Իռայի մարդն ու «միստիկ» Իռան - Mediamax.am

exclusive
121823 դիտում

Իռայի մարդն ու «միստիկ» Իռան


Վահան Մեկտերյանը
Վահան Մեկտերյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահան Մեկտերյանը
Վահան Մեկտերյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահան Մեկտերյանը
Վահան Մեկտերյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահան Մեկտերյանը
Վահան Մեկտերյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամալի Խաչատրյանը զրուցում է Վահան Մեկտերյանի հետ
Ամալի Խաչատրյանը զրուցում է Վահան Մեկտերյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահան Մեկտերյանը
Վահան Մեկտերյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Գիշերվա «1-ի կողմերը» տուն գնացող Իռայի ամուսինը Վահան Մեկտերյանն է: Նրան այլեւս Վահան չեն ասում, այլ՝ «Իռայի մարդ». այսուհետեւ Իռայից փախչել չի ստացվի, նա հավիտյան Իռայի ամուսինը մնաց։ Իռան ասում է՝ Վահանն այդ օրն իր խոստացած ժամին արդեն տանն էր. միշտ է նույն կերպ կնոջը «խաբար անում», բայց ուղիղ եթերի փոխարեն՝ բջջայինով: 

Ի դեպ, այստեղ կարող էր լինել նաեւ Իռայի նկարը, սակայն նա նախընտրեց մնալ կադրից դուրս: Վահանն էլ կնոջը երկար համոզեց, որ գոնե մեկ նկարում միասին հայտնվեն, միեւնույն է՝ Իռան ցանկացավ մնալ նույնքան «միստիկ», ինչպես որ կար։ 

Մեդիամաքսն այցելել է Իռայենց տուն, պարզապես մեր դեպքում ոչ թե գիշերվա 1-ի կողմերը, այլ ցերեկվա։ Ո՞վ է Իռան, Իռայի մարդը, ինչպե՞ս ստացվեց եւ ինչքա ՞ն շատ են իրար սիրում ամուսինները, պատմում են Իռան ու Վահանը: 

 

Սարքա՞ծ էր

 

Ոչ։ Ճիշտն ասած, ես միշտ ուշ եմ տուն գալիս, բայց անընդհատ կնոջս հետ կապի մեջ եմ, զանգում եմ։ Այդ օրը շատ խաղաղ էր, մենք նպատակային չէինք գնացել հավաքին, ընկերոջս հետ էի: Երբ հասանք տեղ, բան չկար անելու. քնած վիճակ էր, մենք էլ զարթուն։ Որ գիտեինք ուղիղ եթեր է, ուզում էինք «չարություն» անել, գտնել՝ որ տեսախցիկն է նկարում: Գտանք, ուզեցի մի բան ասել, որ եթեր գնա, կնոջս խաբար անեմ։ Մինչեւ այդ, որ զանգում էր՝ հարցնում էի՝ երեւում եմ տեսախցիկի մեջ, բայց չէր տեսնում ինձ։ 

 

Պահի տակ մտածեցի ու արեցի, ինձ մոտ ամեն ինչն է այդպես։ Եթե ուզենամ հիմա մի բան անել, որ ձեզ համար հետաքրքիր լինեմ, չի հաջողվի. այդ պահին մտքիս եկածը պետք է անեմ: Մտածում էի՝ տեսնե՞ս Իռան տեսավ, հետո համոզված էի, որ այդ հատվածը հենց տեսնեն, հաստատ կջնջեն, կհանեն։ 

 

 

Իռան միջամտում է. Այդ օրը մեռա զանգելով։ Զանգում եմ՝ չի պատասխանում, լարված վիճակ էր, հետո զանգում հարցնում է՝ ինձ ուղիղ եթերով չե՞ս տեսնում, հենց նոր անցա, ասում եմ՝ չէ, չեմ տեսնում... Լարված էի, չէի գտնում նրան, մտածում էի՝ մի վտանգ չլինի։ Հաջորդ օրն՝ ի՞նչ վտանգ, ի՞նչ բան, հասկացա՝ մարդս կոնկրետ ինձ տեղյակ է պահում՝ երբ է գալու տուն։ Ամուսինս արդարության համար պայքարող է, ու, որ գիտեմ՝ եթե ինչ-որ բան լինի տարաքծում, մեկին նեղացնեն, նա հաստատ կխառնվի, կռիվ կամ մի բան, դրա համար էի անհանգիստ։ Հետաքրքիրն այն էր, որ այդ օրը, ինչքան էլ հետեւել եմ ուղիղ միացումով, չեմ տեսել նրան, հաջորդ օրն արթնանում եմ ու հասկանում, որ բոլորն են տեսել, բացի ինձանից։ 

 

Երազանքն իրականացավ

 

Վահան. Առաջին օրերն այնքան լավ էր, դուրս գալիս էր, որովհետեւ երեխա ժամանակ ես շատ եմ երազել հայտնի լինել։ Ֆուտբոլիստ եմ եղել, թողել եմ ինչ-ինչ պատճառներով, բայց միշտ երազել եմ՝ այնքան հայտնի ֆուտբոլիստ լինեմ, որ բոլորն ուզենան ինձ հետ նկարվել։ Իմ երազանքները միշտ իրականանում են, թեկուզ տարիներ հետո, հենց այս տարիքիս՝ 1967 թիվ եմ։ 

 

 

Ես ինչ ուզել եմ, եղել է, բայց այդ օրը հայտնի դառնալու համար չարեցի: Քանի որ միշտ երազել եմ դրա մասին, ոնց որ Աստծո մատն էր խառը։ Թեկուզ երբ վատ բան է ինձ հետ պատահում, աշխատում եմ լավը մտածել։ Գրին քարտս, օրինակ, կորցրի տարիներ առաջ, չորս տարի է չեմ կարողանում գնալ Ամերիկա՝ հարազատներիս այցելության, բայց միշտ ասում էի՝ մի բան կա, որ այսպես է լինում ու վատը չէի մտածում։ Գոնե իմ ուզած կյանքը, որ այդքան երազել էի, երկու օր այդ կյանքով ապրեցի, որ բոլորն ուզում են ինձ հետ նկարվել։ Մերժումից առաջ Ամերիկա միշտ գնացել-եկել եմ, մի քանի տարի էլ այնտեղ ենք ապրել ու հետո վերադարձել։ 

 

Վահան Մեկտերյանը Վահան Մեկտերյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Իռա. Տեղեր կան, որ ինքը շատ-շատ ամաչկոտ կարող է լինել։ Վահանը միշտ ուրախանում է, երբ դիմացինն է ուրախ լինում։ Այդ հայտնի տեսանյութից հետո ասում էր ինձ՝ նայիր ինչքա՜ն քիչ բան է պետք մարդկանց ուրախ լինելու համար։ 

 

Ցույցերից

 

Վահան. Ես շատ ակտիվ ցուցարար չեմ ու քաղաքականությամբ շատ չեմ հետաքրքրվել, բայց ինձ մտահոգում է մեր ժողովրդի վիճակը, որ իմանում եմ՝ մարդիկ կանգնած պայքարում են, միշտ միանում եմ նրանց։ 

 

Ես շարժման ղեկավներին շատ երախտապարտ եմ, հիմա պարզապես ակտիվ չեմ մասնակցում։ Սկսեցին ինձ նվերներ ուղարկել, տարբեր խանութներից ու կազմակերպություններից, իսկ ես նման բաներ չեմ սիրում, օրինակ, ինչ-որ կոշիկ էին ուղարկել, կամ նվեր՝ ծաղկի խանութից։ Մեր ընտանիքը միշտ լավ է ապրել, բայց ես միշտ քչով բավարարվող եմ եղել, ու այդ նվերների կարիքը չունեի։ Սկսեցի մերժել, կամ ասել, որ դրանք ավելի կարիքավոր մարդկանց ուղարկեն։ 

 

«Ես քեզ սիրում եմ, Իռա»

 

Վահան. Ուզում էի Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը մի բան ասել, որ կիսատ չմնար, գնացի մոտեցա բեմին, տեսան ինձ ու միանգամից ճանապարհ տվեցին, որ ես գնամ խոսեմ։ 

 

 

 

Այնքան հայտնի դերասաններ էին կանգնած, որ ես անգամ ամաչեցի, որ իրենցից առաջ պետք է ինձ հերթ տան խոսելու։ 

 

Վահան Մեկտերյանը Վահան Մեկտերյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Որոշել էի, որ միայն պետք է ասեմ՝ «Իռա, այսօր տուն չեմ գալու», դե քեֆ եմ անելու էլի։ Վաղուց խոսք էի տվել Իռային, որ մի օր այնպես եմ անելու, որ շատ մարդ լսի, որ ես իմ կնոջը սիրում եմ։ Խոստումս կատարեցի։ Ասելուց հետո անգամ չէի հիշում՝ ինչ եմ ասել, այդքան մարդ, որ տեսա, ադրենալին ստացա ու ասեցի մտքիս եկածը։ Հետո ուզում էի ինքս ինձ տեսանյութով նայեմ, որ համոզվեմ՝ ինչ եմ ասել։ 

 

Իռա. Հենց այդ պահին էլ զանգում էի, չէր պատասխանում, ընկերոջ ձեռքին եմ զանգում, հարցնում՝ ուր է Վահանը, ասում է՝ բեմի վրա, ու լսում եմ, որ ասում են՝ «Իռայի մարդը մեզ է միացել»։ Ինձ շատ-շատ լավ զգացի, դրանից ավելին ի՞նչ է պետք։ Քանի որ ասեց՝ տուն չի գալու, ես էլ գնացի միացա նրան ու միասին նշեցինք օրը։ 

 

Վահան. Բացասական արձագանք այսքան ժամանակ չենք ստացել, ամենաշատը Գալուստ Սահակյանի ոճով ասվածն եմ սիրում. «Ամեն Իռա չի, որ մարդ ունի, նամանավանդ ժամը մեկին», դրա վրա եմ շատ խնդացել։ Ես իմ ձեւով մի բան եմ արել, որ քչերն են արել։ Ես դրանով ուրախանում եմ. ամենակարեւորն եմ արել, որ յուրաքանչյուր տղա իր կյանքում պետք է անի ու ապացուցի, որ սիրում է կնոջը։ 

 

CV

 

Իռա. Ես Վահանի կինն եմ՝ Իռան, ավել բան չեմ ուզում ասել։

 

Երեւի կոմպլեքս է, չգիտեմ, ինձ վրա ուշադրություն գրավել չեմ սիրում, ինձ ճանաչողները գիտեն՝ ես ամաչկոտ չեմ։ Քանի որ ինձ հետ չի կապված ու ես միամիտ եմ ընկել այս իրավիճակի մեջ, չեմ ուզում նկարվել։ 

 

Վահան Մեկտերյանը Վահան Մեկտերյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ի դեպ, հենց տեսանյութի հետ կապված՝ հաջորդ օրը շատ ուրախ էի Վահանի համար, հետո արդեն այդ ամենը նեղություն էր տալիս ինձ, քանի որ զգում էի՝ ես կապ չունեմ այս ամենի հետ։ Մեկը գրել էր՝ «Իռան սպինեռի նման բան է, լավ մոդա է ընկել»։ Իրականում մարդկանց հետաքրքիր էլ չի Իռան ով է, պարզապես ասում են՝ Իռա՜, Իռա՜...

 

Վահան. Բա ո՞ւմ հետ է կապված, եթե ոչ քո հետ։ Էլ անունս չեն ասում, ինձ ասում են՝ Իռայի մարդ։

 

Հիմա ընտանեկան բիզնեսներով եմ զբաղվում։ Ավարտել եմ Ֆիզկուլտուրայի ինստիտուտը, սովորել չէի սիրում, մի կերպ ավարտեցի։ Շատ սիրել եմ ֆուտբոլը, պետք է մարզիչ դառնայի, իմ թիմն ունենայի... Որոշ անարդարությունների պատճառով հիասթափվեցի ու այլեւս չեմ զբաղվել ֆուտբոլով, իսկ հետո փոշմանեցի, որ հիասթափվել էի... 

 

Նրանց «կինոշնի» սերը

 

Իռա. Մենք շատ տարբեր ենք, մեր ոչ մի բանն իրար նման չէ։ Սկսած՝ ճաշակից, ուտելուց, քաղաքի մեր սիրած փողոցներն անգամ նույնը չեն։ 

 

Մեր ամուսնական կյանքի ամեն օրը մի խենթություն ենք արել, հետո տեսել ենք, որ նման կինոներ են եղել։ 20 տարի է միասին ենք, մի րոպե անգամ ոչ մի բանի համար չեմ փոշմանել, շատ հետաքրքիր կյանք ունեմ։ Ամենաշատը հումորն եմ սիրում Վահանի դեպքում, նվիրվածությունը։ Շատ խնդիրներ են լինում բոլորիս ընտանիքներում, բայց երբ հումորը տեղն է լինում, դրանից ավելի բան պետք չէ։ 

 

Վահանը միշտ էլ ապացուցում է ինձ, որ շատ է սիրում։ Օրինակ, քսանամյակիս մի բեռնատար ծաղիկներ էր բերել, մտել էր խանութ ու ամբողջ ծաղիկները գնել էր։ 

 

Հանդիպել ենք փողոցում, իրարից շատ հեռու չէինք ապրում, նկատում ենք իրար, հետո հումոր, ուշադրություն, շփում ու արդեն 20 տարի է միասին ենք, պաշտոնական ամուսիններ ենք 18-19 տարի։ 

 

Հեղափոխության մասին 

 

Վահան. Մեր հեղափոխությունը շատ յուրահատուկ էր իր տեսակով, ուրիշ դեպքերում մարդիկ բեմի վրա կանգնում են ու պատմում՝ ինչպես գրավեցին եւ այլն։ Մեր դեպքում՝ ոնց որ ամբողջ հայերով միացել էինք ու պարզապես խոսում էին իրար հետ։ Ոչ մի զոհ չեղավ, ոչ մի ապակի չկոտրվեց։ Աշխարհում հետո մեզ որպես օրինակ են բերելու ու ասեն՝ այսպիսի հեղափոխություն էլ է եղել, երբ ժողովուրդը միասին իրար սեր են մաղթել հարթակից։ Շատ կուզենայի, որ մեր ժողովրդի այս սիրուն ու նոր պատմությանը չխանգարեն, ու հետագայում այս իրողությունը չփչացնեն։ Ես առաջինը կմնամ իմ երկրում, երբ իմ ժողովուրդը սկսի լավ ապրել։ 

 

Ամալի Խաչատրյանը զրուցում է Վահան Մեկտերյանի հետ Ամալի Խաչատրյանը զրուցում է Վահան Մեկտերյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Եթե իմ ուզած հեղափոխությունը լինի, կյանքը փոխվի, չեմ էլ ուզի գնամ երկրից։ Այսօր լսում եմ՝ ժողովուրդը շատ քննադատում է Հանրապետական կուսակցությանը, բայց մենք ուզած-չուզած ինքնաբերաբար նույն կերպ էինք վարվում, թեկուզ մեզ դուր չէր գալիս։ Երբ գնում էինք մի ինչ-որ տեղ ու մի բան ասում, չգիտես ինչու՝ նրանց նման էինք ասում։ Զոռբայություն էինք անում, օրինակ, մեկը տարիքով մեծ է կամ պաշտոնով բարձր է, օգտագործում է այդ փաստը, որ ուզածին հասնի, թե ոնց կհասնի, դա արդեն հետաքրքիր չէր։ Ես ուզում եմ իմ երկրում տեսնել այն հասարակ շփումը, ժողովրդի շփումից կարող ես իմանալ, թե այդ ազգն ինչպես է ապրում: Հասարակ բարեւը մարդիկ իրար չէին տալիս։ 

 

Այլեւս չեմ ուզում հայտնի լինել

 

Վահան. Ես միշտ երազել էի ճանաչված լինել, բայց քանի որ միշտ ազատ կյանքով եմ ապրել, հիմա չեմ ուզում այդ ուշադրությունը։ Ուզում էի իմանալ՝ հայտնի լինելը ինչ է, բայց որ տեսա, շատ ուրախացա, առաջին երկու օրը շատ լավ էր, բայց հետո սկսեցի մի քիչ նեղվել դրանից։ Մի օր գիշերը եկել նստել էինք բակում ընկերոջս հետ, խոսում էինք, երկու երիտասարդ ուրախ մոտեցան մեզ, գարեջուր էին գնել եւ ուզում էին իրար հետ խմեինք, իսկ ես ալկոհոլ ընդհանրապես չեմ օգտագործում։ Փորձեցի մերժել, այդ պահին ուզում էի միայն ընկերոջս հետ լինել եւ երկար շփվել։ Չեմ ուզում այլեւս հայտնի լինել՝ էլ ավելին չեմ ուզում։ 

 

Ամալի Խաչատրյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին