Էջմիածնի «Մաչանենց տան» մուտքի մոտ փակցված աշխարհի քարտեզի վրա Մեծ Բրիտանիայի տարածքում գունավոր քորոցներից մեկը 2019թ. հունիսի 8-ին ամրացրեց ռոք երաժշտության լեգենդ, Deep Purple-ի երգիչ Իէն Գիլանը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Rock Aid Armenia բարեգործական նախաձեռնության 30-ամյակը տոնելու համար Հայաստան ժամանած հյուրերը մեկնելուց առաջ այցելեցին «Մաչանենց տուրիզմ եւ արտ» սոցիալական ձեռնարկություն, շրջեցին կենտրոնով, ծանոթացան «Մաչանենց տան» պատմությանը:
Մուտքի մոտ աշխատակիցը հյուրերին պատմում է կենտրոնի ամենագրավիչ պատմությունը. շատ «պաչող» մարդ է եղել հիմնադրի պապիկը, դրա համար էլ անվանել են Մաչանենց տուն (խոյի բարբառով «մաչ-պաչ» արմատից է): Բոլորը ծիծաղում եմ ու մտնում թանգարան. դրական ու թեթեւ մթնոլորտը հենց սկզբից ապահովված է:
Լուսանկարը` Մեդիամաքս
Փարաջանովյան ոճով ստեղծված թանգարանում ներկայացված են կենտրոնի սաների կարած հայկական տարազները, գործած գորգերը, Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանից ձեռք բերված կենցաղային տարբեր հին իրեր, երաժշտական գործիքներ…
Այստեղ գործում է երեք դպրոց՝ արվեստի, ազգային խոհանոցի եւ ինովացիոն, տարեկան 400-ից ավելի սան է այցելում: Մեր այցի ժամանակ որոշ խմբակների դասերն ընթանում էին: Կրթությունը խոցելի խմբերի համար ամբողջովին անվճար է, զբոսավարն ընդգծում է՝ նրանց մի մասը ավարտելուց հետո այստեղ աշխատանքի է անցնում:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ինովացիոն կենտրոնում Իէն Գիլանի ուշադրությունը գրավում է եռաչափ տպիչը եւ նրա միջոցով պատրաստված շախմատը: Հետո մի քանի րոպե կանգ է առնում սովորական փայտե շախմատ խաղացող տղաների մոտ:
Այնուհետեւ մտնում ենք փոքրիկ թոնրատունը, որտեղ երկու կին լավաշ են թխում:
Մի քանի րոպե գործընթացին հետեւելուց հետո Իէն Գիլանը նույնպես ծնկի է գալիս ու աշխատողների օգնությամբ գրտնակում խմորը. սպասում ենք, պանրով բրդուճներ անում ու տաք-տաք համտեսում հյուրերի թխած լավաշները:
Լուսանկարը` Մեդիամաքս
Այցելում ենք նաեւ Մաչանենց արվեստի միջազգային պատկերասրահ, որտեղ ցուցադրված են միջազգային սիմպոզիումի մասնակիցների աշխատանքները: Իէն Գիլանը ցուցադրության բոլոր գործերին հերթով ծանոթանալուց հետո կանգ է առնում «Երաժշտություն» անվանումը կրող նկարի կողքին եւ որոշում գնել այն՝ հրաժարվելով հյուրերի համար նախատեսված զեղչից: Փայտի վրա աշխատանք է, 2017-ին է ստեղծվել, հեղինակները ռուսաստանցի Պավել Նիկոլաեւը եւ Իրինա Մաքսակովան են:
Լուսանկարը` Մեդիամաքս
Հետեւում է կավագործության «դասը», հյուրերը եւ Իէն Գիլանն անձամբ են փորձում կավե սպասք պատրաստել:
Երգիչն ասում է՝ կյանքում երկրորդ անգամ է կավով աշխատում, առաջին փորձը ամբողջովին ձախողել էր. այս անգամ աշխատակցի օգնությամբ գարեջրի բաժակ է պատրաստում: Հասցեն թողել է, թրծելուց հետո խոստացել են ուղարկել:
Լուսանկարը` Մեդիամաքս
Վերջում համտեսում ենք նաեւ Իէն Գիլանի՝ արեւով պատրաստած ձուկը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Մաչանենց տան բակում վերջերս են տեղադրել արեւային ափսեները, որոնք հայելիների միջոցով կենտրոնացնում են արեւի շողերը նույն կետում եւ ապահովում մինչեւ 700 աստիճան տաքություն, ինչի շնորհիվ րոպեների ընթացքում եփվում են էկոլոգիապես մաքուր, արեւով պատրաստված ուտեստներ՝ բնությանը վնաս չհասցնելով:
Լուսանկարը` Մեդիամաքս
Գյուտի հեղինակը Պարիս Հերունին է, տեղադրվել է Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ Վահան Համազասպյանի եւ համահեղինակ Գրիգոր Մնացականյանի կողմից:
Լուսանկարը` Մեդիամաքս
Բոլորն են տպավորված Մաչանենց տան յուրաքանչյուր անկյունով ու զբոսաշրջիկներին առաջարկվող զբաղմունքներով: Իէն Գիլանի եւ Ջոն Դիի հետ ժամանած հյուրերը զարմացած ասում են՝ նման կենտրոն իրենց երկրներում չկա, պատասխանում եմ՝ գուցե կա, բայց նրանք դրա մասին չգիտեն. չէ՞ որ Հայաստանում էլ տեղացիներից քչերն են «Մաչանենց տանը» ծանոթ:
Լուսանկարը` Մեդիամաքս
Մաչանենց տուն նման լեգենդներ ամեն օր չէ, որ այցելում են. շատ ոգեւորված ու հուզված են նաեւ տան տերերը: «Մաչանենց տուրիզմ եւ արտ» սոցիալական ձեռնարկության հիմնադիր Գրիգոր Մաչանենց Բաբախանյանն առաջարկում է Իէն Գիլանին ընտրել իր նկարած գործերից մեկը՝ որպես նվեր: Երգիչն ու իր կինը պատահականորեն ընտրում են Գրիգորի ինքնադիմանկարը: Հիմնադրի աղջիկն էլ՝ ձեռնարկության նախագահ Արփինե Բաբախանյանը, ճաշից հետո հուզված, բայց մեծ սիրով խնդրում է երգել Գիլանի համար:
Լուսանկարը` Մեդիամաքս
Բացի մուտքի քարտեզին ամրացրած քորոցից, ռոք երգչի երկրպագուները «Մաչանենց տանը» կարող են նաեւ Իէն Գիլանի ստորագրությունը եւ ձեռագիրը գտնել. հյուրերի գրքում նա գրել է.
Մաչանենց անձնակազմին,
Դուք շատ բարի եւ մեծահոգի էիք մեր նկատմամբ, այս հուշերն ընդմիշտ թանկ կմնան ինձ համար: Մեծ սեր եւ հարգանք եմ զգում ձեր հրաշալի կենտրոնի աշխատելաոճի նկատմամբ, որը լի է սիրով ու ստեղծարարությամբ: Շատ շնորհակալ ենք. ամենալավ մաղթանքները ձեզ:
Իէն Գիլան:
Տեքստը եւ լուսանկարները՝ Ամալի Խաչատրյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: