Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանի թնջուկը - Mediamax.am

exclusive
4249 դիտում

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանի թնջուկը


Գայանե Ղարագեբեկյանը
Գայանե Ղարագեբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վարդան Ծերունյանը
Վարդան Ծերունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


2003 թվականին վավերացված «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի համաձայն, Հայաստանը մինչեւ 2025 թվականը պետք է ոչնչացնի երկրի տարածքում, այդ թվում՝ պահեստարաններում առկա վտանգավոր, կայուն օրգանական աղտոտիչ հանդիսացող ժամկետանց եւ արգելված պեստիցիդների պաշարները:

 

Մեր երկրում դրանց մեծ մասը թաղված է Նուբարաշենի ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցում: Այնտեղ իրականացվող աշխատանքների մասին Մեդիամաքսը զրուցել է ՄԱԶԾ/ԳԷՀ  Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում եւ կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների ախտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման ծրագրի համակարգող Գայանե Ղարագեբեկյանի եւ ծրագրի տեխնիկական խնդրի ղեկավար Վարդան Ծերունյանի հետ:

 

Թունաքիմիկատների գերեզմանոցի մաքրման ծրագիրը

 

1975 թվականից գործող Նուբարաշենի ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցում մինչ օրս կուտակվել է շուրջ 1000 տոննա թունաքիմիկատ:  Չնայած դրա վտանգավորությանը՝ խնդրով սկսեցին ավելի լուրջ զբաղվել միայն 2010-ին, երբ այնտեղ չարտոնագրված ապօրինի փորման աշխատանքներ իրականացվեցին:

 

2013-2014թթ. միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ կատարվեցին նախնական գնահատման ու վերլուծական աշխատանքներ, 2015-ին ծրագիրը վերջնական հաստատվեց ու ֆինանսավորվեց Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից: ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի նախաձեռնությամբ էլ 2017-ին պայմանագիր ստորագրվեց չեխական DEKONTA/GeoTest ընկերությունների հետ ու սկսվեց Նուբարաշենի ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցի մաքրման գնահատման եւ նախագծման աշխատանքների իրականացումը: Ծրագիրն ուղղված է պեստիցիդների գերեզմանոցը մաքրելուն:

 

«Այն շատ բարդ կավահողային տարածք է եւ գտնվում է թեքության վրա: Ժամանակին գերեզմանոցն այստեղ են կառուցել, քանի որ կավն անջրանցիկ է, եւ թափոնների գերեզմանոցի հատակից հողի խորքային շերտեր աղտոտիչ նյութերի ներթափանցում տեղի չի ունենում»,- ասում է Գայանե Ղարագեբեկյանը:

Գայանե Ղարագեբեկյանը Գայանե Ղարագեբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

2017-ի ամռան ամիսներին կատարվել է տարածքի գնահատումը քիմիական անալիզների եւ երկրաֆիզիկական մեթոդներով:

 

«Քանի որ գործ ունենք կավահողի ու տղմոտ տարածքի հետ, փորման աշխատանքները պետք է կատարենք տաք ամիսներին, որպեսզի անձրեւներ չլինեն: Բացի այդ, չոր եղանակին արտահագուստով աշխատելը շատ դժվար է, պետք է հստակ ժամանակային ռեժիմ սահմանել»,- փաստում է Վարդան Ծերունյանը:

 

Գերեզմանոցից մոտ 100 մ հեռավորության վրա է գտնվում ցորենի արգելոցը, որտեղ աճում են տեղածին վայրի ցորենի յուրօրինակ տեսակներ: Մոտ են նաեւ Էրեբունի թանգարանն ու Մուշավան ամառանոցը: Ըստ մեր զրուցակիցների՝ այս հանգամանքները եւս բարդացնում են նախագծի իրականացումը: Գոտին սողանքային է, եւ երկրաշարժից կամ հորդառատ անձրեւից հետո փլուզումներն անխուսափելի են։

 

Օրգանական կայուն աղտոտիչները կարտահանվեն

 

Նուբարաշենի գերեզմանոցը փորելու ընթացքում մասնագետները գործ կունենան երկու տեսակի թափոնի հետ՝ մաքուր պեստիցիդների եւ կավահողային զանգվածի:

 

Հողը կմնա Հայաստանում, մաքրման աշխատանքները կկատարվեն հատուկ մեքենաներով: Իսկ ահա պեստիցիդները կտարհանվեն՝ արտերկրում ոչնչացման նպատակով:

 

Գայանե Ղարագեբեկյանը նշում է, որ կայուն օրգանական աղտոտիչները սինթետիկ եղանակով առաջացած քիմիական նյութեր են, որոնք անչափ կայուն են բնության մեջ ու դժվար են քայքայվում: Օրինակ՝ ԴԴՏ-ն, որի արտադրությունը 1980-ականներից արգելվել է, Նուբարաշենում առկա է մեծ քանակությամբ: Այն մինչեւ 200 տարի կարող է չքայքայվել ու լուրջ վտանգ ներկայացնել մարդկանց ու բնության համար: 

 

«Ստոկհոլմի կոնվենցիայով նախ 12, ապա եւս 9 նյութ համարվում են օրգանական կայուն աղտոտիչներ: Դրանց մեծ մասը Նուբարաշենում կա, ու հայտնի էլ չէ, թե իրար հետ խառնվելով, այս տարիների ընթացքում ինչպիսի էլ ավելի վտանգավոր միացություններ են ստեղծել», - նշում է նա:

 

Ըստ Վարդան Ծերունյանի, սկզբնական փուլում Նուբարաշենում նախ մակերեւութային շերտն է հեռացվելու, հողը բացվելու է եւ սկսվելու է պեստիցիդների արտափորման աշխատանքը: Դրանք միջազգային նորմերին համապատասխան փաթեթավորվելու են, ժամանակավորապես մնալու են տեղում, ապա արտահանվելու են ու ոչնչացվելու բարձր ջերմաստիճանային այրման գործարաններում՝ վերածվելով էկոլոգիապես անվտանգ նյութերի եւ մոխրի: Սակայն կան նյութեր, օրինակ՝ կալցիում արսենատը, որը ոչ մի մշակման չի ենթարկվում: Այդպիսի նյութերը վնասազերծվում ու թաղվում են անվտանգ վայրում:

 

Տարհանման հետ կապված խնդիրները դեռ չեն լուծվել

 

Ցանկալի տարբերակը Նուբարաշենի թունավոր թափոնները եվրոպական գործարաններում այրելն է, սակայն տարհանման հետ կապված խնդիրներ կան: Որոշ երկրներ արգելում են իրենց տարածքով վտանգավոր թափոնների տեղափոխումը, նման օրենք է գործում նաեւ Վրաստանում՝ անհնար դարձնելով Նուբարաշենի թափոնների տարհանումը: Նախնական բանակցային գործընթաց վրացական կողմի հետ արդեն տարվում է, սակայն արդյունքների մասին խոսելը վաղ է:

 

«Թափոնների ոչնչացման գործարան կա նաեւ Իրանում, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Սակայն Իրանի հետ կապված քաղաքական սանկցիաներ կան, քանի որ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հիմնական ֆինանսավորողը ԱՄՆ-ն է: Շատ լավ կլիներ, եթե տեղափոխեինք Իրան, բայց սա քիչ հավանական է»,- ասում է Ծերունյանը:

 

Թափոնների արտահանումն, ըստ ամենայնի, կիրականացվի երկաթուղով:

 

Տեղում պաշտպանական միջոցառումների տարբերակը

 

Ծրագրի ներկայացուցիչները շեշտում են, որ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը թույլ կտա քանդել գերեզմանոցը միայն այն դեպքում, երբ 100 տոկոսով լուծվի թափոնների արտահանման եւ աղտոտված հողերի մաքրման հիմնահարցը:

 

Ըստ Ղարագեբեկյանի ու Ծերունյանի, եթե պեստիցիդներն երկրից արտահանելու հետ կապված խնդիրներ առաջանան, ավելի լավ է գերեզմանոցն ընդհանրապես չփորել: Այն բնապահպանական եւ սոցիալական ռիսկեր է պարունակում. թաքնված թունավոր նյութերը դուրս են գալու երկրի մակերես՝ կանխատեսելի եւ անկանխատեսելի հետեւանքներով:

Վարդան Ծերունյանը Վարդան Ծերունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ավելի լավ է ձեռք չտալ, քան կիսատ աշխատանք կատարել: Հողի մեջ ստաբիլիզացիա ու լրացուցիչ պաշտպանական միջոցառումներ կարվեն, որպեսզի թունաքիմիկատների տարածումը հնարավորինս կանխվի: Ստոկհոլմի կոնվենցիայում նշված է, որ եթե երկիրը թափոնը ոչնչացնելու տեխնիկական հնարավորություն չունի, ապա աղտոտիչ նյութերի տարածումը կարող է սահմանափակվել ու կանխվել: Հետագայում այդ տարածքը կիրառելի չի լինի գյուղատնտեսական կամ մեկ այլ նպատակով: Հնարավոր է այն բուսածածկվի, բայց չօգտագործվի»,-ավելացնում է Ծերունյանը:

 

Հայաստանը պարտավոր է ունենալ այրման գործարան

 

Նուբարաշենի գերեզմանոցի ծրագիրն իրականացնելը բավականին բարդ ու վտանգներով լի գործընթաց է, որը, ինչպես նշում են մասնագետները, պետք է արվի ճիշտ ու անվտանգ ճանապարհով:

 

«Մեր երկրում առաջին անգամ ենք նման բան անելու, փորձ չունենք: Դրա համար նախապատրաստումը շատ կարեւոր է, որպեսզի բուն գործողության ժամանակ խնդիրներ չառաջանան՝ քիմիական նյութերի մաքրման ժամանակ ինչ ասես կարող է տեղի ունենալ: Դրա համար է ծրագրի նախապատրաստումն այսքան երկար տեւում»,- նշում է Ղարագեբեկյանը:

 

Թե նա, թե Ծերունյանը համոզված են, որ Հայաստանը պետք է այրման սեփական գործարան ունենա, թեկուզ ոչ մեծ հզորության:

 

«Թափոններ անընդհատ առաջանում են, ու դրանք պետք է համապատասխան այրում անցնեն, չվնասեն բնությանն ու մարդկանց առողջությանը: Իսկ որոնք այրման ենթակա չեն, պետք է վնասազերծվեն ու թաղվեն: Այսօր Հայաստանում կան մարդիկ, ովքեր ուզում են վերացնել իրենց թափոնները, բայց չգիտեն՝ որտեղ ու ինչպես: Երկիրը պետք է ունենա հստակ քաղաքականություն ու ենթակառուցվածքներ, որպեսզի այսպիսի վիճակ չստեղծվի»,-ասում է Ղարագեբեկյանը:

 

Ծերունյանն էլ ավելացնում է, որ մեր երկիրն այդ հարցում շատ իներտ ու պահպանողական է, ոչ մի գերատեսչություն չի ցանկանում պատասխանատվությունն իր վրա վերցնել:

 

«Չեն ուզում հասկանալ, որ թափոնների այրման գործարանը հետագայում նաեւ առեւտրային շահույթ կարող է բերել: Մենք ունենք բժշկական թափոնների ու ժամկետանց դեղերի այրման կայանքներ, բավականին շահութաբեր բիզնես է, սա էլ կարող է դառնալ այդպիսին: Այն կմնա Հայաստանում, մենք այրման ենթակա բազմաթիվ քիմիական թափոններ ունենք»,- շեշտում է մասնագետը:

 

Նուբարաշենից բացի, Հայաստանում մոտ 24 տարբեր գյուղական բնակավայրեր կան, որտեղ եւս ԽՍՀՄ-ի տարիներից ժամկետանց պեստիցիդների պահեստներ են մնացել: Դրանցում կուտակված պաշարները կազմում են շուրջ 150 տոննա:

 

«Եթե օրենք ընդունվի ու 1-ին, 2-րդ վտանգավորության թափոնները ենթակա լինեն այրման միջոցով վնասազերծման ու ոչնչացման, արտադրողներն իրենք պարտավոր կլինեն վճարել դրա համար: Մեր երկրում ընդհանրապես քիմիական թափոնների ոչնչացում չի արվել: Որոշակի չափով վերացվել են «Նաիրիտում» եւ Վանաձորի քիմկոմբինատում: Վանաձորի քիմկոմբինատը գերեզմանատեղի ունի, որը հիմա ոչ ոք չգիտի, թե ինչ վիճակում է գտնվում»:

 

Ծրագրի ֆինանսավորումն ու վերջնաժամկետը

 

Ծրագրի հիմնական ֆինանսավորումը հոգում է Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամը՝ 4,7 մլն դոլարով: Որոշ գումար նաեւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն է նախատեսում: Պետական ֆինանսավորման մի մասը պետք է լինի բնեղեն տեսքով, գումարի չափն էլ կկազմի 16 մլն դրամ:

 

«Կառավարության վրա մեծ պարտավորություն է դրված, ու շատ դժվար է համաֆինասավորման համար այդքան գումար հատկացնել: Ժամանակավոր պահեստի վերակառուցումը, տարածքի տրամադրումը, շինության ընտրությունը եւս համաֆինասավորումով կլինեն, ներդրումը պարտադիր չէ միայն դրամային լինի»,- փաստում է Ծերունյանը:

 

Որքան էլ բարդ լինի Նուբարաշենի ծրագրի իրականացումն ու ռիսկերի գնահատումը, մասնագետները հույս ունեն, որ այս տարվա մայիս-հունիս ամիսներին արդեն որոշակի հստակություն կլինի ու կորոշվի՝ «տեղո՞ւմ են վիրահատում հիվանդին, թե՞ տեղափոխում են»:

 

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան

 

Լուսանկարները տրամադրել է Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում եւ կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների ախտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման ծրագիրը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին