Օպերայի՝ պատմական, առեղծվածային, քաոսային նկուղում - Mediamax.am

exclusive
5699 դիտում

Օպերայի՝ պատմական, առեղծվածային, քաոսային նկուղում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ավետիս Բարսեղյանը
Ավետիս Բարսեղյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ավետիս Բարսեղյանը
Ավետիս Բարսեղյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Նոյեմբերի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու տիկինը՝ Աննան, այցելել էին Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգային երեկոյի։ Վարչապետի ձեւակերպմամբ «հզորագույն» համերգը կիսադատարկ դահլիճում թողել էր իր ազդեցությունը․

 

«Ում հարցնես՝ կասեն, որ Կոմիտասը, Չեքիջյանը, Ակադեմիական երգչախումբը մեզ համար ազգային արժեքներ են: Բայց համակարգը կառուցված է այնպես, որ այդ ազգային արժեքի հետ հնարավորինս քիչ մարդ շփվի, քիչ մարդ հարաբերվի:

 

Որովհետեւ՝ չէ՞ որ դա բարձր ազգային արժեք է, «ամեն մարդու խելքի բան չէ», կերպարվեստի գլուխգործոցները պետք է պահվեն թանգարանների «պադվալներում» (պահարաններում պահվող ռոկոկո բաժակների նման), որովհետեւ դրանք արժեք են եւ ոչ թե ամենօրյա կիրառման եւ յուրացման բովանդակություն: Թանգարաններ պետք է հնարավորինս քիչ մարդ գնա, կամ ընդհանրապես չգնա: Եւ այսպես շարունակ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Փաշինյանը։

 

Մեդիամաքսի թեմատիկ քննարկումներից մեկում հնչած՝ «Ի՞նչ է պահվում թանգարանների, կամ էլ հենց օպերայի թատրոնի նկուղում» գաղափարը համընկավ վարչապետի գրառմանը։ Եվ, ահա, քայլերը նախ ուղղվեցին Ա․Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային-ակադեմիական թատրոնի նկուղ:

 

Օպերայի անտեսանելի շենքը

 

Կարո՞ղ եք հավատալ, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի վերելակում 15 կոճակ կա։ Այդ փոքրիկ վերելակը, որն, ի դեպ, միակը չէ, շենքում 15 հարկ երթեւեկելու հնարավորություն է տալիս։ Եվ հենց այդ կոճակներին նայելիս, ապա օպերայի նկուղում հայտնվելիս է, որ մի պահ սկսում ես կասկածել, որ գուցե Գաստոն Լերույի՝ «Օպերայի ուրվականն» այնքան էլ հեռու չէր հորինվածքից, եւ որ իսկապես, գուցե Քրիստինա Դաեն առեւանգվեց ուրվականի կողմից ու հայտնվեց օպերայի ահա այսպիսի մի նկուղում։

 

«Օպերա»` կենդանի պատմություն

 

Բայց նախ հենց շենքի մասին:

 

Եթե համացանցում փորձենք որոնել «Ա․Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային-ակադեմիական թատրոնի շենքի կառուցվածք», կամ էլ նման մի բան, շատ բան չենք գտնի: Անգամ պաշտոնական կայքում այդ հատվածը բաց է, թեեւ ըստ կայքի կառուցվածքի, նախատեսված է։ Փոխարենը համացանցում շատ հեշտությամբ կարելի է գտնել օպերայի «հանդիսավոր բացման» առաջին ազդարարը։ Դրա վրա գրված ամիս-ամսաթիվը՝ 1933թ․ հունվարի 20, հուշում են, որ հենց այդ օրը ոչ միայն Սպենդիարյանի «Ալմաստը» բեմում հայտնվեց, այլեւ ճարտարապետ Թամանյանն աշխատանքի այդ մասն ավարտեց։ (Oպերայի եւ բալետի մասով՝  շինարարությունը վերջնականապես ավարտվել է 1939-ին, իսկ համերգային դահլիճը՝ 1953-ին։ Թամանյանի մահից հետո նախագիծն ավարտել է որդին՝ ճարտարապետ Գեւորգ Թամանյանը):

 

(Հարաբերականորեն) 93 տարեկան շենքի նկուղը դատարկ գրեթե չի եղել։

 

- Օպերայի նկուղում են  պահվում ներկայացման ընթացքում դերասաններին անհրաժեշտ իրերը եւ բեմահարդարման առարկաները՝ ռեկվիզիտները, բոլոր դեկորները, - պատմում է օպերային թատրոնի գլխավոր նկարիչ Ավետիս Բարսեղյանը։

 

Ավետիս Բարսեղյանը Ավետիս Բարսեղյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Այստեղ է աշխատում 80-ականներից, Սարգիս Առուտչյանից հետո է ընդունվել աշխատանքի եւ բոլորը նրան ճանաչում են որպես Վիտյա։ Վիտյան էլ աչքերը փակ ճանաչում է ամեն դեկոր, անկյուն, ու նաեւ նեղլիկ, մութ միջանցքը որը տանում է երկաթյա մի դռան մոտ։

 

-Եթե գետնից հաշվենք, ապա նկուղը՝ «մինուս» երկու հարկ ես իջնում, բայց հարկերը բարձր են, մինչեւ 15 մետր են հասնում։ Կանգնեք այդտեղ մինչեւ լույսերը միացնեմ, - բացատրում է Վիտյան ծանր դուռը բացելով, ապա գտնելով լույսերի ապահովիչը։

 

Նկուղի մի մասը լուսավորում է բարձր առաստաղից կախված լամպը։

 

-Նկուղը համապատասխանում է բեմին։ Հարթակի հետ հավասար է, ընդհանուր մի 35 մետր տարածություն է:

 

Կիսամթի պատճառով նկուղն ավելի միստիկ է թվում, քան կերեւար լավ լուսավորության պայմաններում։ Հիմնականում գերիշխում են մեծ առարկաները,  փայտե կողպած, անհավասար դասավորված արկղեր էլ կան։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

- Այդ արկղերով ենք տեղափոխում ռեկվիզիտները։ Հարմար են, ապահով, վերջին հյուրախաղերից հետո են այստեղ մնացել,-ասում է Վիտյան։

 

Վերջին անգամ այդ արկղերը նկուղից Դուբայ են գնացել։ Այնտեղի օպերային թատրոնում էր «Կարմեն»-ի պրեմիերան, որից հետո, 2018-ի նոյեմբերին այն դիտեց նաեւ հայ հանդիսատեսը։ Բիզեի չորս գործողությամբ օպերան, 1900-ականներին, մեր բեմում հայտնվեց երեք անգամ՝ 1934-ին 1941-ին, 1972-ին։ Շատ դեկորներ չեն պահպանվել։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Մեկ մետր հեռու՝ Ռախմանինովի «Ալեկո»-ի դեկորների մի մասն է։ Գնչուական թափառախմբի բեմական իրերը 1982-ից են այստեղ։ Բայց միանգամից չես գտնի։ Մի մասը մի անկյունում է, մյուսը՝ մեկ այլ։ «Ցուլի գլուխներ» նկուղում էլի կան, Ալեկոյի կողքին, դրանք սակայն «Պողիկտոս» ներկայացման դեկորներն են, նկուղում են՝ 1992-ից, Տիգրան Լեւոնյանն է հսկել դրանց պատրաստման գործընթացը։

 

-Ցանկացած դեկորի պատրաստման ընթացքին հետեւում է ռեժիսորը։ Դու պետք է կարողանաս տեսնել այն ամենը, ինչ կա ռեժիսորի երեւակայության մեջ ու նույնությամբ ստեղծես։ Դա բարդ, համատեղ աշխատանք է, - պատմում է Վիտյան։

 

Նկուղին հատուկ խոնավության հոտ ունեցող տարածքում անհնարել է չնկատել նաեւ գիպսե, բայց այնուամենայնիվ՝ Սֆինքսի հայացքը: 

 

Երկու ամսում ստեղծված, բայց բեմում հազվադեպ հայտնված այդ դեկորները բեմ չգնալու իրենց պատճառներն ունեն։ Թեեւ փայտե հատուկ հարմարանքներով են տեղաշարժվում, ու նկուղից էլ ուղիղ բեմահարթակ բարձրացող հսկա վերելակ կա, բայց տեղափոխելը, հետո դրանք բեմում հավաքելը, մի քիչ ժամանակատար է։ 

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Արդյունքում հայ հանդիսատեսը 2 ժամ ու 15 րոպե Վերդիի «Աիդան» լսելու հնարավորություն՝ միշտ չէ որ ունի։

 

-«Աիդան» ներկայացնելու համար, մի քանի օր միայն դեկորները պետք է դասավորել, տեղադրել։ Իսկ այդ ընթացքում կարելի է երեք-չորս ներկայացում անել։ Կան ներկայացումներ, որ դեկորատիվ առումով ավելի շատ աշխատանք են պահանջում, եւ ստացվում է, որ մի ներկայացման վրա շատ ժամանակ է ծախսվում։ Դրա համար էլ ուշ-ուշ է գնում։ 

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Հայկական օպերային բեմում գրեթե նույն ճակատագիրն ունի նաեւ Վերդիի «Տրավիատա»-ն։ Դեկորները շատ են, ժամանակատար, իսկ ժամանակը քիչ։

 

Նկուղի մութ անկյուններից մեկում կարելի է տեսնել նաեւ Ալեքսանդր Հարությունյանի միակ օպերայի՝ «Սայաթ Նովա»-ի ուխտը։ Այն բեմադրվել է 1969-ին, հետո 40 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ 2011-ին։

 

Քաոսային, անհասկանալի դասավորությունը շատ բան տեսնելու հնարավորություն չի տալիս։

 

-Ձյաձ Վիտյա, եթե մի օր որոշեք աշխատանքից դուրս գալ, այս դեկորները կկարողանա՞ն գտնել, առանձնացնել առանց Ձեզ։ 

 

- Կգտնեն, սրանք տեղափոխողները տեղերն անգիր գիտեն։ Նրանք են զբաղվում այս ամենով, մեկն օրինակ Հովիկը։ Հով ջան, արի,- ասում է Վիտյան ու այդ ընթացքում մեզ է մոտենում մի երիտասարդ։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Հովիկն այստեղ աշխատում է 15 տարեկանից ու արդեն տասներկու տարի։ Դեկորները տեղափոխողներից մեկն է։

 

-Այստեղ, երեւի, ամեն ինչի տեղն անգիր գիտեք, հա՞, -հարցնում ենք։

- Տասնհինգ տարին քիչ չէ։  Անգիր գիտեմ, ինչը որ ներկայացմանն է։  Սիրում եմ դրանք։ Ամենաշատը՝ «Սպարտակը»։ 

-Ինչու՞։

- Միշտ շատ հանդիսատես կա, ու վարագույրներն էլ երբ բացվում են, արձագանքը շատ ուրիշ է, մի տեսակ մեր աշխատանքը գնահատված ենք զգում, -ասում է Հովիկը, ով աշխատանքի համար ստանում է ամսեկան  65 հազար դրամ աշխատավարձ։ 

 

Այստեղ է ամեն օր առավոտյան 9-ից, իսկ ներկայացման օրերին մնում է մինչեւ 11-ը։ Եվ չի դժգոհում։ Հեռանում է ինչ-որ դեկորներ ձեռքին։ 

 

-Լավ, իսկ եթե Հովի՞կն էլ աշխատանքից դուրս գա մի օր։  Բացի դա էլ, վնասված դեկորներն են շատ։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Վիտյան հարցն անպատասխան է թողնում։ Փոխարենն ասում է,  որ արձագանքը, որի մասին Հովիկն ասեց, շատ կարեւոր է։ 

 

-Այս դեկորների շքեղությունն այստեղ չի երեւում։ Բայց, գիտեք, երբ վարագույրը բացվում է ու հանդիսատեսը սկսում է բուռն ծափահարել դեռ ներկայացումը չսկսված, հասկանում ես, որ հաղթել ես, որ դեկորներդ ստացվել են։

 

Մոտենում, բայց ներս չենք մտնում նկուղի մի հատվածի, որն առանձին ցանկապատ-դռներով է ու կողպած:

 

Այստեղ են պահում բազկաթոռներ, աթոռներ, թրեր, նիզակներ։ Այն ամենը, ինչ «ձեռքի հետ» կարող է կորել։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Իսկ երբեւէ ինչ-որ բան կորչել է, թե ոչ, Վիտյան չգիտի։ Բայց հստակ գիտի, որ նկուղը, որտեղ պահվում են թատրոնի «սրբության սրբոց» իրերը, երբեք չի նորոգվել։ 

 

-Դե գուցե 80-ականներին մի թեթեւ մաքրել են, լամպի լույս են քաշել ու վերջ։ Քիչ է բյուջեն ու դա ներկայացումներին հազիվ է բավականացնում, ուր մնաց նկուղ նորոգելու կամ դասավորելու համար հերիքի, -հոգոց է հանում Վիտյան։

 

Այստեղ մուտքի մոտ նաեւ լծասայլ է դրված։ Սա այս նկուղի ամենահետաքրքիր եւ պատմական իրերից է։

 

«Անուշ» ներկայացման դեկորներից է։ Դեկոր ասելը այս դեպքում մի քիչ բարդ է՝ այն իսկական լծասայլ է, որ Անուշի տան կողքին է դրվում ներկայացման ընթացքում։

 

Գնում ենք երկրորդ նկուղ։ Այստեղ էլ  նույն բովանդակությունն է ու նույն վիճակը՝ քաոսային։

 

Ավետիս Բարսեղյանը Ավետիս Բարսեղյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ճանապարհին Վիտյան պատմում է, որ Ռուսաստանի վեց թատրոնում է աշխատել ու այնտեղ էլ կան օպերաներ, որտեղ բեմում մինչեւ այսօր իր դեկորներն են օգտագործում։

 

-Այնտե՞ղ էլ են նման պայմաններում պահպանվում դեկորները։

- Վայ, ոչ, ի՞նչ եք ասում։ Այնտեղ ամեն ինչ դասակարգված է, ամեն ներկայացում իր տարածքն ունի նույն այսպիսի նկուղում։ Փայտե մեծ տախտակներ են դրված, որի վրա շարված են բոլոր ռեկվիզիտներն ու դեկորները։ Դրանք մեծ ցանցով են առանձնացված եւ փակված։ Եվ դրանց վրա ամենայն մանրամասնությամբ նշված է՝ ինչ է ցանցի ներսում, քանի կտոր, ինչ վիճակում։ Այնտեղ հերթափոխով են աշխատում, դրա պատասխանատուները շատ են, վճարվում են համեմատաբար ավելի լավ։ Չես համեմատի այստեղի հետ, -ասում է Վիտյան ու «ամենաթարմ» ներկայացումներից մեկի՝ «Չիպոլինոյի» դեկորների կողքով ուղեւորվում ենք մեկ այլ նկուղային սենյակ։ 

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Այն բեմից հետո երկրորդ ամենակարեւոր անկյուններից է՝ արհեստանոց-արվեստանոցը։ Այստեղ են նկուղում հայտնվելուց, կիրառվելուց, բեմում հայտնվելուց առաջ դրանք պատրաստվում են հենց այստեղ։ Նախ` փոքր մակետով՝ ապա ամբողջական չափերով։ Հիմնական նյութերը՝ կավ, թուղթ, գիպս,փայտ, հաստ ու բարակ թելեր, պարաններ։

 

Արհեստանոցից դուրս գալիս Վիտյայի վերջին բառերն եմ բարձրաձայն կրկնում ու մի քանի անգամ՝ դեկորները պատրաստելուց ավելի բարդ է դրանց պահպանելը։ Հեշտ չէ։ Պահում են ինչպես հնարավոր է եւ որքան հնարավոր է շատ։ Նույն պահին հասկանալի է դառնում նաեւ, թե ինչու են դեկորների մի մասը դրված բեմի հետնամասում, շրջակա տարածքում ու նաեւ բեմ բարձրացող մեծ վերելակում։

 

Լուսին Մկրտչյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին