Աշոտը, Իռան, #Քայլարա շարժման «համն ու հոտը» եւ լոզունգները - Mediamax.am

exclusive
31302 դիտում

Աշոտը, Իռան, #Քայլարա շարժման «համն ու հոտը» եւ լոզունգները


Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան էջից

Լուսանկարը` Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան էջից

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Քաղաքացիական պայմանագիր կուսակցության արխիվից

Լուսանկարը` Քաղաքացիական պայմանագիր կուսակցության արխիվից

Լուսանկարը` Ֆոտոլուր


Երրորդ անգամ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ բողոքող ակցիաները շարունակվում են: «Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին» կարգախոսերը պարբերաբար լսվում են Երեւանի տարբեր փողոցներում ու հրապարակներում: Այս օրերին բողոքի ցույցերի դուրս եկած երիտասարդ քաղաքացիներն աչքի ընկան ոչ միայն իրենց համառությամբ, այլեւ կրեատիվությամբ: Շարժման ընթացքում ծնվեցին լոզունգներ ու մեմեր, որոնք Մեդիամաքսը փորձել է հավաքել:

 

#ՔայլԱրա

 

ԱԺ «Ելք» խմակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի եւ իր կողմնակիցների «Իմ Քայլը» նախաձեռնությունը, որ սկսել էր ապրիլի 9-ին՝ ՀՀ մարզերից, Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ բողոքի ակցիաների մեկնարկն էր:

Լուսանկարը` Քաղաքացիական պայմանագիր կուսակցության արխիվից

Ընդդիմադիրները ապրիլի 13-ին՝ քայլարշավի 14-րդ օրը, ոտքով անցնելով 200 կմ, հասել էին Ազատության հրապարակ:  Հենց այդ ընթացքում ծնված #ՔայլԱրա-ն դարձավ բողոքի ցույցերի հիմնական լոզուգներից մեկը:

Լուսանկարը` Քաղաքացիական պայմանագիր կուսակցության արխիվից

«Իմ քայլը» շարժումն անգամ երգ ունի, որը հնչում է ակցիաների ընթացքում: Երգի բառերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է:

 

 

Շատերի մոտ #ՔայլԱրա կարգախոսն ասոցացվեց հայկական «Որդան կամիր» ռոք խմբի «Քայլ արա» երգի հետ, որը խումբը թողարկել էր 2016թ-ին՝ Սասնա ծռերի կողմից ՊՊԾ գնդի գրավման գործողություններից հետո եւ այժմ դարձյալ լայն տարածում ստացավ:

 

 

#ՄերժիրՍերժին

 

Երեւանում ապրիլի 13-ից մեկնարկած բողոքի ակցիաների ժամանակ առավել հաճախ հնչող մյուս լոզունգն է: Շարժումն առաջնորդողները եւ մասնակիցները Երեւանի փողոցներն ացնում են վանկարկելով՝ «Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին»:

Լուսանկարը` Ֆոտոլուր

Այս լոզունգը Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը «ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում 2018թ.-ի մարտի կեսերին սկսեց օգտագործել որպես հեշթեգ:

Լուսանկարը` Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան էջից

Հաճախ ակտիվիստները լեզվի սայթաքումներ են ունենում ու լոզունգն արտասանում՝ #ՍերժիրՄերժին: Երբեմն էլ՝ հումորով կրկնում են լոզունգի հենց այդ տարբերակը:

 

Մինչ բողոքի լայնածավալ ակցիաների մեկնարկը ընդդիմադիրները նաեւ ավտոերթ էին անում հանրապետության տարբեր ճանապարհներին ու արագաչափ սարքերի վրա փակցնում էին «#Գազտուր Սերժին» գրություններ՝ դրանցով փակելով տեսախցիկները:

Լուսանկարը` Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան էջից

Ֆեյսբուքում տարածվեց նաեւ մեկ այլ տարբերակ՝ «Գնա մերժիր, արի սիրեմ»:

 

Դերասան Վարդան Պետրոսյանի որդին՝ Հայկ Պետրոսյանը երգ հրապարակեց այս լոզունգով՝ «Մեր ժիր Սերժին»:

 

 

#Ոստիկանըմերնա

 

Շարժման առաջնորդները, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը, հաճախ կրկնում էր. «Ոստիկանները մեր եղբայրներն են»՝ այդպիսով, երկու կողմերին փորձելով ապահովագրել բախումներից:

Լուսանկարը` Ֆոտոլուր

Այս ընթացքում ծնվեց «Ոստիկանը մերն ա» լոզունգը, որը բողոքի ակցիայի մասնակիցները կրկնում էին ամեն անգամ, երբ ոստիկանները փակում էին իրենց ճանապարհը կամ խոչընդոտում որեւէ հատվածով առաջ շարժվել:

 

#Սուջուխառ, #ՄերժիրՍերժին

 

Ապրիլի 19-ին ցուցարարները փորձեցին ակցիա անցկացնել առեւտրի կենտրոններից մեկում, սակայն հանդիպեցին ոստիկանական պատին: Երբ հասկացան, որ ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել, Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները սկսեցին պնդել, թե ցանկանում են գնումներ կատարել: Աղջիկներից մեկն ասաց, որ ցանկանում է սուջուխ գնել, ինչին հետեւցին ցուցարարների «սուջո՜ւխ, սուջո՜ւխ» վանկարկումները, եւ այդ պահին ծնվեց եւս մեկ, բայց կարճ կյանք ունեցող կարգախոս՝ «Սուջուխ առ, մերժիր Սերժին»:

 

#Զենքդդիր, #ՄերժիրՍերժին

 

Այս կարգախոսով Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները հորդորում են ոստիկաններին անցել իրենց շարքերը: Հնչում է նաեւ «Քայլ արա, զենքդ դիր վայր» կարգախոսը:

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ի դեպ, շարժման ընթացքում ոստիկաններին զենքը վայր դնելու հորդորների մեջ եղան նաեւ այնպիսիք, որոնք մի քանի ժամում մեմ դարձան:

 

Օրինակ՝ Բաղրամյան փողոցը փակած ոստիկանական պատի դիմաց հավաքված ցուցարարներից մեկը, ով հավանաբար ճանաչում էր Աշոտ անունով ոստիկանին, դիմեց նրան՝ հորդորելով զենք չկիրառել քաղաքացիների դեմ:

 

«Աշոտ, տատդ էլ ա ստեղ, եկել ես կանգնել ստեղ, որ խփե՞ս տատիդ: Հիմա՞ ինչ անենք, տատիդ հետ ո՞ւր գնանք: Ընկերներդ տատիդ են խփելու: Գնանք հայաթ ի՞նչ ես ասելու՝ ինչի՞ էիր եկել ստեղ, ի՞նչ էիր անում: Տատիդ ի՞նչ ես ասելու, ախպեր: Ձեւը տենց չի Աշոտ, քո ընկերներին էլ ասա…»:

 

 

Աշոտի մասին Նիկոլ Փաշինյանը իմացավ ապրիլի 19-ի հանրահավաքում, երբ հանկարծ ցուցարարները նրա ելույթի ընթացքում սկսեցին վանկարկել «Աշո՜տ, Աշո՜տ»:

 

Շարժման ընթացքում ծնված մյուս մեմի հեղինակը տղամարդն էր, ով տեսնելով ուղիղ եթեր հեռարձակող տեսախցիկը, մոտեցավ դրան եւ դիմեց կնոջը. «Իռա, մեկի կողմերը կգամ»: Իռան ու Աշոտը դարձան շարժման հավաքական կերպարներից: 

 

 

Օրեր անց հանրահավաքների ժամանակ նրան հանդիպած մարդիկ լուսանկարներ հրապարակեցին Իռայի ամուսնու հետ:

 

«Սերժին դեմ ես՝ սիգնալ տուր»

 

Բանուկ փողոցներով շարժվող երթի մասնակիցները փորձում էին իրենց շարքերում ներառել նաեւ վարորդներին:

Լուսանկարը` Ֆոտոլուր

Հերթական անգամ, երբ երթն անցնում էր կիսով չափ փակ փողոցով, նրանք վանկարկում էին «Սերժին դեմ ես՝ սիգնալ տուր» կարգախոսը, ինչին ի պատասխան լսում մեքենաների ազդանշանները:

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ի դեպ, ճանապարհները փակած ցուցարարների «սրտերը շահելու» այսպիսի տարբերակի մասին որոշ հնարամիտ վարորդներ վաղուց էին «գլխի ընկել»: Պատահում էր, որ երբ ցանկանում էին անցել փակ փողոցով, միացնում էին մեքենայի ազդանշանը, այդպիսով՝ ցույց տալով, որ սատարում են շարժմանն ու ճանապարհ ստանում:

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին