Անգործության մատնված գիտական հսկան - Mediamax.am

exclusive
11984 դիտում

Անգործության մատնված գիտական հսկան


Ռադիոօպտիկական դիտակ ՌՕԴ-54/2.6
Ռադիոօպտիկական դիտակ ՌՕԴ-54/2.6

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռադիոօպտիկական դիտակ ՌՕԴ-54/2.6
Ռադիոօպտիկական դիտակ ՌՕԴ-54/2.6

Լուսանկարը` Մեդիամաքս

Պարիս Հերունին
Պարիս Հերունին

Լուսանկարը` Անձնական արխիվից


Ակադեմիկոս Պարիս Հերունիի անունը շատերի համար նույնացվում է Քարահունջի աստղադիտարանի հետ: Սակայն Մեդիամաքսի այս հրապարակումը նվիրված է ականավոր գիտնականի նախաձեռնությամբ ստեղծված իր տեսակի մեջ եզակի ռադիոօպտիկական դիտակին, որն ունենալով հզոր ներուժ՝ այսօր անգործության է մատնված:

 

Թե ինչպես Արագածը հաղթեց Ղրիմին

 

Արագածոտնի մարզի Օրգով եւ Տեղեր գյուղերի մոտակայքում գտնվող հսկա կլոր ափսեի` աշխարհում եզակի Ռադիոօպտիկական աստղադիտակի կառուցումը տեղի բնակիչները լավ են հիշում: Հենց այս գիտական նախաձեռնության շնորհիվ են գյուղերը կանգուն մնացել, քանի որ նախքան դիտակի կառուցումն Օրգովը եւ Տեղերը ճանապարհների, հոսանքի եւ այլ հարմարությունների բացակայության պատճառով խորհրդային կառավարության կողմից հայտարարվել էին ոչ հեռանկարային գոյության համար:

 

Խորհրդային Հայաստանում ռադիոօպտիկական աստղադիտակի կառուցումն իրագործելու Պարիս Հերունիի ձգտումը սկզբից եւեթ չէր ողջունվում Մոսկվայի կողմից: Հայ գիտնականին առաջարկում էին դիտակի կառուցումը սկսել Ղրիմում, որտեղ նույնիսկ բնական փոս էին գտել դրա համար: Մոսկվայի իշխանություններից համաձայնություն կորզելու Պարիս Հերունիի պայքարը տեւեց շուրջ 17 տարի, եւ Խորհրդային Հայաստանում իր ծավալներով աննախադեպ գիտական նախաձեռնությունը կյանքի կոչվելու հնարավորություն ստացավ:

ԴՈՍՅԵ
դոսյե
ԴՈՍՅԵ

Ռադիոօպտիկական դիտակ ՌՕԴ-54/2.6-ի նախագծումն ու շինարարությունը մեկնարկեց 1980 թվականին: Դիտակի կառուցման վայրը պատահական չէր ընտրված: Պարիս Հերունին, դեռ շատ տարիներ առաջ ունենալով ռադիոդիտակ կառուցելու գաղափարը, երկար ժամանակ փնտրել էր այն կառուցելու գիտականորեն նպատակահարմար վայրը, եւ վերջապես որոշել էր, որ Արագածի հարավային լանջին պետք է լինի: Սակայն վայրը որքան նպատակահարմար էր գիտական տեսանկյունից, նույնքան խնդրահարույց էր պրակտիկ առումով, քանի որ ժամանակակից աշխարհը կարծես շրջանցել էր այս տեղանքն ու նրա բնակչներին:

 

Արդյունքում՝ Ռադիոօպտիկական դիտակի կառուցման աշխատանքները սկսեցին ուղեկցվել ճանապարհների կառուցմամբ, տեղանքի հոսանքապատմամբ եւ այլ բարեփոխումներով՝ նոր շունչ տալով դատարկվող գյուղերին:

 

Հարկ է նշել, որ նման ծավալի գիտական շինարարությունը հազվադեպ հանդիպող երեւույթ էր ոչ միայն Խորհրդային Հայաստանում, այլեւ ամբողջ ԽՍՀՄ տարածքում: Սրա մասին Պարիս Հերունին պատմում է իր հարցազրույցներից մեկում.

 

«Գիտական աշխատանքների ավարտին Մոսկվայից հանձնաժողով եկավ, որի անդամներից մեկը ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վլադիմիր Կոտելնիկովն էր: Նա, տեսնելով իրականացվող շինարարության ծավալները, դարձավ ինձ ու ասաց. «Ես համաձայն եմ, որ սովետական գիտնականը կարող է աշխարհում առաջինը որեւէ գաղափար տալ, սակայն ինչպե՞ս է Ձեզ հաջողվել փորձարկումն առաջինը իրականացնել, չէ՞ որ Արեւմուտքում հաշվիչ տեխնոլոգիաներն ավելի զարգացած են»»:

 

Առաջին «պտուղները»

 

Ռադիոդիտակը շահագործման հանձնվեց 1987թ. եւ իր գործածության հենց առաջին րոպեներին գիտական խոշոր հայտնագործություն իրականացրեց՝ արձանագրելով տվյալ պահից դեռեւս 25 տարի առաջ Երկվորյակների համաստեղությունում տեղի ունեցած Էտտա աստղի պայթյունը:

 

Մեկ այլ հետաքրքիր բացահայտում տեղի ունեցավ արդեն դիտակի համալրման աշխատանքների ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ դիտակի անտենայի կենտրոնով անցնող հյուսիս-հարավ միջօրեականն անցնում է ուղիղ Տեղերի Սուրբ Աստվածամոր վանքի գմբեթի խաչով: Տեղի բնակիչներն էլ, իրենց հերթին, սկսեցին լեգենդներ հորինել, որ Պարիս Հերունիի «տիեզերական անտենային» հաջողվել է մեր մոլորակից դուրս կյանք գտնել:

Ռադիոօպտիկական դիտակ ՌՕԴ-54/2.6 Ռադիոօպտիկական դիտակ ՌՕԴ-54/2.6

Լուսանկարը` Մեդիամաքս

Աստղագիտության ոլորտում ռադիոօպտիկական դիտակի անտենայի բարձր ճշգրտությունը եւ ընձեռած հնարավորությունները միջազգային գիտական ասպարեզում լայն հետարքրքություն առաջացրին: Դիտակը շարունակեց գործել նաեւ Հայաստանում 90-ականների էներգետիկ ճգնաժամի եւ հովհարային անջատումների պայմաններում, սակայն 2000թ. սկսած, անհրաժեշտ ֆինանսավորման բացակայության պատճառով, այն չի աշխատում, թեեւ աշխատունակ է եւ շարունակում է մրցունակ մնալ միջազգային ասպարեզում:

 

Չնայած գիտական հզոր ներուժին՝ ռադիոդիտակն այս տարիներին ծառայել է ամենատարբեր նպատակներով, անգամ որպես տեսահոլովակի նկարահանման վայր:

 

Դիտակը կարող է երկրորդ կյանք ստանալ

 

Այս տարի ՀՀ նախագահի հատուկ հանձնարարականով ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն ստեղծել է հանձնաժողով, որը պետք է քննարկի ռադիոօպտիկական դիտակի իրավական կարգավիճակի հարցն ու վերագործարկման հնարավորությունները:

 

Հանձնաժողովի նախագահ Սամվել Հարությունյանը Մեդիամաքսին ասել է, որ դիտակը վերագործարկելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ, որոնք այսօր Հայաստանը չունի: Վերագործարկումը կարելի է իրականացնել միայն համաֆինանսավորման միջոցով, օրինակ եվրոպական ծրագրի՝ Հորիզոն 2020-ի շրջանակում: Նրա խոսքով՝ այժմ չկա որեւէ ձեւակերպված գիտական խնդիր, որից ելնելով՝ պետք է իրականացնել դիտակի վերագործարկումը: Առաջարկ կա նաեւ դիտակը որպես գիտական տուրիզմի կենտրոն օգտագործելու վերաբերյալ:

 

Հերունիի ստեղծած դիտակի գծով գիտական դպրոցի շարունակող, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս, ռադիոդիտակի վերագործարկման նախաձեռնության հեղինակ Արեւիկ Սարգսյանն էլ ասել է, որ այս քայլը հնարավորություն կտա փոխանակման ծրագրերով հյուրընկալել տարբեր երկրների ուսանողներին, ինչի դիմաց Հայաստանը նաեւ համապատասխան վարձավճար կստանա:

 

Արեւիկ Սարգսյանի խոսքով եւս՝ դիտակը կարող է ծառայել որպես նորարարական ճարտարագիտության ուսումնական բազա եւ դառնալ գիտական տուրիզմի կենտրոն՝ ընդգրկվելով հայաստանյան must visit (պետք է այցելել) վայրերի շարքում: Ըստ նրա՝ այսպիսով հնարավոր կլինի փոխհատուցել նաեւ անտենայի վերագործարկման եւ հետագա գործունեության հետ կապված ծախսերի մի մասը:

 

Մյուս կողմից՝ ռադիոօպտիկական դիտակի վերագործարկումը գուցե կրկին փրկի Օրգով եւ Տեղեր գյուղերի բնակչությանը գործազրկությունից եւ արտագաղթից: Ինչպես ասում են՝ պատմությունը կրկնվելու սովորություն ունի:

 

Անժելա Կժդրյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին