Եվրոպացի եւ հայ կամավորները Տաթեւում հրաշքներ են գործել - Mediamax.am

exclusive
15794 դիտում

Եվրոպացի եւ հայ կամավորները Տաթեւում հրաշքներ են գործել


Քրիստիանը
Քրիստիանը
Մանուելը
Մանուելը

Տարատեսակ գրությունները մաքրվել են Սատանի կամուրջ բնության հուշարձանից, այլեւս չկան ծառերին կապած տոպրակներն ու գուլպաները, բարեկարգվել ու զբոսաշրջիկների համար ավելի հարմարավետ է դարձել Տանձատափ-Սատանի կամուրջ արահետը, տեղադրվել են ցուցատախտակները, կառուցվել են նոր կամուրջներ. եվրոպացի եւ հայ կամավորները Պլանավորված «Տաթեւ» ազգային պարկում զարգացնում են էկոտուրիզմը:

 

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Հայաստան) եւ Շվեյցարիայի Wesser հիմնադրամը միասին սկսել են BarevTrails (Բարեւ արահետներ) ծրագրի առաջին փուլը, որի շրջանակներում Հայաստան էին եկել կամավորներ Մեծ Բրիտանիայից, Շվեյցարիայից եւ Գերմանիայից՝ մասնակցելու պահպանվող տարածքներում արշավային արահետների բարեկարգմանը: Ծրագրին մասնակցել էին նաեւ «Արահետներ հանուն փոփոխության» ՀԿ-ն եւ մի խումբ հայ արշավորդներ:

 

«Ասում են, եթե պետք է ճանաչես մարդուն, ապա հետը ճանապարհ գնա, իսկ եթե ուզում ես ավելի լավ ճանաչել, հետն արահետ կառուցիր»,- BarevTrails ծրագրի մասին պատմում է կամավոր Արմինե Կարապետյանը:

 

Արմինեն, եւս 9 հայ եւ 22 արտասահմանցի կամավորներ մայիսի 20-ից մինչեւ 26-ը քրտնաջան աշխատեցին եւ բարեկարգեցին պլանավորվող «Տաթեւ» ազգային պարկ ու Տանձատափ տանող արահետը:

 

«Աշխատելով բնության մեջ եւ բնության համար՝ մարդիկ ապացուցում են, որ բնությունը ազգություն, տարիք եւ սեռ չի ճանաչում: Բնությունը միավորում է մարդկանց,- ծրագրի ակտիվ աշխատանքային օրերի ու կամավոր ընկերների մասին ասում է Արմինեն ու հավելում,- Օտարերկրացիներն իսկապես հիացած են մեր բնության հրաշալիքներով ու զարմացած, թե ինչպես կարելի էր մինչեւ հիմա այս հրաշագեղությունը թաքուն պահել»։

 

Արմինեն ասում է՝ երբեք չի հասկանա ծառերի ճյուղերին տոպրակ, կոնֆետի թուղթ կամ գուլպա կապող մարդկանց ու ոգեւորությամբ շարունակում պատմել, թե ինչպես է ընկերների հետ միասին մաքրել Սատանի կամուրջի ծառերը, հետո մտահոգությամբ ավելացնում՝ միայն թե այսքանից հետո նորից չաղտոտեն… Տեղանքի էքսկուրսավարն էր դարձել, արտասահմանցի մյուս կամավորներին նա էր միշտ ուղեկցում դեպի բնության հրաշալիքը:

Քրիստիանը Քրիստիանը

 

Գերմանացի կամավոր Քրիստիանն ասում է, որ Սատանի կամուրջը Հայաստանում տեսած ամենագեղեցիկ վայրն է, հետո շարունակում է խոսքը՝ հիացած է Հայաստանի բնությամբ ու իրեն «շատ կարեւոր է զգում», որ կարողացել է ներդրում ունենալ դրա պահպանության գործում:

 

Քրիստիանը տարիներ շարունակ աշխատում է Wesser կազմակերպության դրամահավաքային ծրագրի համար: Նրանք թակում են մարդկանց դռներն ու առաջարկում՝ գումարի տեսքով մասնակցություն ունենալ բնության պահպանման գործում: Առաջին անգամն է, որ անմիջականորեն է օգնում բնությանը: Barev Trails-ի բոլոր մասնակիցներին է միավորում աշխարհում ինչ-որ բան փոխելու գաղափարը: Արտասահմանցի կամավորների մեծ մասը Քրիստիանի նման դրամահավաքի աշխատանք է անում:

 

Wesser հիմնադրամի ֆինանսավորմամբ նման նախագիծ տարածաշրջանում իրականացվում է առաջին անգամ: Պլանավորվող «Տաթեւ» ազգային պարկում մեկնարկած ծրագիրը նախատեսված է 3 տարվա համար՝ 200 կամավորի մասնակցությամբ, մյուս փուլը կսկսեն աշնանը, կմիանա նաեւ իսպանացիների խումբը: Նախագծի կազմակերպիչների խոսքով՝ հաջողության դեպքում, այն շարունակական կլինի:

 

Բնության համաշխարհային հիմնադրամի բնապահպանական գծով պատասխանատու Արսեն Գասպարյանն ասում է՝ WWF-ը կենտրոնացած է բնության հատուկ պահպանվող տարածքների վրա՝ մասնավորապես Հայաստանի հարավային հատվածում: Արսենը նաեւ Barev Trails ծրագրի ղեկավարն է ու առանձնահատուկ շեշտում է՝ ծրագիրն էլ նպատակ ունի զարգացնել էկոտուրիզմը նույն տարածքներում («Խոսրովի անտառ» պետական արգելոց, «Գնիշիկ պահպանվող լանդշաֆտ», պլանավորվող «Տաթեւ» ազգային պարկ եւ «Զանգեզուր կենսոլորտային համալիր»):

 

Ծրագրի առաջին օրը մասնակիցները բաժանվել էին խմբերի ու անմիջապես անցել գործի։ Կամավորները պատմում են՝ խմբերից մեկը տեղադրում էր նշանները, մյուսը մաքրում էր տարածքը, մեկը կտրում էր թփերը...

 

Երկրորդ օրն ավելի մարտական էին՝ սկսել էին կամուրջների կառուցման աշխատանքները։ Տաթեւի Մեծ անապատ հասնելու համար մարդիկ առաջ ստիպված էին դժվարությամբ անցնել Որոտան գետի քարերը, իսկ հիմա վայրկյանների հարց է. տեղի բնակիչների ու ծրագրի մասնակիցների ջանքերով կառուցվել է նոր ու շատ հարմարավետ 2 կամուրջ:

 

Կամրջից ու ցուցատախտակներ տեղադրելուց բացի՝ մասնակիցները սկսել էին նաեւ մաքրել ժայռերի վրա արված գրառումները: Ծրագրի ղեկավարը պատմեց՝ գրառումների մաքրումը նախապես պլանավորված չէր, բայց կամավորները չկարողացան անտարբեր մնալ եւ ամբողջովին մաքրեցին պատերը:

 

Կամավորները հավատացնում են՝ չնայած գործը բարդ էր, արդյունքը տեսնելով, ուրախանում են: Չորրորդ օրը կամուրջները պատրաստ էին, մնացել էր վերջնական տեսքի բերելու ու ներկելու աշխատանքները։ Ժայռերի գրություններն ու աղբահանության աշխատանքներն ամեն օր էին շարունակվում, երթուղու երկայնքով տեղադրում էին նաեւ փայտե աստիճաններ: Քարերին ու ծառերին տեսնում ենք կարմիր-սպիտակ նշաններ, որոնք հուշում են՝ ուր թեքվել եւ ինչպես քայլել:

 

Եթե մինչեւ արահետը սկսելն ուշադիր լինեք՝ մեծ ցուցատախտակի վրա կկարդաք այս նշանների բացատրությունը: Արահետի երկու ծայրերում տեղադրվել է տեղեկատվական երկու տախտակ, որոնք այցելուներին զգուշացնում են՝ ինչպես պահպանել կանոնները ու տեղեկացնում երթուղու մասին: Արահետով քայլելիս հանդիպում ենք նաեւ բուսական եւ կենդանական աշխարհը ներկայացնող տեղեկատվական 17 ցուցանակ:

Մանուելը Մանուելը

 

Ծրագրի կազմակերպիչներից մեկը՝ Wesser հիմնադրամի տնօրեն Մանուել Բաումգարտները, ամենաշատը տպավորվել է տեղացիների վերաբերմունքից: Ասում է` հայերն անհավատալիորեն ջերմ են, հյուրասեր ու բարեհամբույր. մի բան, որ իր հայրենի Շվեյցարիայում չի գտնի: Խումբը մեկ շաբաթ ապրել է Տաթեւ գյուղի բնակիչների հյուրատներում: Հրաժարվել էին բոլոր տեսակի փակ տանիքներից ու սենյակներից, տան շրջակայքում վրաններ էին տեղադրել ու անգամ անձրեւային օրերին էին գիշերում վրաններում:

 

Սնունդը նույնպես տեղական էր՝ արտասահմանցի կամավորները տարվել էին ոչ միայն գյուղական մթերքով, այլեւ տեղացիների հյուրասիրած տնական օղիով: Խումբն այցելել էր գյուղի դարբնին, հետեւել էին նաեւ օղու պատրաստման գործընթացին: Վերջին երեկոն կամավորներից մի քանիսի հետ միասին այցելեցինք օղի պատրաստող գյուղացուն, որ մի քանի շիշ տարբեր մրգերից քաշած օղի գնեն, տանտերն էլ, բացի օղուց, թթու ու կոմպոտ հյուրասիրեց:

 

Օտարերկրացի կամավորները ոչ մի բանից չեն հրաժարվում, ամեն ինչ փորձում են ու հավանում, նաեւ զարմանում՝ ինչպես են մարդիկ դեռ այսպիսի պայմաններում ապրում, հետո ասում են՝ Եվրոպայում նման գյուղեր հաստատ չես գտնի:

 

Բոլորն են հիացած Հայաստանի բնությամբ, իսկ կազմակերպիչ Մանուելն առանձնահատուկ է շեշտում՝ էկոտուրիզմ զարգացնելու համար Հայաստանն ունի մեծ ներուժ, ինքն էլ անձամբ կփորձի աջակցել դրան: Ինչո՞ւ Հայաստան, Մանուելը պատասխանում է՝ փնտրում էին այնպիսի տեղանք, որ շատ հեռու չլինի Եվրոպայից. բոլորը գնում են Հարավային Ամերիկա, Աֆրիկա, Ասիա, իսկ նրանք ուրախ են, որ Հայաստան են եկել: Մինչ այս տարբեր միջոցառումների մասնակցել էին, բայց Barev Tails-ը առաջինն է, երբ աշխատակիցները ոչ միայն գումար են հավաքում բնության պահպանման համար, այլեւ հենց նրանք են անմիջական մասնակից  դառնում: Մանուելը պատմում է՝ շատերն են  առանձին մոտեցել իրեն ու անկեղծացել՝ սա նրանց մասնակցած ամենալավ ծրագիրն էր:

 

Արսենն ամփոփում է՝ ծրագրի ամենակարեւոր նպատակներից է արտասահմանցի կամավորներին ներկայացնել էկոտուրիզմի մեր հնարավորությունները, հայկական մշակույթը, գյուղական առօրյան ու ակնկալել, որ նրանք իրենց երկրներում դառնալու են Հայաստանի «յուրահատուկ դեսպանները»:

 

Ամալի Խաչատրյան

 

Լուանկարները` Լուկաս Բեղլոհերի եւ Լաուրա Թղոգեղի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին