Հանսն արահետներ է կառուցում Հայաստանում՝ հանուն փոփոխության - Mediamax.am

exclusive
8472 դիտում

Հանսն արահետներ է կառուցում Հայաստանում՝ հանուն փոփոխության


Լուսանկարը` Trails For Change

Հանս Կեյֆերը
Հանս Կեյֆերը

Լուսանկարը` Trails For Change

Լուսանկարը` Trails For Change

Լուսանկարը` Trails For Change

Լուսանկարը` Trails For Change

Հանս Կեյֆերը
Հանս Կեյֆերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Trails For Change

Լուսանկարը` Trails For Change

Հանս Կեյֆերը
Հանս Կեյֆերը

Լուսանկարը` Trails For Change

Հանս Կեյֆերը
Հանս Կեյֆերը

Լուսանկարը` Trails For Change

Լուսանկարը` Trails For Change

Լուսանկարը` Trails For Change

Հանս Կեյֆերը
Հանս Կեյֆերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հանս Կեյֆերը
Հանս Կեյֆերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Trails For Change

Լուսանկարը` Trails For Change

Լուսանկարը` Trails For Change

Լուսանկարը` Trails For Change


Trails For Change ՀԿ-ն համոզված է, որ արահետները կարող են զարգացնել տուրիզմը, ստեղծել նոր աշխատատեղեր եւ փոփոխություններ իրականացնել Հայաստանում ու Արցախում: Trails For Change-ը (Արահետներ հանուն փոփոխության) միակ մասնագիտացած կազմակերպությունն է Հայաստանում, որ նախագծում, պլանավորում ու կառուցում է քայլարշավային, հեծանվային արահետներ: Կազմակերպությունը հիմնադրել է Հանս Կեիֆերը, որը Լոս Անջելեսում գործող Bellfree Contractors արահետաշինական ընկերության սեփականատերն է:

 

ՀԿ-ի հիմնադիր եւ տնօրեն Հանսը ծնվել է Կալիֆոռնիայի Բըրբանք քաղաքում, այժմ ապրում է Լոս Անջելեսում: Հանսի մայրական կողմը Հայոց ցեղասպանությունը վերապրածներից է: Որպես պրոֆեսիոնալ արահետ կառուցող՝ Հանսը որոշել է իր ներդրումն ունենալ նախնիների հայրենիքում՝ կառուցելով արահետներ եւ բերելով այդ մշակույթը Հայաստան: Մեդիամաքսը հանդիպել է Հանս Կեյֆերի հետ եւ զրուցել ՀԿ-ի հիմնադրման, արահետների եւ հայրենիքին նվիրված աշխատանքի մասին:

 

Հայությունն արթնացավ

 

2015-ին եմ առաջին անգամ Հայաստան այցելել Լոս Անջելեսի հայ արշավորդների ասոցիացիայի խմբի հետ, Արեւմտյան Հայաստանով նույնպես շրջել ենք: Հիմա ափսոսում եմ, որ այդքան երկար ժամանակ Հայաստան չէի եկել, չնայած այդ տարվանից սկսած ներկա այցս 10-րդն է: Լոս Անջելեսում շատ հայեր կան, որ երբեւէ Հայաստանում չեն եղել:

 

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին մասնակցել էի LA2DC Race for Recognition վազքի եւ հեծանիվների մարաթոնին: Լոս Անջելեսից մինչեւ Վաշինգտոն առանց դադարի 14 օրում 1305 մղոն հեծանիվ եմ վարել: Մասնակիցների հետ կիսվում էինք Ցեղասպանությունը վերապրած մեր ծնողների պատմություններով:

Հանս Կեյֆերը Հանս Կեյֆերը

Լուսանկարը` Trails For Change

Այս ծրագրի շնորհիվ ասես հայությունն արթնացավ մեջս, այդ ժամանակ որոշեցի՝ անցյալի մասին մտածելու փոխարեն մի դրական բան անել, որ Հայաստանում փոփոխություն կբերի: Որոշեցի իմ ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել Հայաստանի բարելավմանը, որ իմ նախնիների հայրենիքում մի գործ արած լինեի:

 

Սկզբում բոլոր սփյուռքահայերի նման չգիտեի ինչ անել. ընկերներ ու հարազատներ չունեի այստեղ: Որպես պրոֆեսիոնալ արահետ կառուցող՝ տեսել եմ արահետների տնտեսական ազդեցությունը եւ գիտեմ, որ լավ արահետները զարգացնում են տուրիզմը, որի շնորհիվ էլ նոր աշխատատեղեր են ստեղծվում: Շատ երկրներում քաղաքներ կան, որ ամբողջությամբ փոխվել են արահետների շնորհիվ:

Լուսանկարը` Trails For Change

Օրինակ՝ Իսպանիայում Աինսա քաղաքը շատ նման է Դիլիջանին, այնտեղից մարդիկ հեռանում էին. շատ բան չէր կատարվում այդտեղ: Հենց մի խումբ մարդիկ սկսեցին մաքրել հին արահետները, փողոցները, հարյուրավոր արշավորդներ սկսեցին այցելել այդ քաղաքը: Մեծ հյուրանոցներ կառուցվեցին, ռեստորաններ, խանութներ…

 

Ի՞նչ է արահետը

 

Մենք դեռ փորձում ենք մարդկանց բացատրել, թե ինչ են արահետները, եւ ինչպես դրանք կարող են բարելավել տնտեսությունը: Լոս Անջելեսում աշխարհի ամենալավ արահետներից ունենք, բայց մարդիկ դա չեն գիտակցում:

Լուսանկարը` Trails For Change

Արահետի վրայով մեքենա չես վարի: Այն նեղ ճանապարհ է, մեկ մետրից քիչ լայնությամբ: Կարող է նաեւ ճանապարհ լինել, բայց երբ քայլարշավում ես, չես ուզում արահետն ավտոմեքենաների հետ կիսել: Մենք փորձում ենք գեղեցիկ արահետներ կառուցել եւ վերականգնել հները: Շատ հուզիչ է տեսնել հարյուր կամ հազար տարեկան արահետներ: Ոչ ոք դրանք այլեւս չի օգտագործում, որովհետեւ մարդիկ ճանապարհներ են կառուցել: Երբ գյուղացիներին հարցնում ենք, թե որտե՞ղ է արահետը, ասում են՝ գնանք դեպի ճանապարհը, ու զարմանում են, թե ինչու մարդը պետք է ուզենա սարերի շրջակայքում քայլել, երբ տարածքում գեղեցիկ ճանապարհ, մայրուղի կա:

Լուսանկարը` Trails For Change

Մարդիկ Հայաստան են այցելում, որ տեսնեն վանքերը, որ լինեն այն վայրերում, որտեղ Քրիստոնեությունն է սկսվել, ծանոթանան պատմությանը: Մինչդեռ մի անգամ այցելում ես, տեսնում այդ ամենը (ինչպես արեցի առաջին այցելությանս ժամանակ) ու չես պատրաստվում կրկին այցելել, այդ ամբողջը երկրորդ անգամ տեսնել: Իսկ երբ իմանաս, որ կա «Տրանսկովկասյան արահետը», «Ճանապարհ արահետը», մյուս արահետները Դիլիջանում, Վայոց ձորում, պատճառ կունենաս կրկին այցելելու: Ինչքան շատ արահետներ կառուցենք, այնքան շատ զբոսաշրջիկներ կայցելեն Հայաստան:

 

Trails For Change-ի հիմնադրումը

 

ONEArmenia կազմակերպությունն ինձ հրավիրել էր Հայաստանում թրեյնինգ անցկացնելու, որի ժամանակ էլ հանդիպեցի Թոմ Ալենին՝ «Տրանսկովկասյան արահետ» ՀԿ-ից (The Transcaucasian Trail (TCT)):

 

Թոմն ասաց ինձ, որ ուզում են Կովկասի եւ Հայկական լեռնաշխարհի տարածքով ձգվող երկարաձիգ քայլարշավային արահետ կառուցել, բայց չունեն արահետաշինության փորձ: Խնդրեցին ղեկավարել նրանց ծրագիրը եւ մարզել կամավորներին. համաձայնեցի:

 

Ըստ էության՝ Trails for Change-ը ծնվել է Transcaucasian Trail-ից: Մեր կազմակերպության բոլոր աշխատակիցները TCT-ի ծրագրի կամավորներն էին: Trails for Change-ը սկսել ենք 2017-ի օգոստոսին Տավուշում, երբ հայ եւ արտասահմանցի կամավորները մասնակցում էին «Տրանսկովկասյան արահետը» կառուցելու ծրագրին: Կամավորների հետ լավ ընկերացանք: Հետագայում առաջարկեցի կազմակերպություն հիմնել Հայաստանում եւ անել նույն գործը, ինչ ես Լոս Անջելեսում եմ անում: Բոլորը հավանեցին գաղափարը: Սկզբում բարդ էր. ոչ ոք չգիտեր ինչպես արահետ կառուցել: Նոր աշխատողներ ընդունեցինք, բոլորին սովորեցրինք:

Հանս Կեյֆերը Հանս Կեյֆերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Trails For Change-ը ոչ առեւտրային կազմակերպություն է, որ ֆինանսավորվում է դրամաշնորհներով ու նվիրատվություններով: Մեր ամենամեծ հովանավորն իմ ընկերությունն է՝ Bellfree Contractors-ը, այսինքն՝ ես: Ես եմ հիմնել եւ առաջին 6 ամիսը ֆինանսավորել այն, իսկ հիմա ընկերներիս եմ խնդրում նվիրատվություններ անել: Մի քանի դրամահավաք ենք արել, տարբեր կազմակերպություններ են մեր նախագծերը ֆինանսավորել:

 

Բարեգործություն չէ, իրական հնարավորություններ են

 

Երբ առաջին անգամ Հայաստան եկա, Երեւանն իմ ակնկալածից ավելի զարգացած էր: Երբ ավելի շատ ժամանակ անցկացրի գյուղերում, հասկացա Երեւանի ու գյուղերի տարբերությունը: Որոշ գյուղերում զգացողություն ունես, որ կարծես հետ են տվել ժամանակը: Երեւանում 2019 թվականն է, գյուղերում երբեմն 1920-ում ես քեզ զգում:

 

Գյուղերը հաստատ օգնության կարիք ունեն, հենց սրա համար ենք արահետներ կառուցում: Մարդիկ արտագաղթում են, եւ գյուղերը դանդաղ մահանում են, երիտասարդները գնում են Երեւան սովորելու, չեն վերադառնում, տղամարդիկ մեկնում են Ռուսաստան աշխատանքի: Այս մարդիկ ոչինչ չունեն, պայքարում են օրվա հացի համար, բայց միշտ հյուրասեր են, մշտապես իրենց տուն կհրավիրեն: Ես երբեւէ նման հյուրընկալություն չեմ տեսել. սա է, որ ինձ այդքան գրավել է: Նրանք ոչինչ չունեն, բայց պատրաստ են կիսվել հետդ:

Հանս Կեյֆերը Հանս Կեյֆերը

Լուսանկարը` Trails For Change

Ես չեմ փորձում նրանց ինչ-որ բան տալ, ուզում եմ գտնել այն ճանապարհը, որ գյուղացիները կարողանան երկար ժամանակով իրենք իրենց օգնել: Մենք կբերենք զբոսաշրջիկներին, իսկ նրանք արդեն կկողմնորոշվեն ինչ անել:

 

Կարծում եմ՝ փոփոխությունն արդեն զգացվում է «Ճանապարհ արահետում» (The Janapar Trail): Այն Երեւանից Հադրութ, Արցախ ձգվող արահետ է (500 կմ): Երբ զբոսաշրջիկները գնում են այդտեղ քայլարշավների, նրանք տեղացիներին վճարում են գիշերակացի, սննդի համար…

 

Ես նաեւ երկու հեծանվային տուր եմ կազմակերպել եւ իմ ընկերներին Հայաստան բերել: Այս տարի օգոստոսին հեծանիվներով մեկ այլ տուր եմ կազմակերպելու: 10 հոգի արդեն գրանցվել է, հիմնականում հայեր են, երբեմն արտասահմանցիներ էլ են միանում:

 

Հոգով՝ 100 % հայ

 

Երբ Հայաստան եմ գալիս, անկասկած զգում եմ, որ ես այստեղին եմ պատկանում, հատկապես երբ սարերում եմ լինում. իրականում հիմա բնակարան եմ փնտրում այստեղ, որ գնեմ: Ես ավելի շատ հայ եմ. ծագումով՝ 50 %, հոգով՝ 100 %, չնայած հայերեն միայն 5 % եմ խոսում:

Հանս Կեյֆերը Հանս Կեյֆերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իմ ընտանիքը վերապրել է Ցեղասպանությունը, նախնիներս Դիարբեքիրից են: Պապս մետաքսագործ էր, նրա թուրք գործընկերն է օգնել թաքնվել թուրքերից, նրանք գրեթե մեկ տարի տան նկուղում են թաքնվել:

 

Երբ Ցեղասպանության համար բարկանում եմ թուրքերի վրա, հիշում եմ այս թուրք մարդուն ու գիտակցում՝ այստեղ չէի լինի, եթե նա ընտանիքիս չփրկեր: Նրանք կարողացել են փախչել 1923-ին: Սկզբում Ֆրանսիա են գնացել, հետո երկար ժամանակով Կուբա են տեղափոխվել, որտեղ հայկական համայնք կար: Իմ պապը Կուբայում ներկայացրել է մետաքսը, կուբայական դրոշ է մետաքսից պատրաստել, որն այդ թվերին լուրջ նորություն էր, անգամ նախագահն է նրանց տուն այցելել:

 

Ընտանիքիս մեծ մասը ԱՄՆ է տեղափոխվել 1946-ին: Մայրս հանդիպել է հորս Հոլիվուդում, հայրս իռլանդացի է՝ որդեգրված գերմանացիների կողմից: Քանի որ հայրս որբ էր, հայրական կողմից բարեկամներ չեմ ունեցել. նա մահացել է, երբ ես դեռ 10 տարեկան էի: Մեծ հայկական ընտանիք եմ ունեցել, մորս ընտանիքում 8 երեխա էին: Պահպանվել է նաեւ կուբայական մշակույթը. որքան հայկական, նույնքան էլ կուբայական կերակուրներ ու երաժշտություն է եղել մեր ընտանիքում: Մենք պարզապես լեզուն ենք կորցրել, ցավոք, մայրս հայերեն չի սովորեցրել մեզ:

Հանս Կեյֆերը Հանս Կեյֆերը

Լուսանկարը` Մեդիամաքս

ԱՄՆ-ում այդ ժամանակ չէին ուզում, որ այլ լեզվով խոսես, մայրս էլ շատ ընտանիքների նման կարծել է, որ պետք է ամերիկացվենք: Երանի նա ինձ ե՛ւ հայերեն, ե՛ւ իսպաներեն սովորեցրած լիներ. պապս 7 լեզվով է խոսել:

 

Մարդիկ են կառուցում արահետները

 

ԱՄՆ-ում արահետաշինությունը նույնպես հազվագյուտ մասնագիտություն է. երբ ասում եմ մարդկանց, որ ես արահետ կառուցող եմ, շատերը չեն հասկանում, թե դա ինչ է. մտածում են՝ արահետներն իրենք իրենց են հայտնվում, բայց դրանք իրականում ինչ-որ մեկն է կառուցել:

Լուսանկարը` Trails For Change

Երկար ժամանակ այլ աշխատանք եմ ունեցել. հրդեհային անվտանգության համակարգում եմ աշխատել 29 տարի՝ 10 տարի առաջ, երբ հոգնեցի այդ գործից: Որպես կամավոր՝ մի շարք արահետաշինական աշխատանքներ էի արել, երբ Bellfree Contractors-ի սեփականատերը վաճառում էր իր 40 տարվա ընկերությունը, գնեցի այն ու արահետաշինության մեջ խորացա: Մեր հիմնական աշխատանքը արահետների կառուցումն է, վերականգնումը եւ այն ամենը, ինչ կապված է արահետների հետ: Չկա որեւէ դպրոց, որ սովորես այս մասնագիտությունը: Սովորում ես քո փորձից: Ամբողջ Կալիֆոռնիայում միայն 5 մասնագիտացված արահետ կառուցող ընկերություններ կան:

Հանս Կեյֆերը Հանս Կեյֆերը

Լուսանկարը` Trails For Change

Երբ Լոս Անջելեսում ընկերներս իմանում են, որ Հայաստանում արահետներ եմ կառուցում, հարցնում են. «Ինչո՞ւ արահետ: Հայաստանին հարկավոր են ճանապարհներ, դպրոցներ. դրանք են վատ վիճակում»: Լավ, բայց ես դպրոց կառուցող չեմ, ճանապարհ կառուցող չեմ, ես արահետ կառուցող եմ:

 

Պետք է ինչ-որ մի կետից սկսել. եթե արահետներ կառուցես, զբոսաշրջիկներ կգան, տեղացիները գումար կաշխատեն, որը, հուսանք, կգնա դպրոցի եւ ճանապարհների շինարարությանը: Երբ մարդիկ տեսնեն, որ իրենց բնակավայրերը տուրիստներ են գալիս, նրանք կմտածեն ճանապարհները վերանորոգելու մասին:

 

Ամալի Խաչատրյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Trails For Change-ի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին