Մովսեսի երազանքի գրադարանը եւ «Մանյունյա»-ի համեստ ներդրումը - Mediamax.am

exclusive
3150 դիտում

Մովսեսի երազանքի գրադարանը եւ «Մանյունյա»-ի համեստ ներդրումը


Լուսանկարը` ՀԲԸՄ

Լուսանկարը` Սոնա Բաղդասարյան

Լուսանկարը` Սոնա Բաղդասարյան

Նարինե Աբգարյանը
Նարինե Աբգարյանը

Լուսանկարը` Սոնա Բաղդասարյան

Անդրանիկ Մանուկյանը
Անդրանիկ Մանուկյանը

Լուսանկարը` Սոնա Բաղդասարյան

Հայկ Զալիբեկյանը
Հայկ Զալիբեկյանը

Լուսանկարը` Սոնա Բաղդասարյան

Արուսիկ Զեյնալյանը
Արուսիկ Զեյնալյանը

Լուսանկարը` Սոնա Բաղդասարյան

Լուսանկարը` Սոնա Բաղդասարյան

Լուսանկարը` Սոնա Բաղդասարյան

Լուսանկարը` Սոնա Բաղդասարյան

Լուսանկարը` Սոնա Բաղդասարյան

Լուսանկարը` Սոնա Բաղդասարյան

Լուսանկարը` ՀԲԸՄ

Լուսանկարը` ՀԲԸՄ


Եթե դասերի օրերին Մովսես գյուղի աշակերտները դպրոցում անցկացնում են օրվա մի մասը, գարնանային արձակուրդին օրը չբացված դպրոցում են՝ մինչեւ ուշ երեկո։ Գրադարանի բացման հրավերը հարյուրավոր մարդիկ են ստացել, ու մինչ այդ ամեն ինչ պիտի պատրաստ լիներ։

 

Լուսանկարը` ՀԲԸՄ

 

Գրադարանի բացումը կարեւոր իրադարձություն է ամբողջ գյուղի համար։ Ու երբ հյուրերը ավտոբուսով ու մեքենաներով հասան սահմանապահ Մովսես,  բնակիչները, հիմնականում՝ կանայք ու երեխաներ, արդեն դպրոցում էին՝ հանդիսատեսի տեղերը զբաղեցրած։

 

Հայկ Զալիբեկյանը Հայկ Զալիբեկյանը

Լուսանկարը` Սոնա Բաղդասարյան

 

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով Լոռու մարզի Ամրակից համայնք տեղափոխված անգլերենի ուսուցչուհի Արուսիկ Զեյնալյանը եւ ճարտարապետ Հայկ Զալիբեկյանն անցյալ տարի Ամրակիցում բացեցին «Խիզախ երազանքների վայր»՝ գունավոր, գեղեցիկ կահավորմամբ, տեխնիկական միջոցներով ու նոր գրքերով գրադարան։ 

 

 

Կարճ ժամանակ անց գրադարանը դարձավ համայնքային կենտրոն ու վերափոխեց ամբողջ գյուղի կյանքը։ Հայկն ու Արուսիկը բացեցին «Գրադարակ» ՀԿ ու որոշեցին այսպիսի գրադարան հիմնել ամեն մարզում ու Արցախում։ 

 

«Ընդամենը 60 աշակերտ ունեցող Ամրակիցի դպրոցի գրադարանն ունի ավելի քան 170 ընթերցող՝ ե՛ւ գյուղից, ե՛ւ հարեւան համայնքներից։ Ունենք 3 լեզվով 750-ից ավելի գիրք։ 

 

Լուսանկարը` ՀԲԸՄ

 

Բայց սրանք ընդամենը թվեր են, ամենակարեւոր ձեռքբերումը, որ ունենք Ամրակիցում ու վստահ եմ՝ ունենալու ենք Մովսեսում, այն է, որ մեր երեխաները գիտեն՝ սա իրենցն է։ Ուզում ենք, որ այս սենյակը դառնա մի վայր, որտեղ երեխաները կխաղան, կշփվեն, կպարեն, երգ կլսեն, իրար կբացահայտեն եւ կունենան շատ մեծ երազանքներ», - ասում է Արուսիկ Զեյնալյանը։

 

Ամրակից համայնքը կունենա երազանքների գրադարան

 

Ամրակիցից Մովսեսի գրադարանին նվեր են ուղարկել ամենակարդացվող գրքերից երկուսը՝ «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ու «Փոքրիկ Իշխանը», նաեւ մի պաստառ՝ ընթերցողների խորհուրդներով։

 

Արուսիկ Զեյնալյանը Արուսիկ Զեյնալյանը

Լուսանկարը` Սոնա Բաղդասարյան

 

«Կարդացե՛ք գրքեր։ Գրքերը Ձեր նպատակներին եւ երազանքներին հասնելու միջոց են»։

«Հուսով եմ ինչպես մեր գրադարանը, այդպես էլ ձերը կդառնա երեխաների համար խիզախ լինելու եւ երազելու վայր»։

 

Մովսեսի աշակերտներն արդեն ուսումնասիրել են գրադարանի բոլոր անկյունները, բայց առիթը բաց չեն թողնում մի անգամ էլ հյուրերի հետ շրջելու։  

 

Լուսանկարը` Սոնա Բաղդասարյան

 

«Ես սկզբում մտածում էի, որ սովորական գրադարան է, բայց աշխատանքների ընթացքում հասկացա, որ տարբերվող մի բան է լինելու, ու շատ ոգեւորվեցի։ Այս գրադարանը մեզ շատ բան է տալու։ Խմբակները, ընթերցանության ակումբն էստեղ կանենք»,- ասում է 11-րդ դասարանցի Ալլան։

 

«Ամենաուրախ ու լուսավոր բանն այն էր, որ սենյակը գունավոր է լինելու ու նոր գրքեր ենք ունենալու։ Լավ է, որ ընթերցասրահն ու գրադարանը միասին են, կարող ես գիրքը վերցնել, կարդալ, ցրվել, հետո գնաս գործերիդ»,- նոր գրադարանի առավելություններն է թվարկում Նարեն։

 

Հյուրերը Մովսես էին եկել գրքերով. հիմնականում՝ նվերի, ոմանք էլ Նարինե Աբգարյանի մակագրությունը ստանալու համար։ Ծնունդով Տավուշից, Մոսկվայում բնակվող գրողը հյուրերի թվում էր։ 

 

Նարինե Աբգարյանը Նարինե Աբգարյանը

Լուսանկարը` Սոնա Բաղդասարյան

 

«Մենք այսպիսի գրադարաններ չենք ունեցել, բայց ապրել ենք ավելի հանգիստ ժամանակներում, երբ պատերազմ չի եղել, երեխաները չեն պատկերացրել, որ կարող են կրակոց լսել։ Հիմա ժամանակներն ուրիշ են։ Եվ այն երեխաները, որոնք հիմա ապրում են սահմանամերձ գոտում, անընդհատ սթրեսի մեջ են։ Այսպիսի գրադարանները շատ կարեւոր են. բացի այն, որ երեխան այստեղ կարող է ընթերցել, հանգստանալ, ֆիլմեր նայել, մյուս երեխաների հետ շփվել, ամենակարեւորն այն է, որ այս երեխաները զգում են, որ իրենք ինչ-որ մեկին պետք են։ Բացի ծնողներից, հարազատներից, այսպես կոչված «մեծ աշխարհում» կան մարդիկ, որոնք իրենց թիկունքին կանգնած են»,- Մեդիամաքսին ասում է Նարինեն։  

 

Լուսանկարը` Սոնա Բաղդասարյան

 

Գրողն անակնկալի եկավ, երբ հայտնեցին, որ իրեն շնորհում են «Գրադարակ»-ի բարի կամքի դեսպանի կոչում։ Ասում է՝ հաճելի պատասխանատվություն ու մեծ երջանկություն է։ Երեխաներն իր համար էներգիայի աղբյուր են ու սիրելի ընթերցողներ։

 

Լուսանկարը` Սոնա Բաղդասարյան

 

«Երբ ես գրում էի իմ առաջին գիրքը, չէի մտածում, որ երեխաները կընթերցեն, ես մեծահասակների համար էի գրում։ Երբ ծնողները սկսեցին գրել ինձ, որ երեխաները մեծ հաճույքով կարդում են իմ գրքերը, հետո սկսեցին դպրոցներ հրավիրել, ինձ համար մեծ անակնկալ էր։ Ժամանակակից երեխան ծնված օրից մեծ է։ Եթե դու նույնիսկ գիրք ես գրում երեխաների համար, այդ գրքերում չպիտի արհեստականորեն քեզ փոքրացնես, որովհետեւ ժամանակակից երեխան, երբեմն, մեծից ավելի խելոք է։ Որքան քիչ փոքրացնող բառեր օգտագործես, երեխայի նման խոսես, այնքան էրեխեն քեզ կհարգի»։

 

Լուսանկարը` Սոնա Բաղդասարյան

 

Գրադարանի կառուցման համար անհրաժեշտ 18 հազար դոլարից 1000-ը Նարինե Աբգարյանն է տրամադրել. «Մանյունյա» վեպի հայերեն թարգմանության հասույթն է։ «Սա իմ գումարը չէ, ձերն է։ Ով գնել է գիրքը, իր լուման ներդրել է այս գրադարանի մեջ», - ասում է գրողը։

 

Գումարի հիմնական մասը՝ 17 հազար դոլարը, տրամադրել է ՀԲԸՄ «ՔՈ Կամուրջ» ծրագիրը։ Ղեկավար Տաճատ Ստեփանյանն ասում է, որ դրամաշնորհներին դիմողները սովորաբար շատ են, հնարավորությունները՝ սահմանափակ։ «Գրադարակ»-ի ծրագիրն ընտրել են, որովհետեւ գաղափարը գրավել է։

 

Լուսանկարը` Սոնա Բաղդասարյան

 

««Գրադարան» կոչվածը նորովի է ներկայացվում։ Սա ոչ միայն լուռ նստելու եւ գիրք կարդալու տեղ է, այլ՝ շփվելու, հաղորդակցվելու վայր։ Այդ ամենը կարեւոր է հատկապես մարզերում, որտեղ, ցավոք, երիտասարդությունն այդքան զբաղմունք չունի։ Լուծում ենք ինչպես կրթության, գիտելիք ձեռք բերելու խնդիրը, այնպես էլ՝  ժամանցի»,- ասում է ՀԲԸՄ «ՔՀ Կամուրջ» ծրագրի ղեկավարը։

 

Մովսեսում գրադարան բացելու հայտ ներկայացրել էր «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակից, գյուղի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Անդրանիկ Մանուկյանը։ 

 

 

 

«Գրադարակ»-ի նախագահ Հայկ Զալիբեկյանն ասում է, որ հայտերը շատ էին, Մովսեսն ընտրեցին հաշվի առնելով Անդրանիկի հանգամանքը. տեղացի չլինելով ՝ Մովսեսին շատ է օգնում, բազմաթիվ ծրագրեր է իրականացնում։

 

Անդրանիկ Մանուկյանը Անդրանիկ Մանուկյանը

Լուսանկարը` Սոնա Բաղդասարյան

 

Ապրիլի 13-ին Գեղարքունիքի Դրախտիկ համայնքում կբացվի «Գրադարակ»-ի 3-րդ գրադարանը։ Սեպտեմբերի 1-ին պատրաստ կլինի նաեւ 4-րդը։ Կազմակերպությունը հայտեր է ընդունում 5-րդ գրադարանի համար։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Սոնա Բաղդասարյանի եւ ՀԲԸՄ-ի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին