Դավիթը մեքենայում մանկական նստատեղով չի երթեւեկել միայն մեկ անգամ՝ ծննդատնից դուրս գրվելու օրը։ Մեքենայով հաջորդ ուղեւորությանն արդեն փոքրիկ տղան մանկաթոռի (car seat) մեջ էր։
Դավիթի երիտասարդ ծնողները car seat ձեռք բերելու մասին մտածում էին, երբ դեռ երեխան չէր էլ ծնվել։
«Երբ դեռ Դավիթը չէր ծնվել, արդեն հիմնական գնումների թվում նաեւ car seat-ի տարբերակներ էինք ուսումնասիրում խանութներում: Ավտոմեքենայի նստատեղով մանկասայլակներն էլ բյուջետային լուծում են բալիկի լույս աշխարհ գալուն սպասող ծնողների համար, երբ ծախսերը առանց այդ էլ շատ են։ Մենք էլ այդ տարբերակներն էինք ուսումնասիրում: Նորածնի համար ավտոնստատեղ մեզ նվիրեցին, երբ դեռ չէինք հասցրել գնել ու հենց նորածնային շրջանից էլ car seat-ով էինք մեքենայով տեղ տանում Դավիթին»,- պատմում է Անահիտ Ալեքսանյանը՝ Դավիթի մայրը:
Car seat-ի սովոր երեխան
Ինչպես Անահիտն է նկատում՝ բնականաբար, երեխային ավելի հաճելի կլինի մեքենայում մայրիկի գրկում նստել, կապված չլինել, բայց ինչպես ամեն բան, մանկական նստատեղում երթեւեկելը եւս, ըստ նրա, կարելի է սովորեցնել:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Եթե կա ամրագոտի մեծահասակների համար, ու մենք մեքենայի մեջ նստելիս ամրագոտի ենք գցում, ապա ինչպե՞ս կարող ենք նույնը երեխայի համար չանել: Ինձ թվում է՝ դրանք փոխկապակցված հասկացություններ են, ու եթե մարդն առաջինը անվերապահորեն ընդունում է, ապա երկար մտածելու անհրաժեշտություն չի լինի նաեւ car seat-ի դեպքում: Իսկ երեխան ուղղակի նայում է ծնողներին ու ամեն ինչ իրենցից սովորում: Եթե կարգը այդպես է ընտանիքում, որ մայրիկն ու հայրիկը նստում են եւ ամրագոտին կապում, ինքն էլ, ուրեմն, իր տեղում պետք է նստի եւ անի նույնը»,- ասում է Դավիթի մայրը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Տնից մինչեւ մեր աշխատավայր ճանապարհը հեռու չէ, բայց ամեն օր մի քանի վթար են տեսնում ճանապարհներին։ Մեքենաներում պարտադիր car seat ունենալուն դեմ մարդկանց Անահիտը հակադարձում է․
«Ինչքանո՞վ է հավանական, որ դրանցից մեկի մեջ երեխա կլինի, կարծում եմ՝ մոտ 20-25%-ում առնվազն: Ու մի օր այդ վթարը կարող է լինել նաեւ մեքենայի հետ, որում երեխան առանց car seat-ի է։ Ի՞նչ գիտեք, որ փորձանքը հենց ձեզ շրջանցելու է»։
Նորածնային շրջանից դուրս գալուց հետո, երբ Դավիթն արդեն կարող էր ինքնուրույն նստել, ծնողները նոր car seat են ձեռք բերել, որը, ինչպես իրենք են ասում, կարող է տարիներ շարունակ ծառայել, քանի որ 6 ամսականից մինչեւ 12 տարեկանների համար է նախատեսված:

Լուսանկարը` Մեդիամաքս
Իսկ այն ծնողներին, ովքեր դժգոհում են, որ car seat-ում մեքենա ունենալը հավելյալ զգալի ծախսեր է պահանջում, Անահիտն առաջարկում է լուծման տարբերակներ։ Օրինակ, ըստ նրա՝ «կարելի է փոքրացած նստատեղը նվիրել նոր ծնված բալիկների ընտանիքներին, գնել արդեն օգտագործվածը, որն ավելի մատչելի կլինի եւ այլն»։
Օրենքի նոր պահանջը
Հայաստանում շուտով մեքենաներում մանկաթոռի առկայությունը պարտադիր կդառնա օրենքի ուժով։ Ոստիկանությունը ներկայացրել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով մեքենաներում երեխաների տեղափոխումն առանց մանկական նստատեղի արգելվելու է։ Այն դեռ լրամշակման փուլում է, բայց արդեն դարձել է բուռն քննարկումների թեմա։
«7-ից մինչեւ 12 տարեկան երեխաների փոխադրումը թեթեւ մարդատար ավտոմոբիլում եւ բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված է անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ եւ մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին եւ հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով կամ անվտանգության ամրագոտիների օգտագործման միջոցով, իսկ թեթեւ մարդատար ավտոմոբիլի առջեւի նստատեղում՝ միայն երեխայի քաշին եւ հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով»,- ասված է առաջարկվող փոփոխությունների նախագծում:

Լուսանկարը` Մեդիամաքս
Նախագծի հիմնավորման մեջ գրված է, որ մինչեւ 7 եւ 7-ից մինչեւ 12 տարեկան երեխաների փոխադրման համար, տարիքային առանձնահատկությամբ պայմանավորված, կսահմանվեն առանձին պահանջներ։ Այսինքն՝ հնչող այն մտահոգությունները, թե ինչպես են 12 տարեկան երեխաներին «տեղավորելու» car seat-ում, ըստ էության, կարող են որոշակիորեն փարատվել, որովհետեւ օրենքի հեղինակները, ինչպես խոստանում են դրա հիմնավորման մեջ, այս մասով հնարավոր խնդիրները եւ դրանց կարգավորումը հաշվի են առնելու։
E-draft համակարգում տեղադրված նախագծի քննարկումներին օնլայն մասնակցող քաղաքացիների հարցերին պատասխանելով՝ նախագծի հեղինակները նշել են, որ «պատասխանատվություն կիրառելիս հաշվի է առնվելու հիմնականում պահող հարմարանքների առկայությունը, իսկ դրանց համապատասխանությունը երեխայի քաշին կամ հասակին ստուգվելու է միայն բացառիկ դեպքերում՝ ակնհայտ անհամապատասխանության դեպքերում»:
Նախագծի հեղինակները նաեւ հայտնել են, որ մինչեւ 7 տարեկան երեխաների փոխադրումը թույլատրվելու է ինչպես մանկական նստատեղերի (car seat), այնպես էլ մանկական պահող այլ հարմարանքների օգտագործմամբ, որոնք ամրացվում են անվտանգության ամրագոտիներին:
4 երեխա՝ 4 car seat
2018-ի ամռանը Facebook սոցիալական ցանցում #CarSeatGivesChance, #RoadSafety («մանկաթոռը հնարավորություն է տալիս», «ճանապարհային անվտանգություն») հեշթեգերով արշավ էր սկսվել, որը կոչ էր անում ծնողներին մանկաթոռ տեղադրել մեքենաներում: Արշավի գաղափարն առաջացել էր դժբախտ պատահարից հետո, երբ 2018-ի ապրիլին ավտովթարի հետեւանքով մեկ տարեկան երեխա էր մահացել:
Ֆեյսբուքյան արշավի նախաձեռնողները երեխայի ծնողների ընկերներն էին: Հայկ Զալիբեկյանը նախաձեռնողներից մեկն էր, ով #CarSeatGivesChance հեշթեգով Facebook-ում տեղադրել էր մանկաթոռների նկար ու գրել, որ երեխաների կյանքն ու առողջությունն առաջնային են իր համար։ Ֆլեշմոբին միացել էին բազմաթիվ ծնողներ, այդ թվում՝ Հայաստանի առողջապահության նախարարը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Հայկն ունի չորս երեխա, չորս մանկաթոռ: Բոլոր մյուս բազմազավակ ծնողներին խորհուրդ է տալիս՝ եթե իր նման չորս երեխա ունեն, ապա մեծ մեքենա գնեն: Եթե անհնար է, ուրեմն երթեւեկեն հասարակական տրանսպորտով։ Այն դեպքերում, երբ սեփական մեքենայով չեն երթեւեկում, իսկ չորս մանկաթոռ ունեցող տաքսի պատվիրել հնարավոր չէ, ընտանիքն օգտվում է տրոլեյբուսից, որը, ըստ Հայկի, ամենաանվտանգ տրանսպորտն է Երեւանում:
«Չկա ոչ մի արդարացում, այլ կա խնդիր ու պետք է լուծել: Եթե ունես երեխա, բարի եղիր մտածել այդ երեխայի անվտանգության մասին: Գուցե դու շատ զգույշ, անվտանգ եւ դանդաղ ես քշում ու ռիսկի չես դիմում, բայց կան երթեւեկության մյուս մասնակիցները, որոնք կարող են քո մեքենային հարվածել։ Հետագայում ինքդ քեզ ես մեղադրելու, որ չես ստեղծել բոլոր միջոցները երեխայիդ անվտանգության համար: Car seat չօգտագործելով՝ նաեւ դիմացինին ես մարդասպան դարձնելու, նույնիսկ եթե այդ վարորդը մեղավոր չլինի (գուցե ճանապարհը թաց լինի կամ սառած), նա տարիներով ապրելու է այդ մտքով, որ երեխա է սպանել»,- ասում է Հայկը:
Երբ ծնվել է առաջին երեխան, հենց ծննդատնից նրան մանկաթոռով են տուն բերել: Երրորդ երեխային սպասելիս՝ Հայկը ստիպված էր փոքր մեքենան փոխարինել մեծով, մինչդեռ խոստովանում է՝ միշտ երազել էր փոքր մեքենա վարելու մասին:

Լուսանկարը` Մեդիամաքս
Մեքենան յոթ տեղանի է, միայն ամենափոքրը՝ երկու տարեկան երեխան չի կարողանում ինքնուրույն կապել ամրագոտին։ Մեծ երեխան 9 տարեկան է: Ավտոմեքենան չեն վարում, մինչեւ բոլորը ամրագոտին կապած չեն լինում։ Շատ ծնողների հետ Հայկը համաձայնում է, որ car seat-ը երեխաների համար գուցե անհարմար լինի, հաճախ հնարավոր է ընդդիմանան, չցանկանան մանկաթոռում նստել, բայց եթե ծնողները ծնված օրվանից այն օգտագործեն, երեխաներն ավելի հեշտ կհարմարվեն:
Հայկը մեկ մանկաթոռի համար մոտ $250 է վճարել: Գները շատ տարբեր են, սկսվում են $50-ից մինչեւ $300-400: Հայկը բացատրում է՝ 0-ական խմբի մանկաթոռներն օգտագործվում են 9-10 ամիս, որից հետո կարելի է գնել նոր սերնդի car seat-եր, որոնք գուցե ավելի թանկ են, բայց թույլ են տալիս, աստիճանաբար որոշ մասեր վրայից հանելով, օգտագործել 1 տարեկանից մինչեւ 12 տարեկան: Հայկի երեխաներն ունեն վերջին խմբի մանկաթոռներից:
Ըստ նրա, պետք է նաեւ շատ ուշադիր լինել օգտագործած մանկաթոռ նվեր ստանալիս կամ գնելիս: Արտադրողների խոսքը մեջ բերելով՝ ասում է՝ եթե թեկուզ փոքր վթարային պատահար է լինում, պետք է մանկաթոռը ստուգել տալ, որպեսզի այն որեւէ թաքնված թերություն չունենա: Կասկածում է, որ Հայաստանում car seat ստուգելու հատուկ մասնագետներ կան, այդ պատճառով խորհուրդ է տալիս չգնել օգտագործածը, եթե չգիտեն դրա պատմությունը:
«Սա այն դեպքն է, երբ պետությունը պետք է անհանդուրժողականություն ցուցաբերի այն մարդկանց նկատմամբ, որոնք չեն ուզում կամ չեն հասկանում, որ մանկաթոռ օգտագործելը կարեւոր է: Ցավոք, շատերը կհասկանան դրա անհրաժեշտությունը, եթե նրանց հետ ինչ-որ բան պատահի»,-ամփոփում է Հայկը:
Ամալի Խաչատրյան, Մարի Թարյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: