«ՀԱՎԵՍԻՆ սենյակ»՝ երազելու եւ ստեղծագործելու վայր - Mediamax.am

exclusive
3617 դիտում

«ՀԱՎԵՍԻՆ սենյակ»՝ երազելու եւ ստեղծագործելու վայր


8-րդ դասարանցի Գայանեն
8-րդ դասարանցի Գայանեն
Սեւան Նագաշյանի լուսանկարները
Սեւան Նագաշյանի լուսանկարները
Արմինե Պետրոսյանը
Արմինե Պետրոսյանը

Սահմանամերձ որեւէ բնակավայրում ռմբակոծված մի պատ վերցնել ու գյուղի երեխաների հետ նկարազարդել: Լիբանանահայ նկարչուհի Սեւան Նագաշյանի գաղափարն էր, որով ցանկանում էր կրճատել Երեւանի ու մայրաքաղաքից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող երեխաների միջեւ տարածությունը: 47-ամյա նկարչուհին չհասցրեց իրագործել գաղափարը: Նրա երազանքները կյանքի են կոչում ընկերները:

 

2017-ին Տավուշի սահմանամերձ Վազաշեն գյուղում բացվեց «ՀԱՎԵՍԻՆ սենյակ»-ը: Մեկ տարի անց մի «ՀԱՎԵՍԻՆ սենյակ» էլ սկսեց գործել Արմավիրի մարզում:

 

««ՀԱՎԵՍԻՆ սենյակը» մի տարածք է, որտեղ երեխաները հավեսով, ինչպես Սեւանն էր սիրում ասել, պետք է նկարեն, քանդակեն, ստեղծագործեն, ընդունեն հետաքրքիր մարդկանց, ֆիլմեր դիտեն, քննարկումներ անեն, օնլայն դասընթացներ անցկացնեն ճանաչված ստեղծագործողների, մտավորականների հետ»,- ասում է «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը:

Արմինե Պետրոսյանը Արմինե Պետրոսյանը

 

Հիմնադրամի, Սեւան Նագաշյանի ընտանիքի ու ընկերների նախաձեռնությանը միացել է նաեւ FCN (Focus on Children Now ) կազմակերպությունը:  Վազաշենի փորձից ոգեւորվածˋ նրանք կահավորել են Արմավիրի թիվ 10 հիմնական դպրոցի սենյակներից մեկը:

 

«Մինչեւ սենյակը բացելը, Վազաշենի երեխաներն ասում էինˋ մեծանանք, գնալու ենք խոպան աշխատելու, հիմա ասում ենˋ մեծանանք, նկարիչ ենք դառնալու: Մի տարում, այս սենյակը հաճախելով, երեխաներն իրենց ապագան են փոխել»,- ասում է FCN-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Անահիտ Քալանթարյանը:

 

Երկրորդ «ՀԱՎԵՍԻՆ սենյակ»-ի համար ընտրել են Արմավիրն ու թիվ 10 դպրոցը, որովհետեւ այստեղ ներառական կրթություն է իրականացվում, շատ են խոցելի ընտանիքների երեխաները, որոնց հետ պետք է աշխատել, օգնել արվեստի միջոցով խնդիրները հաղթահարել:

 

Բացման արարողությանը երեխաները նկարակալների առջեւ դիմավորեցին հյուրերին: Վերջինները եկել էին նկարչական պարագաներով: Ամերիկայում բնակվող մի հայ կին՝ Լինան Պետրոսյանը իմացել ու տարբեր ազգության երիտասարդ մայրիկներին պատմել էր «ՀԱՎԵՍԻՆ սենյակ»-ի գաղափարի մասին: Կանայք հանգանակություն էին արել եւ հավաքված գումարով երեխաների համար գրենական պարագաներ գնել:

 

Մինչ շնորհակալության խոսքեր են հնչում ու առաջիկա ծրագրերն են ներկայացվում, «ՀԱՎԵՍԻՆ սենյակ»-ի առաջին աշակերտները գործի են անցնում: 8-րդ դասարանցի Գայանեն գունավոր ծաղիկներ է նկարում, իսկ պայուսակում դիմանկարներով թղթապանակն է: Տունը դպրոցին մոտ չէ, բայց չի ծուլանա, նկարչական հմտությունները զարգացնելու համար անպայման կգա դասերին:

 

«Տանը նկարում եմ, դիմանկարներ եմ անում: Եղբայրս ու քույրս նկարչությունից շատ լավ են հասկանում: Եղբայրս ինձնից ավելի լավ է նկարում, քույրս էլ գույների հարցում է լավ: Ուզում եմ ընտրել բժշկի մասնագիտությունը, բայց պիտի շարունակեմ նկարչությամբ զբաղվել»:

 

Սեւան Նագաշյանի մայրըˋ տիկին Սոսին, հուզմունքով նայում է երեխաների նկարները: Մի քանի օրից մեկնելու է տուն՝ Կանադա, բայց, ասում է, անպայման վերադառնալու է, որ օգնի Սեւանի անունը կրող սենյակների աշխատանքին:

Սեւան Նագաշյանի լուսանկարները Սեւան Նագաշյանի լուսանկարները

 

«Չեմ զգում իրականությո՞ւն է, թե՞ երազ: Մտածում եմ, որ երբ առողջական վիճակս բարելավվի, պիտի վերադառնամ ու փորձեմ օգտակար լինել այս գործին, որ սենյակները զարգացնենք ու տարբերեր մարզերում նորերը բացենք: Սա հոգեկան մեծ գոհունակություն պիտի պատճառի ինձ»:

 

Աշնանը նախատեսում են դպրոցի տարածքում ծառեր տնկել, Սեւան Նագաշյանի անվան պուրակ հիմնել:

 

«Հայ Ձմեռ պապ»-ը, Նագաշյան ընտանիքն ու Սեւանի ընկերները երազում են ծրագիրն ընդլայնել ու Հայաստանով մեկ «ՀԱՎԵՍԻՆ սենյակների» ցանց ստեղծել:

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Արվեստի զարգացման աջակցում ՀԿ

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին