Թոմի եւ Փոլի արահետը կմիացնի Հայաստանն ու Վրաստանը - Mediamax.am

exclusive
7458 դիտում

Թոմի եւ Փոլի արահետը կմիացնի Հայաստանն ու Վրաստանը


Փոլ Ստեֆանսը
Փոլ Ստեֆանսը
Թոմ Ալենը
Թոմ Ալենը
Աշոտ Դավթյանը
Աշոտ Դավթյանը

«Տրանսկովկասյան արահետ» ՀԿ-ն Կովկասի եւ Հայկական լեռնաշխարհի տարածքով ձգվող երկարաձիգ քայլարշավային արահետ է կառուցում: Մի քանի տարվա աշխատանքներից հետո արշավորդները կկարողանան Մեղրի քաղաքից մինչեւ Բաթում հասնել մեկ ընդհանուր զբոսաշրջային արահետով: Քարտեզագրման եւ կառուցման աշխատանքները սկսվել են 2016-2017 թթ.-ից: Կառուցմանը մասնակցում են արտասահմանցի եւ հայ կամավորներ, տեղացի մասնագետներ, գյուղացիներ:

 

Կովկասի համար արահետ ոչ կովկասցի ճամփորդների կողմից 

 

Միջազգային ստանդարտներին համապատասխան արահետ կառուցելու գաղափարը ճանապարհորդներ Թոմ Ալենի եւ Փոլ Ստեֆանսինն է. արահետը հնարավորություն է տալու ճամփորդներին քայլարշավելով բացահայտել տարածաշրջանը: 

 

«Ուզում էի քայլել Հայաստանից դեպի Վրաստան, չկարողացա: Չկար ոչ մի տեղեկություն տարածաշրջանում քայլարշավելու համար: Միայն որոշ ուղեկցորդներ կային, որոնք վճարովի արշավներ էին կազմակերպում, բայց ես ինքնուրույն էի ուզում քայլել, ինչպես արել եմ Եվրոպայում, ԱՄՆ-ում: Քանի որ ես մասնագիտացած եմ ճամփորդության եւ ուսումնասիրությունների ոլորտում, մտածեցի՝ ինչու չփորձեմ ինքս կառուցել»,- մեզ հետ զրույցում պատմում է Թոմը: 

 

Թոմ Ալենը Թոմ Ալենը

 

 

Անգլիացի ճանապարհորդը 2015-ին տեղափոխվել է Հայաստան՝ կինը հայ է: Գրասենյակային աշխատանքները նրա համար չեն, ուզում էր զբաղմունքը կապ ունենա բնության ու հատկապես լեռների հետ, նաեւ ցանկանում էր ինչ-որ ձեւով նպաստել Հայաստանին: 

 

Թոմը հանդիպեց ամերիկացի ճանապարհորդ Փոլին, վերջինս վաղուց էր տեղափոխվել եւ հաստատվել Վրաստանում: Նրանց առաջին հանդիպումը Facebook-ով էր: Թոմն արդեն պատրաստվում էր գնել «transcaucasiantrail.com» դոմեյնային անվանումը, բայց չի հաջողվում, որովհետեւ Փոլը երեք ամիս առաջ էր այն գնել: Անվանումը Facebook-ում փնտրելիս Թոմը գտավ Փոլին, բացահայտեցին, որ երկուսն էլ միեւնույն գաղափարն ունեն ու սկսեցին միասին աշխատել: 

 

Փոլ Ստեֆանսը Փոլ Ստեֆանսը

 

 

«Տրանսկովկասյան արահետ» (Transcaucasian Trail) զբոսաշրջության զարգացման ՀԿ-ն գրանցվել է 2016-ին եւ հանդիսանում է Վաշինգտոնում գտնվող «Տրանսկովկասյան արահետ ասոցիացիայի» ներկայացուցչությունը Հայաստանում: Թոմ Ալենը հանդիսանում է հայաստանյան ՀԿ-ի նախագահ եւ համահիմնադիրը, իսկ Փոլ Ստեֆանսը ղեկավարում է վրաստանյան կազմակերպությունը:

 

Արահետն ազգություն ու պատերազմ չի ճանաչում 

 

Վերջնանպատակը՝ մի կողմից Բաթում քաղաքից մինչեւ Մեղրի մեկ ընդհանուր զբոսաշրջային արահետ ունենալն է, մյուս կողմից՝ Սեւ ծովը Կասպից ծովին կապող եւ Կովկասյան լեռնաշղթայով անցնող արահետն է, որը կարող է օգտագործվել քայլարշավորդների, նաեւ հեծանվորդների ու ձիարշավորդների կողմից: 

 

 

 

Ադրբեջանում դեռ ոչինչ չի կառուցվում. Փոլը զբաղված է Վրաստանի հատվածով, իսկ Թոմն այստեղ է: Երբ վերջացնեն տեղի աշխատանքները, ճանապարհորդ ընկերները հույս ունեն, որ արահետը շարունակություն կունենա: 

 

«Քայլարշավելը բնության ու լեռների հետ է կապված: Եթե հետեւում ես լեռներին, հասնում ես մինչեւ Ադրբեջան: Նախատեսում ենք, որ արահետն անցնի երեք երկրներով: Իհարկե, կան հասկանալի քաղաքական խոչընդոտներ, սակայն, մյուս կողմից, ոչ մի բան չի խանգարում, որ արահետը գոյություն ունենա: Շատ զբոսաշրջիկներ են ցանկանում քայլել երեք երկրներով»,- ասում է Թոմը: 

 

 

 

Շուտով կավարտեն երեք տարի տեւած ուսումնասիրության աշխատանքները, իսկ կառուցման համար տարիներ են պետք: Երկու ճանապարհորդ արդեն քայլել են Հայաստանի հարավային սահմանից մինչեւ Սեւ ծով՝ Տրանսկովկասյանի պաշտոնապես բացված եւ չբացված երթուղիներով: Նրանք օգտվել են Թոմենց տրամադրած տեղեկությունից: Այսինքն՝ արահետով քայլելն արդեն հնարավոր է. այս տարի էլ երկու գերմանացի աղջիկներ են պատրաստվում քայլել նույն ճանապարհը:

 

 

 

«Աշխարհում մոտ 10 տարի է տեւում նման արահետների կառուցումը, չնայած երկարաձիգ արահետների համար երբեւէ ավարտ չկա. աշխատանքները մշտապես կարող են շարունակվել ու զարգանալ»,- պատմում է Փոլը: 

 

Հին ու նոր ծրագրերը

 

էքսպեդիցիայի արդյունքների հիման վրա 2017-ին «Դիլիջան» ազգային պարկում կառուցվել, կահավորվել եւ թարմացվել է ընդհանուր երկարությամբ մոտ 85 կմ քայլարշավային եւ հեծանվային արահետ, որը Բաթումից Մեղրի ձգվող արահետի մի մասն է: 

 

 

 

Ծրագրում ներգրավված էին 22 օտարերկրացի կամավորներ՝ աշխարհի 11 երկրներից եւ 26 տեղացի կամավորներ՝ Հայաստանի հինգ մարզերից: Մեկ տարի անց կազմակերպվել էր խմբային դրամահավաք-քայլարշավ. արտասահմանցի արշավորդներ քայլել էին այդ արահետով, ու յուրաքանչյուրը հանգանակել էր 1 200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ արհետների կառուցման հետագա ծրագրերի համար:

 

 

 

Կազմակերպվում են նաեւ Հայաստան-Վրաստան տեղացի կամավորների փոխանակման ծրագրեր: 2018-ին էլ վճարվել էր տեղացի մասնագետներին, նաեւ գյուղացիներին՝ կառուցմանն օգնելու, իսկ հետագայում սպասարկումներ իրականացնելու համար: Բացի արահետներից կառուցվում են նաեւ կամուրջներ: 

 

 

 

Այս ամռանը կամավորական ծրագիր է կազմակերպվելու՝ արտասահմանցի եւ տեղացի կամավորների ներգրավմամբ: Արտասահմանցի կամավորներն արդեն կարող են դիմել ծրագրին: Աշխատանքային ճամբարը կտեւի երկու ամիս. կձեւավորվեն խմբեր, յուրաքանչյուրը կաշխատի երկու շաբաթ, հետո կգան նորերը: Շուտով հայտարարությունը կլինի նաեւ հայ կամավորների համար. ցանկալի է լինել ֆիզիկական նորմալ մարզավիճակում, պատրաստ լինել ապրել եւ աշխատել բնության մեջ:

 

 

 

Արահետաշինությունը «վարակիչ» է

 

Աշոտ Դավթյանը, որը «Տրանսկովկասյան արահետ» հայկական ՀԿ-ի փոխնախագահն է եւ գործադիր տնօրենը, ի սկզբանե միացել էր թիմին որպես կամավոր: Աշոտը մինչ այդ ֆինանսական ոլորտում էր աշխատում, 2017-ին է իմացել ՀԿ-ի առաջին ծրագրի մասին ու քանի որ մշտապես երազել է աշխատել տուրիզմի ոլորտում, արահետաշինությունը որպես նոր մասնագիտություն է սովորել: Մի շարք ծրագրեր է ղեկավարել ու դարձել է թիմի հիմնական անդամ: 

 

Աշոտ Դավթյանը Աշոտ Դավթյանը

 

 

«Մինչ այդ չգիտեի, որ նման մասնագիտություն կա: Երբ կառուցում եմ արահետը, հետո ամեն անգամ այդ արահետով քայլելիս, թվում է՝ իմ ձեռքերով սարքած տան մեջ եմ քայլում: Այդ պատճառով էլ ուզում եմ միշտ հոգ տանել ու պահպանել այն»,- ասում է Աշոտը: 

 

Այս ծրագրով Տրանսկովկասյանի անդամներն ուզում են Հայաստան բերել արահետաշինության մշակույթը: Այստեղ հին արահետներ շատ կան, որոնք կամ դարձել են ավտոմեքենայի ճանապարհ, կամ մնացել են խոտերի տակ: 

 

 

 

«Առաջ տուրիստներին ուղեկցում էին մեքենայի ճանապարհներով եւ դրանք էին արահետ անվանում, բայց արահետը հատուկ չափեր ու ստանդարտներ ունի: Արահետները նեղ կածաններն են, որոնցով քայլելիս մարդիկ հաճույք են ստանում, եւ կառուցվում են ոչ թե բահերով ու քլունգով, այլ հատուկ գործիքներով»,-ասում է Աշոտը: 

 

Օգտվողները, աջակիցներն ու ակնկալիքները

 

Նախագծի հեղինակներն ընդգծում են, որ ծրագրի նպատակներից է նաեւ համայնքների զարգացումը:

 

«Աշխարհում շատ կան նման երկարաձիգ արահետներ, որոնք ապացուցել են՝ կառուցվելուց հետո մոտակա գյուղերն ու քաղաքներն ավելի շատ զբոսաշրջիկներ են այցելել: Այս արահետի ստեղծումը նպաստելու է տուրիզմի զարգացմանը: Արահետը կառուցվելու է եւ՛ գյուղեր կապող հատվածներով, եւ՛ վայրի տեղերով, որովհետեւ ճանապարհորդները սիրում են նաեւ քայլել անբնակ հատվածներով»,-ասում է Աշոտը:

 

 

 

Նախագծի տարբեր ծրագրերին աջակցել են մի շարք գործընկերներ, ինչպիսիք են «Կովկասի բնության», «Հրայր եւ Աննա Հովնանյան» հիմնադրամները, Հայ կամավորների կորպուսը, «Դիլիջան» ազգային պարկը, «Արահետներ փոփոխության համար» ՀԿ-ն: Առաջին աջակիցներից էր «Land Rover» ընկերությունը, որը շարունակում է տրամադրել հատուկ մոդելի Land Rover Defender մեքենա էքսպեդիցիոն աշխատանքների համար: 

 

 

 

Տրանսկովկասյանի թիմը մշտապես համագործակցության է հրավիրում բոլոր հետաքրքրված անձանց եւ կառույցներին միանալու 2019-ի եւ ապագա ծրագրերին:

 

 

 

«Իրականում, ամենակարեւոր գործընկերները գյուղացիներն են: Քանի որ այս ամենն առաջնային նրանց համար է արվում, եւ նրանք են օգտվելու արահետից, մենք ակնկալում ենք, որ գյուղացիները հոգ տանեն ու պահպանեն արահետը, որպեսզի զբոսաշրջիկները շարունակեն այցելել իրենց բնակավայրերը»,-ամփոփում է ՀԿ-ի գործադիր տնօրենը: 

 

Ամալի Խաչատրյան

 

Լուսանկարները՝ The Transcaucasian Trail-ի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին