Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը կհյուրընկալի “Armenia!”-ն - Mediamax.am

exclusive
36693 դիտում

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը կհյուրընկալի “Armenia!”-ն


Մետրոպոլիտեն թանգարանը
Մետրոպոլիտեն թանգարանը

Լուսանկարը` Մետրոպոլիտեն թանգարան

Քյոթահիայի ձուն
Քյոթահիայի ձուն
Հելեն էվանսը
Հելեն էվանսը

Լուսանկարը` Neomagazine.com

Հելեն էվանսը
Հելեն էվանսը

Լուսանկարը` Մետրոպոլիտեն թանգարան

Խաչքարը Մետրոպոլիտեն թանգարանում
Խաչքարը Մետրոպոլիտեն թանգարանում

Աշխարհի թոփ 10 թանգարաններից Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը կներկայացնի հայոց պատմությանը եւ մշակույթին նվիրված ցուցադրություն: “Armenia!” ցուցադրությունը կբացվի Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին եւ կտեւի մինչեւ 2019-ի հունվարի 13-ը՝ Սուրբ Ծննդյան տոների ավարտը: Ցուցադրությունը կներկայացնի 4-17-րդ դարերի հայկական արվեստի ժառանգությունը՝ ցուցադրելով աշխարհում ներկայացված 140 նմուշ:

 

Հայաստանն առաջին անգամ լայնորեն ներկայացված կլինի Մետրոպոլիտեն թանգարանում: “Armenia!” ցուցադրությանը հիմնականում ընդգրկված կլինեն ցուցանմուշներ Էջմիածնի Մայր Տաճարի ու Հայաստանի պատմության թանգարաններից եւ Մատենադարանից:

 

#MetArmenia. ցուցադրության  մասին

 

“Armenia!” ցուցադրությունը համակարգում է Հելեն էվանսը՝ Մետրոպոլիտենի Բյուզանդական արվեստի բաժնի «Մերի եւ Մայքլ Ջահարիս» ցուցադրության համակարգողը: Դոկտոր Էվանսը Մեդիամաքսին պատմել է, որ հայ արվեստը ցուցադրությանը կներկայացվի որպես առաջին քրիստոնյա ժողովրդի վիզուալ ձայն:

 

Աշխարհի առեւտրային երթուղիներում Հայաստանի դերի կարեւորությունը նույնպես կարտացոլվի ցուցադրությունում: “Armenia!”-ն կընդգրկի 1,300 տարի՝ սկսած քրիստոնեության ընդունումից, մինչեւ հայրենիքում հայերեն տպագրված գրքերի տարածումը:

Հելեն էվանսը Հելեն էվանսը

Լուսանկարը` Մետրոպոլիտեն թանգարան

«Հույս ունենք, որ բոլոր հայերը ցուցադրությունը կարեւոր փորձ կհամարեն: Մետրոպոլիտենն առաջին անգամ է ներկայացնելու հայկական արվեստի այն բացառիկ գործերը, որոնք աշխարհին կցուցադրեն միջնադարյան Հայաստանի պատմամշակութային ժառանգության ուժը եւ գեղեցկությունը»,- ասում է Հելեն էվանսը:

 

Ցուցադրությանը ներկայացված են

 

Ցուցադրության գործերի կեսը կուղարկվեն Էջմիածնի Մայր Տաճարի եւ Հայաստանի պատմության թանգարաններից եւ Մատենադարանից: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության վեհարանը, Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքը եւ Վենետիկի Մխիթարյան միաբանությունը ցուցադրությանը նույնպես կարեւոր աշխատանքներ կտրամադրեն: Նմուշներ կբերվեն նաեւ Գյուլբենկյանի եւ Մանուկեանի թանգարաններից, ԱՄՆ-ի հայկական թանգարանից եւ Նյու Յորքի արքեպիսկոպոսարանից:

 

Հելեն Էվանսը նաեւ տեղեկացնում է՝ ցուցադրության մեջ ներառված է լինելու քրիստոնեության ընդունումը, հայոց այբուբենի ստեղծումը եւ դրա ազդեցությունը, Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակներից որոշ նմուշներ, տարբեր դարերի ձեռագրեր եւ առաջին հայկական տպագիր գրքերը:

 

Աշխատակազմ. Հելեն Էվանս

 

Էվանսն իր թեզը գրել է Կիլիկիայի հայկական ձեռագրերը թեմայով. սկսած դրա պաշտպանության եւ Մետրոպոլիտենում աշխատելու օրվանից միշտ ծրագրում էր հայկական ժառանգությանը նվիրված ցուցադրություն կազմակերպել:

 

Նրա համակարգած յուրաքանչյուր ցուցադրությանը ներկայացված են եղել հայկական նմուշներ, որոնք համարվել են արեւելյան քրիստոնյա աշխարհի կարեւոր մաս: Էվանսի համակարգած 1997-ի «Բյուզանդիայի փառքը (843-1261)» (The Glory of Byzantium) եւ 2004-ի «Բյուզանդիա. հավատք եւ զորություն (1261-1557)» (Byzantium: Faith and Power) ցուցադրություններն ապացուցել են, որ Հայաստանը Բյուզանդական կայսրության շրջանում քրիստոնեական արեւելյան համայնքի կարեւոր մաս է կազմել:

 

Նա նաեւ մասնակցել է Նյու Յորքի Մորգան գրադարան-թանգարանի 1994-ի «Դրախտի գանձեր. հայկական նկարազարդ ձեռագրեր» (Armenian Treasures in Heaven:Illuminated Manuscripts) ցուցադրության համակարգմանը: Էվանսը Կոլումբիայի համալսարանում վարել է դասընթացներ հայկական արվեստի մասին եւ նույն թեմայով մի շարք հրապարակությունների հեղինակ է:

Հելեն էվանսը Հելեն էվանսը

Լուսանկարը` Neomagazine.com

Իր դասախոսություններից մեկի ժամանակ դոկտոր Էվանսն ասել է, որ իր համար պատիվ է համակարգել “Armenia!” ցուցադրությունը՝ հավելելով, որ ակնկալում են հայ մշակույթը ավելի ճանաչելի եւ ընդունելի դարձնել` որպես  համաշխարհային արվեստի ներկայանալի մաս:

 

Օգտակար տեղեկություն

 

2015-ին ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները եւ Մշակույթի նախարարությունը ցուցադրության համար դիմել էին Մետրոպոլիտեն արվեստի թանգարանին: Ավելի ուշ, թանգարանի արվեստի բաժնի ղեկավար Գրիֆիթ Մենը եւ Հելեն Էվանսը այցելեցին Հայաստան՝ հանդիպելու պետական պաշտոնյաների ու խոշոր հաստատությունների ներկայացուցիչների հետ եւ քննարկելու միջնադարի հայկական արվեստի հնարավոր ցուցադրությունը: Քննարկումներից հետո հաստատվել է նմուշների ցուցակը եւ որոշվել ցուցադրության ժամկետները:

 

Դոկտոր էվանսն ասում է՝ մեծ ցուցադրությունների կազմակերպումը սովորաբար տեւում է 4-5 տարի, իսկ “Armenia!”-ն շատ արագ է կյանքի կոչվում: Ժամանակատար է համապատասխան նմուշների կազմակերպումը, դրամահավաքը, դրանց տեղադրման խնամքի եւ պահանջվող անվտանգության ապահովումը եւ ցուցադրության հայեցակարգի որոշումը:

 

Նախկին ցուցադրություն. խաչքարը

 

Առաջինը խաչքարն էր: Դեռ 2008-ին Էվանսը եկավ Հայաստան, որպեսզի կազմակերպի եւ ղեկավարի խաչքարի տեղադրումը, որը ցուցադրվելու էր Մետրոպոլիտեն թանգարանի Բյուզանդական արվեստի բաժնի «Մերի եւ Մայքլ Ջահարիս» սրահում:

Խաչքարը Մետրոպոլիտեն թանգարանում Խաչքարը Մետրոպոլիտեն թանգարանում

 

«Մեծ պատիվ էր ճամփորդել Հայաստան Ջեք Սուլթանյանի՝ Մետրոպոլիտենի ներկայացուցիչներից մեկի հետ, որոշելու, թե որ խաչքարը պետք է տանենք մեր թանգարան: Մի քանի տարի ենք աշխատել փոխառությունը կազմակերպելու վրա, խաչքարը Մետրոպոլիտենի առաջին հայկական ցուցանմուշն է: Դրա կողքին նաեւ առանձնացրել ենք մի տարածք, որտեղ ցուցադրվում են թանգարանի տարբեր հավաքածուների հայկական նմուշները՝ հայկական ձեռագրեր, մետաղադրամներ, Քյոթահիայի ձու: Խաչքարը ցուցանմուշների հետ միասին այցելուներին ներկայացնում է միջնադարյան հայկական արվեստի կարեւոր հատկանիշների պատկերը»,- ասում է Էվանսը:

Քյոթահիայի ձուն Քյոթահիայի ձուն

 

Սա առաջին խաչքարն էր, որ երբեւէ հայտնվել էր ԱՄՆ-ի թանգարաններում: Այն փոխառվել է Հայաստանից, որպեսզի մշտապես ցուցադրված լինի Մետրոպոլիտենի հիմնական պատկերասրահներից մեկում: Ամեն տարի 7 միլիոն այցելու հնարավորություն ունի տեսնելու խաչքարը: Այն մշտապես ցուցադրված է եւ շատ գնահատված է այցելուների կողմից: Խաչքարը չեն կարող տեղաշարժել առանց Հայաստանի պատմության թանգարանի աշխատակցի ներկայության։

 

Խաչքարը նույնպես ներկայացված կլինի “Armenia!” ցուցադրությանը: Մետրոպոլիտենի նախկին տնօրենն իր գրքում խաչքարի մասին գրել էր, որ այն կազմում է աշխարհի արվեստի մասը: «Հայաստանը» խաչքարի շարունակությունը կլինի:

 

Ամալի Խաչատրյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին