողոքել, որ գրատախտակն իրենց շատ մոտ է, կամ որ գրելիս ես շատ եմ պառկում սեղանին ու խանգարում եմ։ Մի քանի անգամ կողքիս մանկավարժ նստեցրին, որ օգներ, բայց դա ինձ ավելի էր խանգարում։ Ինքն ինձ համար կարդում էր գրատախտակին գրածը, մինչդեռ էնտեղ կանգնած ուսուցիչը կարող էր բարձր ասել՝ ինչ է գրում, ես էլ իմ տետրում կգրեի նույնը՝ չառանձնանալով երեխաներից։

Լուսանկարը` անձնական արխիվից

Հիշում եմ՝ 6-րդ դասարանում հինգշաբթի օրերին վերջին ժամը հայոց պատմություն էր, նախավերջինը՝ ֆիզկուլտուրա։ Հայոց պատմության դասերին սովորաբար լաց էի լինում, որովհետեւ նախորդ ժամին պարտադիր ինչ-որ բան էր պատահում՝ ծաղրում էին, վազելուց ակնոցս էր ընկնում-կոտրվում։ Ֆիզիկական ծանր վարժություններ անել ինձ արգելված է, բայց հեշտերը ես կուզեի անել։ Ես ֆիզկուլտուրայի դասին տունտունիկ էի խաղում, կամ ուրիշ դաս սովորում։

 

Երբեմն էլ հակառակն էր լինում՝ հոգատարության շեմն էին անցնում։ Պատահում էր, որ միտումնավոր բարձր էին գնահատում, ինչն ինձ շատ էր բարկացում։ Ես ուզում էի լինել բոլորի նման։ Մարդկանց  դժվար է հասկանալ՝ որտեղ է հավասարությունը, որտեղ՝ դրական խտրականությունը։

 

Չնայած դժվարություններին՝ ես մինչեւ 8-րդ դասարան գերազանցիկ եմ եղել։ Դպրոցից շատ բողոքեցի, բայց այդ ժամանակ ներառական կրթության առաջին փորձերն էին անում, եւ նորմալ էր, որ կային խնդիրներ։ Լավ էր, որ ինձ ընդունեցին ու չմերժեցին, ինչպես մյուս դպրոցները։ 

 

«Չես կարող»-ն ինձ ուժ է տվել

 

Ամալյան ասում է, որ մատչելիության ու ներառման խնդիրներ բուհում էլ կան։ Ինքը նաեւ այստեղ է պայքարում կարծրատիպային մտածողության ու չհարմարեցված  միջավայրի դեմ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարդկանց «չես կարող»-ն է ինձ ուժ տվել, բարձրացրել։ Երբ համալսարան էի ընդունվում, ծնողներս ասում էին՝ գոնե բավարար կստանա՞ս։ Ես գնացի ու անգլերենից 20 ստացա։ Ծնողներս պայքարող դարձան, երբ, չգիտեմ ինչ հրաշքով, դարձա «Հույսի կամուրջ»-ի ճամբարների մասնակից։ Մեր դպրոցից ընտրել էին 2 աշակերտի, որոնցից մեկը ես էի, թեեւ փոքր էի, ու տարիքս չէր համապատասխանում։

 

Ընդամենը 11 տարեկանում ես խոսում էի հավասար հնարավորությունների մասին, 12-13 տարեկանում արդեն Մարդու իրավունքների կոնվենցիայի մասին նյութեր էի գրում, մայրիկին էլ ներգրավվում էին աշխատաժողովներում։ 

 

«Հույսի կամուրջ»-ում լրագրության դասընթացների էի հաճախում։ Երբ եկավ մասնագիտություն ընտրելու պահը, տատանվում էի լրագրության ու հոգեբանության միջեւ։ Ընտրեցի հոգեբանությունը, որովհետեւ տեսել էի դպրոցներում աշխատող հոգեբաններին եւ ուզում էի նրանց նման չլինել։ Նաեւ որոշել էի հավասարության գաղափարը տարածել, իսկ եթե ուզում ես մարդկանց մեջ ինչ-որ բան փոխել, պիտի ներսից ճանաչես նրանց։

 

Ես նաեւ լուսանկարչությամբ եմ զբաղվում։ Ինձ հետաքրքիր էր, թե ինչպիսին է աշխարհն իմ աչքերով, այն աչքերով, որ նույն ձեւ չեն տեսնում, ինչպես մյուսներինը, ու, հնարավոր է, լուսանկարներն ինչ-որ «ուրիշություն» ունենան։ Սա նաեւ արտահայտվելու միջոց է։

 

Մեզ պակասում են գաղափարակից ուսուցիչները 

 

Ամալյան ասում է, որ մարդիկ հաճախ բացառիկ երեւույթ կամ մեծ ձեռքբերում են համարում, երբ հաշմանդամություն ունեցող անձը սովորում ու աշխատում է։ Մինչդեռ, եթե պայմաններ ստեղծվեն, նրանք ավելի ընդգրկված կլինեն կրթական գործընթացում ու հասարակական կյանքում, հաջողությունների կհասնեն ու շրջապատից չեն առանձնանա։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինձ համար շատ կարեւոր է ներառական կրթությունը, կարեւոր է, որ սահմանափակում, մեկուսացում չլինի։ Ես իմ ամբողջ կյանքում փորձում եմ հասնել հավասար իրավունքների գաղափարի իրագործմանը։

 

Երբ ասում ենք հաշմանդամություն ունեցող անձ, Հայաստանում հասկանում են միայն սայլակներ։ Երբ հարմարեցված տրանսպորտի մասին խոսելիս նշում եմ ձայնային ազդանշանը, զարմացած նայում են՝ ինչի դա՞ էլ է հարմարեցում։ Ներառական կրթության մասին խոսելիս մոռանում ենք դասագրքերի մատչելիության մասին՝ սկսած տառաչափից մինչեւ բովանդակություն։ Մեզ պակասում են գաղափարակից ուսուցիչները, որոնք հասկանում են՝ ինչ է ներառական կրթությունը, որոնց համար դա գաղափարախոսություն է, ոչ թե՝ պետության ծրագիր։ Եթե աշակերտը գնում է դպրոց ու ներկա է դասին, դա դեռ չի նշանակում ներառական կրթություն։ 

 

Պետք է ծնողների հետ աշխատանք տանել։ Պատահել է, որ ծնողները թույլ չեն տվել իրենց երեխային բակում խաղալ ինձ հետ։ Մարդիկ չեն հասկանում, որ չշփվելն էլ խտրական վերաբերմունք է։ Հիմա դպրոցներում էլ կա այդ մոտեցումը. չեն նեղացնում խնդիր ունեցող երեխային, բայց եւ չեն շփվում նրա հետ։

 

Իմ առաքելությունը փոխելն է

 

Ամռան ամիսներին «Հույսի կամուրջ»-ի կամավորների հետ Ամալյան ճամբարներ է կազմակերպում փակված հատուկ դպրոցների երեխաների համար, որոնք այս տարի հանրակրթական դպրոց են գնալու։ Ամալյան ասում է, որ փորձում են օգնել մի անկյունում ապրած երեխաներին, որ նրանք դառնան հասարակության անդամ,  ուրիշ կյանք տեսնեն։ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը, հավասարության գաղափարի տարածումն Ամալյան իր առաքելությունն է համարում։ 

Ամալյա Հարությունյանը Ամալյա Հարությունյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Կապ չունի՝ ինչ խնդիր ունես: Եթե ուզում ես կյանքում որեւէ դեր, աշխարհում որեւէ  առաքելություն ունենալ, պետք է զգաս աշխարհը, ոչ թե տեսնես։ Ես սիրում եմ սիրելը, ու հենց դա ինձ օգնեց, որ երբեւէ հանդիպած խոչընդոտներին սիրով արձագանքեմ։ 

 

Իմ առաքելությունը փոխելն է։ Ինչ-որ պահի ընտանիքս ուզում էր տեղափոխվել Գերմանիա, ես դեմ կանգնեցի ու չթողեցի։ Ես որոշեցի, որ պիտի մնամ Հայաստանում ու փոխեմ թեկուզ 10 մարդու արժեհամակարգը, հավասարության գաղափարին մոտ կանգնեմ։

 

Ես իմ ապագան տեսնում եմ հասարակական ոլորտում ու կուզեմ շարունակել զբաղվել հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությամբ։ Մեր իրավագիտակցությունն է որոշում մեր հարաբերությունը խնդիրներ ունեցող մարդկանց հետ։ Մենք պետք է հասնենք այն մակարդակին, որ իրավունքը գերակայի խղճահարությանը, կարծրատիպերին ու սոցիալական նորմերին, պետք է դրսեւորենք  իրավունքահեն մոտեցում։ 

 

4 մարզում խտրականության, ակտիվ քաղաքացիության երկօրյա դասընթացներ ենք անում։ Ծրագիրը խրախուսում է հաշմանդամություն ունեցող անձանց եւ զուգահեռ բարձրացնում է խնդիրներ չունեցող երիտասարդների իրազեկվածությունը։ Ես չուզեցի, որ ծրագիրը լինի միայն հաշմանդամություն ունեցող անձանց համար, որովհետեւ մենք հատուկ դպրոցներից «ազատվել» ենք ուզում, բայց հետո ծրագրեր ենք գրում, որոնք թիրախավորում են միայն հաշմանդամություն ունեցող անձանց։ 

 

Վայքում խնդիրներ չունեցող երիտասարդները պնդում էին, որ հաշմանդամ մարդկանց համար հատուկ դպրոցներն ավելի լավ են, քան ներառական կրթությունը։ Ծրագրի ավարտին այդ նույն աշակերտներն եկան ու ասացին՝ ոնց որ զենքեր տված լինեք, որ անարդարության դեպքում կարողանանք կրակել։ Եթե ամեն մարզում գոնե 10 հոգի մտածի այս մասին, ես երջանիկ կլինեմ։

 

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Մարիաննա Պետրոսյանի եւ Ամալյա Հարությունյանի արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին