Հայկական «վիագրա»՝ սխտորի, դդումի, դոշաբի խառնուրդով - Mediamax.am

exclusive
13924 դիտում

Հայկական «վիագրա»՝ սխտորի, դդումի, դոշաբի խառնուրդով


Լուսանկարը` Markthedark SL

Լուսանկարը` Roman Godde

Լուսանկարը` Gordon.A


Միանգամից ասենք, որ սա գովազդային նյութ չէ։ Մեդիամաքսը փորձել է պարզել հայկական «վիագրայի» հայկական «բովանդակությունը»։ Նյութը բաժանել ենք մասերի՝ յուրաքանչյուրը վերնագրելով Adora-ի գովազդային արտահայտություններով։

 

«Դարձիր նրա չեմպիոնը»

 

«Այն ի՞նչն է, որի պատճառով հպարտանում է ամուսինը, գոհ է կինը եւ դժգոհ են հարեւանները:»։

 

Այս հարցադրումն ամեն օր՝ առավոտյան եւ երեկոյան, հնչում է ռադիոգովազդներով։ Պատասխանը լսվում է մի քանի վայրկյան տեւող խորհրդավոր դադարից հետո։

 

Adora-ն, պարզվում է, հայկական «վիագրա» է՝ ոչ «վիագրային» բաղադրիչներով, «Դարձիր նրա չեմպիոնը» կարգախոսով եւ շատ հայկական գովազդներով։

 

«Դարձիր նրա երազանքների սանձարձակը»

 

Պարզելու, թե որտեղ, ինչ պայմաններում եւ ովքեր են արտադրում Adora-ն, փորձեցինք գտնել պատասխանատուներին։

 

Adora-ի կայքում տրամադրված հեռախոսահամարը չէր պատասխանում մի քանի օր։

 

Նամակ գրեցինք Adora-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջին։ Պատասխանելու փոխարեն էջը վարողներն այն պարզապես ջնջեցին եւ մինչեւ այս պահը դեռ չեն վերականգնել։

 

Փորձեցինք կապ հաստատել Ինստագրամով։ Հարցումը ստացան, բայց այս դեպքում էլ բովանդակությունը ջնջվեց։ Նույնանուն գործող մեկ այլ ինստագրամյան հաշվում (որի գոյության մասին հավանաբար այն ստեղծողները մոռացել են, որովհետեւ վերջին լուսանկար-գովազդն այստեղ տեղադրվել է 2018թ. օգոստոսի 2-ին) նշված հեռախոսահամարներով։

 

Առաջին դեպքում մեզ պատասխանեցին․  «Քուրիկ ջան, էդ շառի հետ մենք էլ գործ չունենք, ձեզ որտեղի՞ց մեր համարը»։

 

Երկրորդ դեպքում հնչեց․ «Մենք վաղուց այդ գործով չենք զբաղվում, համար տանք, զանգահարեք»։

 

Պաշտոնական հեռախոսահամարը վերջապես պատասխանեց։ Տղամարդը խոստացավ մեր հեռախոսահամարը փոխանցել տնօրինությանը, «բայց դուք էլ ձեր հերթին նամակ գրեք մեզ, որ հարցին շուտ լուծում տանք»։

 

Նամակը մնաց անպատասխան, փոխադարձ զանգեր նույնպես չեղան։ Վերջին հեռախոսազանգն ավարտվեց. «Քաղաքում չեն, հեռախոս չունեն, հեռախոսի համար չեմ կարող տալ» նախադասությամբ։

 

«Ադորան պատվիրված է, խնդիրը լուծված է»

 

«100 % բնական հավելում սեռական ակտի երկարաձգման համար». հենց այս նախադասությունն առաջինը կտեսնեք, երբ կայք այցելեք։ 

 

Թե որքանով է այն բնական, եւ առավել եւս՝ սննդային հավելում, որոշեցինք պարզել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից։

 

Լուսանկարը` Gordon.A

 

Պարզվում է՝ Adora-ն  տեխնիկական կանոնակարգին համապատասխան անցել է պետական գրանցման գործընթացը եւ պատկանում է հատուկ նշանակության սննդամթերքի կենսաբանական ակտիվ հավելումների դասին։

 

«Adora կենսաբանական ակտիվ հավելման բաղադրության մեջ  նշված բաղադրիչները թույլատրելի են եւ ներառված չեն «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի՝ «Այն բույսերի եւ դրանց վերամշակումից ստացվող մթերքների, կենդանական ծագման օբյեկտների, միկրոօրգանզիմների, սնկերի եւ կենսաբանորեն ակտիվ նյութերի ցանկը, որոնց օգտագործումը կենսաբանական ակտիվ հավելումների ցանկում արգելվում է» հավելված 7-ում»,- նշված էր ՍԱՊԾ-ի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Գեւորգյանի՝ մեզ ուղղված պատասխանում։

 

«Ինձ փրկել է Ադորայի հերոսը»

 

Ըստ կայքում տրված բնութագրի՝ Adora-ն  100 % բնական եւ անվտանգ միջոց է, որի երկարատեւ օգտագործումը կախվածություն չի առաջացնում, իսկ արդյունքը զգացնել է տալիս  օգտագործումից 40 րոպե անց, եւ ազդեցությունը չի կորցնում 36 ժամվա ընթացքում։ Այն հասանելի է 15-գրամանոց պարկիկներով։

 

Լուսանկարը` Roman Godde

 

Բաղադրիչների խառնուրդը չափազանց հայկական է՝ «մայրակաթ + մեղր + թթի օշարակ/դոշաբ + գլյուկոզի օշարակ +սուրճ + կոճապղպեղ/իմբիր + կոճապղպեղ-կալգան + դարչին + ժենշեն + ամերիկյան ժենշեն + կակաո + եղինջ + դդում + սխտոր+ վանիլ+ էպիմեդիում/գորյանկայի»։

 

«Adora-ն երբեք ամոթով չի թողնի»

 

Ադորան գովազդվում է նաեւ որպես սպորտային խթանիչ, իմունիտետը բարձրացնող միջոց։ 

 

Դեղատներից այն ձեռք բերել հնարավոր չէ։ Կարելի է պատվիրել միայն զանգահարելով հայկական առք ու վաճառքի կայքերից մեկում տրված հեռախոսահամարներով։ 

 

Լուսին Մկրտչյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին