2015 թվականի սեպտեմբերին Մեդիամաքսը հրապարակել էր Անգործության մատնված գիտական հսկան հոդվածը, որը պատմում էր ԽՍՀՄ տարիներին Օրգով եւ Տեղեր գյուղերի մոտակայքում կառուցված կլոր «ափսեի»` Ռադիոօպտիկական աստղադիտակի մասին: Հոդվածում ասվում էր, որ ՀՀ նախագահի հատուկ հանձնարարականով ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն ստեղծել է հանձնաժողով, որը պետք է քննարկի ռադիոօպտիկական դիտակի իրավական կարգավիճակի հարցն ու վերագործարկման հնարավորությունները:
Հաշվի առնելով, որ անցել է 3.5 տարի, որոշեցինք տեղեկանալ, թե ինչ է արվել այս ընթացքում եւ արդյո՞ք աստղադիտակի վերագործարկման հույսեր կան:
Դիտակի վերագործարկման գինը
2015թ.-ին ՀՀ նախագահի հատուկ հանձնարարականով ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն ստեղծված հանձնաժողովի նախագահ Սամվել Հարությունյանն այն ժամանակ Մեդիամաքսին ասել էր, որ դիտակը վերագործարկելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ: Վերագործարկումը, ըստ նրա, կարելի էր իրականացնել միայն համաֆինանսավորման միջոցով, օրինակ՝ եվրոպական ծրագրի՝ Հորիզոն 2020-ի շրջանակում:
Երեք տարի անց Սամվել Հարությունյանը Մեդիամաքսին ասել է, որ ռադիօպտիկական դիտակը «բավական հնացել է եւ անմխիթար վիճակում է»։ Ըստ նրա՝ մոտ $ 200-250 մլն է պահանջվում, որպեսզի այն կարողանա վերածվել աշխատող ենթակառուցվածքի։
Լուսանկարը` HAYP Pop Up Gallery
«Ավելի հեշտ է նորը սարքել, քան սա վերանորոգել։ Այնպիսի գումարների մասին է խոսքը, որ իրատեսական չեմ համարում։ Ինչ վերաբերում է «Հորիզոն 2020»-ին, ապա այն ենթակառուցվածքների ստեղծման համար գումար տալիս է, բայց դժվար է այդ գումարները ստանալ, բացի այդ՝ տրամադրվող գումարը ընդամենը մոտ $ 4 մլն է։ Ծրագիրը պետք է այնքան հիմնավոր, լավ ձեւով ներկայացվի, հայտնի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության տարրեր ունենա, որպեսզի ֆինանսավորումը իրական դառնա։ Ինձ թվում է՝ բավական ծանր է այդ հարցը հիմա մեռած կետից դուրս հանել։ Մեր պետությունը պատրաստ չէ այդ ծախսերը հոգալ, եւ չեմ կարծում, որ որեւէ մասնավոր կառույց կամ անձ այդպիսի մեծ գումարներ ներդնի։ Այդ սարքը հիմնականում հիմնարար խնդիրներ է լուծելու, անմիջական տնտեսական օգուտ դժվար է ակնկալել»,- ասում է Սամվել Հարությունյանը։
Տարիներ ձգված ոդիսականը
«Հերունու ազգային տիեզերական կենտրոնի» ձևավորման ծրագրի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Արեւիկ Սարգսյանը, սակայն, այլ կարծիքի է, եւ պնդում է, որ ռադիոօպտիկական դիտակի գործարկումը ոչ միայն հնարավոր է, այլեւ անհրաժեշտ։ Անցած տարիներին նա իր գործընկերների հետ մի շարք քայլեր է կատարել այդ ուղղությամբ։
Լուսանկարը` HAYP Pop Up Gallery
2017թ.-ի ամռանը շրջիկ ցուցահանդեսների կազմակերպմամբ զբաղվող HAYP Pop Up Gallery հասարակական կազմակերպությունը երաժշտական ինստալյացիա է արել Բյուրականի աստղադիտարանի եւ Ռադիոօպտիկական դիտակի (ՌՕԴ-54/2.6) տարածքում, ինչը նպատակ է ունեցել ժամանակակից արվեստագետների տեսանկյունից ներկայացնել այլմոլորակայինների վերաբերյալ գիտափորձերը։
«Բանն այն է, որ 1971թ.-ին Բյուրականում աշխարհի առաջին գիտական կոնֆերանսն էր տեղի ունեցել, որը նվիրված էր այլմոլորակայինների թեմային։ 2017 թվականին Գերմանիայում ապրող մեքսիկացի սաունդարտիստ Լուիս Մեխիան (Lvis Mejía) դիտակի մեջ ինստալյացիա պատրաստեց, որը շատ հետաքրքիր էր։ Այդ միջոցառումն օգնեց դիտակի հանրայնացմանը, մեկ ամիս շարունակ շաբաթ եւ կիրակի օրերին մարդիկ կարող էին գալ եւ մասնակցել։ Շատերն առաջին անգամ իմացան դիտակի մասին»,- պատմել է Արեւիկ Սարգսյանը։
Այդ միջոցառումների ընթացքում էլ նա ծանոթացել է Աշոտ Ասլանյանին, ով ղեկավարում է «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամը, եւ պարզել, որ նա տարիներ առաջ հանդիպել է Պարիս Հերունուն, իսկ 2015թ.-ին ՀՀ նախագահի հետ քննարկել է դիտակի վերականգնման խնդիրը։ Այդ օրվանից ուժերը միավորել են, եւ դեռ 2018թ.-ին մարտին դիտակի ուղղությամբ աշխատանքներ սկսելու պայմանավորվածություն ունեին նախկին իշխանությունների հետ։
Լուսանկարը` HAYP Pop Up Gallery
Պարիս Հերունու դիտակի վերակառուցման եւ ռադիո-աստղագիտական կիրառման շրջանակներում համագործակցության մեկնարկի համար, ինչպես նաև ռադիոօպտիկական դիտակը EVN ռադիոինտերֆերոմետրական միջազգային ցանցի հետ համադրելի դարձնելու նպատակով՝ 2018թ. ապրիլին Հայաստան էին հրավիրել Աէրոնավտիկայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, Եվրոպական հետազոտական կոնսորցիումի գերերկար բազաներով ռադիոինտերֆերոմետրիայի ինստիտուտի (VLBI ERIC (JIVE)) գլխավոր աստղագետ, Տիեզերական գիտության և նորարարական ծրագրերի ղեկավար, պրոֆեսոր Լեոնիդ Գուրվիցին։ Այն ժամանակվա էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանի մոտ քննարկում է կազմակերպվել: Արդյունքում Լիոնիդ Գուրվիցը եւ Սուրեն Կարայանն Արագածի գիտական կենտրոնը տնօրինելու համար առանձնացված պետական կառույց ստեղծելու եւ դիտակը որոշ ժամանակ անց Ռադիոինտերֆերոմետրական միջազգային ցանցի մասը դարձնելու մասին հուշագիր են ստորագրել։
Լուսանկարը` HAYP Pop Up Gallery
«ՌՕԴ-54/2.6 ռադիոօպտիկական դիտակը տեղադրված է Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գտնվող Չափագիտության ազգային ինստիտուտի (ՉԱԻ) Արագածի գիտական կենտրոնում։ Դեռ 2012թ․-ին այդ հիմնարկը որոշեց կոնսերվացնել ռադիո-դիտակի աշխատանքները, որոշվեց ոչինչ չանել այն աշխատեցնելու ուղղությամբ։ Բոլոր նախաձեռնություններն ու կողմերի դիրքորոշումն ուղղված էին նրան, որ դիտակը պետք է առանձնացվի կենտրոնից, եւ արտասահմանյան ներդրումների ներգրավման շնորհիվ հնարավոր լինի քայլեր անել այն վերագործարկելու ուղղությամբ։
Լուսանկարը` HAYP Pop Up Gallery
Այդ առանձնացումը հասունացող գործընթաց էր, եւ երբ «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամի հետ ձեւավորեցինք խնդիրը, պատրաստեցինք փաստաթղթերի փաթեթ, ըստ որոնց կառավարության որոշմամբ պետք է ստեղծվել նոր պետական առանձին կառույց՝ «Հերունու ազգային տիեզերական կենտրոն» (աշխատանքային անունն է)։ Այնուհետեւ Հայաստանում, ինչպես ասում են իրավիճակ փոխվեց, տեղի ունեցան հայտնի քաղաքական իրադարձությունները, որոնցից հետո նախարար փոխվեց, իսկ գործընթացները, որ կապված էին կառավարության որոշում պատրաստելու եւ այլ հարցերի հետ, սառեցվեցին»,- պատմել է Արեւիկ Սարգսյանը։
Հոլանդացի պրոֆեսորի կարծիքը եւ նոր հույսերը
2018թ. սեպտեմբերին Հայաստան են հրավիրել անտենային տեխնիկայի հարցերում համաշխարհային ճանաչում ունեցող պրոֆեսոր Կեես վան'տ Կլուստերին (Kees van 't Klooster), ով նախնական զննության արդյունքում փորձագիտական կարծիք է ներկայացրել, որում նշված է դիտակի այսօրվա վիճակն ու հնարավոր անելիքները: Այս մասնագետը պնդել է, որ դիտակն այնքան լավ տեխնոլոգիաներով է կառուցված, որ նույնիսկ այս վիճակում, որոշ աշխատանքներ տանելուց հետո, կարող է աշխատել։
Հերունու ռադիո-օպտիկական դիտակի վերագործարկման նախապատրաստական աշխատանքների մասին Արեւիկ Սարգսյանը գիտական զեկուցում է ներկայացրել Թբիլիսիում՝ Եվրոպական տիեզերական գործակալության «Ժամանակակից գերթեթեւ կառուցվածքներ եւ հայելային անտենաներ» խորագրով միջազգային գիտաժողովում:
«Հոկտեմբերին Իսպանիայում Technical and Operations Group (TOG) of the European VLBI Network (EVN) աշխատաժողովին էլ մեկ անգամ ընդգծվեց միջազգային գիտական հանրության շահագրգռվածությունը հայկական ռադիոդիտակի վերագործարկման հարցերում: Այս ամենը փաստում է, որ գիտական հանրությունը շահագրգռված է, որ այս ռադիո-դիտակը նորից շահագործվի: Մենք համաձայնագրեր ունենք Եվրոպական հետազոտական կոնսորցիումի գերերկար բազաներով ռադիոինտերֆերոմետրիայի ինստիտուտի (Joint Institute for VLBI ERIC), Acronis ընկերության, ARPA-ի (ANALYSIS RESEARCH & PLANNING FOR ARMENIA INSTITUTE), National Instruments Armenia-ի հետ: Աշխատանքներին մասնակցելու են ՀԱՊՀ (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի) գիտաշխատողներ, ասպիրանտներ, մագիստրատուրայի եւ բակալավրիատի ուսանողներ»,- պատմում է Արեւիկ Սարգսյանը:
Լուսանկարը` HAYP Pop Up Gallery
Հայաստանում նոր իշխանությունների ձեւավորումից հետո, երբ նախարար նշանակվեց Արծվիկ Մինասյանը, ծրագրի պատասխանատուները նաեւ նրա հետ են հանդիպում ունեցել։ Արեւիկ Սարգսյանն ասում է, որ այդ հանդիպմանը եւս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնվել ստեղծել պետական առանձնացված կառույց, որի սեփականատերը կլինի Հայաստանի կառավարությունը:
«Այդ ժամանակից մինչ օրս մենք հայտնվել ենք բյուրոկրատական ճիրաններում, նորից նախարար փոխվեց, կառավարության կազմն էր ձեւավորվում, Չափագիտության ազգային ինստիտուտի տնօրեններ փոխվեցին: Ինստիտուտի ղեկավարությունը խոչընդոտում է դիտակի վերագործարկման, ապակոնսերվացման նախապատրաստական աշխատանքներին, որոնք ի դեպ, ամբողջովին մեր միջոցներով ենք իրականացնելու: Արդյունքում՝ կենտրոնի ձեւավորման աշխատանքները սառեցվել են, այն դեպքում, որ կառույցի ստեղծման երաշխիքները, անհրաժեշտ սարքավորումները կան, մի շարք համաձայնագրեր եւ աշխատուժն ունենք: Այդ տարածքում արդեն գիտություն կա, որը պետք է շարունակել եւ զարգացնել, չի կարելի այն մասնավորեցնել ու բիզնես շահերի ծառայեցնել, մենք այն կարող ենք դարձնել գիտակրթական, արտադրական կենտրոն, որպես հարակից ուղղություն գիտական տուրիզմը զարգացնել»,- նշել է Արեւիկ Սարգսյանը:
Լուսանկարը` HAYP Pop Up Gallery
2018թ. դեկտեմբերին նրանք հանդիպել են նաեւ ներդրումների եւ տնտեսական զարգացման նախարար Տիգրան Խաչատրյանի հետ, նրա հետ միասին տեղեկանք է կազմվել գործընթացի վերաբերյալ: Արեւիկ Սարգսյանի փոխանցմամբ՝ տեղեկանքը նախարարի սեղանին է եւ պատրաստ է ուղղվելու կառավարություն:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից օրերս դրական պատասխան են ստացել, որով կառավարությունից հայտնել են, որ նախարարությանը հանձնարարվել է զբաղվել կառավարության որոշման պատրաստմամբ։ Արեւիկ Սարգսյանն ասել է, որ իրենք հետամուտ կլինեն, որպեսզի հիմնադրվելիք կենտրոնը լինի իրենց նախանշած բովանդակությամբ։
Արեւիկ Սարգսյանը հույս է հայտնել, որ այս գործընթացը շատ երկար չի տեւի, եւ կենտրոնի հիմնադրման ծրագիրը, վերջապես, «միս ու արյուն» կստանա:
Մարի Թարյան
Լուսանկարները՝ HAYP Pop Up Gallery
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: