Եվրոպացի եւ հայ կամավորները վերականգնում են Գնդեվանքի արահետը - Mediamax.am

exclusive
6871 դիտում

Եվրոպացի եւ հայ կամավորները վերականգնում են Գնդեվանքի արահետը


Գեւորգ Դուդաքլյանը
Գեւորգ Դուդաքլյանը

Լուսանկարը` WWF Հայաստան

Լուսանկարը` WWF Հայաստան

Լուսանկարը` Peter Dittrich

Լուսանկարը` Peter Dittrich

Լուսանկարը` Peter Dittrich

Լուսանկարը` Peter Dittrich

Լուսանկարը` Peter Dittrich

Լուսանկարը` WWF Հայաստան

Լուսանկարը` WWF Հայաստան

Լուսանկարը` Peter Dittrich

Լուսանկարը` WWF Հայաստան

Լուսանկարը` WWF Հայաստան

Լուսանկարը` WWF Հայաստան

Լուսանկարը` WWF Հայաստան

Ասքանազ Հովհաննիսյանը
Ասքանազ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Peter Dittrich

Արսեն Գասպարյանը
Արսեն Գասպարյանը

Լուսանկարը` WWF Հայաստան

Գեւորգ Դուդաքլյանը
Գեւորգ Դուդաքլյանը

Լուսանկարը` WWF Հայաստան

Լուսինե Բեքարյանը
Լուսինե Բեքարյանը

Լուսանկարը` Peter Dittrich

Թոմասը
Թոմասը

Լուսանկարը` Peter Dittrich

Մարին
Մարին

Լուսանկարը` Peter Dittrich


Շվեյցարացի եւ գերմանացի կամավորները տեղացի երիտասարդների հետ հերթական անգամ կառուցում ու վերականգնում են Հայաստանի արահետները. այս փուլում ընտրվել է Գնդեվանքի արահետը: 

 

WWF Հայաստանն ու Շվեյցարիայի Wesser հիմնադրամը՝ Trails For Change ՀԿ-ի աջակցությամբ շարունակում են «Բարեւ թրեյլզ» (BarevTrails) ծրագրի երրորդ փուլը: Եվրոպացի եւ հայ կամավորները մայիսի վերջին շաբաթը վերականգնում էին Գնդեվազ գյուղից դեպի Կեչուտի ջրամբար ձգվող 8-9 կմ արահետը, որը գտնվում է Ջերմուկի անտառային եւ Հերհերի նոսրանտառային արգելավայրերի հարեւանությամբ: Բացի արահետի կառուցումից, կամավորները մաքրել են տարածքի աղբը, կառուցել են մեկ վրանատեղի եւ երկու զուգարան, որպեսզի զբոսաշրջիկները այցելեն ու մի ամբողջ օր չհեռանան տարածքից:

 

Առաջին եւ երկրորդ խմբերը ժամանել էին անցած տարվա մայիսին եւ սեպտեմբերին: 

 

Հայ կամավորներից Լուսինե Բեքարյանն իր հայրիկի հետ Դիլիջանում էր հանգստանում, երբ նկատեց BarevTrails ծրագրի կազմակերպիչների կառուցած նախկին արահետներից մեկը. չնայած արշավել չէին պլանավորում, բայց արահետն այնքան հավանեցին, որ սկսեցին անտառով քայլարշավելը: 

 

Լուսինե Բեքարյանը Լուսինե Բեքարյանը

Լուսանկարը` Peter Dittrich

 

«Առանց որեւէ ուղեկցողի երկուսով ամբողջ ճանապարհը քայլեցինք: Մտածում էի՝ ովքեր սարքել են այս արահետը, շատ հավես մարդիկ են ու ես ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել: Իսկ հիմա ես նրանցից մեկն եմ: Ցուցատախտակների վրա գտա, թե ովքեր են կառուցել այն ու սկսեցի հետեւել Tarils For Change-ի ֆեյսբուքյան էջին, որտեղ հետագայում տեղադրեցին ծրագրի հայտարարությունը»,- պատմում է Լուսինեն: 

 

 

Լուսինեն ճիշտ նույն ոգեւորությամբ նույն բառերն է կրկնում, ինչ ասում էին BarevTrails-ի նախկին եւ ներկա կամավորները՝ ամենահաճելի պահն է, երբ քրտնաջան աշխատում ես ու քայլում ես այն արահետով, որն ինքդ ես կառուցել: Լուսինեն հայ կամավորների նվիրված աշխատելը տրամաբանական է համարում, մինչդեռ ապշում է, երբ գերմանացի ու շվեյցարացի կամավորներին է հետեւում այդքան նվիրված գործ անելիս. չէ՞ որ նրանց համար Հայաստանն օտար երկիր է: 

 

Թոմասը Թոմասը

Լուսանկարը` Peter Dittrich

 

Գերմանացի կամավոր Թոմասը Wesser հիմնադրամի 6 տարվա աշխատողներից է. քանի որ ծրագրի մասին միայն լավ պատմություններ է լսել նախկին կամավորներից, որոշել է ինքն էլ այցելել Հայաստան: Հասցրել է սիրել հայաստանցիների անսահման հյուրասիրությունը, լեզուն ու բնությունը: 

 

Թոմասն առաջին օրն անձամբ է փորել գյուղական մոդելի զուգարանի փոսը: Առաջին անգամ է զուգարան կառուցում, բայց նման զուգարան երբեւէ չէր տեսել, անգամ չգիտեր՝ թե ինչպես են այն օգտագործում: 

 

Զուգարանի կառուցումը BarevTrails-ի այս տարվա նորություններից է, նախկինում կարիքից դրդված կամուրջներ էին կառուցում, իսկ այս անգամ տեղանքը հատկապես զուգարանի կարիք ուներ: Ծրագրի կազմակերպիչները ծիծաղով են հիշում՝ ինչպես էին կամավորները կռիվ անում, թե ով պետք է առաջինն օգտվի իրենց սարքած զուգարանից: 

 

Լուսանկարը` Peter Dittrich

 

Հաջորդ օրը Թոմասն աղբ հավաքող խմբում էր. «Մի փոքր շոկ էր նման քանակությամբ աղբ եւ, մասնավորապես, այդքան պլաստիկ տեսնելը… Պլաստիկը վերամշակված չէ ու տարիներով մնալու էր բնության մեջ»,- ասում է նա: 

 

Թոմասը, ինչպես եւ մյուս բոլոր եվրոպացի կամավորները, աշխատում են Wesser կազմակերպության դրամահավաքային ծրագրի համար: Նրանք թակում են մարդկանց դռներն ու առաջարկում՝ գումարի տեսքով մասնակցություն ունենալ բնության պահպանման գործում: Հայ կամավորներին ընտրել է Trails for Change ՀԿ-ն, որի գլխավոր մենեջեր Աննա Թադեւոսյանն ասում է՝ BarevTrails-ը մեկ տարվա ընթացքում շատ է սիրվել ու տարածվել: Դրա մասին վկայում են թվերը. եթե առաջին փուլին տեղացի 10 կամավորի տեղի համար դիմել էին 15 հոգի, երկրորդին՝ 30, երրորդ փուլում դիմումները հասել էին 60-ի: Այս տարվա ծրագրին ընդհանուր թվով մասնակցում են 40 հոգի:

 

Լուսանկարը` Peter Dittrich

 

Արահետի երկայնքով կամավորները տեղադրել են նաեւ բուսական եւ կենդանական աշխարհը ներկայացնող տեղեկատվական ցուցանակներ ու ճանապարհը հուշող նշաններ ավելացրել: 

 

Ի տարբերություն ծրագրի նախորդ փուլերի՝ այս մեկն ավելի աշխատատար է: Նախորդ երկու արահետները հիմնականում վերականգման եւ մաքրման աշխատանքներ էին պահանջում, իսկ սա կառուցման աշխատանք է: Արահետը բավականին հին է, երկար ժամանակ չօգտագործվելու եւ քարաթափումների հետեւանքով վնասվել էր:

 

Արսեն Գասպարյանը Արսեն Գասպարյանը

Լուսանկարը` WWF Հայաստան

 

«Ծրագիրը նախատեսված է երեք տարվա համար՝ 200 կամավորի մասնակցությամբ: Նպատակն է նպաստել բնության հատուկ պահպանվող տարածքների՝ էկոտուրիզմի զարգացմանը եւ ենթակառուցվածքների ստեղծմանը: Մարդիկ գալիս են Գնդեվանք եւ արագ հեռանում են, իսկ այս ենթակառուցվածքները եւ արահետի կառուցումը կնպաստի, որ զբոսաշրջիկները գան ու մեկ օր մնան: Դրանով կնպաստենք նաեւ հարակից տարածքների սոցիալ-տնտեսական զարգացմանը. հիմա էլ փաստացի 4-5 ընտանիք ծրագրի շահառու է. ստանում է որոշակի գումար մասնակիցների կեցությունը եւ սնունդը ապահովելու համար»,- պատմում է BarevTrails ծրագրի ղեկավար Արսեն Գասպարյանը:

 

Մասնակիցներն ապրում են Գնդեվազ գյուղում՝ հյուրընկալող ընտանիքների տանը, քնում են տան շրջակայքում տեղադրած վրաններում: Երբ Ասքանազ Հովհաննիսյանին առաջարկել են հյուրընկալել կամավորներին, միանգամից համաձայնել է, որովհետեւ շատ է ուզում, որ իրենց համայնքում տուրիզմը զարգանա: Մի քանի օրում տանն անգամ երկրորդ սանհանգույցն է կառուցել՝ հատուկ կամավորների կամար: Նա նույնպես միացել էր թիմի աշխատանքներին: 

 

Ասքանազ Հովհաննիսյանը Ասքանազ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Peter Dittrich

 

«Որ մի կոնֆետի թուղթ են տեսնում գետնին գցած, վերցնում, դնում են գրպանը, որ հետո գցեն աղբը»,- առաջին բանը, որ Ասքանազը նշում է կամավորներին բնութագրելիս:

 

Տան կանայք են ճաշերը պատրաստում կամավորների համար: Քանի որ անգլերեն չգիտեն, չեն կարողանում նորմալ շփվել, բայց ժեստերով փորձում են իրար հասկանալ: Օրինակ, եթե հավանում են ուտեստը, կամավորները ծափ են տալիս, կամ պարզապես thank you են ասում: 

 

Լուսանկարը` WWF Հայաստան

 

Տան մեծ տիկինը՝ Գեղեցիկը, մեղմ ժպտալով ասում է, որ այս երիտասարդները շատ են տարբերվում իրենց գյուղի երիտասարդներից. իրենց գյուղում շատ ավելի փակ են, ծանրակշիռ ու հոգսաշատ: 

 

«Մեզ մոտ ընդունված չէ երեկոները խարույկի մոտ նստել, պարել, երգել, ուրախանալ: Մասնակիցները մեր բակում ամեն երեկո խարույկ են վառում ու հավաքվում են շուրջը: Իրանց համար ուրախ, հանգիստ, թեթեւ կյանքով ապրում են… Մենք էլ կուզենայինք, որ մեր երիտասարդներն այդպես թեթեւ ապրեն»,- ասում է Գեղեցիկը, իսկ Ասքանազը միջամտում է,- «Մեր երիտասարդները, որ պարապ լինեն, այդպիսի բաներ կանեն: Մեզ մոտ անգամ ժամանցի վայրեր չկան, որ գործից գան տուն ու գնան, ենթադրենք, թենիս, բիլիարդ խաղալու»:

 

Որպեսզի արտասահմանցի կամավորները լիովին ինտեգրվեն հայկական իրականություն, ծրագրի կազմակերպիչները նրանց համար տոլմա պատրաստելու օր էին կազմակերպել, նաեւ թոնիրում լավաշ են թխել ու հայկական պարեր պարել: Տիկին Գայանեն է սովորեցրել տոլմա պատրաստել: 

 

Մարին Մարին

Լուսանկարը` Peter Dittrich

 

Գերմանացի կամավոր Մարին զարմացած է տան տերերի մեծ հոգատարությամբ ու հյուրասիրությամբ: Ասում է՝ այս քանի օրն ասես այլ աշխարհում ապրեն: Տպավորված է հատկապես Հայաստանի կենսաբազմազանությամբ. առաջին անգամ է այսքան շատ միջատներ ու թիթեռներ տեսնում, նման բազմազանություն Գերմանիայի բնությունը չունի:  

 

Մարին շատ է հավանում նաեւ Հայաստանի գյուղերը. «Մենք չունենք նման գյուղեր, այստեղ գյուղերը բնության գրկում են, իսկ Գերմանիայում մի փոքրիկ բնության հատված է գյուղերի միջեւ: Առաջին անգամ է, որ արահետ եմ կառուցում, ծանր աշխատանք է, բայց հաճելի զգացում է, որ մտածում ես՝ ապագայում մարդիկ օգտագործելու են այս արահետը, քայլելու են վրայով ու առանց մեզ ճանաչելու գնահատեն մեր աշխատանքը»,- ասում է նա: 

 

[[linked-news 30467]]

 

Այս ծրագրում բոլորն են «բնության մարդիկ»: Եվրոպացի երիտասարդները տպավորվում են մեր բնությամբ, իսկ տեղացիները՝ հպարտանում դրանով, միայն թե հաճախ նաեւ հյուրերի առջեւ վատ են զգում որոշ պայմանների համար: Հայ կամավորներից Գեւորգ Դուդաքլյանը, որը երկու տարի առաջ է Լիբանանից ընտանիքով տեղափոխվել Հայաստան, աղբահավաքի օրվա մասին ոգեւորված է պատմում, բայց նաեւ չի թաքցնում տխրությունը: 

 

Գեւորգ Դուդաքլյանը Գեւորգ Դուդաքլյանը

Լուսանկարը` WWF Հայաստան

 

«Մենք ամեն ինչ առնում ենք բնությունից, բայց ոչ մի բան չենք տալիս, եւ փոխարենը աղտոտում ենք այն: Երբ մաքրում էինք տարածքը, գյուղացիները հեռվից նայում էին, թե մենք ինչպես ենք իրենց աղբը հավաքում: Հավատում եմ, որ նրանց մեջ մի բան արթնացավ այդ պահին, որ այսքան տարի ապրում են տարածքում ու աղտոտում են, իսկ մենք ծրագրի շրջանակներում եկել ենք ու հավաքում ենք դա»,- ասում է Գեւորգը: 

 

Ամալի Խաչատրյան

 

Լուսանկարները՝ WWF Հայաստանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին